Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Գենդեր» եզրույթը «սեռ» բառով փոխարինելու առաջարկը մերժվեց

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը  այս շաբաթ  առնվազն երկու անգամ անդրադարձ է կատարել  «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու հարցին: Նոյեմբերի 6-ին հանձնաժողովում աշխատանքային հանդիպում էր կազմակերպվել բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում կանանց ՀԿ-ների եւ նրանց ընդդիմախոսների մասնակցությամբ, իսկ հաջորդ օրը՝ նոյեմբերի 7-ին հանձնաժողովի նիստում քննարկվեց եւ մերժվեց օրենքի համահեղինակ Հեղինե Բիշարյանի առաջարկը՝ փոխարինել օրենքի տեքստում «գենդեր» բառը «սեռ» բառով:

 

Հանձնաժողովի  նիստում, որը նախագահում էր Էլինար Վարդանյանը, առաջին ընթերցումով քննարկվեց ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

 

Հիմնական զեկուցող Հեղինե Բիշարյանը նշեց, որ նախաձեռնության հիմք է հանդիսացելայն  փաստը, որ  հասարակության շրջանում «գենդեր» բառը տարաբնույթ ընկալումների եւ տարաձայնությունների պատճառ է դարձել, ուստի  անհրաժեշտություն է առաջացել քննարկվող օրենքում «գենդեր» բառը փոխարինել «սեռ» կամ նույնաբովանդակ հայերեն այլ բառով: Պատգամավորին  վրդովվեցրել էր այն, որ  հանրային վայրերում իրեն տեսնելիս մարդիկ մեղադրում են, թե իբր այլասերված օրենքի նախագիծ է հեղինակել. «Շահարկվում է իմ և իմ քաղաքական թիմի անունը»:

 

Մի հանդիմանություն էլ ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանից է ստացել. «Ինձ մոտենում է գեներալ Սեյրանն ու ասում, տիկին Բիշարյան, էդ խուժան բանը տարածող օրենքի հեղինակը, ասում են, դուք եք»:

 

Հարակից զեկույցում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը նշեց, որ կառավարությունը դեմ է օրենքում փոփոխություն կատարելու այս  նախագծին: Նա անընդունելի համարեց «գենդեր» բառի փոխարինումը «սեռ» բառով: Փոխնախարարի գնահատմամբ՝ ի տարբերություն «գենդեր» եզրույթի՝ «սեռ» եզրույթը սոցիալական ուղղվածություն չունի: «Պատկերացնում եք, ինչպես կարող է ընկալվել «գենդերային հարաբերություններ» եզրույթի փոխարինումը «սեռական հարաբերություններ» եզրույթով:

 

Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հարակից ելույթում կարծիք հայտնեց, որ «սեռ» եւ «սեռային» ձեւակերպումները չեն կարող փոխարինել «գենդեր» եզրույթին, քանի որ տարբեր հասկացություններ են: Ըստ նրա՝ օրենքում «գենդեր» բառի սահմանումը պետք է հստակ լինի՝ տարակարծություններից խուսափելու համար:

 

 

Քննարկվող օրինագիծը միաձայն մերժվեց  հանձնաժողովի անդամների կողմից:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

Աշխատանքային հանդիպում Ազգային ժողովում. «Գենդեր»-ի դեմ պայքարը իրավական հիմքեր չունի

 

Փորձենք հասկանալ ինչի մասին է օրենքը / «Բանաձեւ» հաղորդում

 

Ի՞նչ է առաջարկում եւ ի՞նչ է ակնկալում կառավարությունը

 

ՀՀ վարչապետ. «Օրենքի նպատակը հասարակական կյանքում կանանց դերի մեծացումն ու խթանումն է»

 

Ֆիլարետ Բերիկյան. «Օրենքի սխալ մեկնաբանման վրա ծախսած գումարները լավ կանեին սոցիալական նպատակներով ծախսեին»

 

Ուրվականները վախից են ծնվում, ոչ թե սեքսից

 

Այդ տղամարդիկ վախենում են «իրենց կնիկներից»…

 

 

Դիտումների քանակը` 3153

Վերադառնալ վերև