Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Կանանց նկատմամբ բռնոթյան դեմ պայքարի 16-օրյակը» հայ մամուլում

25 նոյեմբեր – 10 դեկտեմբեր

 

 

 

Aysor.am
«Կանանց նկատմամբ բռնությունը հանգեցնում է աղքատության»:

 

 

 

Կայքը գրում է, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նոյեմբերի 25-ին մեկնարկեց «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը:

 

Քարոզարշավի մեկնարկի օրը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցած ասուլիսոոմ ընթերցվեց նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ուղերձը. «Կանանց նկատմամբ բռնությունն անասելի տառապանքներ, վիշտ է պատճառում ընտանիքներին, որից տառապում են ե’ւ ծերերը, ե’ւ երիտասարդները, այն հանգեցնում է աղքատության: Կանայք զրկվում են իրենց պոտենցիալն օգտագործելու հնարավորությունից, ինչը սահմանափակում է տնտեսական աճը եւ խոչընդոտում զարգացմանը»:

16-օրյակի օրացույցը ներառում է տարատեսակ միջոցառումներ` այդ թվում կլոր-սեղան քննարկումներ պետական կառավարման մարմինների, քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, «Կնոջ կերպարը հայ մամուլում» հետազոտության արդյունքների ներկայացում, «Տղամարդիկ ընդդեմ բռնության» թեմայով քարոզարշավ Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների հետ համագործակցությամբ, սոցիալական տեսահոլովակների և ֆիլմերի ցուցադրում, տեղեկատվական հանդիպումներ և սեմինարներ Երևանում և մարզերում և այլն:
Այս տարվա քարոզարշավի կարգախոսն է՝ «Խաղաղություն տանը՝ խաղաղություն աշխարհում»:

 

 

 

«Նոյան տապան».
«Մի հանդուրժիր բռնությունը» երթը

 

 

 

Գործակալությունը տեղեկացնում է, որ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ը նոյեմբերի 25-ին անցկացրել է «Մի հանդուրժիր բռնությունը» երթը: Երթի ընթացքում մասնակիցները Երեւանի գլխավոր փողոցներով անցել են Տերյան փողոցից մինչեւ Հյուսիսային պողոտա՝ հանրությանը տեղեկատվական թերթիկներ բաժանելով եւ ակցիաներ իրականացնելով: Երթին մասնակցել են ոչ միայն Հայաստանի քաղաքացիներ, այլեւ Հայաստանում գտնվող եւ կամավորություն անող արտասահմանցիներ: Միջոցառումը նպատակ ուներ հանրության ուշադրությունը հրավիրել Հայաստանում կանանց նկատմամբ բռնությունների խնդրին, քանի որ բռնությունը մարդու իրավունքների ոտնահարում եւ ոճիր է:

 

 

 

Armenpress..
Բռնության հետեւանքով մահացած կանանց հիշատակի օրը կցուցադրվի «Հանուն կյանքի» ֆիլմը

 

 

 

«Արմենպրես» գործակալությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին բռնության հետեւանքով մահացած կանանց հիշատակի օրվա շրջանակներում կցուցադրվի «Հանուն կյանքի» ֆիլմը, որտեղ կներկայացվեն բռնության ենթարկված հինգ տարբեր կանանց պատմություններ:

Ֆիլմի շնորհանդեսի ընթացքում տղամարդկանց կբաժանվեն սպիտակ ժապավեններ, որոնք փակցնելով, տղամարդիկ ցույց կտան իրենց ժխտողական վերաբերմունքը կանանց դեմ իրականացվող բռնությունների նկատմամբ:
Դեկտեմբերի 8-ին եւ 9-ին Հայաստանի նկարիչների միությունում «Երջանիկ ընտանիք» խորագրով լուսանկարների մրցույթին ոչ պրոֆեսիոնալ եւ պրոֆեսիոնալ լուսանկարիչները կցուցադրեն իրենց նկարներն այս թեմայով:

 

 

 

Henaran.am.
Չորսից մեկը` տիկին Գործունյանը, խոստովանեց …

 

 

 

«Հենարան» կայքը կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարի միջազգային օրվա առիթով զրուցել է տարբեր ոլորտներում աշխատող կանանց հետ` պարզելու, թե ի՞նչ ասել է բռնություն կանանց դեմ:

