Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Խոսքը` տղամարդկանց, հոգսը` կանանց». մեկ օր խորվիրապցի կանանց հետ

«Դրա մարդը գնում ա Ռուսաստան, մի սիրած ա գտնում, էրեխա ունենում: Ընդեղ ասում են, թե կնիկդ ստեղ սիրած ունի: Գալիս ա, կնգան ու չորս էրեխուն դուրս անում, թե գնացեք իմ տնից, էրեխեքն էլ քո պես են ըլնելու: Իրան առիթ էր պետք, էնքան որ: Ինչ իմանաս` սուտ ա, ճիշտ ա… մինչեւ աչքդ չտենա, բերանդ չպիտի ասի»,-Խոր Վիրապ գյուղի ամենաքննարկվող թեման է իրենց համագյուղացի կանանցից մեկի մասին:

 

Հիմա, երբ դեռ չեն գնում դաշտում աշխատելու, համեմատաբար ժամանակ ունեն նստելու, զրուցելու:  Դրանից օգտվում եմ նաեւ ես` նրանց հետ խոսելու առիթը բաց չթողնելով:

 

Կանայք հիմնականում հրաժարվում են նկարվել կամ խոսել: Սակայն մի քիչ շփվելուց հետո նրանցից ամենահամարձակները համաձայնում են լուսանկարվել, սկսում անկեղծանալ:

 

«Օրս սկսվում է առավոտյան ժամը վեցին: Գնում եմ դաշտ` աշխատելու, գալիս եմ տուն ժամը իրիկվա վեցին, հետո գնում եմ տան այգում աշխատելու, հետո հետեւում եմ, որ տուն-տեղը մաքուր լինի, էրեխեքը սոված չլինեն…. Էդպես ամեն օր»,-պատմում է Թամարան:

 

Դաշտում 12 ժամ աշխատելու դիմաց նա օրական ստանում է 3-4000 դրամ: Գյուղի ծանր աշխատանքն ու գերհոգնածությունն, ամեն դեպքում անհետեւանք չեն մնացել. չնայած երիտասարդ տարիքին` 37տարեկան, Թամարան արդեն երկու անգամ վիրահատվել է կանացի խնդիրների պատճառով: «Ինչ անեմ, տեսեք`գյուղի կանայք առանց այն էլ ոչ մի նորմալ առօրյա չունեն, մեր առողջությունն էլ այն չէ օրվա մեծ մասն աշխատում ենք, բժշկի գնալն էլ ահավոր թանկ ա, վիրահատությունն էլ էնքան թանկ ա, որ երբ վիրահատվում ես, ու պետք է քեզ խնայես, փող ու ժամանակ չի լինում դրա համար: Վիրահատվեցի, հետո չկարեցա ինձ հետեւեմ, նորից վիրահատվեցի: Գոնե վիրահատությունը կամ ստուգումները մեզ մի քիչ ուրիշ լինեին… Բա էդ մարդկանց չի մտահոգում` էս գյուղի կանայք բժշկի ոնց են գնում»,-սրտնեղում է Թամարան:

 

Թամարան  երեք որդի ունի, մեկը 11 տարեկան է,  երկուսն էլ  զինվոր են` Լեռնային Ղարաբաղում ծառայող: Տան հոգսը հավասարապես կիսում է ամուսնու հետ, հակառակ դեպքում չեն կարող հասցնել:

 

Ամուսինը` Սարոն, տարվա մեջ երեք ամիս է տանը լինում. արդեն յոթ տարի է, ինչ «խոպան» է գնում, իսկ կինը մնում է տանը` տնտեսությանը հետեւելու: Թամարան ասում է, որ սովորել է արդեն, չի խանդում ամուսնուն:

 

Հպարտությամբ շեշտում է, որ երեք զինվոր ունի. ամուսինն ազատամարտիկ է եղել: Ապա պատմում է, հիշում, թե ինչպես է ինքը սիրելով ամուսնացել, երբ 16 տարեկան է եղել, ինչպես են հարսանիք արել, ինչպես դեռ երեխա` երեխաներ է ունեցել, հիշում է, թե որդիներին ինչ դժվարությամբ է պահել, երբ ամուսինը ռազմի դաշտում է եղել….

