Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Այսօր հայ կնոջ համար այլ ելք չկա. պետք է աշխատել»…

Բայց որտե՞ղ ու ի՞նչ պայմաններով… Չնայած նախընտրական քարոզարշավը  նոր է  սկսվել, սակայն արդեն նկատելի է, որ առաջադրված տղամարդ թեկնածուներից ոչ ոք դեռեւս չի անդրադարձել կանանց աշխատանքային իրավունքների հետ կապված խնդիրներին, թեպետ  քաջ հայտնի է, որ վիճակագրական տվյալների համաձայն կանանց գործազրկությունը Հայաստանում երկու անգամ գերազանցում է տղամարդկանց գործազրկությանը: Մինչդեռ Հայաստանի ընտրազանգվածի 52 %-ը  կանայք են  կազմում, այդ թվում   աշխատող, գործազուրկ և տնային տնտեսուհիները : Ճիշտ է` “Սոցիոմետր’’ կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի խոսքերով ընտրությունների ընթացքում ավելի շատ ակտիվություն  են ցուցաբերում ուժեղ սեռի ներկայացուցիչները:  Իսկ գուցե  շատ հայ կանանց պարզապես չեն հետաքրքրում  ընտրությունները, քանի որ  թեկնածուներին էլ չեն հետաքրքրում նրանց հուզող խնդիրները…

 

Վերջին տարիներին Հայաստանում շատ կանանց համար` տնային տնտեսուհու կարգավիճակում հայտնվելը  հարկադրական բնույթ է կրում: Եվ դա ամենեւին էլ կապ չունի  պատմականորեն ձևավորված ավանդույթի հետ, որի համաձայն մեր կինը ասոցացվում է օջախի պահապանի հետ, ով ապահովում է հարմարավետություն ընտանիքի բոլոր անդամների համար: Ժամանակները փոխվել են, և նման «շռայլություն» իրենց կարող են թույլ տալ միայն եզակի կանայք, ում ամուսինները բավականին լավ են վաստակում, իսկ միջին վիճակագրական հայուհիները պետք է ամուսնու հետ հավասար աշխատեն, որպեսզի ընտանիքը կարողանա գոյատեւել: Այնպես որ “նստել տանը թե ոչ” հարցադրումը այլևս արդիական չէ:

 

Ուրիշ հարց է, որ Հայաստանում համընդհանուր գործազրկության պայմաններում գործազուրկ մայրը պարզապես ընտրության հնարավորություն չունի: Եվ նա ստիպված է, ունենալով լավ կրթություն, նստել տանը: Բացի այդ մեր երկրում ձևավորվել է աշխատանքի տեղավորման մի համակարգ, որտեղ նախապատվությունը տրվում է չամուսնացած երիտասարդ կանանց, ովքեր չունեն երեխաներ:  Չգիտես ինչու մեր պաշտոնյա տղամարդկանց մտքով անգամ չի անցնում, որ ընդհանուր առմամբ կանանց` տնային տնտեսուհու դերում լինելը երկրի համար մեծ վնաս է: Կամ էլ նրանք մտածում են, որ  կնոջ տանը նստելու փաստը նպաստում է ծնելիությանը, ինչը ամենեւին էլ այդպես չէ:  Երբեմն էլ  կանայք, ովքեր փորձում են գտնել իրենց կրթությանը և մակարդակին համապատասխան աշխատանք, բախվում են այնպիսի խնդիրների   հետ, որոնք  նրանց կրկին ուղղորդում են դեպի տանը նստելը…

 

Իմ ընկերուհիներից մեկը՝ Էմման, կորցնելով հավատը աշխատանքի տեղավորման գործակալությունների հանդեպ, որոնք մեծ մասամբ զբաղվում են “ականջներին լապշա կախելով”, պարզապես որոշեց ինքնուրույն աշխատանք փնտրել: Հանդիպեց մի ձկան խանութ, որտեղ օրական 2000 դրամ էին տալիս և ծախվածից 2 %: Ընտրություն չկար, ստիպված էր համաձայնել: Սակայն որոշ ժամանակ անց ծանրաբեռնվածության աստիճանը սկսեց աճել երկրաչափական պրոգրեսիայով: Սկզբում պարտավորությունների մեջ էր մտնում միայն ձուկ մաքրելը, աշխատավայրում մաքրության  հետևելը և ապրանք վաճառելը: Այնուհետև ստիպված էր նաև հաճախորդների համար ձկան խորոված սարքել: Սակայն հավելյալ աշխատանքի համար չէին վճարում: Մեկ տարի մնալով` սկսեց այլ աշխատանք փնտրել: Այս դեպքում հանդիպեց մի փուռ: Գիշերային հերթափոխով աշխատանքը փչացնում է առողջությունը: Վառարանի մոտ երկարուձիգ ժամեր անցկացնելով հանդերձ ստանում ես ըստ էության գրոշներ: Հաց թխելու համար նախատեսված մեկ պարկ ալյուրի համար 292 դրամ, ինչպես նաև 4 հատ հաց գնելու համար 440 դրամ և 5000 դրամ ճանապարհածախս: Հետո նրան տեղափոխեցին լավաշի փուռ, որտեղ մեկ պարկ ալյուրի համար 300 դրամ էին տալիս, իսկ թխելը ավելի հեշտ և ձեռնտու էր: Նոր տարուց առաջ քրտնաջան աշխատելով հաջողվեց մեկ օրում “օգտագործել’’  20 պարկ ալյուր և արդյունքում` 6000 դրամ:

