Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Կանանց աջակցելու ցանկացած քայլ պետք է խրախուսվի»…

Դեկտեմբերի 12-ին Երևանի քաղաքապետարանում կայացավ ավանդական ամանորյա  բարեգործական տոնավաճառը, որը քաղաքապետարանի աջակցությամբ  կազմակերպել էր «Հայաստանի երիտասարդ  կանանց ասոցիացիան»: Այս  տարի ներկայացված ավելի քան  80 տաղավարներում իրենց  բազմազան արտադրանքն ու ձեռագործ աշխատանքերն էին ներկայացրել ՀՀ մարզերի կին  արտադրողներ, անհատներ և միջազգային  կառույցներ: Բարեգործական  միջոցառմանը  մասնակցում էին  նաև  դեսպանություններ այդ թվում` ՀՀ-ում Չինաստանի, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության, Արգենտինայի, Շվեյցարիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Լիտվայի դեսպանատները: Տոնավաճառում  իրենց ակտիվ մասնակցությամբ և տեսականիի բազմազանությամբ աչքի էին  ընկնում սիրիահայերը` ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան  գրասենյակի  շահառուները:

 

–         Այսօրվա փառատոնին  մասնակցում են ՄԱԿ ՓԳՀ-ի  սիրիահայ 11 շահառուներ: Նրանցից ոմանք  կայացած ձեռներեցներ են, ոմանց համար առաջին քայլերն են:  Ուրախալի է, որ  սիրիահայ  տարեց  թե երիտասարդ կանայք ուրախությամբ են  մասնակցում տոնավաճառին,  ցուցադրելով թե ձեռագործ և թե  խոհանոցային արվեստում ունեցած իրենց շնորհքը: Նրանցից  ոմանց մոտ  բացակայում է  տեղական  շուկայի  հանդեպ ունեցած  նախկին անվստահությունը, քանի որ արդեն ծանոթ են  այստեղի  շուկայի և գնորդների պահանջներին: Նրանց  գործունեության  մեջ առաջընթացը նկատելի է: Նման բարեգործական  տոնավաճները նպաստում են  տեղացի և սիրիահայ կանանց շրջանում զբաղվածության  մակարդակի բարձրացմանը, փոքր և  միջին  ձեռնարակտիրության զարգացմանը: Կանանց  աջակցելու ցանկացած քայլ  պետք է խրախուսվի ,- մեզ  հետ զրույցում ասաց ՄԱԿ ՓԳՀ-ի գրասենյակի արտաքին կապերի և հասարակական տեղեկատվության համակարգող Անահիտ Հայրապետյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ  ՄԱԿ ՓԳՀ-ն շուրջ 3 տարի է,  ինչ համագործակցելով Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի / ՓՄՁ ԶԱԿ/-ի հետ սիրիահայ  կանանց  համար  կազմակերպում է անվճար հաշվապահական, այլևայլ արհեստների ուսուցման դասընթացներ, հաջող առաջարկների դեպքում տրամադրվում են նաև 10 հազար ԱՄՆ դոլարի չափով  վարկեր:

 

Սիրիայից  9 ամիս առաջ Հայաստան  տեղափոխված Մարալ Շեհմելյան-Բերբերյանը չէր կարող  պատկերացնել, որ  վերադառնալով հայրենիք,  կարճ ժամանակ անց ոչ միայն համալրելու էր «Ասրապ» թաղիքագործության ակումբի շարքերը, այլև ունեանլու է  նաև սեփական ձեռագործ աշխատանքերը  համաքաղաքային  փառատոնում  ներկայացնելու հնարավորություն: «Ես  նկատել եմ, որ թաղիքե գործվածքների և դրանով  պատրաստված իրերի  հանդեպ  հետաքրքրություն  կա, ուստի որոշեցի  ընդգրկվել այդ ակումբում: Թաղիքե  պայուսակների,  գլխարկներիրի,  տնային  հողաթափերի հետ մեկտեղ ես  ներկայացրել եմ  իմ  պատրաստած ձեռագործ և  հուլունքագործ աշխատանքերը: Եթե  ոչինչ չգնեն էլ,  չեմ  տխրի, հուսով եմ,  որ հաջորդ անգամ կունենամ  իմ  պատվիրատուները», – ասում է Մարալը:

Սիրիահայ  քույրերը` Լենա և  Սիլվա Հակոբյանները ցուցահանդեսում ներկայացրել էին մանկական  ձեռագործ հագուստների հավաքածուն: «Սիրիայում 35 տարի շարունակ  զբաղվել ենք ձեռագործ աշխատանքերով և միշտ  գոհ ենք  եղել արդյունքներից: Ցուցահանդեսին  միայն  մանկական  հագուստներ ենք  ներկայացրել, քանի որ մեծահասակների համար գործած աշխատանքերն այնքան էլ  պահանջակ  չեն  վայելում: Նկատել ենք, որ այստեղ ձեռագործ  հագուստների հանդեպ հետաքրքրությունը մեծ չէ»,- նկատեց Լենա Հակոբյանը:

Մասնագիտությամբ լրագրող, երևանաբնակ անհատ ձեռներեց Լիլիթ Ավալյանի սեղանն առատ է գունագեղ ու նրբաճաշակ զարդերով: Քրոջ հետ ստեղծել է «Լիթա-բիժու» փոքրիկ  ընկերությունը,  բացել են  զարդերի խանութ: «Թեև  լայնորեն  չի սպառվում մեր արտադրանքը, սակայն քիչ թե  շատ պատվերներ ստանում ենք: Աշխատում ենք  չկրկնվող ոճի մեջ,  գնորդը կարող է  համոզված լինել, որ իր ընտրած զարդը անկրկնելի է: Ես ու քույրս որոշել ենք  հաճախակի  մասնակցել  նմանատիպ ցուցահանդեսների»,-ասում է Լիլիթը:

 

Իսկ ահա աուտիզմով  և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց և նրանց ընտանիքներին աջակցող «Իմ ուղին»  Ուսումնավերականգնողական ցերեկային կենտրոնին  հատկացված տաղավարն  իրոք ավետում էր ամանորյա  տոները: Տոնածառեր, Ձմեռ պապիներ, մոմերով ու կոներով  զարդարված կոմպոզիցիաներ, և այս ամենը ատուտիզմով հիվանդ երեխաների ձեռքի աշխատանքերն են, ում սիրով  ու հոգատարությամբ  օգնել է  Շուշանիկ Եսայանը կենտրոնի իր գործընկերների հետ:  Շուշանիկի փոխանցմամբ վաճառքից  ստացված հասույթը տրամադրվում է  նորանոր նյութերի գնման համար:

Ձեռքի աշխատանքերի` շարֆերի և այլ զարդերի գեղեցիկ ցուցադրություն էր   ներկայացրել մոդելավորող, դիզայներ- նկարչուհի Ջուլիետա Աշտոյանը, ում սեղանի կողքով  անհնար էր անտարբեր անցնել:

Առատ էին նաև տնական քաղցրավենիքի և անուշեղենի  տեսականիով ծանրաբեռնված սեղանները, որոնք  ներկայացնող  տեղացի և սիրիահայ ձեռներեցները նույնիսկ  լրագրողների  հետ զրուցելու ժամանակ  չունեին:

 

Տոնավաճառն իրենց  մշակութային  բազմազանության  ցուցադրությամբ էլ ավելի էին  հարստացրել Հայաստանում հավատարմագրված Չինաստանի Հանրապետության, Բրազիլիայի, Լիտվայի  և այլ  երկրների դեսպանատան  ներկայացուցիչները:  Ի դեպ,   օտարեկրյա դեսպանները ամանորյա տոնավաճառի ամենաակտիվ մասնակիցներից էին:

 

Անուշ Ներսիսյան

Հ.Գ. «Արմենպրես»-ի թղթակիցը շրջել էր օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների տաղավարներով և արձանագրել ամենահետաքրքրաշարժ դրվագները: Բրազիլական տաղավարում Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն բրազիլական հայտնի Կայպիրինյա ալկոհոլային կոկտեյլն էր պատրաստում տոնավաճառի այցելուների համար:  Հայաստանում  Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասն այցելուներին էր  հյուրասիրում լիտվական շոկոլադ, բույսերից պատրաստված լիտվական լիկյոր և ավանդական հարսանեկան թխվածքը` շիկոտիսը: Բարեգործական տոնավաճառին այցելուների ամենաաշխույժ շարժը նկատվում էր չինական տաղավարի շուրջ, որը  հագեցած էր չինական տարաբնույթ ապրանքներով` մետաքսե շարֆերով, ճենապակե իրերով, օղի, թեյի տեսականիով  և այլն:  Մեր երկրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանի կինը` Ջան Յու Մեյը, գոհունակությամբ նշեց, որ այս կերպ հայ ժողովուրդը հնարավորություն ունի ծանոթանալ չինական ապրանքատեսակներին և մշակույթին:

 

Առավել մանրամասն  կարդացեք  այստեղ

Դիտումների քանակը` 1785

Վերադառնալ վերև