 

Այս ամենն այսօր, սակայն,  ոչ մի կերպ նրա հոգսը չեն թեթեւացնում. «Հիմա էլ երկու տղաներս բանակում են. էնքան էլ թանկ է խոսելը նրանց հետ. գոնե  էդ գիծը զինվորների մայրերի համար մի քչ էժան լիներ… Հավաքում ես 097, ու քո 12 ժամի աշխատանքը մի քանի րոպեում զրոյանում ա»:

 

Թամարան մտահոգվում է. չէ որ այնքան զինվորներ կան Հայաստանից, որ ծառայում են Արցախում, իսկ ծնողներն այդքան հնարավորություն չունեն խոսելու իրենց զինվորների հետ. «Բայց մոր սիրտը, գիտե՞ս, ոնց ա տանջվում զինվոր էրեխու համար»: Հոգոց է հանում:

 

Ամենամեծ խնդիրը գյուղում մնում է աշխատատեղերի բացակայությունը. կանայք գնում են դաշտում աշխատելու, քանի որ ուրիշ ընտրություն չունեն:

 

Նրանք վստահ են` պաշտոնյաների` Մարտի 8-ից Ապրիլի յոթ նշելը  կապ չունի իրենց իրականության հետ:  «Է, էլ ինչ գեղեցկություն, ինչ հմայք, էդ մենակ քաղաքի կանանց համար ա, մեզ էլ հարցրեք, տեսեք`  կա՞ գեղեցկություն…. Ոնց մնա գեղեցկություն, հմայք: Այ, որ մի գործարան լիներ, մենք էլ սիրուն կգնայինք մեր գործին, կգայինք: Թե չէ խալխի տղամարդու աչքի առաջին, արեւին ու շոգին կռացի-բարձրացի, քաղհան արա, պամիդորի սածիլներ տնկի մինչեւ կոնքերդ ցեխի մեջ, էլ ոչ գեղեցկություն կմնա, ոչ հմայք, ոչ առողջություն… Մեր տղամարդիկ էլ խոպանում սիրուն-սիրուն կնանոց են տեսնում, շատ ժամանակ մնում էնտեղ, մոռանում տունուտեղ…»:

 

Ինձ հետ զրուցող հինգ կանանցից երեքն արդեն մեկ կամ երկու անգամ վիրահատություն էին տարել. բոլորն էլ կանացի խնդիրների պատճառով: Ասում են` իրենց գյուղում ամեն երկրորդ կին նման խնդիրներ ունի:

 

«Խոպանչիների»  ընտանիքները. երերուն մայրիշխանություն

 

Գրեթե ինը ամիս գյուղում կանանց իշխանություն է. գյուղի տղամարդկանց մեծամասնությունը մեկնում է ՌԴ` աշխատելու:  Գյուղում մնում են կանայք, եւ սկսվում է կանանց հարաբերական իշխանությունը:

 

Մնում են, սակայն անսասան է տղամարդու գերակա դիրքն ընտանիքում. այո, կնոջ ուսերին է ընկնում ընտանիքի ողջ հոգսը` եւ գումար հայթայթել, եւ երեխաներին դաստիարակել, եւ տնտեսությունը վարելը, սակայն վերջնական խոսքն ու որոշումը տղամարդունն է:

 

«Անարդար ա, հա, բայց տենց ա. խոսքը` տղամարդկանց, հոգսը` կանանց…»,-ասում է Թամարան:  Ժպտում են. իրենք չեն որոշել կարգը.  «Ամեն տեղ էլ էդ ա; Ու էս կարգը չի գալիս մենակ մեզնից: Մեծամեծ մարդիկ են էս օրենքով ապրում, նախարարները, նախագահը»,-բացատրում է Սվետան:

 

Սվետայի որդին  նոր է սկսել գնալ  «խոպան», բայց եթե չգնա, միայն հողագործությամբ` դաշտում աշխատելով, ոչինչ  չեն հասցնի: Ամեն տարի ինքն էլ գյուղի մյուս կանանց պես գնացել է  դաշտում աշխատելու, բայց հիմա չի գնում, քանի որ առողջական լուրջ խնդիրներ ունի:  Չի կարողանում նաեւ հաճախ այցելել բժշկի. հավելյալ ծախս, հոգս…

 

«Էն ժամանակ էնքան եմ գնացել, մինչեւ էս օրն ընկա: Հիմա էլ մնում եմ տանը, բայց էլի հո անգործ չեմ մնում. սեզոնին փոխանակում են անում,  մեր այգում եմ աշխատում, էս-էն: Ոչ մեկ պառլամենտում չի ասում. «Լավ, եկեք գոնե գյուղի կանանց համար զեղչեր անենք, գոնե էդ հարցով մի բան անենք…»:

 

Մենք մեր տղամարդկանց հավասար աշխատում ենք, բայց մեր հոգսն ավելի շատ ա, տունը մենակ հերիք ա»,-ասում է Սվետան: Եթե գյուղի տղամարդիկ չգնան «խոպան», իրենք պարզապես սովի կմատնվեն: Հողագործությամբ զբաղելու համար էլ մեծ ներդրումներ են  հարկավոր, գումարներ.

