Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Երբ մեծանամ ու ընտանիք կազմեմ, երբեք ձեռք չեմ բարձրացնի երեխաներիս վրա»

Երեխաների հանդեպ  բռնության  համաշխարհային  օրվա կապակցությամբ  նոյեմբերի 19-ին «Երեխաների  պաշտպանության ցանց»  -ը, որում  ընդգրկված են  40  ՀԿ-ներ  Երևանի պետական  համալսարանի  բակում կազմակերպել էր «Առանց  բռնության միջավայր երեխաների համար»  խորագրով ցուցահանդես, որտեղ  ներկայացված էին Ցանցի  անդամ  կազմակերպությունների՝ ՀՕՖ-ի երեխաների աջակցության  կենտրոնի, Աբովյան քաղաքի Երեխաների աջակցության  կենտրոնի, «Ընտանիք  և համայնք» ՀԿ-ի շահառու երեխաների կողմից  նկարված աշխատանքները: Ցուցահանդեսի  նպատակն էր  այդ   նկարների միջոցով  «ոչ» ասել  երեխաների  հանդեպ բռնությանը  և «այո.՝ նրանց  բարեկեցությանը:

 

Նկարներում  երեխաները պատկերել էին իրենց  հասակակիցների,  ինչպես  նաև  կենդանիների հանդեպ  դրսևորած  բռնության  դեպքերն  իրենց  իսկ պատկերացմամբ: Աշխատանքների մեծ մասում  երեխաները հակադրվել էին  բռնությանը,  պատկերելով  խաղաղ  ընտանիք,  պարզ երկնքում թևածող աղավնիներ,  համերաշխ ություն, ընկերություն և այլն:

 

Երևանի 147 դպրոցում 5-րդ դասարանի աշակերտ Սպարտակ Միքայելյանն  իր  նկարում  պատկերել է ուրախ ընտանիք, որտեղ  հայրիկն ու մայրիկն են, իսկ  բակում  խաղում են անհոգ երեխաները: Նրա  համոզմամբ ընտանիքը հենց այդպիսին էլ  պետք է  լինի, որտեղ  դաստիարակության  «լեզուն»  ոչ թե  ծեծն ու բռնությունն են, այլ սերն ու համերաշխությունը, որտեղ  ծնողները չեն  բռնանում իրենց  զավակների վրա,  հանգիստ ու մեղմ բացատրում են  նրանց  սխալները և օգնում  վերացնել դրանք: «Ես դեմ եմ  ցանկացած բռնության,  լինի դա  երեխայի թե  կենդանու նկատմամբ»,- ասում է Սպարտակը:

 

Ժպտացող երեխաների  գլխավերևում թևածող  աղավնին պատկերող  նկարն  իր տրամադրությամբ   լիովին համապատասխանում   է  այն  նկարող Միքայել Միքայելյանի  խաղաղասեր բնավորությանը:  Պատահել է, որ տան  ճանապարհին  ականատես է  եղել  հասակակիցների կողմից  մեկ այլ  երեխայի ծեծին, չի համբերել,  միջամտել է, ու թեև ինքն էլ  մի  լավ ծեծվել է, սակայն  գոհ է, որ պաշտպան է  կանգնել  թույլին: «Առհասարակ, թույլին  պաշտպանելը  յուրաքանչյուր բանական  մարդու  պարտքն է: Ինչ վերաբերում է  ընտանիքում երեխայի հանդեպ կիրառվող  բռնությանը, ես  շատ դեմ եմ: Այ, երբ  ինքս  մեծանամ ու ընտանիք  կազմեմ, երբեք  ձեռք  չեմ  բարձրացնի երեխաներիս  վրա: Ինչու  բռնություն  կիրառել, եթե  կարելի է հասկացնել սիրով ու մեղմությամբ»,-ասում է Միքայելը:

 

Ցավոք,  մեր իրականության  մեջ քիչ  չեն այն  ընտանիքները, որտեղ ոչ միայն  կանանց, այլև երեխաների հանդեպ կիրառվող  բռնությունը «ընդունված»  մեթոդ է:

 

«Երեխաների պաշտպանության ցանց.  հասարակական  կազմակերպությունների միավորման  ներկայացուցիչ Ելենա Հարությունյանը WomenNet-ի  հետ զրույցում նշեց, որ իրենց ցանցում ընդգրկված կազմակերպությունների  մի  մասն ուղիղ  ծառայություն է տրամադրում երեխաներին  և  ընտանիքներին,  մյուս  մասը զբաղվում է  լոբբինգով: «Ցանցը համագործակցում է ոստիկանության,  Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ ՝ փորձելով  իր առաջարկություններով  իրավական ակտերում  փոփոխություններ մտցնել ու դրանով իսկ  նպաստել ընտանիքներում երեխաների բարեկեցության ամրապնդմանը: Մենք աշխատում ենք  նաև Երեխաների իրավունքների պաշտպանության  նոր   ազգային  ծրագրի վրա ,  ներկայցնում  մեր դիտարկումները, ուրախալի է, որ դրանցից  շատերն  ընդունվում են: Հաճախակի  կազմակերպվող  քննարկումներում  ներկացնում ենք  բռնության  փաստերը ,  գտնում  դրանց  լուծման ուղիները: Ցավոք,  շատ ընտանիքներում  ծնողները  երեխաներին  վերաբերվում են  որպես  իրենց  սեփականություն  և  կտրուկ հրաժարվում են  մեր միջամտությունից»,-ասում  է Ելենան:

