Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Լսելի դարձրու ձայնդ»

Այսօր՝ Մարդու իրավունքների միջազգային օրը ամփոփվեց  Ընդդեմ  գենդերային բռնության ակտիվության  16-օրյա քարոզարշավը

… «Ինձ ընդհանրապես չի կարելի սոցցանցեր մտնել: Ամուսինս արգելում է: Հիմնավոր պատճառաբանություն չկա: Մեկ–մեկ գաղտնի եմ մտնում, ընկերուհուս կամ քրոջս պրոֆիլով»…

 

Երիտասարդ այս կինը  անկեղծանալուց  հետո խնդրում է չհրապարակել անուն-ազգանունը: Միայն ասում է, 27 տարեկան է, ամուսնացած է արդեն 5 տարի, ապրում է Երևանում: Ասում է,  չթույլատրված բաներն այսքանով չեն սահմանափակվում, դա չարյաց փոքրագույնն է…

 

Կնոջը համացանցից ու սոցցանցերից օգտվելու սահմանափակումն անշուշտ խտրականության նոր տեսակ է՝ տեխնոլոգիական առաջընթացի արդյունք: Զուգադիպություն էր թե ոչ, բայց   տոտալ վերահսկողության պայմաններում ապրող  երտասարդ այդ կնոջը  հանդիպեցի Մարդու իրավունքերի պաշտպանության օրվան նվիրված  միջոցառումից դուրս գալուց անմիջապես հետո, որտեղ այլ հարցերի շարքում  քննարկվում էին  նաև սոցցանցերի ընձեռած հնարավորություններն ու դրանցից օգտվելու հավասար հնարավորությունները սոցիալական տարբեր խմբերի համար:

 

Միջոցառման կազմակերպիչներն էին`ԵԱՀԿ, ՄԱԿ, ԵԽ, ԵՄ հայաստանյան գրասենյակներն ու ՄԻՊ գրասենյակը: Ի դեպ, այս տարվա Միավորված  Ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի` մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված ուղերձում հատուկ շեշտադրված էր կանանց  թերներկայացվածությունը  խորհրդարաններում և խաղաղության հաստատման գործընթացներում, կառավարման բարձր պաշտոններում և կորպորատիվ խորհուրդներում…

 

Նույն շեշտադրումն իր ելույթում արել է նաև Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Եվրոպացի պաշտոնյա տիկնոջ ելույթը միջոցառման ընթացքում ընթերցեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան:

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանանց հարցերով իրավապաշտպան Աննա Սաֆարյանը WomenNet.am-ի հետ զրույցում նշեց, որ կառավարման մարմիններում կանանց թերներկայացվածության խնդիրն առկա է նաև Հայաստանում: Օրենքներն ապահովում են կանանց մասնակցությունը, սակայն պահանջները  մնում են թղթի վրա այն պատճառով, որ դրանց իրականացման համար պայմաններ չեն ստեղծվում, կամ քողարկված այլ մեխանիզմներ են գործում:

 

Դրա վառ օրինակն է  Ընտրական օրենսգիրքում ամրագրված     պարտադրանքը, որ  քաղաքական կուսակցությունների համամասնական ցուցակներում յուրաքանչյուր վեցերորդը կին լինի: Ա.  Սաֆարյանի խոսքով, օրենքի պահանջը կարծես  թե կատարվում է, անհրաժեշտ թվով կանայք ցուցակներում ընդգրկվում են, բայց շատ  դեպքերում այդ կանայք այդպես էլ խորհրդարան չեն հասնում, ինքնաբացարկ են հայտնում: Ստացվում է՝ նրանց  ներկայացվածությունը ցուցակում ձևական բնույթ է կրում:

 

Ա,Սաֆարյանը նշում է, որ այժմ  պաշտպանի աշխատակազմում աշխատում են օրենսդրական նախաձեռնությունների ու այլ քայլերի շնորհիվ նպաստել, որ երկրի կառավարման մարմիններում կանանց մասնակացությունն բարձրացվի: Բացի այդ  աշխատում են նաև ընտանեկան բռնության նվազեցման ուղղությամբ:

 

Հայ կանայք իրենց ձայնը լսելի դարձնելու գործում այնքան էլ ակտիվ չեն, թեպետ  ընտանեկան բռնության եթարկված կանայք հաճախ են դիմում ՄԻՊ գրասենյակ;  Նրանցից շատերը  անգամ չգիտեն, որ ընտանեկան բռնության դեպքում պետք է առաջինը դիմել ոստիկանությանը:

 

«Շատ են ընտանեկան բռնության դեպքերը: Նրանք վախենում են ոստիկանություն գնալ, դիմել: Եղել են դեպքեր, երբ  ոստիկանությունը պատճաշ վերաբերմունք չի ցուցաբերել, ճարահատյալ մեզ են դիմել, լինում են դեպքեր, երբ կանայք չգիտեն էլ, որ բռնարարից իրենց պաշտպանելու համար առաջինը պետք է դիմեն ոստիկանությանը: Երբեմն մեզ դիմած կանայք կատեգորիկ հրաժարվում են դիմել ոստիկանություն, այդ դեպքերում աշխատում ենք հասարակական կազմակերպությունների հետ»,-ասաց Ա. Սաֆարյանը, հույս հայտնելով, որ քննարկման ընթացքում գտնվող «Ընտանեկան բռնության մասին» օրենքն ընդունվելուն պես զգալի փոփոխություններ կլինեն:

Ինչ վերաբերում է Հայաստանում այսօր ամփոփվող «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավին, ապա ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչն ասաց, թե իրենք ընտանեկան բռնության պաշտպանության մեխանիզմների իրազեկման վերաբերյալ մեծ ծրագիր են իրականացնում երեք քաղաքներում` Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Անցած 15 օրերի ընթացքում կազմակերպել են ակցիաներ ու միջոցառումներ, արդյունքների մասին խոսելում համար դեռ վաղ է:

«Գիտեք 16 օրը շատ քիչ է համակարգային մեծ խնդիր լուծելու համար, բայց ես շատ մեծ հույս ունեմ, որ իրականացված ինտենսիվ միջոցառումները քաղաքացիների և այն մարդկանց մոտ, ովքեր որոշումներ կայացնողներ են,  դրական ազդեցություն կթողնեն»,-ասաց Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ ընդդեմ գենդերային բռնության միջազգային  շարժումն տարեցտարի նոր թափ է առնում. ավելի շատ մարդիկ են իրենց ձայնը բարձրացնում կանանց դեմ ուղղված բռնությանը «ՈՉ» ասելու համար նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 10-ն անցկացվող «Ըննդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի լայնածավալ միջոցառումների շրջանակում։ Հայաստանում 16-օրյակն իրականացվում է 2001 թ.-ից:

 

 

Հ. Կարապետյան

P.S> Նշենք, որ այսօր «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած միջոցառման  ընթացքում ամփոփվեցին նաեւ Մարդու իրավունքներին նվիրված միջազգային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի արդյունքները:

 

 

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը գործընկերների հետ կազմակերպել էր կարճ ֆիլմերի մրցույթ թվային դարաշրջանում մարդու իրավունքների խթանման և պաշտպանության թեմայով: Մրցույթի նպատակն էր խթանել մարդու իրավունքները տարատեսակ միջոցներով, որոնցից է համացանցը, որի օգտագործողների մեծամասնությունը երիտասարդներ են: Մրցույթը միաժամանակ կազմակերպվել էր Հայաստանում, Ավստրիայում և Ուկրաինայում:

 

Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած ժյուրին առաջին մրցանակը (դյուրակիր համակարգիչ) շնորհեց «Հմուտ մարդը» ֆիլմի, երկրորդ մրցանակը (նեթբուք)՝ «Իրական իրավունքներ վիրտուալ իրականությունում» ֆիլմի հեղինակներին: Ըստ YouTube-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքների՝ առաջին մրցանակը տրվեց «Enter» ֆիլմի հեղինակին, իսկ երկրորդ մրցանակը (լուսանկարչական խցիկ)՝ «Ճանաչիր քո իրավունքները թվային դարաշրջանում» ֆիլմի հեղինակին: Հաղթող ֆիլմերը ցուցադրվեցին և քննարկվեցին բանավեճի ընթացքում:

 

 

Նախնական ընտրությունն անցած ֆիլմերը դիտելու համար կարող եք այցելել.

 

http://www.youtube.com/playlist?list=PLB8B6BF00E8875C50&feature=view_all

 

Դիտումների քանակը` 2379

Վերադառնալ վերև