Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Կանա՛յք, վստահե՛ք ձեր ուժերին և առա՛ջ շարժվեք»…/ տեսանյութ

 

Անուշենց բակի ամենագեղեցիկ անկյունը հայկական ազգային կոլորիտը ներկայացնող կահ-կարասին էր, սակայն հենց նույն բակում իրենց ուրույն տեղն էին զբաղեցրել արևային չրանոցները, որտեղ Արարատյան դաշտի մրգերը քաղցրահամ չրի էին վերածվում…

 

Արմավիրի մարզի Լուկաշին գյուղից Անուշ Զեյնալյանը 24 տարեկան է: Նրան գյուղում ճանաչում են որպես տեղի միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցչուհու, սակայն պարզվում է` երիտասարդ ուսուցչուհին զբաղվում է նաև չրի արտադրությամբ: Նրա թեկնածությունը «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությանը ներկայացրել է «ԱՄՔՈՐ» կազմակերպությունը:

 

Չրանոց ունենալու մտահղացումն Անուշի մեջ առաջացել էր, երբ որպես «ԱՄՔՈՐ»-ի աջակցությամբ հիմնված «Լուկաշինի գյուղատնտեսական ասոցիացիայի» անդամ մասնակցել է ասոցիացիային կից գործող չրանոցի աշխատանքներին: «Կանայք հանուն առողջության» ծրագրի շրջանակներում երիտասարդ աղջիկը ձեռք է բերել արևային մեկ չրանոց և որոշել չրարտադրությամբ զբաղվել: Ի տարբերություն ասոցիացիային կից գործող չրանոցների, արևային չրանոցները ծախսատար չեն, քանի որ այս դեպքում մրգերը չորանում են ոչ թե գազով կամ հոսանքով, այլ արևի ջերմությամբ: Չորացնում է բանջարաբոստանային կուլտուրաների բերքն ու տարբեր մրգեր: Բանջարեղենից հիմնականում լոլիկի չիր է պատրաստում: Ասում է` Հայաստանում դեռ լոլիկի չրի օգտագործումը լայն տարածում չունի, բայց իտալական խոհանոցում այն բավական պահանջված է, հատկապես` աղցաններ պատրաստելու համար:

 

Չրանոցի արտադրանքը, Անուշի ասելով, առայժմ սպառման խնդիր ունի, որի հետ կապված քայլեր նա արդեն ձեռնարկել է, ավելին` ցանկություն ունի նաև ավելացնելու արևային չրանոցների թիվը: Նա համոզված է, որ էկոլոգիապես մաքուր արտադրանքը առաջիկայում իր սպառումն անպայման կգտնի ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկայում:

 

Արևային չրանոցի հիմնադրումով Անուշ Զեյնալյանն ակնկալում է նաև գյուղաբնակ կանանց համար նոր աշխատատեղերի ստեղծում, քանի որ նրա համար կարևոր նշանակություն ունի հասարակական կյանքում կնոջ դերն ու նշանակությունը: Անուշը նաև Լուկաշինի կանանց խորհրդի ակտիվ անդամներից է, մասնակցել է տարբեր կազմակերպությունների կողմից գյուղում իրականացվող ծրագրերի, մասնավորապես, «ԱՄՔՈՐ»-ի հումանիտար ծրագրերի ակտիվ մասնակից է՝ սկսած առաջին դասարանցիներին գրենական պիտույքների բաշխումից վերջացրած գյուղի կենսաթոշակառուներին ցուցաբերվող օգնությամբ:

Մեզ հետ զրույցն Անուշ Զեյնալյանն ավարտեց կանանց ուղղված հետևյալ կոչով. «Կանա՛յք, վստահե՛ք ձեր ուժերին, անհաջողությունների դեպքում մի՛ հիասթափվեք և առա՛ջ շարժվեք»…

 

 Ջավահիր Եղիազարյան

 

)

 

Կարդացեք թեմայի շուրջ  մեր կայքում.

 

Գործունյա կնոջ ձեռքում քարն էլ է փափկում…/ տեսանյութ

 

Ամփոփվեց «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությունը

 

Շնորհավորում ենք «Կանանց իրավունքները Հայաստանում. Դե-յուրե և դե-ֆակտո» մրցույթի հաղթողներին

 

«Մեր տան ամեն ինչը «բնական» է»…/ տեսանյութ

 

«Լիիրավ երջանկությունը ընտանիքիս համերաշխությունն է, ինչպես որ խաղաղությունը՝երկրի համար »…/ տեսանյութ

 

«Հասոյի լեգենդար պանիրը»

 

WomeNet.am-ը անդրադառնալու է  «Գյուղմթերք արտադրող կին հերոս» կոչմանը արժանացած բոլոր  կանանց  պատմություններին

 

Դիտումների քանակը` 6262

Վերադառնալ վերև