 

«Երկու օրը մեկ են ջուրը տալիս, էն էլ երկու ժամով: Եթե նասոս ունեն, ջուրը լցնում են, եթե չէ, ուրեմն ստիպված այստեղ-այնտեղ են գնում, ջուր կրում: Այսինքն ստեղ գյուղացին ուղղակի հողագործությամբ չի կարող զբաղվել, պետք ա գնա, ինչ-որ մեկի համար աշխատի, էդ էլ կոպեկներ ա: Մնում է խոպան գնալը»,-պատմում է Սվետան:

 

 

Դպրոց  ու «մարդի»

 

Գյուղի աղջիկները դպորցն ավարտելուց հետո հիմնականում ամուսնանում են, տղաները` ամուսնանում ու գնում խոպան: Կրթության մասին հիմնականում չեն էլ մտածում.  «Տրանսպորտ նորմալ չի աշխատում, էրեխուն սովորացնելու համար փող ա պետք, էդ էլ հեշտ չի: Սկի որ կողքի գյուղ գնա, պիտի ամեն ինչ թողեմ, տանեմ-բերեմ, իրան էլ  մենակ հերը չի թողնի գնա-գա:

 

Չէ, չի սովորի»,-ասում է Անահիտը /անունը փոխած է/: Վերջինս հրաժարվում է լուսանկարվել: Ասում է` տեսքն այն չէ, սակայն ավելի շուտ վախենում է. ամուսինը կիմանա, կբարկանա:

 

Դուստրը` տասնյոթամյա Մերին, ինչ-որ տեղ գալու համար հոր թույլտվությունը պետք է ստանա:   Հոր իշխանությունը փոխարինվում է ամուսնու իշխանությամբ. «Բա ոնց, հիմա որ հորը չլսեց, մարդուն ոնց կլսի»,-ասում են կանայք:

 

Կրթություն ձեռք բերելու մասին Մերին չի մտածում. սովորեց, հետո որտե՞ղ է աշխատելու: Գյուղում աշխատատեղ ու պահանջարկ չկա, ինչո՞ւ սովորի: Նա նույնպես հրաժարվում է լուսանկարվել:

 

«Մեր աղջիկները  նամուսով, խելոք ամուսնանում են, լավ ընտանիքների լավ մայրեր դառնում:  Լսող, խելոք, համեստ էրեխեք են, լավ հարսներ…. Մենակ թե չգիտեմ` էդ լավ ա, որ տենց ա, թե մարդ մի քիչ էլ հենց իրա մասին պիտի մտածի` իրա կյանքով ապրի: Բայց սկի ժամանակ չեն ունենում, որ էդ  մասին մտածեն: Մինչեւ մտածում են, արդեն ամուսնանում են, մարդկերքն էլ` խոպան: Հետո մեկ էլ տեսար` մարդն էկավ, տնից դուրս արեց կնգան, թե նամուսով չես… Տեսնես էն խեղճ կնիկն իրա չորս էրեխով ինչ էղավ….»,-բարձրաձայն մտորում է Սվետան:

 

Հետո սկսում են քննարկել` արդյոք իրենց համագյուղացի կինը կարող էր դավաճանել ամուսնուն, թե ոչ….

 

Ազատ տեղաշարժվելը` խնդիր

 

Գյուղից Երեւան վերադառնալու համար ստիպված եղա նախ սպասել 50 րոպե,  ապա, ավտոբուս չլինելու պատճառով,  տաքսի նստեցի, որ գնամ Արտաշատ, ինչից հետո Երեւան եկող երթուղայինով միայն  հասա Երեւան: Խոր Վիրապից մինչեւ Երեւան հասնելը տեւեց ուղիղ երկուսուկես ժամ: Մութ էր, երբ հասա:

 

Ակամայից հիշեցի Անահիտի խոսքերը. «Սկի հարեւան գյուղ գնալու նորմալ տրանսպորտ չկա, մենք դրանից էլ ենք զրկված, ոնց անենք:  Չէ, գյուղից գյուղ գնալն էլ ա մեծ խնդիր, ուր մնաց` քաղաք… »:

 

Մարիամ Մուղդուսյան

Խոր Վիրապ – Երեւան

 

Դիտումների քանակը` 2954

Վերադառնալ վերև