Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Բանակն ամենուր շարունակում է մնալ հիպերառնականացված կառույց»

«Ցեղասպանությունից հետո. վերքերից՝ վերածնունդ. գենդերային տեսանկյուն» համաժողովին մասնակցելու համար Երեւան են ժամանել մի շարք փորձագետներ, որոնցից երկուսի հետ WomenNet-ը հնարավորություն ունեցավ զրուցելու պատերազմական իրավիճակում գենդերային հիմքով բռնությունների,  նաեւ զինված ուժերում կանանց ներգրավվածության  առումով սպասելիքների մասին: Մեր հարցերին են պատասխանում «Women in War» ֆրանսիական կազմակերպության տնօրեն Կարոլ Մանը (լուսանկարում՝ ձախից) եւ Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի դասախոս թուրքահայ Լերնա Էքմեքչիողլուն:

 

 

–        Ի՞Նչ չափով է  համաժողովի ընթացքում  քննարկվելու  ցեղասպանության ժամանակ գենդերային հիմքով բռնության խնդիրը:

 

Կարոլ Ման«Գենդերային բռնությունը, իհարկե, կարեւոր է մեզ համար եւ համաժողովի ընթացքում անդրադարձ լինելու է: Առանձին թեմա չունենք, սակայն գրեթե բոլոր թեմաների ընթացքում լինելու է անդրադարձ: Լինելու են բանախոսներ, որոնք շատ կոնկրետ օրինակներով են խոսելու, ոչինչ տեսական չի լինելու»:

Լերնա Էքմեքչիողլուն«Ինձ շատ է հետաքրքրում գենդերային բռնության, մասնավորապես, բռնաբարության արդյունքում ծնված երեխաների՝ պատերազմի զավակների հարցը: Սա ներկայումս մեծ խնդիր է Բոսնիա եւ Հերցեգովինայում: Բռնաբարության արդյունքում ծնված երեխաները ծնվել եւ մեծացել են, նրանց հայրերը համարվում են ազգի թշնամիներ:

 

 

–         Երբ խոսում ենք  պատերազմների եւ ցեղասպանությունների  ժամանակ գենդերային  բռնության մասին գրեթե միշտ հանցագործությունն իրագործողը տղամարդիկ են, իսկ զոհերը՝ կանայք:  Որքա՞ն հաճախ են հանդիպում դեպքեր, երբ կանայք եւս մասնակցություն ունենում գենդերային հիմքով բռնություններին:

 

Լերնա Էքմեքչիողլուն. «Այս առումով Ռուանդայի օրինակն է շատ հետաքրքրական: Այն ժամանակ Ընտանիքի եւ կանանց հարցերով նախարարը, ով կին է եւ մայր է, ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից էր: Նա է կազմակերպել, որ տղամարդիկ բռնաբարեն բազմաթիվ կանանց, այդ թվում՝ մասնակից դարձնելով իր տղային:

Իսկ Սիերա Լեոնեյում կանայք օգնել են, որպեսզի տղամարդիկ սեռական բռնություն իրագործեն այլ տղամարդկանց նկատմամբ: Սակայն մենք չգիտենք, թե ինչու են նրանք դա արել: Հաճախ կանայք այդպիսով ապահովում են իրենց: Լինելով բռնություն իրագործողի, ուժեղի կողքին կանայք փորձում են պաշտպանել իրենց, քանի որ իրենք շատ խոցելի են:

Կարոլ Ման«Օրինակ Լիբերիայում եւ Ռուանդայում եղել են դեպքեր, երբ կանայք օժանդակել են գենդերային բռնությանը: Զինյալ տղամարդիկ օգտագործել են կանանց, որպեսզի հեշտության տիրանան այլ կանանց: Ոչ բոլոր դեպքերն են արձանագրված: Եղել են նաեւ կանանց կողմից տղամարդկանց կաստրացիայի օրինակներ: Թեեւ դա հազվադեպ է պատահում, սակայն այդ երեւույթը գոյություն ունի: Սակայն հիմնականում գենդերային բռնություն իրագործողները արական սեռի են:

 

 

–         Վերջին տարիներին տարբեր երկրների բանակներում ավելանում է կին զինվորականների թիվը:  Ձեր կարծիքով,   կանանց ակտիվ ներգրավվածությունը զինված ուժերում  կարո՞ղ է նպաստել ,  որպեսզի նվազեն գենդերային հիմքով բռնությունները:

 

Կարոլ Ման«Ես բացարձակապես համոզված չեմ դրանում: Բանակի ղեկավարները հասկացել են, որ կանանց կողմից մեծ հետաքրքրվածություն կա զինված ուժերի նկատմամբ, դա էլ ազատագրման ինչ-որ ձեւ է կանանց համար, սակայն այնուամենայնիվ, բանակն ամենուր  շարունակում է մնալ հիպերառնականացված կառույց: Արդյոք կարո՞ղ ենք ակնկալել, որ գենդերային բռնությունը կնվազի այսպիսով: Ես անձնապես չեմ հավատում դրան: Ես շատ հակամիլիտարիստական հայայցքներ ունեմ: Կանայք գալիս են բանակ օրինակ ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում, քանի որ այդտեղ կա կայուն աշխատանք եւ կայուն աշխատավարձ: Այո, դա աշխատանք է, անձնական առաջխաղացում կարող են ունենալ կանայք: Ես կցանկանայի, որ նրանք փոխեին համակարգը, սակայն չպետք է կարծել, թե բոլոր կանայք հերոսներ են:

Լերնա Էքմեքչիողլուն. Ես նույնպես չեմ հավատում, որ կանանց ներգրավվածության շնորհիվ գենդերային բռնությունները կնվազեն, քանի որ դա ոչ թե կանանց եւ տղամարդկանց , այլ մասկուլինացված  համակարգի  խնդիր է: Ուժի եւ իշխանության կիրառման խնդիր է: Ի՞նչ է ակնկալվում այն անձից, ով ունի իշխանություն: Եթե դու ունես իշխանություն, դու հակված ես լինել մասկուլին: Իսրայելը այդ առումով լավ օրինակ է: Այն բացառիկ է. կանայք ներկա էին զինված ուժերին նույնիսկ Իսրայել պետություն ստեղծումից առաջ, սակայն մինչ օրս այնտեղ նույն առնականության մթնոլորտն է տիրում:

 

Արման Ղարիբյան

 

Կարդացեք նաեւ թեմայի շուրջ.

 

Ցեղասպանությունից հետո . «Կանայք եւ տղամարդիկ տարբեր կերպ են վերապրում ցեղասպանական փորձը»

 

 

Դիտումների քանակը` 1856

Վերադառնալ վերև