«Դերասանուհի Նելլի Խերանյանը կարծում է, որ “այդ բռնությունը թափանցել է նաեւ եվրոպական երկրներից “: “Գիտեք` կարող է ինձ հակաճառեն, ասեն, որ դա հայ իրականության մեջ է եղել, դարերից է գալիս, բայց չժխտենք, որ Եվրոպայից վատ բաներ էլ ենք կրկնօրինակել”,-ասաց դերասանուհին:

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ թեմայի մասին պետք է բարձրաձայնել միշտ, եւ դա այսօր քննարկվող շատ թեմաներից կարեւոր է: “Բայց մենք` հայ կանայք, պիտի գնահատենք ինքներս մեզ, չտառապենք թերարժեքության զգացումով, եւ պայքարենք: Հայ կինը պիտի արժեւորի ինքն իրեն, որ դիմացինից ստանա նույնը”:

“Հոգեբանական ճնշումն էլ է բռնություն, պետք է անպայման խփե՞ն: Բարձր տոնով խոսելը նույնիսկ սեփական ամուսնու կողմից բռնություն է, կինը պիտի նվաստացուցիչ պայմաններում չլինի”,- նշեց ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը:

Դերասանուհին եւ երկու պատգամավորները իրենց կյանքում բռնության չեն ենթարկվել, կամ գուցեւ չխոստովանեցին: Միայն հայտնի սփյուռքահայ գործարար Վալերի Աշխեն Գործունյանը խոստովանեց, որ ինքը բռնության ենթարկվել է Հայաստանում`իր ընկերներից մեկի կողմից: Նա հայ կանանց խորհուրդ է տալիս կրթվել, կարդալ ու հարկ եղած դեպքում պաշտպանել իրենց իրավունքը եւ չթույլատրել նվաստացնել իրենց:

 

 

 

Hetq.am
Սահմռկեցուցիչ պատմություն. արժանի հատուցումը բացառվո՞ւմ է

 

 

 

«Հետք»-ն արդրադարձել է 20-ամյա Մարիամի 10-ամսյա ամուսնական պատմությանը: Մարիամը պատմել է, որ ամուսնանալուց հետո ամուսնու ընտանիքի հետ մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ ամուսինն ու սկեսուրը նրան պարբերաբար ծեծել են, խոշտանգել, վիրավորել արժանապատվությունը:

«Ամեն անգամ մի պատճառ գտնում էին, ասում էին՝ դու մեզ թուղթ ու գիր ես արել: Հետո սկեսուրս սկսեց… Մի քանի անգամ կրակայրիչով, հետո արդեն թերթն էր կոլոնում ու կրծքերս վառում: Ստիպում էր, որ լեզուս հանեմ ու կրակայրիչով վառում էր: Ցավից հետ էի քաշում, գրտնակով խփում էր գլխիս, մազերս այնպես էր քաշում, որ տեղ-տեղ կաշվի հետ պլոկվում էր: Ստիպված լեզուս հանում էի, վառելուց հետո օճառը դնում էր բերանս ու ասում՝ որ լավ զգաս, թե մրմուռն ինչ ա: Բերանս պինդ փակում էր, թե հետո սապոնը կուլ կտայի… »,- պատմում է Մարիամը:

Կայքը գրում է, որ Մարիամ Գեւորգյանը դիմել է ոստիկանություն, որտեղ ամուսնու` Դավիթ Զիրոյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» եւ «Ծեծ» հոդվածներով, իսկ նրա մայրը հետապնդվել է նույն հանցանքը, սակայն «առանձին դաժանությամբ» կատարելու համար: Քանի որ Դավիթ Զիրոյանին առաջադրված մեղադրանքը սահմանում է ոչ ավել, քան 3 տարվա ազատազրկում, քննիչի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է համաներում, եւ քրեական հետապնդումը դադարեցվել է, ինչին Դավիթը չի առարկել: Նա նույնիսկ մեկ օր անազատության մեջ չի անցկացրել:
News.am
Բողոքում են հեռուստասերիալների դեմ

 

 

 

