Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Զենքը կվերցնեմ ու կգնամ տղայիս հետեւից»

Կապավոր Սուսաննա Թորոսյանն արդեն 3 տարի ծառայում է ՀՀ զինված ուժերում: Զինվորական դառնալու որոշում կայացրել է այն ժամանակ, երբ տղան որոշել է սպա դառնալ եւ ռազմական կրթության է անցել: «Տղաս սկզբում ռազմական վարժարան ընդունվեց, հետո ինստիտուտ: Այդ օրվանից ես սկսեցի հետաքրքվել մեր զինված ուժերով եւ հասկացա, որ ինձ էլ է դուր գալիս զինվորականի գործը»,- ասում է 43-ամյա Սուսաննան: Նա ծառայում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զորամասերից մեկում, ասում է, որ շատ է սիրում այն ամենը, ինչ կապված է ծառայության հետ եւ արդեն որոշել է, որ մինչեւ կյանքի վերջ զինվորական է լինելու:

 

 

«Ես համազգեստը մեծ սիրով եմ կրում, որ նոր էի անցել ծառայության, անհամբեր սպասում էի, թե ինձ երբ են համազգեստ տալու,- կապավոր Թորոսյանը մեծ ոգեւորվածությամբ է պատմում ծառայության հետ կապված մանրամասները,- մեր զորամասում այդպիսի մարդ չկա, ում հետ ես լեզու չգտնեմ, բոլորն էլ լավն են: Տղամարդկանց միջավայրում աշխատելն էլ դժվար չէ, բոլորն էլ հարգանքով են վերաբերվում: Մեր հրամանատարը եւս երբեք չի մերժել, ինչ հարցով դիմում եմ, միշտ ընդառաջել է»: Կապավոր Թորոսյանի խոսքով՝ իր համար հեշտ է կատարել իր ծառայողական պարտականությունները, քանի որ ինչ անում է, սիրով է անում:

 

 

Տարիներ առաջ Էջմիածնի միջնակարգ դպրոցն ավարտած Սուսաննան չէր էլ կարող պատկերացնել, որ մի օր ինքն էլ կդառնա զինվորական: 2007 թվականին նա ընտանիքի հետ տեղափոխվել է ԼՂՀ Շահումյանի շրջանի ազատագրված Քնարավան գյուղ: Երկու երեխաների մայրը վստահեցնում է, որ ինքն ու իր որդիները մինչեւ վերջ ապրելու են ազատագրված հողի վրա՝ ստանձնելով նրա պաշտպանությունը:

 

 

«Փոքր տղես էլ է ուզում սպա դառնալ, ինքն էլ մեծ եղբոր նման կսովորի ռազմական ինստիտուտում: Մեծ որդիս մեծ հաջողություններ ունի արդեն, հաճախ է շնորհակալագրեր ու պատվոգրեր ստանում»,- հպարտանում է մայրը:

 

 

Սուսաննան վստահեցնում է, որ իրական վտանգի դեպքում ինքը զենքը ձեռքին իր տղայի հետ կգնա առաջին գիծ. «Մենք սահմանին մոտ ենք ապրում ու շարունակելու ենք ապրել: Մենք փախնող չենք: Ես ոչնչից չեմ վախենում բացի Աստծուց: Ինձ ոչ ոք չի կարող ընկճել: Ու չկարծեք, թե չափազանցնում եմ, ճուխտ տղերքիս արեւով եմ երդվում, որտեղ իրենք կլինեն, այնտեղ էլ ես, զենքը կվերցնեմ ու կգնամ տղայիս հետեւից»:

Արման Ղարիբյան

Դիտումների քանակը` 2245

Վերադառնալ վերև