Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ես նորեկ եմ ես այս գործընթացներում»…

«Օրինաց երկիր» կուսակցության  համամասնական ցուցակի 16 հորիզոնականն զբաղեցնող Նատալյա Ադամյանի անունը հանրությանը ծանոթ չէ՝  նա  առաջին քայլերն է անում դեպի քաղաքականություն:  Մասնագիտությամբ իրավաբան է, Հայաստանում կրթություն ստանալուց հետո այն շարունակել է Բելգիայում` Անտվերպենի համալսարանում, աշխատել է ՄԻՊ գրասենյակում, իսկ բոլորովին վերջերս  որոշել է   քաղաքականություն մուտք գործել:  Բնականաբար առաջին հարցը, ինչո՞ւ  երիտասարդ աղջիկը նման որոշում ընդունեց:  

 

-Ես սեռերի միջեւ տարբերություն չեմ դնում, կարեւորը ցանկացած թեկնածուի անցած ճանապարհն ու գիտելիքներն են: Որոշեցի ավելի ակտիվ ու նախաձեռնող լինել, որովհետեւ մեր բոլորիս ապագան կախված է այսօրվա երիտասարդների աշխատանքից եւ մեր ակտիվությունից: Մենք պետք է լինենք մեր հայրենիքի տերը եւ իսկապես օրինաց երկիր կառուցենք:  Կարծում եմ, ՕԵԿ ցուցակում ընդգրկված ցանկացած  անդամ կանի առավելագույնը, որ ունենանք լավ արդյունքներ:

 

Հանրությունը Ձեզ չի ճանաչում, ծանոթանալով ՕԵԿ համասնական ցուցակին եւ տեսնելով անծանոթ անուններ, ընտրողն ինչո՞ւ պետք է քվեարկի ձեր օգտին:

-Ճիշտ է, ցուցակում ընդգրկված են նոր երիտասարդներ, որոնց միգուցե հանրությունը չի ճանաչում, բայց «Օրինաց Երկիր»  կուսակցությանը շատ լավ բոլորը ճանաչում են: Նա ունի տասնհիգ տարվա պատմություն եւ իր անցած ճանապարհով ցույց է տվել, թե որքան գործ է արել եւ որքան գործ ունի անելու, իսկ համամասնականի դեպքում քվեարկում են ոչ թե կոնկրետ թեկնածուի, այլ կուսակցության օգտին:

 

Դուք որպես այդ երիտասարդներից մեկը, ինչպե՞ս եք տեսնում հենց Ձեր դերակատարությունը քաղաաքական գործընթացներում եւ խորհրդարանական աշխատանքում:

-Ես նորեկ եմ ես այս գործընթացներում, երբեւէ չեմ զբաղվել քաղաքականությամբ, ընդգրկված չեմ եղել որեւէ կուսակցության մեջ, բայց այսօր որոշել եմ լինել ավելի ակտիվ եւ նախաձեռնող: Որոշակի փորձ եմ ձեռք բերել իմ աշխատանքի ընթացքում, հատկապես մարդու իրավունքների ոլորտում եւ կարծում եմ, որ կկարողանամ ձեռք բերած փորձս ու գիտելիքներս ի սպաս դնել մեր հայրենիքի զարգացմանը:

 

-Իսկ ե՞րբ եք անդամագրվել ՕԵԿ շարքերը եւ ի՞նչը դրդեց Ձեզ, որ կուսակցական դառնաք:  Ձեր նշած ակտիվությունը որպես անհատ գործիչ իրագործելու  հնարավորություն չունեի՞ք:

-Կուսակցության շարքերն անդամագրվել եմ վերջերս, ոչ այնքան վաղուց: Ինձ հատկապես ուշագրավ էր օրենսդիր ոլորտում ՕԵԿ-ի անցած ուղին: Ես մասնագիտությամբ իրավաբան եմ եւ ինձ հետաքրքրեցին այն բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, որոնց հեղինակն ու համահեղինակն է հանդիսացել ՕԵԿ-ը: Ցանկը տպավորիչ էր .  տասնհինգ տարիների ընթացքում շուրջ երկու հարյուր օրենսդրական նախաձեռնության հեղինակ եւ համահեղինակ է հանդիսացել կուսակցությունը, իսկ դա  բավականին ծանր եւ լուրջ աշխատանք է, ուստի, որպես իրավաբան ես նաեւ այդ գործընթացներում կարող եմ մասնակցություն ունենալ:

 

Ձեր կարծիքով այսօր քաղաքական գործիչն անպայման որեւէ կուսակցության անդա՞մ պետք է լինի, որպեսզի կարողանա դրսեւորել իրեն:

-Ոչ,  դա պարտադիր պահանջ չէ: Ամեն մեկն ընտրում է իր ուղին եւ ճանապարհը եւ ազատ է իր ընտրության մեջ:

 

 

Զրուցեց` Մարիաննա Ղահրամանյանը

 

 

Դիտումների քանակը` 3318

Վերադառնալ վերև