Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Եթե հավատարմություն լինի ընտանիքում …»

«Ամուսինս նոր է վերադարձել Ռուսաստանից: Նա խոստովանել է, որ այնտեղ չպաշտպանված սեռական հարաբերություն է ունեցել… Մեր հարաբերությունները բավականին բարդացել են: Նրան ասել եմ, որ մինչև բժշկի չդիմի, մեր միջև որևէ հարաբերություն չի լինի, քանի որ աչքս տեսածից է վախենում: Տարիներ առաջ էլ նույն խնդրի առաջ եմ կանգնել, նորից վերադարձել էր արտագնա աշխատանքից, որոշ ժամանակ անց պարզվեց, որ վարակվել եմ վեներական հիվանդությամբ: Հիմա չեմ ցանկանում նույնը կրկնվի, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում նրան համոզել, որ դիմի բժշկիե

 

Այս պատմության հեղինակը 30-ամյա Անին է, ով այսօր լուրջ հոգեբանական խնդրի առջև է կանգնած:Բայց սա ընդամենը մեկ պատմություն է, մինչդեռ նման պատմությունները բազմաթիվ են, իսկ խնդիրները նույնն են՝ չպաշտպանված սեռական հարաբերություն, բժիշկներին չայցելելու մշակույթ և այլն:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն` տարեցտարի ամբողջ աշխարհում սեռավարակների թիվն ավելանում է: Տարեկան գրանցվում է սեռավարակների մոտ 330 մլն նոր դեպք, որոնց մեկ-երրորդը բաժին է ընկնում վերարտադրողական տարիքի՝ մինչև 25 տարեկան անձանց: Սեռավարակներին ավելի հակված են դեռահասներն ու երիտասարդները, ինչն էլ, բնականաբար, նրանց վրա կործանարար ազդեցություն է ունենում, քանի որ նրանց սեռահասունացումը դեռ լիակատար չի լինում:

 

Սեռավարակների ընդհանուր պատկերը շատ կողմերով արտացոլում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի Համաշխարհային միտումները: Սեռական ճանապարհով փոխանցվող վարակները (ՍՃՓՎ) ոչ միայնբարձրացնում են ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը, այլ կարող են պատճառել նաև պտղի ներարգանդային մահ, անպտղություն, արտաարգանդային հղիություն և պտղի ներարգանդայինվարակում:

 

Մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանի խոսքերով՝ յուրաքանչյուր տարի 20 դեռահասից մեկը հիվանդանում է բուժելի սեռավարակով: Երիտասարդները սեռավարակով վարակվում են ավելի վաղ տարիքում: Նպաստող հագամանք է հանդիսանում սեռավարակների տարածման համար այն, որ 14-28 տարեկանը սեռապես ակտիվ տարիք է համարվում եւ հիմնականում այդ տարիքում են ցուցաբերում ռիսկային սեռական վարքագիծ, այսինքն՝ անպաշտպան սեռական հարաբերություններ ունենում, զուգընկերներին հաճախակի փոփոխում կամ մեկից ավելի զուգընկերոջ առկայություն, ե, -ասում է մասնագետը՝ հավելելով, որ դեռահասների շրջանում տարածված սեռավարակները թողնում են ավելի լուրջ հետևանքներ, քան ավելի մեծ տարիքում:

 

Խնդիրը, Կ.Վարդանյանի դիտարկմամբ, նաև նրանում է, որ երիտասարդները հաճախ տեղեկացված չեն սեռավարակների կանխարգելման և հակաբեղմանվորման մեթոդների մասին: Առանձնացնելով հիվանդության տիպերից մի քանիսը, Կարեն Վարդանյանը նշեց, որ հատկապես սիֆիլիսի գաղտնի շրջանում, երբեմն մարդիկ անգամ չեն էլ կասկածում, որ իրենք վարակված են: Ուստի, նա խորհուրդ է տալիս ցանկացած սեռական խնդրի երևան գալու դեպքում դիմել բժշկի եւ զգուշացնում, որ փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունները թե տղամարդկանց, թե կանանց մոտ, կարող են հանգեցնել չբերության:

 

Ինչ վերաբերում է սեռական դաստիարակությանը, Կարեն Վարդանյանը նկատեց, որ սեռական դաստիարակություն ասվածը շատ հաճախ է շահարկվում, և երբեմն թյուրիմացաբար մեկնաբանվում: Նրա կարծիքով` սեռական դաստիարակության թեմաները պետք է ներառեն տեղեկատվություն սեռական օրգանների անատոմիայի, ֆիզիոլգիայի և անգամ հիգիենայի նորմերի մասին, դրանից հետո միայն՝ սեռական ճիշտ պաշտպանվածության և դեղերի օգտագործման մասին:

 

Սեռավարակաբանը նաև գտնում է, որ ընդունված է որպես անվտանգ սեռական վարքագծի գրավական, շեշտել պահպանակների կիրառումը, մինչդեռ առաջին հերթին բժիշկները խորհուրդ են տալիս ունենալ փոխադարձ հավատարիմ հարաբերություններ, չ ունենալ մեկից ավելի զուգընկեր, ցուցաբերել անվտանգ սեռական վարքագիծ և միայն, եթե այդ ամեն ինչը խախտվել է , կա պատահական սեռական հարաբերություն, ապա միայն այդ ժամանակ օգտվել պահպանակներից:

 

Մասնագետը զույգերին խորհուրդ է տալիս հաճախակի դիմել բժիշկներին: Սակայն, պետք է նկատել, որ հայերը, հատկապես սեռական խնդիրների հետ կապված հարցերով, խուսափում են բժշկի դիմել: Պատճառները բազմաթիվ են, բայց ամենատարածվածը, ըստ Կ.Վարդանյանի, ամաչկոտությունն է:

 

Կարևոր պատճառներից մեկն էլ այն է, որ հիվանդները չեն վստահում բժիշկին՝ վախենալով վարկաբեկումից: Սակայն Կ.Վարդանյանը վստահեցնում է, որ բժշկական գաղտնապահության օրենքներից ելնելով` իրենք պարտադրված են պահել անձի գաղտնիությունը և նրա վերաբերյալ տվյալներ են տրամադրում բացառապես քրեական մարմիններին, այն էլ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, եթե հարուցված քրեական գործ կա:

 

Այդուհանդերձ, սեռավարակաբանը նկատում է, որ վերջին տարիներին Հայաստանում բժիշկներին դիմելիության թիվն ավելացել է, մասնավորապես՝ մինչ ամուսնական պրոֆիլակտիկ հետազոտությունների թիվը: Սակայն ասել, որ արդեն ավանդույթ է ձևավորվում, Կարեն Վարդանյանը չի շտապում, քանի որ բժիշկների դիմելիության թիվը ուղիղ համեմատական է սեռավարակների աճման թվին:

 

«Իմ խորհուրդը հետևյալն ՝ մի խուսափե’ք բուժզննությունից, եղեք հավատարիմ, քանի որ եթե հավատարմություն լինի ընտանիքում, ապա սեռավարակներն այդ ընտանիք մուտք չեն գործիե,- ասում է սեռավարակաբանը:

 

 

Հասմիկ Հակոբյան

Դիտումների քանակը` 2832

Վերադառնալ վերև