Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ինձ միշտ հաճույք է պատճառել, որ ոչ հորիցս, ոչ ամուսնուցս գումար չեմ վերցրել…»


Բիզնես դասեր` գործարար կնոջից

 

Մարինա Պողոսյանը Հայաստանի այն քիչ գործարարներից է, ով բիզնես ոլորտում մշտապես գործել է մասնագիտական կանոններին համապատասխան` ապավինելով իր գիտելիքներին: «Առաջ սխալ պատկերացում կար բիզնեսի մասին, ով բիզնես էր անում, ասում էին, որ էս մարդը սպեկուլյանտ է: Հիմա էլ ով մի հատ գեղեկցության սրահ ունի, իրեն բիզնես լեդի է երեւակայում, բայց իրականում բիզնեսի այբուբենին ծանոթ էլ չէ»,- ասում է Մարինան:

 

Սովետական Միության տարիներին նա սովորել է Ժողտնտեսության ինստիտուտում, իսկ ասպիրանտուրան Մոսկվայում է ավարտել: «Ես բիզնես սկսել եմ անել 1988 թվականից: Շատ դժվար էր. պատկերացրեք հայկական իրականությունում դրսից գալիս է մի երիտասարդ աղջիկ` 25 տարեկան, եւ աշխատանքի է անցնում «Հայէլեկտրո» գործարանում»,- բիզնեսում իր առաջին քայլերն է հիշում Մարինան:

 

Աշխատավայրում նրան սկզբում թերահավատորեն են վերաբերվել, սակայն ամիսներ անց իրավիճակը փոխվել է. «Մեզ մոտ կանանց նկատմամբ վերաբերմունքն ի սկզբանե ավելի թերահավատորեն է: Եթե տղամարդու համար բավական է մեկ բառ ասելը, ապա կինն այդ մեկ բառի նկատմամբ վստահություն առաջացնելու համար էնքան բազա պետք է ունենա: Բայց այդտեղ ինձ օգնության եկան գիտելիքները, եւ երբ մարդիկ տեսան առաջին արդյունքները, նրանց վերաբերմունքը շուտով փոխվեց»:

 

Մարինան գործարանի արտադրամասներից մեկն անցկացրել է տնտհաշվարկի, որի շնորհիվ 3-4 ամիս անց բանվորների աշխատավարձը բարձրացել է մոտ 2-3 անգամ:  «Պետք է մարդուն շահագրգռես, որ լավ աշխատի, եւ դրա լավագույն ձեւը բարձր աշխատավարձն է»,- վստահ է գործարարը: Հետագայում բազմաթիվ այլ ոլորտներում իրեն փորձելով` Մարինա Պողոսյանը համոզվել է. բիզնեսի ղեկավարը պետք է ամենից շատ աշխատի:

 

«Ես շատ լավ եմ ուսումնասիրել կապիտալը եւ հասկացել եմ, որ գործում է դրամ-ապրանք-դրամ շրջանառությունը: Ինձ ամբողջ կյանքում շատ է օգնել Կառլ Մարքսի «Կապիտալը», որը շատ հզոր գիրք է: Ես հասկացա, որ տնտեսագետ դառնալու համար մարդ պետք է աշխատի արտադրությունում: Ես գիտությունների թեկնածու էի, բայց դա տեսական մասն էր, պետք էր նաեւ պրակտիկ աշխատանք»,- ասում է Մարինան:

 

Նա օր ու գիշեր աշխատել է` հաջողության հասնելու համար. «Աշխատում էի եւ միաժամանակ դասավանդում էի, երբ գիշերը բանվորները գնում էին տուն, ես մնում էի գործարանում, որ ուսումնասիրեի սարքավորումները, որպեսզի հասկանայի, թե ինչպես կարելի է դրանք ավելի արդյունավետ գործածել: Այսօր գործարարները փորձում են հարստանալ ապրանքի գինը բարձրացնելով, բայց ճիշտ ճանապարհը ապրանքի ինքնարժեքի գինը նվազեցնելն է: Եթե դու գտնես ձեւը ինքնարժաքը նվազեցնելու եւ գինը նույնը թողնելով` ավելի շատ գումար կվաստակես»,- սա էլ գործարար կնոջ մյուս խորհուրդն է:

 

