Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Այսուհետ սա է իմ երկիրը, ուզում եմ իմ աշխատանքով օգտակար լինել նրան»

Շուրջ 19 տարի առաջ Մասիսի  շրջանի Ազատաշեն գյուղից Երևան  եկած և Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական  ինստիտուտի լաբորատորիաներից  մեկում  լաբորանտի օգնական աշխատող Փառանձեմը  հանդիպեց աշխատանքի բերումով Հայաստան  ժամանած սիրիահայ    Հմայակ Մազմանյանին, սիրեց ու ամուսնացավ  նրա  հետ ու մեկնեց Սիրիա:

 

Աստիճանաբար  համակերպվելով և ձուլվելով Մերձավոր Արևելքի բարքերին ու կենսակերպին Փառանձեմը յուրացրեց սիրիահայերի սովորույթները, արևելքի կանանց կենցաղային  և  խոհանոցային  գաղտնիքները: Սկեսրոջ պատրաստած համեղ  կերակուրների գայթակղիչ բուրմունքը հետզհետե սրում էին  Փառանձեմի  հետաքրքրությունը` ստիպելով սովորել այն ամենը,  ինչ կապված է խոհանոցի  հետ: Անգամ բարդ ու աշխատատար կերակրատեսակների պատրաստումը  չէր հոգնեցնում  նրան: Մանթին, սարման, հանրահայտ հումուսը   կամ  մածնով քյուֆթան ու էլի  բարդ կերակրատեսակների պատրաստումը Փառանձեմի  համար դժվար չէին: Հրավերների  ժամանակ իսկույն կռահում էր մատուցված ճաշատեսակի  բաղադրությունը, որպեսզի հետո  փորձի տանը:

 

–         Շատ կարևոր էր ճաշի մատուցման  ձևը, քանի որ այն համարվում է  ծիսակատարություն: Ճաշը մատուցվում էր այն  ժամանակ, երբ տան տղամարդիկ  աշխատանքից վերադառնում էին: Այդ  պահից սկսվում էր  կանանց եռուզեռը: Արագ-արագ, տեղը- տեղին  սեղան էր գցվում: Կերակուրը  պետք է  լիներ թարմ,  նույն  օրվա  պատրաստածը, իսկ, այ,  նախորդ  օրվանից  մնացած ճաշը կանայք ուտում էին  օրվա  ընթացքում: Ախորժակը մեծապես  կախված է ոչ միայն  ճաշատեսակի  համից, այլև մատուցման  ձևից: Դա էլ է արվեստ», -ասում է Փառանձեմը և հավելում, որ սիրիահայերը գերադասում էին թարմ, էկոլոգիապես  մաքուր մթերքները, բծախնդիր էին մսամթերքի և բանջարեղենի  ընտրության  հարցում:

 

Փառանձեմը  հմտություն էր ձեռք բերել նաև խմորեղենի պատրաստման  գործում, համտեսելուց  հետո ծանոթները խորհուրդ էին  տալիս նաև վաճառքի հանել դրանք: Բիզնեսով  զբաղվելը նրա  վաղեմի երազանքն էր, ուզում էր   ընդամենը  մի փոքրիկ խանութ  կամ  սրճարան ունենալ՝ ահա  նրա ողջ երազանքը, որն այդպես էլ  իրականություն  չդարձավ: Սիրիայում սկսված պատերազմը խափանեց  ամեն ինչ:  Ամուսինը մնաց Հալեպում, իսկ  նա երեխաների հետ  եկավ Հայաստան այն հույսով, որ մեկ ամսից պատերազմը  կավարտվի ու  դարձյալ  կվերադառնան Սիրիա: Իսկ երբ թեժ կռիվները  հարկադրեցին գրեթե  բոլոր սիրիահայերին  լքել երկիրը, Փառանձեմի ամուսինը  միացավ  ընտանիքին:

 

Մեր զրույցի ընթացքում  Փառանձեմը կարոտով ու սիրով էր հիշում Սիրիայում ապրած  յուրաքանչյուր օրն ու տարին, դրացիներին ու  բոլոր ծանոթներին, ովքեր նրան հիմնականում  կոչում էին Գայանե: «Իմ  պատրաստած խմորեղենը շատ էին  հավանում,  ասում էին Գայանեյի գաթան, Գայանեյի կարկանդակը»,- պատմում  է Փառանձեմը:

 

Հայաստանում սկզբնական  շրջանում դժվարությունները շատ էին: Բնակարան  վարձելուց  հետո Հմայակ և Փառանձեմ Մազմանյաները ախատանքով ապահովելու  խնդրանքով  դիմեցին  Սփյուռքի նախարարությանը:

 

