Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Երազանքների քաղաք» երեխաների համար

«Երազանքների քաղաք» բարեգործական փառատոնը, որն ավանդաբար կազմակերպում է  Միջազգային գործարար  կապերի  աջակցման  խորհուրդը ,  նվիրված է  Երեխաների պաշտպանության  միջազգային օրվան:  Այս տարի միջոցառումը տեղի կունենա ոչ թե Հյուսիսային պողոտայում, ինչպես եղել նախորդ  տարինբերին, այլ «Հովնանյան ինտերնեյշնլ» ընկերության  «Արարատ Վալի քանթրի քլաբում», ինչը  հնարավորություն կտա  նվիրել  երեխաներին անակնկալներով եւ  ուրախությամբ լի մի ամբողջ օր: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը, նշելով, որ միջոցառումը տեղի է ունենում արդեն չորրորդ տարին անընդմեջ:

 

«Մենք փորձում ենք այդ երեխաների երազանքներրի գոնե մի մասն իրականացնել` այն երազանքների, որոնք առարկայական են: Օրինակ, մեկը երազում է դառնալ ֆուտբոլիստ և նրան աջակցում ենք ընդգրկվել ֆուտբոլի խմբակում, մյուսը  երազում է առողջանալ` փորձում ենք  հնարավորինս աջակցել այդ հարցում, ընդ որում »,- ասաց նա` շեշտելով, որ երեխաների հետ աշխատանքը տարվում է ողջ տարվա ընթացքում:

 

Այս նախաձեռնությունը,  ըստ էության, բիզնեսի սոցիալական պատասխանատվության օրինակներից մեկն  է հանդիսանում:  Նախագծի նպատակն է  երազանքների իրականացման և  անակնկալներով լի  հեքիաթային մի օր կազմակերպել  անապահով,  առողջական խնդիրներ ունեցող  և մանկատների երեխաների  համար,  ինչպես  նաև նրանց   տրամադրել  դրամական օգնություն: Միջոցառմանը ներկա են գտնվելու պետական, դիվանագիտական և մասնավոր կառույցների պատվավոր այրեր, դիվանագետներ, քաղաքական գործիչներ իրենց երեխաների, թոռնիկների հետ միասին: Հյուրերն են` Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը,  «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը, «Վահագն ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի նախագահ  Վահագն  Հովնանյանը, նաև դեսպաններ` Լեհաստանի, Հնդկաստանի, Դանիայի , Չեխիայի և Գերմանիայի: Կլինեն ներկայացված նաև  UNICEF Armenia, World Vision,  Save the Children, Կարմիր խաչ միջազգային կառույցները և այլն:

 

«Միջոցառումը մի քանի փուլից է բաղկացած` մշակութային, խաղային, գոլֆի մրցաշար , կլինի նաև սոցիալական ֆիլմի ցուցադրություն: Մեր նպատակն է, որ երեխաները մեծերի հետ հավասար ուրախ օր անցկացնեն, երեխայանան, նաև երեխաները, իրենց հերթին, շփվեն ու ծանոթանան այն  մարդկանց հետ, ովքեր նրանց խնդիրների կողքին են»,- հավելեց Ն.Մանուկյանը:

 

Ասուլիսին ներկա  «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գործառնությունների  տնօրեն Արնաուդ Բիոլայն էլ ասաց, որ արդեն տասը տարի իրենց խումբը ներկայացված է Հայաստանում, և առաջին նպատակը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում «Մաքուր ջուր» նախագիծն է, բացի այս մշտապես մասնակցում են բազմաթիվ նախաձեռնությունների, որոնք առնչվում են երեխաներին ու նրանց իրավունքների պաշտպանությանը, տարին երկու անգամ պարտադիր այցելում հայաստանյան մանկատներ, հնարավորինս աջակցություն ցուցաբերում և այլն.

 

«Մենք նաև կրթական ծրագրերի միջոցով  ենք աշխատում երեխաների հետ, սովորեցնում նրանց ինչպես խնայել ու ինչպես վարվել ջրի հետ: Այս միջոցառման շրջանակում մեր մասնակցության նպատակներից մեկն այն է, որ միջոդցառումն իր մեջ ներառում է սպորտային բաղադրիչ: Մենք համոզված ենք, որ  սպորտը հնարավորություն է տալիս երեխաներին զարգանալ, լինել  առողջ, ինչպես նաև սովորել պատասխանատու լինել»,- շեշտեց նա` հավելելով, որ հույս ունի, որ այս ու նմանատիպ միջոցառումների միջոցով հնարավոր կլինի շատ երեխաների կյանքը բարելավել ու իրականացնել երեխաների երազանքները:

 

Արնաուդ Բիոլայն կարեւորեց  բիզնես ընկերությունների կողմից  սոցիալական պատասխանատվության գիտակցումը՝ նշելով, որ   իրենք փորձում են հենց այդ սկզբունքով առաջնորդվել:   «Ես կարծում եմ, որ ապագայում ընկերությունների հաջողության չափանիշներից մեկը կլինի սոցիալական ոլորտում իրենց մասնակցության գործոնը: Բիզնեսն ու առոօրյան իրարից անջատ չեն կարող լինել»,- ընդգծեց օտարերկրյա պաշտոնյան:

 

Շարունակելով միջոցառման մասին խոսել Նարինե Մանուկյանը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ չի կարող ասել, թե որքան գումար է հավաքագրվել երեխաների համար, քանի որ հենց միջոցառման օրն էլ հանգանակություն է իրականացվելու: Բայց, ավելացրեց նա, միջոցառման նպատակը միայն գումարը չէ ու գումարային աջակցությունը չէ, այլ այն, որ երեխաները ինչ որ չափով իրականացնեն  իրենց  երազանքները. ասենք,  եթե երազում են զբաղվել ֆուտբոլով կամ գնալ լոզի, ապա ստանան  այդ հնարավորությունը, որից զրկված էին ընտանիքի սոցիալական ծանր պայմանների պատճառով.

 

«Փորձում ենք քիչ-քիչ, կաթիլ առ կաթիլ հասնել նրան, որ տարիների ընթացքում երեխաների խոցելի խումբ չունենանք ու միջոցառումներ անցկացնենք  ոչ թե երեխաներին աջակցելու համար, այլ  ուղղակի ուրախանանք երեխաների հետ իրենց օրը` հունիսի 1-ին» ,- հավելեց նա:

 

Ի դեպ, այդ օրը երեխաները մեծերի հետ նաև գոլֆի մրցույթի կմասնակցեն ու բանախոսի խոսքով` այս փաստը նրանց մոտ մեծ հետաքրքրություն է առաջացրել:

 

Բանախոսները շեշտեցին, որ, առհասարակ` երեխաներին վերաբերող նախագծերն ու ծրագրերը պետք է լինեն շարունակական, միայն այդ կերպ հնարավոր նէ հասնել շոշափելի  արդյունքների ու հանարվորինս նվազեցնել այն երեխաների թիվը, որոնց երազանքները չեն իրականանում ընտանիքի սոցիալական պայմանների պատճառով:

 

Նշենք, որ միջոցառումը տեղի կունենա մայիսի 31-ին, ժամը 11-ին   «Հովնանյան ինտերնեյշնլ» ընկերության   «Արարատ Վալի քանթրի  քլաբում»:

 

 

Դիտումների քանակը` 2695

Վերադառնալ վերև