Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Երկիրը երկիր է» – Սալբիի պատմությունը

Հալեպի Նոր Գյուղ հայկական թաղամասի լահմաջոյանոցներից  մեկում կին աշխատողի ներկայությունը անակնկալ էր այցելուների համար, ուստի Սալբի Ճապաղջուրյանին խեթ հայացքով էին  նայում: Այստեղի չգրված օրենքների համաձայն  կինը պետք է  դաստիարակեր երեխաներին և հոգար տնային  հոգսերը: Սակայն Սալբին ու՞մ բացատրեր, որ  սրտի հիվանդությամբ  տառապող ամուսնուն  օգնելու նպատակով հարկադրված է համատեղել ընտանիքն ու աշխատանքը:

 

-Ողջ Հալեպում միակ  կինն էի, որ աշխատում էի ամուսնուս հետ: Գոքորը առավոտյան  ժամը 6-ից  կաշխատեր, ես`  ժամը 9-ից: Սկզբում  ընկերուհիներս  խեթ հայացքով  կնայեին ինձի, կըսեին, ի՞նչ գործ ունես,  տանը նստիր ճաշդ եփիր ու  պստիկներուդ  նայեր: Սակայն  ոչ ոք  չգիտեր ամուսնուս  հիվանդության  մասին, որ  նրան օգնելու համար եմ աշխատում: Բայց  կարողացա  հաղթահարել ինձ  համար անկարևոր այդ խոսակցությունները: Հետզհետե ընկերուհիներս  սկսեցին ինձ քաջալերել, գովել,  զարմանում էին, թե  ես  ինչպես էի  գործարար տղամարդկանց  հետ քննարկում բիզնեսի հարցերը,  ովքեր ինձ քրոջ պես էին  վերաբերվում,   քանի որ իրենք էլ հասկացան, որ եթե Գրիգորի  կինը աշխատում է, ուրեմն այդպես է  պետք, – պատմում է Սալբին:

 

Գործունյա, աշխատասեր ու կենսախինդ Սալբիի համար փռում աշխատելն  իրոք  դժվար էր, ասես  կորչում էին  կանանցի փափկությունն ու քնքշությունը: Սակայն անտեսելով այդ ամենը, ինչպես  ինքն է ասում, «գնում էր հոսանքին  հակառակ»:  Վաղ առավոտյան որդուն ու դստերը դպրոց  ճանապարհելուց, կերակուր պատրաստելուց  ու  տունը կարգավորելուց  հետո Սալբին  շտապում էր լահմաջոյանոց, որտեղ լահմաջոի որակն ու համը պահպանելու համար արագաշարժ ու հմուտ վարպետի ձեռքեր էին  հարկավոր: Ահա թե  ինչու Գրիգոր և Սալբի Ճապաղջուրյանների պատրաստած լահմաջոն այնքան հայտնի ու պահանջված էր  ողջ Հալեպում:

 

Պատերազմը սկսվելուց հետո Ճապաղջուրյանների ընտանիքը բազմաթիվ սիրիահայերի նման  հարկադրված էր գաղթել Հայաստան: 2012 թվականին Սալբիի որդին` Կայծակը գալիս է Հայաստանում  կամավոր աշխատանքի անցած քրոջը`Մեղրիին այցելության: Իսկ երբ  Սիրիայում իրավիճակն էլ ավելի է  սրվում, նրանց են  միանում  նաև  ծնողները: Շուրջ 6 ամիս անգործ մնալուց  հետո ընտանիքը որոշեց վերսկսել  նախկին բիզնեսը: Անծանոթ  միջավայրի ցանկություններն ուսումնասիրելուց  հետո  ամուսինները համոզվեցին, որ իրենց  պատրաստած լահմաջոների հանդեպ պահանջարկը  նույնն է,  ինչ Հալեպում: Մի որոշ  ժամանակ Խորենացու փողոցի  վրա աշխատելուց  հետո  Նալբանդյան  փողոցում,  շենքերից  մեկի ներքնահարկում հիմնովին հաստատվեցին:

