Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ես չեմ պատրաստվում մորս ու տատիկիս նման ողջ կյանքի ընթացքում ջուր կրել»…

Հայ-թուրքական սահմանի վրա գտնվող Բագարան գյուղի բնակիչները չեն էլ հիշում, թե երբ է վերջին անգամ տան ծորակից ջուր հոսել: Միակ աղբյուրը գյուղի կենտրոնից հեռու է ավելի քան 2 կիլոմետր: Այդ ճանապարհն օրական մի քանի անգամ կտրելն ու դույլերն ուսափայտից կախված խմելու ջուր բերելը համարվում է կանացի գործ: Կանացի այս պարտականությունն արդեն տասնամյակների պատմություն ունի:

 

 

 

Ջրի խնդիր Բագարանի բնակիչներն ունեն դեռեւս Խորհրդային տարիներիրց: Ասում են` բնակիչներն արդեն իմունիտետ են ձեռք բերել. աղբյուրի ջուրը չի ֆիլտրացվում, սակայն առ այսօր գյուղացիներն առողջական լուրջ խնդիրներ չեն ունեցել:

 

Գյուղում ստամոքսի հետ կապված խնդիրներն ու ժամանակից շուտ ատամների փչանալն արդեն սովորական երեւույթ է դարձել: Պատճառն ակնհայտ է, սակայն գյուղացիներն ընտրության այլ տարբերակ չունեն:

 

 

Գյուղի  պատմության մեջ ընդամենը մեկ անգամ այն էլ մեկ ամիս ժամանակով  գյուղի կանայք ջուր չկրեցին: Մոտ 10 տարի առաջ գյուղացիները ջրամատակարարման համակարգ կառուցեցին, սակայն ինժեներական խախտումներն այնքան շատ էին, որ կանայք 30 օր անց կրկին վերհիշեցին ուսափայտն ու ծանր դույլերը:

 

 

 

Ղանթարով ջուր կրելը   տղամարդու համար անպատվաբեր է համարվում  : «Կնիկն իրա գործն ունի, տղամարդն էլ իրանը, ո՞վ է տեսել  տղամարդն իր ուսին ղանթար դնի` ջուր կրի» ,- ասում են բագարանցիները, նշելով,  որ   եթե ընտանիքը մեքենա ունի, այդ դեպքում տան տղամարդը մեքենայով գնում է աղբյուր և օգնում կնոջը ջուր հավաքել:

 

 

Կարինե Ղուկասյանը հիշում է, որ մի անգամ ամռանը պահածո փակելու համար, մոտ 10 անգամ կտրել անցել էր «երկու կիլոմետրանոց ջրի ճանապարհն ու 11-րդ անգամ հենց ճանապարհի կեսին ուշաթափվել. գյուղացիներն էին օգնել, տուն բերել: Սակայն դա չխանգարեց, որ հաջորդ օրը Կարինեն կրկին ձեռքն առնի ուսափայտն ու գնա ջրի:

 

 

Գյուղում շատերն են հագուստ լվանալու կամ տանը մաքրություն անելու համար օգտագործում առվի ջուրը: Թեպետ գյուղի կանայք գիտակցում են առվի ջրի պատճառած հսկայական վնասները, սակայն այդքան ջուր կրել ֆիզիկապես չեն կարող: «Ես, հարսս ու աղջիկս ամեն օր ջուր ենք կրում: Մեծ ընտանիք է: Ճաշ եփելու, աման լվալու եւ լվացվելու համար ջուր է անհրաժեշտ: Տանը փոքր երեխաներ կան, նրանց չի կարելի առվի կեղտոտ ջրով լողացնել, հետեւաբար մի քանի բիտոն ջուրը չի հերիքում: Հարսս 32 տարեկան է, բայց արդեն մեջքը ցավում է, կռացած է ման գալիս», պատմում է Սիրվարդ Հովհաննիսյանը:

 

 

Աննա Ասոյանն էլ Բագարան գյուղ հարս գալուց չէր էլ գիտակցում իր ծանր պարտականության մասին: Ամուսնության հենց հաջորդ օրը սկեսրայրի պատվերով նորահարսը վերցրեց ուսափայտն ու սկեսրոջ ուղեկցությամբ ճամփա ընկավ դեպի աղբյուր: «Սկզբում դժվար էր, անտանելի ծանր, բայց հետո հարմարվեցի», պատմում է Աննան` խոստովանելով, որ անգամ հղի ժամանակ ջուր է կրել: Նա նշում է, որ ջուրը խմելուց առաջ եռացնում են, սակայն դա էլ դրությունը չի փրկում. դույլի տակ աղի նստվածք միշտ էլ մնում է:

 

 

Տիկին Գայանե Կիրակոսյանն էլ մի անգամ առվի ու մաքուր ջրերը խառնել էր իրար ու առվի ջրով բորշ եփել: Արդյունքում ընտանիքի անդամները թունավորվել էին: Այդ դեպքից հետո նա ամուսնուն ստիպեց տարբեր ձեւի բիտոններ գնել, որպեսզի մաքուր եւ կեղտոտ ջրեր տարբերելը հեշտ լինի:

 

 

Միայն ջուր չկրելու համար Հասմիկ Կարապետյանը չի ցանկանում գյուղում ամուսնանալ: 18-ամյա Հասմիկը ծնողներին հայտարարել է, որ եթե գյուղից որեւէ մեկը գա իրեն ուզելու, կտրականապես մերժեն: «Ես չեմ պատրաստվում մորս ու տատիկիս նման ողջ կյանքի ընթացքում ջուր կրել», ասում է Հասմիկը: Էական չէ, թե Հասմիկի ապագա ամուսինը որտեղից կլինի, ինչպիսի բնավորություն կունենա ու ինչով կզբաղվի. առավելությունը կտրվի նրան ում տան ծորակից գոնե օրական երկու ժամով մաքուր ջուր կհոսի:

 

Հասմիկ Հարությունյան

 

P.S. Վերջին երկու տարվա ընթացքում Բագարանի ջրի խնդրի մասին  տասնյակ հոդվածներ են գրվել: Անցյալ տարվա դեկտեմբերին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Բագարանի ջրամատակարարման խնդրին , նշեց, որ կոնկրետ այդ համայնքում դեռևս հստակ նախագծային աշխատանքներ չկան տարվող, ինչը պայմանավորված է ֆինանսական միջոցների պակասով, բայց հավաստիացրեց, որ ինչ-որ ծրագիր անպայման կգտնվի ու գուցե հենց հաջորդ տարի էլ հարցը կլուծվի:

 

 

Դիտումների քանակը` 5275

Վերադառնալ վերև