«Երեխաների  պաշտպանության  ցանց.-ը ուսումնասիրություններ է  կատարել  հատկապես պետական  աջակցությունից  զուրկ խնամակալ  ընտանիքների շրջանում: «Առհասարակ,  ցավն այն է, որ  շատ հայ ընտանիքներ  չունեն  ծնողավարական  հմտություններ  և  լավ  կլիներ որ  շահագրգիռ  կազմակերպությունները կրկնապատկեին  իրենց  ջանքերն այս ուղղությամբ՝ կազմակերպելով  տարաբնույթ  դասընթացներ»:

 

Երբ խոսք է  գնում  բռնության  մասին,  շատերը պատկերացնում են  միայն  ծեծ,  սակայն  ֆիզիկական / այդ թվում  նաև սեռական/  բռնությունից  զատ կա  նաև  հոգեբանական  բռնություն, երեխաների նվաստացման  դեպքեր, որը  թեև շատ տարածված երևույթ է,  սակայն  քիչ  բացահայտված:

Երեխայի հանդեպ բռնության  դրսևորման  ձևերից է  նաև ծնողի  կողմից երեխայի  լքման  դեպքերը,  ինչը  հոգեբանական ավերածություններ է թողնում վերջինիս մոտ: Իհարկե, երեխայի հանդեպ  բռնության  փաստերի հանդիպում ենք ոչ միայն  ընտանիքում, այլև հասարակության  մեջ,փողոցում, բակում,  ինչու չէ,  նաև  ուսումնական  հաստատություններում:  Սակայն  միշտ  չէ, որ դրանք  բացահայտվում են: Ինչումն է  խնդիրը:

 

«Ընտանիք  և համայնք»ՀԿ նախագահ  Քնարիկ Գառանֆիլյանի համոզմաբ այս խնդրով պետք է զբաղվի հիմնականում սոցիալական  աշխատողը:

 

«ՀՀ-ում  գործում է երեխաների պաշտպանության  եռաստիճան  համակարգ: Համակարգի առաջնային  օղակը դա  խնամակալության  և  հոգաբարձուների հանձնաժողովներն են, որոնք  հիմնականում  համալրված  չեն մասդնագետներով: Գործում են  կամավորության  հիմունքերով,  չունեն համապատասխան  ռեսուրսներ: Այս առումով  հարց է  առաջանում  թե  ինչպես  պետք է  հայտնաբերվեն  բռնության  դեպքերը:  Երեխան  ենթարկվել է  բռնության, ո՞վ  պետք է  հայտնաբերի: Նման երեխաների վարքագիծը կտրուկ  տարբերվում է  մյուս  երեխաների վարքագծից,  նա  խուսափում է  շփվել  ընկերների  հետ,  ինքնամփոփ է,  ուրեմն  խնդիր  կա: Ո՞վ  պետք է  միջամտի խնդրին: Որպես  լուծում  մենք  կարևորում ենք յուրաքանչյուր համայնքում  սոցիալական աշխատողի առկայությունը , որը կհայտնաբերի  նմանատիպ երևույթներն ու  համապատասխան  մարմինների հետ կգտնի անհրաժեշտ լուծում: Ի  դեպ, աշխատանք  պետք է  տարվի  ոչ միայն  բռնության  զոհի, այլև բռնարարի հետ:  Այստեղ կարևորում եմ  վերականգնողական  ծառայությունների  դերը»,-ասում է Ք.Գառանֆիլյանը:

 

Ճիշտ կլիներ, որպեսզի  ընտանիքում բացառվեր կողմնակի միջամտությունը, որպեսզի ծնող-երեխա  հարաբերությունները լինեին  նաև ընկերական-բարեկամական,  որտեղ կտիրեր փոխվստահությունն ու փոխըմբռնումը, իսկ  ընտանիքից դուրս երեխայի հանդեպ յուրաքանչյուրի վերաբերմունք լիներ բարյացակամ, ջերմությամբ ու հոգատարությամբ  լի: Սիրում ենք  ասել՝ ուրիշի  երեխա  չկա,  բոլորն էլ  մերն են,  բայց պետք է ոչ միայն ասել,  այլև այդ «ուրիշի  երեխայի»  հանդեպ ցուցաբերել  նույն  ջերմությունն ու հոգատարությունը,  ինչպես քոնի հանդեպ, որպեսզի  «խմենք  մեր երեխաների կենացը»  ավանդական   կենացներն արագորեն չգոլորշիանան  խումարից  հետո:

 

Անուշ Ներսիսյան

Դիտումների քանակը` 2203

Վերադառնալ վերև