Կայքը գրում է, որ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան իր մտահոգությունն է արտահայտել ՀՀ հեռուստաալիքներով շրջանառվող հեռուստասերիալների հանդեպ: Այս առիթով կոալիցիան հաղորդագրություն է տարածել:
“Ներկայիս հեռուստասերիալները ողողված են բռնություններով, բռնությունը քարոզող դրվագներով ու արտահայտություններով, և բռնության այդ դրսևորումները հիմնականում կիրառվում են կանանց և աղջիկների հանդեպ: Գրեթե բոլոր սերիալներում կնոջ իրավունքները ոտնահարված են, հայ կնոջ կերպարը` ծայրահեղ ցածրացած: Կնոջը ծեծելը, հրապարակայնորեն նվաստացնելը և հայհոյելը դարձել են հայկական հեռուստասերիալների անբաժան ուղեկիցը` դիտող ընտանիքների ներսում նույնատիպ պահվածքը և վարվելակերպը դարձնելով սովորական, չդատապարտվող երևույթ:

Հաշվի առնելով վերոնշյալը` «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կոչ է անում բոլոր հեռուստաընկերություններին և պատկան մարմիններին լուրջ մոտենալ խնդրին և ձեռնարկել համապատասխան քայլեր հեռուստասերիալներում տեղ գտած բռնության երևույթների վերացման ուղղությամբ:

 

 

Tert.am
«Կին» միջազգային 8-րդ կինոփառատոնը:

 

 

Կայքը գրում է, որ Տիկնիկային թատրոնում դեկտեմբերի 2-5-ը կանցկացվի “Կին” միջազգային 8-րդ փառատոնը: Փառատոնում այս տարի ընդգրկվել են 16 երկրների` 52 ֆիլմեր։ Երևանյան փառատոնի հյուրերն են գերմանական goEAST միջազգային կինոփառատոնի ծրագրի տնօրեն Անդրեա Վինկը, ամերիկյան «Կանայք ֆիլմեր են նկարահանում» ընկերության ներկայացուցիչներ Դեբրա Ցիմերմանն ու Տրեյսի Հոլդերը, ինչպես նաև Մորան Պելեդը` Իսպանիայից, Չիկո Յամագամին` Ճապոնիայից:

Առաջին անգամ փառատոնի շրջանակներում կին ռեժիսորների համար ուսուցողական պարապմունքներ են անցկացվելու, որոնք վարելու են «Կանայք ֆիլմեր են նկարահանում» ընկերության ներկայացուցիչները:

 

 

Azatutyun.am.
Ակցիա՝ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության

 

 

«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության ակցիայի մասնակիցները դեմքներին սպիտակ դիմակներ էին կրել՝ ցույց տալու համար, որ կարեւոր չէ, թե կոնկրետ ով է բռնության ենթարկվում, կարեւոր է կնոջ նկատմամբ բռնության փաստը, ինչը որոշ զրուցակիցներիս ձեւակերպմամբ, դատապարտելի եւ ամոթալի երեւույթ է մեր հասարակության մեջ:

Յուրաքանչյուր կնոջ հագուստի վրա գրված էր «Ոչ բռնությանը» արտահայտության մեկ տառ: Ակցիայի ընթացքում նաեւ բաժանում էին կանանց իրավունքների մասին իրազեկող թռուցիկներ: Կազմակերպիչները նշեցին, որ ակցիայի հիմնական նպատակը կանանց իրազեկելն է իրենց իրավունքների մասին:

Բացի սպիտակ հագուստով եւ դիմակներով կանանցից ակցիայի ընթացքում տեղադրվեցին նաեւ փայտից պատրաստված կանանց որվագծեր, որոնցից յուրաքանչյուրի վրա անգլերեն եւ հայերեն գրված էր բռնության ենթարկված մի կնոջ իրական պատմությունը:

Նման պատմություններ ունեցող կանանցից մի քանիսը մահացել են, այս կինն արդեն 32 տարեկան է, բաժանվել է ամուսնուց եւ հիմա ապրում է իր երեխաների հետ՝ նրանից առանձին:

 

 

Tert.am
1782 կին է ահազանգել թեժ գծով։

 

 

Այս տարի մինչ սեպտեմբեր բռնության ենթարկված 1782 կին է ահազանգել կանանց իրավունքների պաշտպանության թեժ գծով։ Ահազանգերից 1354-ը եղել է ընտանեկան բռնություն, 854-ը՝ հոգեբանական բռնություն, 481` ֆիզիկական և 13-ը սեռական բնույթի։ Բռնության պատճառները տարբեր՝ ուժը և իշխանությունը հաստատելու ցանկությունը, չպատժվելու վստահությունը, ինչպես նաև ալկոհոլի և թմրանյութերի ազդեցությունը, և հասարակական կարծրատիպը, թե կինը պիտի լռի և հանդուրժի։

