Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Արդյո՞ք ցուցակներում ներկայացված կանայք կհրաժարվեն հետագայում իրենց մանդատներից»:

Այս ավելի քան արդիական հարցադրումն է հնչեցնում «Ժառանգություն» կուսակցության խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը՝ մտորելով խորհրդարանում կանանց ներկայացվածության խնդրի շուրջ:

 

«Հայ իրականության մեջ կան շատ ու շատ արժանավոր կանայք, ովքեր աչքի են ընկնում հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, և նրանք բոլորն էլ կարող են պատշաճ կերպով ներկայացվել խորհրդարանում: Այս առումով ավելի արդիական է այն հարցը, թե արդյո՞ք բոլոր տղամարդ պատգամավորները կամ հավակնորդները արժանի են այդ պաշտոնին», – ասում է նա:

 

Նրա կարծիքով կանայք պետք է մասնակցեն քաղաքականությանը ոչ թե գենդերային հավասարության սկզբունքից ելնելով, այլ իրենց կարողություններին, հմտություններին և կրթական որակավորումներին համապատասխան: «Ըստ այս ցուցանիշների` կանայք ոչ միայն չեն զիջում տղամարդկանց, այլ շատ ոլորտներում նույնիսկ գերազանցում են նրանց», – համոզված է նա:

 

Նա նաեւ ընդգծեց, որ կանանց` քաղաքականության մեջ ներգրավվածության աճին համընթաց փոխվում  է քաղաքական երկխոսության մշակույթը, մի քանի անգամ մեծանում է բարձրաձայնվող եւ լուծվող  սոցիալական խնդիրների քանակը, և դա օգնում է հաղթահարել աղքատությունը:

 

«Սրանք պարզապես դատարկ խոսքեր չեն, այս մասին վկայում է միջազգային փորձը: Դժբախտաբար, հայ քաղաքական գործիչ-տղամարդիկ,  շատ լավ գիտակցելով այս ամենը, չեն ստեղծում հավասար հնարավորություններ քաղաքականության մեջ կանանց մասնակցության համար: Այս առումով Հայաստանում վերջին տարիներին նկատվում է հետընթաց: Կանանց հավասարության առումով  մենք սկսել ենք նմանվել այն երկրներին, որոնց լծի տակ գտնվել ենք դարեր շարունակ, և դա անթույլատրելի է», – հայտարարեց պատգամավորը:

 

Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակում կանանց ներկայացվածությանը` Ալավերդյանը վստահեցրեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում կանայք պատշաճ կերպով կներկայացվեն «Ժառանգություն» կուսակցության ցուցակում:

Դրա հետ մեկտեղ նկատեց, որ մյուս քաղաքական ուժերն էլ, ելնելով Ընտրական Օրենսգրքի պահանջներից, կընդգրկեն կանանց իրենց համամասնական ցուցակներում, սակայն որոշ դեպքերում, ցավոք, ինչպես անցյալ ընտրությունների փորձն է ցույց տալիս, այդ կանայք հետագայում իրենց իսկ կուսակից-տղամարդկանց  դրդմամբ կհրաժարվեն իրենց մանդատներից:

«Այսինքն, վտանգ կա, որ կանանց մասնակցությունը համամասնական ցուցակներում իրականում կրելու է ձևական բնույթ»,- նշեց Ալավերդյանը:

 

http://www.regnum.ru/news/polit/1507821.html

Դիտումների քանակը` 3272

Վերադառնալ վերև