 

Ահա, արդեն երկու տարի է,  ինչ Նալբանդյան 5 հասցե են  շտապում յուրահատուկ  համով լահմաջո գերադասողները: Այդ  գողտրիկ ու հաճելի լահմաջոյանոցը գրավիչ է  դարձել նաև իր առանձնահատուկ  կոչ- գովազդով` «Երկիրը երկիր է»:

 

-Երբ եկանք ու որոշեցինք  գործ սկսել,  մեզ  հաճախ էին ասում`  ի՞նչու եք  մնում այստեղ, ի՞նչ կա այստեղ,  այս երկիրը երկիր չի, և այլն: Ու երբ տեղավորվեցինք,  զավակներս  երեկոները  զրուցելիս ասում էին. այս  մարդիկ ինչու՞են  դժգոհ այս երկրից, ի՞նչն է  պակաս, ամեն  ինչ  գեղեցիկ,  մաքուր է, երկինքը  ջինջ ու կապույտ է, աշխատողը  կապրի: Մենք սիրում ենք մեր  հայրենիքը: Ու  որոշեցինք մեր  այս  պանդոկի  պատին  փակցնել` «Երկիրը երկիր է»  գրություն ասեմ, թե  կոչը,- պատմում է Սալբին:

 

Նրա  համոզմաբ մարդիկ սիրում են  խառնվել ուրիշների գործերին, մինչդեռ ամեն  մեկն  իր գործը պիտի անի: Սալբիի  գործը լահմաջո սարքելն է, ու նա  աշխատում է  իր  գործը սիրով ու նվիրումով անել:  Սիրիայում  մշտապես ապրել է ապագայով, զանազան  ծրագրեր ու երազանքներ  կազմելով, և ի՞նչ կատարվեց: «Ո՞վ գիտեր, որ Սիրայում  պատերազմ կլինի ու մարդիկ տնավեր կդառնան, կամ որ կկորցնեմ ամուսնուս: Այսօր ես ապրում եմ Հայաստանում եմ ու վայելում եմ  կյանքս ու երկիրս»:

 

Հայաստանը սիրում ու այստեղից  հեռանալու մտադրություն  չունի  նաև Սալբիի որդին` 27-ամյա Կայծակը, ով  13 տարեկանից աշխատել է  հոր  լահմաջոյանոցում և արդեն  այդ  գործի կատարյալ  վարպետն է: Կայծակի  համոզմամբ մարդը պետք է  հարմարվի ցանկացած իրավիճակի, կարողանա հաղթահարել դժվարությունները, համամիտ է  մոր հետ, այո,  պետք է ապրել  ներկայով, իսկ ապագան` ժամանակը ցույց  կտա:

 

«Կուզեմ  նաև  ընտանիք  կազմել, սակայն ժամանակը  ցույց  կտա, թե երբ  կստացվի: Հիմա զբաղվում եմ  բիզնեսով: Ինձ  հարցնում են, այստեղի՞ աղջիկներն են  լավ, թե՞ Սիրիայի: Կուզեմ ասել, որ այստեղի ու այնտեղի աղջիկների միջև  տարբերություն  չկա,  21-րդ դարն է, աշխարհը մեկ  կտոր է  եղել»,- ասում է Կայծակը: Հայաստանից  հեռանալու մասին  չի մտածում, իսկ ու՞ր և ինչու՞  հեռանալ, երբ այստեղ իրենց  տունն ու աշխատանքն ունեն,  ընկերներ ու հիանալի ծանոթներ: Անգամ,  եթե  Սիրիայում  պատերազմն ավարտվի, դարձյալ  չեն  գնա: Հայաստանն է  իրենց   հայրենիքը, այստեղ է  հայրիկի  գերեզմանը, իրենց ապագան ու առհասարակ` կյանքը:

 

Անուշ Ներսիսյան

 

Դիտումների քանակը` 1444

Վերադառնալ վերև