Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Եթե կա մի բան, որ պետք է պարտադրել, դա կրթությունն է»

Այս օրերին Ազգային ժողովում բուռն քննարկումների արժանացավ «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու վերաբերյալ  օրինագիծը,  ըստ որի՝  Հայաստանում  այսուհետ պարտադիր կլինի 12-ամյա կրթությունը:  Այն իրականացվելու է  հանրակրթության կամ մասնագիտական կրթության ձևով  2017 թվականի հունիսի մեկից:

 

Ի՞նչ նպատակ ունի  կրթական ցենզի բարձրացումը 

 

Ամրագրելով  նվազագույն կրթության ավելի բարձր շեմ կառավարությունը նպատակ ունի  դպրոց վերադարձնել 3-5 հազար երեխաներին, ովքեր  չէին շարունակում իրենց կրթությունը 9-րդ դասարանից հետո:    Բացի այդ, ներկայիս  9-ամյա  կրթական նվազագույն մակարդակը   այլեւս չի համապատասխանում   ժամանակակից   աշխարհի պահանջներին եւ կրթական ցենզի բարձրացումը  Հայաստանի հետագա  զարգացման հրամայականն է;

 

Ընդդիմադիր մի շարք պատգամավորներ  իրենց դժգոհությունը արտահայտեցին օրինագծի տեքստի վերաբերյալ ՝ պահանջելով այն բերել «Քրիստոսի տեսքի»: Նաեւ մտահոգություն էին հայտնում, արդյո՞ք կկարողանա  պետությունը  երաշխավորել 12-ամյա  կրթությունը՝ հաշվի առնելով ոլորտում առկա բոլոր խնդիրները եւ  կրթությանը հատկացվող միջոցների սղությունը:   Սակայն եթե  այդ մտահոգություններն ու տեքստի հետ կապված դիտողություններն  անշուշտ տեղին էին ու արժեքավոր,  ապա որոշ հարցադրումներ  օրենքով պարտադրվող 12-ամյա կրթության վերաբերյալ   ուղղակի անհասկանալի էին:   Հեղինե Բիշարյանն, օրինակ, նշեց, որ «ի՞նչ կապ ունի Կառավարությունը որոշելու, թե աշակերտը կարող է չշարունակել կրթությունը, թե ոչ» , նաեւ կարծիք հայտնեց, որ  «չենք կարող 19 տարեկան մարդուն պարտադրել միջնակարգ կրթություն ստանալ, որովհետև շատ հարցեր կան, օրինակ՝ աղջիկների  դեպքում կարող է նրանք ուզում են 18 տարեկանում ամուսնանալ»:

 

Ի դեպ 

 

ՄԱԿ-ի տվյալներով, մոր կրութության յուրաքանչյուր հավելյալ տարին իջեցնում է նորածնի մահացության հավանականությունը 5-10%-ով:

 

 

Մայրական մահացության ռիկսը 2,7 անգամ ավելի բարձր է այն կանանց մոտ, ովքեր կրթություն չունեն, քան նրանց մոտ, ովքեր գոնե 12-ամյա կրթություն ունեն:


 

Փորձագետի կարծիք

 

Մեկնաբանությունների համար Aysor.am-ը դիմեց  Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանին: Ներկայացնում ենք նրա կարծիքը ամբողջությամբ.

 

… «Եթե կա մի բան, որ պետք է պարտադրել երեխային, դա կրթությունն է: Այնպես որ 12-ամյա պարտադիր կրթությունը ոչ միայն ճիշտ է, այլև պետք է իսկապես պարտադրել: Ինձ համար զարմանալի են սրան ընդդիմացողների հայտարարությունները»,- ասաց Անահիտ Բախշյանը՝ խոսելով  «Հանրակրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների մասին:

 

Անդրադառնալաով հատկապես սոցիալական ցանցերում առկա քննադատությանը, թե այս որոշումը հակասում է ավագ դպրոցների տրամաբանությանը և այլն, տիկին Բախշյանը նշեց. «Իրականում պարտադիր 12-ամյա կրթությունը որևէ կերպ կապ չունի ավագ դպրոցի ինստիտուտի հետ, որովհետև 12-ամյա պարտադիր կրթությունը ենթադրում է, որ  հիմնական դպրոցից հետո բոլոր երիտասարդները լինեն կա՛մ ավագ դպրոցում, կա՛մ քոլեջում, կա՛մ արեհստագործական ուսումնարանում, կա՛մ որևէ այլ կրթօջախում: Այսինքն՝ երիտասարդը 9-րդ դասարանից հետո անպայման մտածի, թե ինչ պետք է սովորի: Սա է պարտադիր»:

 

Նա նշեց, որ շատ զարմացած է Ազգային ժողովի ՝ «իրենից բեթար ընդդիմադիր կեցվածքին», քանի որ ընդդիմանալ այս օրենքին նշանակում է ընդդիմանալ մեր պետության կողմից ստանձնված բոլոր միջազգային պարտավորություններին, որոնց մասին ԱԺ պատգամավորները փայլուն գիտեն: Այն է՝ Հայաստանը, որպես ԵԽ անդամ, ստանձնել է որոշակի պարտավորություններ Բոլոնիայի գործընթացում, որը ենթադրում է, որ մարդու շարունակական կրթությունը պետք է ապահովի պետությունը:

 

«Այնպես որ չի կարելի ասել, որ սա Կառավարության հայտնագործությունն է: Այս օրենքը նաև ինչ-որ տեղ պարտադրված էր: Առավել ևս, որ ինչպես հայտնի է, մայիսի 15-ին Հայաստանը երեք տարով ստանձնելու է նախագահությունը Բոլոնյան գործընթացում և նախարար Արմեն Աշոտյանը ի վերջո կկարողանա կանգնել ասել, որ՝ այո, մենք արդեն ունենք օրենք 12-ամյա պարտադիր կրթության մասին»,- ավելացրեց Անահիտ Բախշյանը:
Հարցին՝ այդ դեպքում բացասական այս ալիքը, որից անմասն չմնացին նաև խորհրդարանական ընդդիմությունը ներկայացնող խմբակցությունները, ինչո՞վ է պայմանավորված մեր զրուցակիցն ասաց, որ դժվար է պատասխանել այդ հարցին, բայց հակափաստարկները, որ բերվում էին հարցի քննարկման ժամանակ, մեղմ ասած, տարօրինակ էին.

 

«Օրինակ, պատգամավորներից մեկն ասում  էր, թե կարող է աղջիկն ուզում է ամուսնանալ և այս իմաստով մինչև 19 տարեկան սովորելը խնդիր է…. Է թող ամուսնանա՜: Զարմանալի է: Կամ ասում են՝ ինչո՞ւ պետք է Կառավարությունը որոշի երեխան կարող է այլևս չսովորել, թե ոչ: Ուրեմն ես մի անգամ էլ եմ կրկնում ու սա խնդրում եմ մեծ-մեծ տառերով գրել՝ ԵԹԵ ՄԱՐԴՈՒՆ ԿԱՐԵԼԻ Է ՄԻ ԲԱՆ ՊԱՐՏԱԴՐԵԼ, ՄԱՆԱՎԱՆԴ ԵՐԵԽԱՅԻՆ, ԴԱ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ Է»,- ասաց տիկին Բախշյանը՝ ակնարկելով ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի մտահոգությունները առ այս նախագիծը:

 

Միայն դպրոցի տնօրեններն ու մանկավարժները, շարունակեց նա, գիտեն, թե ինչքան երեխաներ ենք ունեցել, որ 9-րդ դասարանից չեն սովորել, չեն շարունակել 12-ամյա կրթությունը, բայց հետո  փոշմանել են ու խնդրել ինչ-որ ուղիներ գտնել, որպեսզի շարունակեն կրթությունը: Հետևաբար պետությունը պարտադրում է՝ բոլորը պետք է սովորեն. Վե’րջ:

 

