Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ասացի՝ հետները երգում եմ, սիրով են հոգի առնում»…

«Երբ ինձ  սածիլներ տված մարդը տեսնելով  բերքը՝  զարմացած հարցրեց –  այդ ի՞նչ ես արել, ես էլ ասացի՝ հետները երգում եմ, սիրով հոգի են առնում», – պատմում է Արամուս գյուղի ֆերմեր Սաթենիկ Ղազարյանը հիշելով  իր առաջին իսկ տարում  ստացած բարձր բերքը:

 

 

Տիկին Սաթենիկը խնամքով կտրատում էր խիժից պատրաստած կերակուրը` դալը և հյուրասիրում իր հյուրերին: Իսկ այդ ընթացքում  շիկանում էր թոնիրը, որտեղ շուտով թարմ ու տաք- տաք լավաշ էր թխվելու: Իրենց հերթին էին սպասում սեղանին խնամքով շարված խմորի գնդերը:  Տիկին Սաթենիը պտտում է օդում բացված խմորի շերտերը, որոնք խնամքով գրտնակում է իր քույրը:

 

 

Հիշողությունները հաջորդում էին մեկը մյուսին.  Փոքր ժամանակ մայրս սովորեցնում էր, թե ինչպես պետք է գրտնակել, ծայրերը պետք բարակ լինեն, իսկ ձեռքերով խմորը պտտեցնելուց, այն ավելի հավասար է ստացվում, և լավաշի միջին մասը չի այրվում,- պատմում է տիկին Սաթենիկը:

 

 

Իսկ որ պատկերն էլ ավելի կոլորիտային դառնա, գործին է միանում նաև ժողովրդական երգը:   Տիկին Սաթենիկի հյուրընկալ ընտանիքում, ժամանակը թռչում է ու մի պահ մոռանում ես ետդարձի մասին:

 

 

Սաթենիկ Ղազարյանը ոչ միայն Արամուս գյուղի ֆերմերներից է, նա  նաև 25 տարի է, ինչ Մշակույթի տան գրադարանավարն է:

 

 

-1987թ.-ին նոր էի հարս եկել, երբ սկսեցի աշխատել գրադարանում: Զուգահեռ նաև սովորում էի, արդեն բալիկ էլ ունեի, բայց ամեն բան հասցնում էի ու կարողանում էի համատեղել:

 

 

Մի օր էլ գյուղում դասընթացներ սկսվեցին մշակովի կուլտուրաների վերաբերյալ: Սկսեցի հաճախել… արդյունքում որոշեցինք ջերմոց ստեղծել` օգտագործելով պոլիէթիլենային տեխնիկան: Պայմանը մեկն էր, այն պետք ցուցադրական տեղամաս լիներ, և ցանկացողները կարող էին  հանգիստ մուտք գործել ջերմոց և ծանոթանալ աշխատանքներին:

 

 

Ջերմոցն արդեն 5 տարվա պատմություն ունի: Տիկին Սաթենիկը լոլիկ ու վարունգ է աճեցնում:

-Այսքան տարի ամեն տեսակի կուլտուրա էլ մշակում եմ, բայց ջերմոցինը` այլ է, ոնց որ ապրես նրա հետ, օր- օր է նրա առաջընթացը: Առաջին տարին շատ բարձր բերք եմ ստացել,- պատմում է տիկին Սաթենիկը և հիշում. երբ իրեն սածիլներ տված մարդը տեսնում է բերքը և զարմացած հարցնում է,- այդ ի՞նչ ես արել, ես էլ ասացի՝ հետները երգում եմ, սիրով հոգի են առնում:

 

 

Սաթենիկ Ղազարյանի համար ձմռան օրերը այնքան էլ ծանրաբեռնբած չեն: Իսկ ահա այլ է, երբ գարնան ցանքն ու աշնան բերքահավաքն է սկսվում:

 

– Օրս սկսվում է սովորականի պես խոհանոցից, մինչև բոլորին տեղավորելը, գոմ, շուկա, գրադարանում աշխատանքս…

 

Այս ամենի հետ մեկտեղ, տիկին Սաթենիկը նաև լավ մեղվապահ է:

 

-7 տարի առաջ մեր ծառի վրա մի գեղեցիկ պարս տեսանք, բռնեցինք ու դրեցինք արկղի մեջ: Այդ ժամանակ ամուսինս պետք է մեկներ երկրից, ասաց` թե կարող ես մենակ պահել, պահի:  Ես էլ երբևէ չէի տեսել, թե ինչպես են խնամում մեղուներին: Հայրիկը ասաց, թե մեր գյուղում մի մարդ կա, ով մեղվապահությամբ է զբաղվում: Բայց երբ ես դիմում էի, ամբողջ աշխատանքը ինքն էր անում, իսկ երբ հարցնում էի, ինչպես արեց, ինչու… ասում էր` հո մեղվապահ չես դառնալու…

 

Բայց տիկին Սաթենիկը վճռական էր տրամադրված ու շուտով գտնում է ելքը, սկսում է ուսումնասիրել մեղվապահությունը` գրադարանի գրքերի շնորհիվ: Ու արդյունքն իրեն սպասեցնել չի տալիս: Այսօր 45 փեթակ ունի տիկին Սաթենիկը.

 

 

– Էլի արկղեր ունենք, պետք է դրանց թիվը շատացնեմ:

 

 

Իսկ ստացված բերք ու բարիքից անմասն չի մնում և ոչ ոք, հյուրասեր տանտիկինը բաժին է հանում բոլորին:

 

 

 

Լիլիթ Քոչինյան

Երեւան-Արամուս

Տես նաեւ այլ նյութեր այս թեմայի շուրջ մեր կայքում.

  

«Քարից հաց քամող» կին հերոսները

 

«Մայրս միշտ ասում էր` դու ծնվել ես գյուղի համար»…

 

«Երջանկություն է, երբ մարդը իր սիրած գործով է զբաղվում»…

 

 

Դիտումների քանակը` 4679

Վերադառնալ վերև