Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Կամուսնանա, կիմանա, որ պիտի տպկվի»…

Հակասական հույզեր եմ զգում, երբ Երևանում մարզերից եկած բազմաթիվ կանանց հետ զրուցելուց ու իրենց անձնական պատմությունները լսելուց հետո, ինքս այդ նույն գյուղերում եմ քայլում: Քայլում եմ, տեսնում՝ ինչպես են կանայք արևի վառող ճառագայթների ներքո հողագործությամբ զբաղվում, աշխատանք, որը ո՛չ գնահատվում ա, ո՛չ էլ նորմալ եկամուտ ա բերում, տեսնում եմ դեռահաս մի աղջնակի, ով միայնակ իրենից ծանր քաշով տոպրակներ է կրում, իսկ տատիկը, միևնույն է, դժգոհ է, ու հետո էլ ասում է՝ իմ թոռն էլ, կամուսնանա, կիմանա, որ պիտի տպկվի (ծեծվի), բոլորս էլ տպկվել ենք:

 

Հետո տեսնում եմ հիսուն տարեկան մի կնոջ, ով, չնայած ողնաշարային հիվանդության, կռացած գործ ա անում՝ սկեսրայրի վերահսկողության ներքո, ով տարածքում քայլում ա՝ արքայի նման, ոչ մի բանով չի օգնում ու արգելում ա կնոջը շփվել մարդկանց հետ ու մի քայլ դուրս անել, կինը նույնիսկ վախենում ա բուկլետ վերցնելուց. չի ուզում խնդիրներ ունենա: Երևի ավելորդ է ասել, որ կնոջ ամուսինը արտագնա աշխատանքի է, էստեղ գրեթե բոլորի ամուսիններն են դրսում, միաժամանակ չեն մոռանում հեռվից վերահսկել, հրամաններ տալ այդ կանանց կամ արգելել այս կամ այն բանը անել:

 

Քայլում եմ մի գոմի կողքով ու հիշում, որ ինքս ճանաչում եմ մի կնոջ՝ հենց Գեղարքունիքի մարզից, ով հազիվ փախել էր ամուսնուց, որովհետև իրեն կապել էր գոմում ու սպառնում էր, որ կսպանի, նայում եմ գոմին, աչքիս առաջ գալիս ա էդ կնոջ տանջանքների մտապատկերը: Հետո խոսում ենք շատ կանանց հետ, իրենցից շատերը ասում են՝ մենք լավ էլ ապրում ենք, մեր գյուղում չկա բռնություն: Ես ներքուստ կատաղում եմ. ա՛խր, ո՞նց չկա, բա է՛ն, ինչ տեսանք, բա է՛ն, ինչ լսել ենք կանանցից, բա էն կինը՝ գոմում կապված: Հետո փորձում եմ հանգստացնել ինձ. Ալիսա ջան դու հոգեբան ես, պիտի հասկանաս, որ ժխտումն ու ռացիոնալիզացիան հոգեկանի պաշտպանական հզոր մեխանիզմներից են. մարդկանց ավելի հեշտ ա ժխտել, չընդունել, չգիտակցել, որ խնդիր կա, կամ փորձել արդարացնել այդ խնդիրը՝ ասելով՝ դե էս ա մեր կյանքը, ուրիշ ձև չի կարող լինել, պիտի հարմարվենք, հակառակ դեպքում, եթե գիտակցեն կամ չհարմարվեն, պիտի փորձեն ինչ-որ բան փոխել: Իսկ ինչպե՞ս հավատան, որ կարող են փոխել, եթե, մանկուց ճնշված լինելով, այդ կանայք կարծում են, որ իրենցից ոչինչ կախված չէ. հոգեբանության մեջ դա կոչվում է ղեկավարման արտաքին լոկուս, երբ մարդ կարծում է, որ իր կյանքի միայն արտաքին ազդակներով է ղեկավարվում, և իրեն չի զգում պատասխանատու և ունակ ինչ-որ բան փոխելու համար:

 

Էլի ջղայնանում եմ, ուզում եմ գոռալ, որ էդ ղեկավարման լոկուսը պետք ա ներքին դարձնել, պետք ա կանանց ուժեղացնել, օգնել, որ գիտակցեն իրենց ռեսուրսները, գիտակցեն իրենց պատասխանատվությունը ու հնարավորությունը ինչ-որ բան փոխելու, չհարմարվելու համար: Բայց ո՞նց: Չգիտեմ: Հետո հանդիպում եմ դեռահաս ու երիտասարդ տղաների ու աղջիկների, փորձում եմ խոսել բռնության մասին, շատերը չեն ընդունում բռնությունը, բայց միևնույն է, գտնում են պատճառներ, թե որ դեպքերում թույլատրելի է կիրառել բռնություն: Պատճառների շարքը բնականաբար երկար է, օրինակ՝ 14 տարեկան տղան շատ պարզ բացատրում ա՝ եթե հակաճառում ա կինը, կարելի ա չդիմանալ ու հարվածել, իսկ աղջիկները գլուխները կախ նստած են:  Մտածում եմ, ճիշտ են ասում,  այ հենց էս երեխեքից ա պետք սկսել աշխատանքը: Որովհետև էն դեռահաս աղջիկը, ով տոպրակներ էր կրում, ասաց. «Ես չեմ թողնի՝ ինձ տպկեն»:

 

Ալիսա, հոգեբան

Աղբյուրը՝ Կանանց ռեսուրսային կենտրոն

Հ. Գ.  Այս տարվա սեպտեմբերին Կանանց ռեսուրսային կենտրոնը անցկացրել էր  5-օրյա քայլարշավ Գեղարքունի մարզում՝ ընդդեմ ընտանեկան բռնության: 5-օրյա քայլարշավի ընթացքում կենտրոնի անդամները զրուցել են տեղի մարզի բնակչության հետ, հանդիպումներ են ունեցել նաև դպրոցների ուսուցիչների, ծնողների, և երեխաների հետ, նաև բուժկետերում բուժաշխատողների և գյուղապետարանների աշխատողների հետ:

 

Ինչպես պատմում է   Կանանց ռեսուրսային կենտրոնի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը, մարզի բոլոր գյուղերում նկատվել է նույն վերաբերմունքը ընտանեկան բռնության դեպքերի հանդեպ․ բռնություն ասելով՝ հարցվածները հասկացել են միայն ընդգծված դաժան, բիրտ վերաբերմունքը, սակայն, օրինակ, ծեծը կամ կնոջ նկատմամբ հոգեբանական ճնշումը բռնություն չեն համարել։ «Երբ հարցնում էինք՝ ձեր գյուղում կա՞ կանանց նկատմամբ բռնություն, ասում էին՝ ոչ, բայց երբ հարցնում էինք չկա՞ ընտանիք որտեղ ծեծ լինի, բոլորը միանշական ասում էին, որ դա առօրյա կյանքի մի մասն է։ Տղամարդիկ շատ հումորով էին վերաբերվում բռնության մասին զրույցներին, ասում էին՝ առանց դրա չի լինի, ո՞նց կլինի առանց ծեծի», – նշել է Աղաբեկյանը։

 

Կանանց ռեսուրսային կենտրոնի մարզային ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանի խոսքով  դպրոցների բակերում աշակերտների շրջանում քննարկումներ կազմակերպելիս,  ակնհայտ էր դառնում նաև անչափահասների մոտ առկա կարծրատիպային մոտեցումը:

 

«Սկզբից որ խոսում էինք բռնության մասին, ասում են չէ, դա վատ է, չպետք է լինի, բայց երբ խոսում ես ընտանիքի ներսում առկա բռնության մասին, արդեն ասում էին, որ  կարող է լինել: Մի 12 տարեկան տղա ասաց անգամ, որ բռնությունը վատ է, բայց հետո նշեց, որ եթե կինը մի բան շիտակ չի անում, ապա ամուսինը կարող է ծեծել կնոջը:Սա հսկայական խնդիր է, եթե այս մտածելակերպով ձևավարվում ու հասարակություն են մտնում այս երեխաները»,-ընդգծեց Սիմոնյանը:

 

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի սոցիական աշխատող Աննա Հովհաննիսյանի   խոսքով ,   շատ երիատասարդ աղջիկներ պարզապես փակված են տանը՝ հնարավորություն չունենալով կրթություն ստանալու և հաղորդակցվելու արտաքին աշխարհի հետ:  «Միակ  հեռանկարը 19-20 տարեկան աղջկա համար շարունակում է  մնալ ամուսնությունը և ամուսնու կողմից նրա ճակատագրի տնօրինումը: Բացի այդ ընտանիքներում ամբողջ հոգսը ընկած էր կնոջ ուսերին,  հողի աշխատանքը տան կանայք են ստանձնում, տան կենցաղը ամբողջությամբ նրանց վրա է ընկնում»,- ասում է  նա , նշելով, որ  գյուղերում ու քաղաքներում տղամարդկանց 90 տոկոսը գտնվում էր արտագնա աշխատանքի մեջ Ռուսաստանի Դաշնությունում: «Չնայած դրան՝ ընտանիքի ներսում շարունակվում էր նրանց վերահսկող վարքը, այսինքն թեև տղամարդը ներկա չէր ֆիզիկապես, բայց սկայպի միջոցով կարողանում էր վերահսկել թե ինչ է կինը հագնում, ուր է գնում, ինչ է անում: Եվ քանի որ տղամարդը չէր կարողանում միջամտել ֆիզիկապես, այդ դերը ստանձնում էին սկեսուրներն  ու սկեսրայրները»,- պատմեց   Հովհաննիսյանը:

 

Դիտումների քանակը` 2689

Վերադառնալ վերև