Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Թող մեր ջահելները հասնեն մեր տարիքին ու դեռ անցնեն»…

«Եթե Արգելից  եկել-հասել եմ Երևան փառատոնին  մասնակցելու, ուրեմն  ուժս  տեղն է», –  ասում է 78-ամյա Ռազմիկ Ավետիսյանը,   ով  իր   կնոջ՝ 70-ամյա Սուսաննայի հետ միասին  եկել  են  մայրաքաղաք՝ «Գյուղական  կյանքի  և ավանդույթների»  փառատոնին մասնակցելու համար:  Ծանոթացանք, երբ  իրենց տաղավարի շուրջ  հավաքված մարդկանց   բացատրում էին, որ իրենց  աճեցրած բնամթերքները էկոլոգիապես  մաքուր են: Եվ  իրոք, գյուղմթերքների տեսքը հաստատում էր  ասվածը. նրանց  տաղավարում ցուցադրվող վարունգը, լոլիկը, սմբուկն ու բրոկոլին,  լոբին ու դդումը իրենց ախորժալի տեսքով գրավում էին  գնորդներին:

 

–         Ամբողջ կյանքս  հողի  հետ կռիվ եմ  տվել, քար ու քռից բերիի հողամաս եմ  ստեղծել, աճեցրած  մթերքով ու պտղատու ծառերի բերքով մեծ գերդաստանս   պահել  եմ: Վեց  երեխա ունեմ,  բոլորին ամուսնացրել եմ,  այսօր ես ու կինս ապրում ենք  կրտսեր որդուս  ընտանիքի հետ: 7 շունչ ենք,  պիտի աշխատենք , որ ապրենք,- պատմում է  ժպտադեմ Ռազմիկ պապը:

 

Դժվարությունների մասին  չի հիշում, ու՞մ  պիտի զարմացնի, դժվարությունը մարդու համար է,  կարող ես, աշխատի, ապրի:

–         «Էս  տարիքի մարդ եմ, դեռ պարտքով հաց  կամ  այլ մթերք  չեմ վերցրել  խանութից,  հողից  մեջքս  միայն  քնելու ժամանակ  է ուղղվել: Երևի  հողն էլ  ինձ ուժ է  տալիս»:

 

Ռազմիկ պապի  համար ապրելն ու աշխատելը հեշտ  չի եղել: Շատ անգամ կարկուտն ու անձրևը կամ թե  վնասատու միջատները սրբել-տարել են  դառը քրիտինքով  վաստակած  բերքը,  բայց  չի  ընկճվել ու դեռ որդիներին էլ  հուսադրել է, ոչինչ, եկող  տարի լավ  կլինի: Հողի  հետ  կռիվ էր տալիս պապերի ու հորից  սովորած մեթոդներով, դա էր տեսել,  դա` սովորել,  մինչև որ վերջին 1-2 տարիներին «Մարդկային արժանապատվություն և խաղաղություն»  հիմնադրամի հետ համատեղ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերից  մեկի շրջանակում կազմակերպած  դասընթացների ժամանակ Արգել  համայնքի բնակիչներին ծանոթացրին  ժամանակակից գյուղատնտեսական  գիտելիքներին,  միրգ-բանջարեղեն աճեցնելու հմտություններին:  Արդյունավետ այգեգործական տեխնոլոգիաների ու օրգանական պարարտանյութերի  ճիշտ կիրառման  արդյունքում  երկու-երեք անգամ բարձրացավ  հողի  բերքատվությունը, իսկ հետո իրենց  համար անհայտ  բրոկոլին դարձավ  նրանց  ճաշի սեղանի ամենասիրելի մթերքը:

 

Ռազմիկ  պապի ամենամեծ աջակիցը նրա  կյանքի ուղեկիցն է`  Սուսաննա Ավետիսյանը, ով  մեր զրույցի  ողջ ընթացքում  համեստորեն  լռում էր:

–         Էհ,  ինչ  խոսեմ, ամուսնուս օգնել եմ ուժերիս  ներածին  չափ: Երբ  եկան  գյուղ ու մեզ  սովորեցրին, թե  ինչպես  ճիշտ մշակել հողը, ես էլ սովորեցի: Մարդիկ  կային, որ դժգոհում էին, թե,  բա  որ մեր պապերը առանց  գիտելիքի են  մշակել,  չեն ապրե՞լ: Բայց, եթե կարելի է ավելի լավ  մշակել,  ինչու՞ չանել: Ես էլ  բրոկոլի,  գարոխ ու լոբի եմ աճեցնում` առանց  քիմիական  պարարտանյութերի,  բավականին  բերք ենք  ստանում ու անպայման  չունևոր հարևաններին  բաժին եմ  հասցնում: Չեմ  կարող  գիշերը քնել, երբ  գիտեմ, որ  հարևանիս  մատղաշ երեխեքը սոված են գիշերում,- ասում է Սուսաննա Ավետիսյանը:

 

Ամուսիններն աշխատելուց  չեն  հոգնում, դեռ ավելին, որոշել են ծրագիրն  իրականացնող  եվրոպական  կազմակերպությունից 100 կիլոգրամ կարտոֆիլի սերմ խնդրել, մրգատու  ծառերի տեսականին ավելացնել:

 

–         Երբ իմացանք, որ գյուղմթերքների փառատոն է  անցկացվում, ամուսինս  որոշեց, որ մենք էլ  մասնակցենք, սակայն  ոտքս  կոտրել էի, դժվարությամբ էի  քայլում: Բայց նա  պնդեց, որ իր  հետ ես էլ  մասնակցեմ  փառատոնին: Դժվարությամբ,  բայց համաձայնվեցի,-պատմում է Սուսաննա  մայրիկը:

 

Իհարկե, 50 տարի  շարունակ նեղ ու լայն  օրերի ուղեկցին  մենակ  չէր  կարող  թողնել,  նրան  օգնել, աջակցել էր պետք,  ինչպես եղել է ողջ կյանքի  ընթացքում: Ախր տարեց են,  կարող էին  մնալ  տանը,  իսկ  իրենց  փոխարեն  տղան ու հարսը կամ թե  թոռները կգային:

 

–         Իրենց  հերթն էլ  կգա,  իսկ  մենք  ումի՞ց ենք  պակաս,  համ էլ առիթ է,  մարդամեջ ենք դուրս եկել, թե  չէ, հողից  աչք  չենք  բացում,-ասում է Ռազմիկ պապը,-էսքան  ջահելներ որ տեսնում եմ, սիրտս ուրախությունից  թունդ ա առնում: Աստված  խաղաղություն  տա  մեր երկրին,  հաջողություն ու երջանկություն  մեր ջահելներին,  թող  նրանք էլ  հասնեն  մեր տարիքին ու դեռ անցնեն, թող  հացառատ  լինեն  բոլորի  օջախները,-ասաց Ռազմիկ  պապն ու անցավ  իր առևտրին:

 

Հրաժեշտին ասաց, հոկտեմբերին նշելու են  իրենց  ոսկե  հարսանիքը ու որ հրավիրում է  նաև  մեզ մասնակից դառնլու իրենց ուրախությանը…

 

Անուշ Ներսիսյան

Դիտումների քանակը` 2547

Վերադառնալ վերև