 

“Եթե անկեղծ` ապա ես այն մեծ հաճույքով շեֆին կտայի: Թող հենց ինքն էլ թխի լավաշը այս չնչին գումարով”, – ցավով կիսվեց Էմման: Ներկայումս նա դեռևս աշխատանքի փնտրտուքների մեջ է:

 

Միջնակարգ կրթությամբ տնային տնտեսուհու համար մեր երկրում աշխատանք գտնելն ավելի հեշտ է քան բարձրագույն կրթությամբ կանանց համար: “Սոցիոմետր’’-ի այս տվյալների համաձայն գործազրկության մակարդակը ԲՈՒՀ-ի դիպլոմ ունեցող կանանց շրջանում 10%-ով  ավելի բարձր է, քան դիպլոմ չունեցող կանանց շրջանում: Երբեմն ունենալով նույնիսկ երկու բարձրագույն կրթություն` կանայք ոչնչի վրա չեն կարողանում հույս դնել: Իսկ երեխաների ծննդի հետ կապված որոշակի դադարից հետո նա ընդհանրապես դուրս է գալիս աշխատանքային ռեժիմից, և վերականգնվելու համար նրան հարկավոր է ժամանակ, վերապատրաստում և որակավորման բարձրացում:

 

Ընդհանուր առմամբ, եթե միջոցները թույլ են տալիս, իրենք են վերապատրաստման հարցը լուծում: Կանայք հաճախում են տարատեսակ դասընթացների. անգլերեն, հաշվապահություն, վարսավիրություն, կոսմետոլոգիա, մասաժ, դիզայներություն (հիմնականում բանկետային սեղանների ձևավորում և ծաղկեփնջերի հավաքում): Ահա այն ժամանակակից փաթեթը, որը թույլ է տալիս խելամիտ ժամանակահատվածում վերապատրաստվել: Սակայն քչերին է հաջողվում գործնականում կիրառել ստացած գիտելիքները: Ոմանք նախկինի պես չեն կարողանում աշխատանք գտնել, մյուսներին ֆինանսական կողմը չի գոհացնում, երրորդները ժաանակի ընթացքու հասկանում են, որ սխալվել են երկրորդ մասնագիտության ընտրության մեջ:

 

Ավելին, հաշվի չառնելով աշխատաշուկայում տիրող իրավիճակը, չունենալով տեղեկատվություն պահանջարկի և առաջարկի վերաբերյալ` կինը կրկին չի կարող կիրառել իր ստացած գիտելիքները որևէ տեղ, իսկ իզուր ծախսած փողերի մասին էլ չենք խոսում: Ավելի արդյունավետ կլիներ, եթե պետությունը իր վրա վերցներ տնային տնտեսուհիներին ակտիվ աշխատանքային գործունեության մեջ ներգրավելու խնդիրը: Այստեղ անհրաժեշտ են ուսումնասիրություններ, որոնք կօգնեն վեր հանել աշխատաշուկայում պահանջված մասնագիտությունները, նպատակային ծրագրերը` հաշվի առնելով գործազուրկ կանանց կրթության մակարդակը և պատրաստվածությունը: Հնարավոր է` դա կպահանջվեն լրացուցիչ ֆինանսական միջոցներ, սակայն արդյունքը նշանակալիորեն կգերազանցեր կատարած ծախսերը: Շատ կանանց կյանքում կնշվարվեին դրական փոփոխություններ:

 