–         Մեզ  նման  շատերն էին դիմում Սփյուքի նախարարությանը: Հայաստանում գտնվող սիրիահայերի մտահոգության հիմնական առարկան՝ աշխատանք կամ սեփական, թեկուզ փոքրիկ, գործ ունենալն է:  Երբ տեղեկացանք, որ սփյուռքի և էկոնոմիկայի նախարարությունների նախաձեռնությամբ սիրիահայերին ընդգրկում են  Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնում հատուկ նրանց համար կազմակերպված  20 օր  տևողությամբ դասընթացին, մենք էլ որոշեցինք  փորձել  մեր բախտը: Ամուսինս հաճախեց դասընթացներին, ու քանի որ նա մասնագիտությամբ ավտոմեքենայի  շարժիչ վերանորոգող է, նրան աշխատանքի մի քանի  տեղ առաջարկեցին: Սակայն ամենուրեք  մերժում էին,  քանի որ  հաշմանդամություն ուներ: Ինձ  հաջողվեց խմորեղենի արտադրամասում աշխատանք  գտնել, սակայն  կարճ ժամանակ անց առողջական  լուրջ  խնդիրների պատճառով դուրս եկա այնտեղից: Այսօր ես ու ամուսինս  թոշակ ենք ստանում, ինչը բնականաբար չի  բավարարում  բնակարանի  և կոմունալ վարձավճարներին», -պատմում է Փառանձեմը:

 

Սեփական գործ բացելու նպատակով ամուսինները  2,8 միլիոնի  վարկ վերցրեցին, որը սակայն չբավարարեց արհեստանոցն անհրաժեշտ սարքավորումներով ապահովելու համար, ուստի  հարկադրված վերցրին երկրորդ վարկը,  ինչի արդյունքում  հայտնվել են անելանելի  վիճակում:

 

–         Վարկային  տոկոսների մարումը  չափազանց  դժվար է, ամուսնուս  հետ միասին ստանում ենք 32 հազար դրամ  թոշակ, իսկ արհեստանոցը դեռևս եկամուտ  չի բերում: Օրեր առաջ կարիքավոր սիրիահայերի աջակցության նպատակով «Հայկական  կարիտաս»  ընկերության  կողմից մեզ  տրամադրվել են  նվեր-քարտեր, որոնցով  6 ամիս  շարունակ կարող ենք  գնել  դեղորայք,  հագուստ-կոշիկ,  ինչպես  նաև   սննդամթերք: Շնորհակալ եմ  ցանկացած  աջակցության  համար, ինչպես Սփյուռքի նախարարությունից, այնպես էլ այն կազմակերպություններից, ովքեր մեզ  նեղության  մեջ չեն թողնում: Չգիտեմ, թե  ինչ էի անելու, եթե  չլինեին իմ  բարի ու կամեցող  հարևանները, ովքեր ամեն  ինչով օգնում են մեզ: Առանց  այդ  ջերմության ու հոգատարության, երևի թե կխելագարվեինք»,-ասում է Փառանձեմը:

 

Սիրիահայ այս  ընտանիքը թեև երախտապարտ է իրեն օգնության ձեռք  մեկնողներից, սակայն երազում է ինքնուրույն աշխատանքով ոչ միայն  բարելավել սեփական  վիճակը, այլև պատասխանել, ինչ-որ բանով  փոխհատուցել մարդկանց  լավությանն ու բարեգթությանը: Այսօր Փառանձեմի ամենամեծ երազանքը ամուսնու զբաղվածությունն է, ու նաև երկու որդիների ուսման  և իր աշխատանքի հարց ի լուծումն է:

 

Անցյալ տարվա   դեկտեմբերին կառավարության  շենքում  սիրիահայերի աջակցության  նպատակով կայացած ցուցահանդես-վաճառքում Փառանձեմը  ներկայացրեց արևելյան խմորեղենի տեսականին:  Արդյունքերից  այնքան էլ  գոհ  չէր, քանի որ այցելուներին ներկայացված տեսականին նորույթ էր  և թանկ: Իսկ մոտակա խանութների համար խմորեղեն  պատրաստելը համարում է անիմաստ, քանի որ աշխատատար գործից ստացվող եկամուտը  չնչին է:

 

Փառանձեմը հասկանում է, որ պետական աջակցությունը  հարատև չէ, իսկ  հարևաններին շարունակ նեղություն  պատճառել չի ցանկանում:

 

–          Այսուհետ սա է  իմ  երկիրը, Սիրիա  վերադառնալու մասին  չեմ էլ մտածում, ուզում եմ իմ աշխատանքով  օգտակար  լինել ընտանիքիս, հարևաններիս ու երկրիս: Հույսս չեմ  կտրում, – ասում է Փառանձեմ-Գայանեն:

 

Անուշ Ներսիսյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Սիրիահայ ընտանիքներին կօգնի բնակարանապահովման նոր ծրագիրը

 

«Այստեղ մենք մեզ փախստական չենք զգացել»…

 

 

 

Դիտումների քանակը` 2225

Վերադառնալ վերև