 

 

Panorama.am
Ինչո՞ւ են հայ կանայք բռնության ենթարկվում

 

 

Կայքը գրում է, որ հայ ընտանիքներում, կարծես թե կինը չի գնահատվում, չնայած ինչքանով տեսնում եմ իմ շրջապատում, կանայք աշխատում են տղամարդուն հավասար, ընտանեկան հոգսը ամուսնու հետ հավասար, երբեմն էլ` ավելի կիսում:
Կանանց ծեծում են, ենթարկում սեռական, հոգեբանական ու այլ կարգի բռնությունների, օրինակները բազմաթիվ են, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները հարյուրավոր պատմություններ պարունակող նամակներ ունեն` մեկին սկեսուրը հոր տնից այդպես էլ չբերած օժիտի մասին է միշտ հիշեցնում, մեկը գործ անել չիմանալը երեսով տալիս, մեկի ամուսինը ամիսներով արտագնա աշխատանքի է մեկնում, կնոջը թողնելով միայնակ մոր մոտ, մեկի ամուսինը հարբեցող է, ծեծող:

«Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» սկզբունքը փաստորեն գործում է ոչ միայն բռնության պահին, այլև դրանից հետո, երբ հայ կնոջը ամենադաժան ձևով տանջանքների ենթարկած տղամարդու նկատմամբ համաներում է կիրառվում, իսկ սկեսուրի նկատմամբ դեպքերից ավելի քան մեկ տարի անց դեռ քրեական գործ չի հարուցվել: Ընդհանրապես կանանց վրա ձեռք բարձրացնող տղամարդուն ուժեղ երբեք չես համարի, այլ մեկը, ով չհաղթահարծ բարդույթներ ունի ուժեղ, կայացած երևալու: Իսկ եթե որևէ մեկը ծեծը դարձնում է ամենօրյա զբաղմունք, ապա հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի:

 

 

Armenpress. am
Գեղարքունիքի մարզը` կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարում

 

 

Կայքը գրում է, որ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի 16 –օրյակի միջոցառումներին Գեղարքունիքի մարզում մասնակցում է նաեւ «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպության Գավառի գրասենյակը:
Միջոցառումների շրջանակներում Գավառում կազմակերպվեց երթ` ընդդեմ կանանց դեմ բռնության: 2011 թվականի 11 ամիսների կտրվածքով կազմակերպությունում գրանցվել է 615 հոգեբանական աջակցության դիմում: Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից ստացված 415 դիմումներին աջակցություն է տրվել` հոգեբանի խորհրդատվություն հեռախոսի միջոցով: Գրանցվել է հոգեբանի 199 այցելություն: Բարձրացված հարցրերից 438-ը հոգեբանական խնդիր է եղել, 4-ը` սեռական բռնության դեպք:

Կենտրոնում գրանցվել է 500 իրավաբանական օգնության դիմում: Դիմումներից 390-ին աջակցություն է տրվել հեռախոսազանգի միջոցով, 140-ի աջակցությունն իրականացվել է իրավաբանի այցելությամբ: ԿԻԿ-ում այս տարի գրանցվել է 90 ֆիզիկական բռնության դեպքի վերաբերյալ դիմում: Կենտոնում ամեն ամիս կազմակերպվում է շահառուների աջակցման խումբ, իրականացվում են հանդիպումներ: Հոգեբանական ինտերակտիվ վարժությունների միջոցով կանանց աջակցում են հաղթահարել տարաբնույթ խնդիրները, հոգեբանական վախերն ու լավատեսորեն տրամադրվել կյանքի հանդեպ:
Կենտրոն դիմում են նաեւ ոչ միայն բռնության եւ ընտանեկան հարցերով, այլեւ` սոցիալական, ֆինանսական եւ տնտեսական:

 

 

Armenpress. am
Կանանց նկատմամբ բռնությունների ցուցանիշով Թուրքիան աշխարհում առաջին տեղում է

 

 