Ներկայումս կանայք ավելի շատ դիմում են պետական զբաղվածության կենտրոններ գործազրկության համար նպաստ ստանալու նպատակով, աշխատանքի տեղավորվելու ոչ մի հույս չունենալով: Մի անգամ իմ ծանոթներից մեկին` բարձրագույն կրթությամբ մի կնոջ, ծառայության աշխատակիցը որոշեց օգնել` առաջարկելով իր կարծիքով արժանի մի աշխատանք` սուպերմարկետներից մեկում վաճառողուհի: Միևնույն ժամանակ նա ավելացրեց, որ նման աշխատանքները փողոցում թափած չեն: Եթե համեմատենք, մեկ այլ իմ ծանոթ կնոջ հետ, ով ամեն օր Մալաթիա-Սեբաստիայից հասնում էր քաղաքի մյուս  ծայրը, որպեսզի 500 դրամով կտրեր և հարդարեր 2-3 հաճախորդների մազերը, գուցեև այս աշխատանքը իսկապես լավը թվար: Իրականում ընտրություն չկա, և կանանցից շատերը իրենք են իրենց համար աշխատանք ստեղծում, օրինակ  զարդեր պատրաստելով  ուլունքներից և քարերից: Ես մի կին գիտեմ, ով սովորական ուլունքով կտավի վրա ասեղնագործում է իսկական արվեստի գործեր: Սակայն որքան ինձ հայտնի է, դրանք վաճառելու հետ կապված խնդիրներ կան:

 

Իմ ընկերուհին, ով ավարտել է համալսարանը  կարմիր դիպլոմով, գիտի երեք լեզու, առանց աշխատանքի մնալով և մեկուկես տարի տանը նստելով առանց որևէ աշխատանքի հեռանկարի, զբաղվեց ցանցային մարկետինգով և հաջողեց: Հիմա նա կոսմետիկայի ատևտրով զբաղվող ֆիրմայի տնօրեններից մեկն է:

 

“Նախկինում խիստ գրաֆիկով  պետական ծառայության պարագայում բարդ էր միաժամանակ և՛ աշխատել, և՛ երեխաներին դաստիարակել, հավասարակշռություն պահել տան և աշխատանքի միջև: Հիմա ես ինքս եմ իմ ղեկավարը, չնայած չեմ թուլանում: Փոխարենը ես ավելի շատ ժամանակ ունեմ երեխաներիս և ամուսնուս համար: Այսօր հայ կնոջ համար այլ ելք չկա. պետք է աշխատել: Մենք բոլորս երազում ենք մեր երեխաների համար լավ կրթության մասին, ցանկանում ենք լավ տեսք ունենալ, իսկ դրա համար պետք է հետևել շատ հասարակ և անխախտ կանոնների. թողնել ամեն ինչ և վազել աշխատանքի”, – ասում է Նելլին, որի օրինակով գուցե շատերն են փորձել առաջնորդվել, բայց ոչ բոլորին է դա հաջողվել: Ավեի հաճախ՝  հոգնելով համապատասխան աշխատանք փնտրելու անհաջող փորձերից,  կանայք կրկին նստում են տանը:

 

Նախագահական ընտրություններն անշուշտ լավ առիթ են նման հարցերի մասին մտորելու: Հետաքրքրության համար կարելի է նախընտրական քարոզարշավների ընթացքում հետևել տղամարդ- թեկնածուներին: Արդյոք կխոսի նրանցից գոնե մեկը կանանց գործազրկության եւ այլ խնդիրների մասին, թեկուզ և հանուն գենդերային “ցուցադրության”: Սակայն եթե անկեղծ` ապա շատ քիչ սպասումներ կան ընտրությունների հետ կապված: Խնդիրները գալիս են նրանից, որ տղամարդիկ երբեք չեն կարողանա մինչեւ վերջ  պատկերացնել կանանց խնդիրները: Իսկ օրենսդիր մարմնում և կառավարությունում, հաշվի առնելով կանանց մինիմալ ներկայությունը, բացի արտաքին և ներքին քաղաքականության հարցերից, շատ հազվադեպ են քննարկվում ավելի երկրային թեմաներ, ինչպիսիք են տունը, ընտանիքը: Ընդամենը 2 կին  նախարարների և 14 պատգամավորների առկայության պարագայում հայ կնոջը առաջիկա հինգ  տարիների ընթացքում մնում է միայն ուղղել ուսերը և ինքնուրույն լուծել իր խնդիրները հանուն ընտանիքի և հայրենիքի:

 

Իլոնա Քամալյան  

Լուսանկարը՝ Մարիա Սադոյանի

Դիտումների քանակը` 3353

Վերադառնալ վերև