Մարինային վիրավորում է բիզնեսի վերաբերյալ ներկայիս պատկերացումները. «Մեզ մոտ հիմա բիզնես ասելով հասարակ առեւտուրն են հասկանում` առնել-վաճառել, բայց դա նաեւ արտադրության գործընթացն էր: Այսօր կիսագրագետ մարդիկ են մտել այսպես կոչված բիզնես ոլորտ, որոնք մի տեղից մի բան են փախցնում, պետական ռեսուրսներն են ծախսում…»:

 

Գործարար կինը համոզված է, որ ամեն ինչի հիմքում գրագիտությունն է ընկած: «Եթե նոտաները չգիտես, կարող ես կարաոկեում երգել, բայց չես կարող երգ գրել: Նույնը բիզնեսում է. շատ կարեւոր է պլանավորումը»:

 

Մարինա Պողոսյանը հիասթափված է Հայաստանում գործարարների համար ստեղծված պայմաններից: Նա երկրի տնտեսությունը համեմատում է տորթի հետ. «Այդ տորթը չի մեծանում, բայց դանակավորները շատանում են»,- ասում է Մարինան, ով ասպիրանտուրայից հետո եւս շարունակել է սովորել. այս անգամ Կանադայում:

 

«Ես շատ տարբեր բաներ եմ փորձել. եթե ես կոնկրետ մի տեսակի բիզնեսով զբաղվեի, կարող էի շատ ավելի մեծ եկամուտներ ստանալ, բայց ես միշտ ուզել եմ տարբեր բաներ փորձել»,- ասում է Մարինա Պողոսյանը` նշելով, որ գուցե դա էլ հենց կանացի առանձնահատկություն է:

 

Նա միակ կինն է, ով 1990-ականներին բենզին է ներկրել Հայաստան: «Չգիտես ինչու` մարդկանց պատկերացմամբ բիզնես ներկրողը պետք է հաստ փորով տղամարդ լինի: Բայց ինչո՞ւ: Կարո՞ղ է իր ուսերի վրա է դրած է բերում բենզինը: Դա հաշվարկ է, որի համար խելք է պետք»:

 

Մարինային գրեթե ոչ ոք չի աջակցել բիզնես ոլորտում, բացառությամբ մեկ անձնավորության. «Ինձ աջակցել է ժամանակին կին գործարարներից մեկը. ես նրան շատ շնորհակալ եմ, երբ ես ցանկանում էի նրան շնորհակալ լինել, նա ընդամենը մի փունջ ծաղիկներ վերցրեց ինձնից: Շատ հզոր կին էր, այնպես խրախուսեց ինձ, նա իր ուրույն դերն ունեցավ իմ կայացման հարցում»,- ասում է Մարինան:

 

Գործարար կինը շատ է ցանկանում, որպեսզի հայ երիտասարդ կանայք ավելի նախաձեռնող լինեն. «Այսօր հայ երիտասարդ աղջիկներից շատերն այսպես են դաստիարակվում. հասնեն 20 տարեկանի, գնան հարսանիքի, ծաղկեփունջ բռնեն ու շտապ ամուսնանան: Իսկ ինձ միշտ հաճույք է պատճառել, որ ես ոչ հորիցս, ոչ ամուսնուցս գումար չեմ վերցրել: Հարցը փող սիրելը չէ, այլ փող աշխատելու պրոցեսի մեջ է», – ասում է գործարարը:

 

Ներկայումս Մարինան իր բիզնես գործունեությունը ծավալում է Հայաստանից դուրս, քանի որ մեր երկրում առկա օրենսդրությունն ու դրա կիրառման եղանակները չեն բավարարում նրան: «Ես այստեղ չեմ աշխատում այլեւս, որովհետեւ չեմ կարող թոշակառուները հացը գողանալ, իսկ եթե Հայաստանում դու ուզում ես եկամուտ ունենալ, պիտի հարկերից խուսափես, կենսաթոշակային ֆոնդին չվճարես, ես չեմ կարող այդպես: Շատ կուզեմ իմ երկրի համար աշխատել, բայց առկա պայմաններն ուղղակի անհնարին են դարձնում արդար մարդու աշխատանքն այստեղ»:

 

Արման Ղարիբյան

Դիտումների քանակը` 3485

Վերադառնալ վերև