Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի օրակարգը ՝ օրենքի ընդունումն է

 

Ընտրությունների նախաշեմին  «Ընդդեմ կանանց նկատմամաբ բռնության» կոալիցիան նախագահի թեկնածուների առջև՝ որպես օրակարգային հարց «Ընտանեկան բռնության» մասին օրենքի խնդիրն է բարձրաձայնում: Հիշեցնենք, որ 2010-ին, Զարուհի Պետրոսյանի ողբերգական դեպքից հետո, ստեղծված  կոալիցիայի կազմում ընդգրված են գենդերային բռնության խնդրով զբաղվող 7 հասարակական կազմակերպություններ. «Կանանաց իրավունքների կենտրոն»-ը, «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն, «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ը, «Փինք Արմենիա» կենտրոն-ը, «Սեռական ճգնաժամային կենտրոն»-ը,  «Կանանց աջակցման կենտրոն»-ը, «Զանգակատուն» Բարեգործական ՀԿ-ն:  Այսօր այս  կազմակերպություններն որոշել են միասին պայքարել օրենքի ընդունման համար:

 

«Մենք ուզում ենք իմանալ նախագահի թեկնածուների կարծիքը այս խնդրի շուրջ և նրանց քայլերը, թե ինչպես կաջակցեն նրանք այս օրենքի ընդունմանը», – նշում է  «Ընդդեմ կանանց նկատմամաբ բռնության» կոալիցիայի անդամ «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի համաղեկավար Լարա Ահարոնյանը՝ հավելելով, որ  այս խնդրով նաև  բաց նամակ են պատրաստել ‘ ուղղված ՀՀ  գործող նախագահին և վարչապետին: Նրա խոսքով, «Ընտանեկան բռնության» մասին օրենքի ընդունումը միջազգային կառույցների առջև Հայաստանի կողմից վերցված պարտավորությունների շարքում է:

«Վերջերս բուռն քննարկում ընթացավ կանանց կազմակերպությունների, պետական և միջազգային կառույցների հետ, որտեղ հնչած փաստարկները՝ կապված օրենքի նախագիծը մերժելու հետ, մեզ համար անընդունելի են, մեր կարծիքով, սա պարզապես քաղաքական կամք չդրսևորելու քայլ է», – ասաց Լարա Ահարոնյանը:

 

 

Կառավարության կողմից «Ընտանեկան բռնության» մասին օրենքի նախագծի մերժումը անակնկալի բերեց կոալիացիայի բոլոր անդամներին: Նրանք նշում են, որ դեռ  2006-2007 -ին «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ սկսվեց այս օրենքի մշակումը, որին մասնակից էին ոչ միայն հասարակական կազմակերպություններ, այլև միջազգային կառույցների և Կառավարության ներկայացուցիչներ: Ամենից շատ նրանց վրդովվեցնում է այն փաստը, որ մեկ օրվա ընթացքում 6 տարիների աշխատանքը, ոչ թե ետ ուղարկվեց փոփոխությունների կամ լրացումների համար, այլ առհասարակ հանվեց հետագա քննարկումից:

 

 

«Մեկ օր հանկարծ որոշում են, թե այն հակասում է օրենսդրությանը, սա անհեթեթություն է: Այսքան տարիներ բազմաթիվ կազմակերպություններ են աշխատել այս օրենքի նախագծի վրա, արվել են լրացումներ, փոփոխություններ, այդքան ռեսուրսներ են ծախսվել բազմաթիվ դոնոր կազմանկերպությունների կողմից: Թող առաջարկությունների փաթեթ ներկայացնեին, կրկին լրացումներ արվեր, իսկ ասել, թե պետք է վերանայել ամբողջ քրեական կոդեքսը, մայր օրենսդրությունը և այդպես կարգավորել այս խնդիրը, ամենևին համոզիչ չէ»,- իր մտահոգությունն է հայտնում «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի տնօրեն  Մարո Մաթոսյանը: Նա ամեն օր է առնչվում ընտանեկան բռնության դեպքերի՝ աջակցություն տրամադրելով բռնության զոհ դարձած բազմաթիվ կանանց:

 

