Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ատամի մածուկն էլ երևի տալիս են, որ ատամնեը մաքրեն ու սոված նստեն»…

 

Հովհաննես պապիենց բակում ծառ ու խոտ չկա: Կանաչեղենի միակ նմուշը բաց կանաչավուն «Մոսկվիչ» մակնիշի մեքենան է, որը մետաղի ջարդոն ընդունողներին վաճառել չհաջողվեց: Այս մեքենան տեսնելով, սոցիալական ծառայության աշխատակիցները մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքում  բնակվող  Հովհաննես պապիենց ընտանիքը զրկեցին «Փարոսից»:

 

 

Արդեն ութ տարի է, ինչ ՝ Հովհաննես պապի որդին մահացել է: Հարսը` Անժիկը, կրթություն չունի, բայց անգործ չի նստում: Դեղատներից մեկում գիշերային պահակ է աշխատում, ցերեկներն էլ հավաքարարություն է անում, բայց միևնույնն է, դրամը չի բավականացնում:

 

 

 

Նրա  6 երեխաներից  ոչ մեկը հանրակրթական դպրոցում չի սովորում: Երեխաներին ուղարկում են գիշերօթիկ դպրոց` այնտեղ դասագրքերն անվճար են, երեխաներին էլ սնունդ են տալիս:

 

 

 

Անժիկի մեծ աղջիկն առողջական խնդիրներ ունի: «Արմինես 3 տարեկան էր, տունը պաժառ էր ընկել… Մինչև մնացածին հանեցի… Տարանք հիվանդանոց, ասեցին վերքերը շատ խորն են: Հիմնականում երեսն էր վառվել: Վերքերը երկար ժամանակ չէին լավանում, հետո էլ ահավոր սպիեր մնացին: Էնքան, որ երեխես բերանը չէր կարում շարժեր»,- պատմում է Անժիկը: Երեխային արդեն 4 անգամ վիրահատել են: Արմինեն արդեն շարժում է ծնոտը և գրեթե նորմալ խոսում:

 

 

 

Անժիկենց ընտանիքի մշտական եկամուտը 8 հազանոց նպաստն է և Արմինեի հաշմանդամության 5 հազար դրամ թոշակը: Թաղապետարանից ստացված միակ օգնությունը լինում է ամեն տարի սեպտեմբերի 1-ին` 2 գրիչ, մի քանի տետր և ատամի մածուկ: Անժիկն ասում է, որ այդ ատամի մածուկն էլ երևի  տալիս են, որ ատամնեը մաքրեն ու սոված նստեն: Սակայն նույն այդ ատամի մածուկը հաճախ փրկել է իր երեխաներին սովից. երբ տանն այլևս ուտելու ոչինչ չի լինում, երեխաները մածուկը քսում են հացին ու ուտում: «Սոված ժամանակ նույնիսկ ատամի  մածուկի համն է դուրեկան»,- ասում է Անժիկը:

 

 

 

Պատմելիս ծիծաղում է. «Ինձ իմ ծիծաղն ա փրկում: Երեխեքը քնում են ես նստում եմ լացում-լացում, հետո ասում եմ` լավ, քեզ պինդ պահի, էս երեխեքը քո երեսին են նայում, ոչինչ, երևի էս էլ կանցնի»:

 

 

 

Հիմա նա միայն մի բան է ուզում, որ որևէ մեկն օգնի իր աղջկան: Երեխան մեծանում է, իսկ սպիերը կարծրանում են: Եթե վիրահատություն չարվի, դրանք կարող են հավերժ մնալ:

 

 

Անժիկի մեծ տղան` Արամը, ութերորդ դասարան է: Գիշերօթիկում ընկերներ շատ ունի: Մի մասը գիշերում է դպրոցում: «Ես էլ եմ ուզում ընդեղ մնամ: Մեկ ա գալիս եմ տուն ոչ մի զբաղմունք չկա, ո’չ տելեվիզր ունենք, ո’չ էլ մագնիտաֆոն: Գամ ի՞նչ անեմ: Դպրոցում գոնե օրական իրեք անգամ հաց ենք ուտում, համ էլ գոնե մաման էդ մի դարդից կպրծներ»:

 

 

 

Մի քանի ամիս առաջ Արամը աշխատանք էր գտել: Փողոցի մի քանի ուրիշ տղաների հետ բանվորություն էր անում: Բայց մայրն արգելեց. շատ էր հոգնում, հաճախ վատ էր զգում:

 

 

 

Արամի փոքր եղբայրները երկվորյակ են: Ուսուցիչները շատ են բողոքում. եղբայրները շատ կռվարար են: Բայց Անժիկը որդիների վրա չի բարկանում: «Ոչինչ թող ծեծեն էլ, ծեծվեն էլ: Էս կյանքը իրանց համար պատերազմ ա: Իրանք իրար պիտի պահեն: Ուրիշ պահող չկա»:

 

 

 

Մի քանի օր առաջ Արամը գիշերօթիկի բակից հետը շուն բերեց: Մայրը սկզբից շատ բարկացավ, իրենք ուտելիք չունեն, շանն ի՞նչ պիտի տան: «Հետո Ապերս ասում ա, ոչինչ մամ ջան, երևի ինքն էլ ո’չ մամա ունի, ո’չ պապա, բա որ մենք դուս անենք, ու՞ր կեթա: Ասի` թող մնա, որբը որբին լավ ա հասկանում»:

 

 

 

Ապերը տան փոքրն է: Դեռ ծնված չէր, երբ հայրը մահացավ: Դպրոց դեռ չի գնում, չնայած արդեն պետք է երկրորդ դասարանում լիներ: Ապերը որոշ տառեր չի արտաբերում, բայց արդեն գիտի` հենց մեծանա Ռուսաստան պիտի գնա: «Որ գնամ Ռուստաստան պապի համար խոզ եմ առնելու, Արմինեի համար էլ սիրուն կոշիկ, ինձ ավտո, որ մամայիս դնեմ ման տամ»:

 

 

 

Անժիկը Աստծո վրա հույս չի դնում. «Ամեն օր քնելուց ասում եմ` թող Աստված ուրիշներին հասնի, հետո մեզ»:

 

 

Անի Գորյան

Դիտումների քանակը` 2853

Վերադառնալ վերև