Ի դեպ, տիկին Բախշյանը նշեց, որ եթե ընդդիմացողների թվում լիներ, ապա հաստատ ավելի լուրջ  փաստարկներ ու մտահոգության տեղիք տվող խնդիրներ կան, որոնք պետք է բարձրաձայնվեին ԱԺ-ում այս նախագծի քննարկման ժամանակ, քանի որ այնպես չէ, թե նախագիծը հարցականներ իր հետ առաջ չի քաշում: Օրինակ՝ պատրա՞ստ է արդյոք պետությունը ֆինանսավորել 12-ամյա պարտադիր կրթությունը, որովհետև դա լուրջ բեռ է պետական բյուջեի վրա: Ասել է թե՝ պատրա՞ստ է պետությունն ապահովել Հայաստանի ամբողջ տարածքում երիտասարդների կրթությունը, որովհետև ոչ բոլոր տեղերում է հնարավոր կրթությունն ապահովել հենց բնակության վայրում: Իսկ այստեղ արդեն խնդիր է առաջ գալիս՝ կգնա՞ երեխան հարևան բնակավայր, կապահովվե՞ն այդ պայմանները պետության կողմից:

 

«Ես կարծում եմ, որ բոլոր գյուղերի դպրոցները պետք է դառնան միջնակարգ, այդ դպրոցներում պետք է ունենանք արհեստագործական հոսքեր, պետք է դպրոցները պատրաստ լինեն այդ արհեստագործական կրթությունն ապահովել, որովհետև դա նյութատեխնիկական բազա է ենթադրում: Պատրա՞ստ ես, պետություն: Շատ լավ է, որ օրենք ենք ընդունում, լավ օրենք, բայց կարո՞ղ ենք ապահովել այդ կրթությունը, որ ձևի համար  չլինի, որ փողը դպրոցները ստանան, աշակերտն էլ փողով առնի ատեստատը ու նույնիսկ դպրոց էլ չգա: Այս կեղծիքից եմ ես վախենում, այս ձևականություններից»,- իր մտահոգությունը հայտնեց տիկին Բախշյանը:

 

Զուգահեռ տանելով ներառական կրթության համակարգի ներդրման միջև՝ ԿԱԻ փոխտնօրենը նշեց, որ շատ մարդիկ հայտարարում էին, որ Հայաստանը պատրաստ չէ ներառական կրթությանը, բայց օրենք է ընդունում: Այստեղ է, որ հիշեց անցյալը ու ավելի պատկերավոր բացատրեց ասելիքը.

 

«Իմ վրա բերեմ օրինակը. ես ու Յուրան 24 տարեկանում ամուսնացանք, տուն չունեինք, տեղ չունեինք, ոչ մի բան չունեինք ու ասեինք՝ սպասենք, տուն կունենանք, տեղ կունենանք նոր կամուսնանանք: Կներես՝ 50 տարեկանում տանտեր դարձանք: Այսինքն երբ ինչ-որ մի բան օրենքով պարտադրվում է, նախ հասարակությունն ինքն է սկսում պահանջատեր լինել, պետությունն էլ շիվարած մտածում է, թե ինչ անի, որովհետև արդեն ընդունել է ու մի բան պետք է անի»,- նշեց նա՝ ավելացնելով, որ եթե պետությունը սպասի, թե պետք է կահավորի, բացի ու կարգավորի բոլոր արհետսագործական ուսումնարաններն ու այլ կրթօջախները, տարիներ կանցնեն ու ոչ մի արդյունք էլ չենք ունենա: Այնպես որ քննադատելու փոխարեն հարկ է ուղիներ փնտրել ու անցնել գործի:

 

Աղբյուրը ՝  Aysor.am

 

Հ.Գ. Նշենք, որ խորհրդարանն այսօր 85 կողմ,  0 դեմ և 27 ձեռնպահ ձայներով ընդունեց պարտադիր 12-ամյա կրթության մասին օրենքը:  Վարման կարգով ելույթ ունեցավ ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը, ասելով, որ իրենց որոշ մտահոգությունները փարատվել են, սակայն չի հանվել «պարտադիր» բառը, ուստի ձեռնպահ են քվեարկելու:  ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ թեև վստահ են, որ կառավարությունը չի կարող այս հարցը գլուխ բերել, բայց իրենց որոշ մտահոգություններ փարատվել են և կողմ են քվեարկելու:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Աղքատությունը ՝ դպրոցից դուրս մնալու պատճառ

 

Ճանապարհ դեպի դպրոց. ինչպիսի՞ն է այն Հայաստանում

 

Ոչ միայն հացիվ…

 

Նախադպրոցական տարիքի երեխաների 80 տոկոսը մանկապարտեզ չի հաճախում

 

Դիտումների քանակը` 3638

Վերադառնալ վերև