«Ունենք ապաստարան և զբաղվում ենք ընտանեկան բռնության դեպքերով: Մեր փորձը ցույց է տալիս, որ կանայք չեն բարձրաձայնում, չեն դիմում, քանի որ գիտեն, որ օրենքը իրենց չի պաշտպանում: Այսօր ունենք 2 կին, ովքեր իրենց զավակների հետ են գտնվում մեզ մոտ: Նրանք ապաստարաններում կարող են մնալ  մինչև 3 ամիս, տրամադրում ենք հոգեբանական, իրավաբանական աջակցություն: Ամբողջ խնդիրն այն է, որ այս կանայք ունեն շատ ցածր ինքնագնահատական. չեն կարող հստակ մտածել, նրանց հոգեկանը մթագնած է, քանի որ անվերջ լսել են, որ ՝ դու պիտանի չես, դու ոչինչ ես առանց ինձ ու ունենք  դեպքեր, երբ շատ անգամ հենց երեխաներն են կատարում որոշումներ, վճռական քայլեր՝ իրենց մայրերի փոխարեն», – պատմում  է  Մարո Մաթոսյանը, նշելով, որ նույնիսկ բարձր  սոցիալական դիրքը երաշխիք չէ, թե ապահովված ես բռնությունից: Քանի որ ապաստարան դիմած կանանց մեջ կան թե սոցիալական ծանր պայմաններում ապրող, թե մեծահարուստների, պաշտոնյաների կանայք:

 

 

Ընտանեկան բռնությունից տուժած բազմաթիվ օրինականեր ունի նաև «Հասարակություն առանց բռնության » ՀԿ-ն: Անցյալ տարի սեպտեմբերից կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծվել է Արագ արձագանքման խումբ, ով իրավական աջակցություն է տրամադրում տուժողին և հետամուտ լինում խնդրի իրավական վերջնալուծմանը: Միայն այս մի քանի ամիսների ընթացքում խումը 10 ընտանեկան բռնության դեպքի է առնչվել, որոնցից 6՝ մահվան ելքով:

 

«Օրենքի ընդունումը նաև կառավարության պարտականությունն է  ոչ միայն նրա համար, որ  Հայաստանը  ունի պարտավորություններ միջազգային կառույցների առջև: Մեր աշխատանքի ընթացքում անընդհատ առնչվում ենք բռնության դեպքերի հետ, երբ ֆիզիկական, հոգեպանական, սեռական ոտնձգություններ են արվում  կանանց  նկատմամբ, ունենում ենք մահվան ելքեր, իսկ այս իրավիճակի մեղավորությունը նաև պետության ուսերին է: Քանի որ, եթե նա ընդունի այս օրենքը, նա կունենա ոչ միայն պատժիչ, այլև կանխարգելիչ նշանակոթյուն»,- նշում է  «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար՝ Աննա Նիկողոսյանը:

 

 

«Մարդիկ կարծում են այս օրենքը աբսրակտ մի բան է, մինչդեռ այն կոմպլեքս լուծումներ  է առաջարկում ընտանեկան բռնության երևույթի հանդեպ: Միայն պատժելով բռնարարին, խնդիրը չի լուծվում, այստեղ տուժողին պատճառված է էմոցիոնալ և հոգեբանական վնասներ, անհրաժեշտ է լինում  հոգեբանական, բժշկական աջակցություն…, այն ամենը, ինչ այսօր մի քանի ՀԿ-ներ են անում»,-  հավելեց  Մարո Մաթոսյանը:

 

 

Նրա խոսքով, օրենքն ունի նաև մի կետ, որտեղ  պահանջվում է, որ բռնարարը դուրս հանվի տնից և ոչ թե զոհը, հաճախ նաև՝ երեխաների հետ միասին լքի տունը.

«Մենք պետք է հասկանանք, որ նման դեպքերում  կինը ուզում է փախչել ու փրկել իր կյանքը, բայց ու՞ր. մենք պատրիարխալ հասարակությունում ենք ապրում և հայրական տունը միշտ չէ, որ ընդունում է աղջկան… կինը երկու հարվածի զոհ է դառնում: Ու այս դեպքում, հաշվի առնելով նաև, որ շատ հաճախ հենց տղամարդն էլ լինում է աշխատանք ունեցողն ու ֆինանս ապահովողը, առավել ճիշտ կլինի, որ հենց ինքը լքի բնակարանը: Ասում են, որ այս կետը սեփականության իրավունքի խախտում է հանդիսանում, մինչդեռ լուծումներ չեն առաջարկում, այսինքն բռնության ենթարկված կանայք պետք է շարունակեն անպաշտպան մնա՞լ »…

Լիլիթ Քոչինյան

 

 

 

Կարդացեք նաև մեր կայքում.

 

ՀԿ-ները հիասթափված են, բայց կպայքարեն «Ընտանեկան բռնության մասին» օրենքն ընդունելու համար


Անցյալ տարի ընտանեկան բռնության հետևանքով Հայաստանում 5 կին է մահացել

 

Կանանց ռեսուրսային կենտրոն . «Պետք է միասին պայքարենք»…

 

Ինչու՞ է ձգձգվում «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունումը:

 

Դիտումների քանակը` 5132

Վերադառնալ վերև