Կայքը գրում է, որ Թուրքիայի նախկին պետնախարար Օնայ Ալփագոն Բոդրումում կազմակերպված «Ապագան մենք ենք, մենք ապագան ենք» թեմայով համաժողովում հայտարարել է, որ կանանց նկատմամբ բռնությամբ Թուրքիան աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում: “Թուրքիայում աղջիկներն հարսնանում են 13 տարեկանում, Ալփագոն ներկաներին հայտնել է, որ այդ երկրում իմամների կողմից ամուսնացրած 3 մլն 800 հազար մանկահասակ աղջիկներ կան: Նրա խոսքով’ ամուսնությունը իմամի կողմից գրանցված մանկահասակ աղջիկները բռնությունների ենթարկվելու դեպքում չեն կարող օգտվել իրենց իրավունքները պաշտպանող օրենքներից: Հասունության տարիքի չհասած աղջիկներից միշտ չէ, որ առողջ երեխաներ են ծնվում, ինչն արդեն խնդիր է դարձել Թուրքիայում: Պետությունը պետք է լուրջ միջոցներ ձեռնարկի, որպեսզի այդ մանկահասակ աղջիկներն իրենց ապագան ստեղծելու համար ոչ թե ստիպված լինեն ամուսնանալ, այլ նորմալ կրթություն ստանալ», -ասել է Թուրքիայի նախկին պետնախարարը:

 

 

 

Hetq.am
«Փող թափելով»` ազատության մեջ

 

 

 

Կայքնը ներկայացնում է Մոնիկայի եռամյա ամուսնական կյանքի պատմությունը, որի արդյունքում աղջիկը հայրական տուն է վերադարձել հաշմանդամ դարձած. նրա մարմնի տարբեր հատվածներում առկա են վնասվածքների հետքերը, իսկ ձախ աչքն այլեւս չի տեսնում:

«Սկզբում` մոտ երկու ամիս, ամեն ինչ նորմալ էր, հետո սկեսուրիս գժությունները սկսվեցին: Դավիթն ինձ շատ էր սիրում, իսկ մայրը դրանից վատ էր զգում, խանդում էր: Որդուն տրամադրում էր, որ ինձ ծեծի: Հետո արդեն ինքն էր (Հայկանուշը) ամբողջ օրը ծեծում»,- պատմում է Մոնիկան: Մոնիկան Դավիթ Զիրոյանի առաջին կինն է: Դավիթը տարբեր տարողությամբ «զակատ արած բանկաներ» է կոտրել գլխին, իսկ սկեսուրը մազերն այնպես է քաշել, որ փունջ-փունջ պոկվել է:
Աղջկա խոսքերով` պատճառները տարբեր են եղել` «քայլվածքդ լավը չէ, շարժուձեւդ այն չէ, էսի սենց չեն անում, էն էլ ըտեղ պիտի չդնեիր: Երբ խելքներին փչեր, սովորաբար շաբաթական 2-3 անգամ, գիշերները տկլոր անկյուն էին կանգնացնում` մեկ ոտքի վրա, ու պատուհանը բաց էին թողնում: Լենինգրադն էլ խոնավ, ցուրտ երկիր է: Կապ չուներ, թե տաքությունս ինչքան բարձր կլիներ. պիտի ոտքի վրա լինեի:

Ռուսաստանում իրեն ընդամենը երկու անգամ են տարել բժշկի. առաջին դեպքում` աչքի համար, երկրորդում` աբորտի. «Երբ հղի էի, սկեսուրս իմացավ, կատաղեց: Սկսեց խփել մեջքիս ու փորիս: Ասում էր. «Դու ինադու ես մնացել, որ մեր փողերին տիրանաս, ուզում ես ոտքդ պնդացնես»: Երեխան երեք ամսական էր, տարան հանելու»: Իսկ աչքի պարագայում բժշկի տարել են այն բանից հետո, երբ նրա ձախ աչքից անընդհատ սկսել է արցունք հոսել:
«Դա մեր ամուսնանալուց 3 ամիս հետո էր. էդքան էլ անտանելի չէր վիճակս: Քիմիական լվացումներ նշանակեցին, բայց հետո Դավիթն էլ, մայրն էլ սկսեցին ամեն առարկայով աչքիս խփել: Սկեսուրս կեղտոտ, ալյուրոտ ձեռքերով տալիս էր աչքիս: Էլ աչք կմնա՞ր,- ասում է Մոնիկան: Կայքը գրում է, որ Մոնիկան դիմել է ոստիկանություն, սակայն ամուսնու ընտանիքը, «փող թափելով» գտնվում է ազատության մեջ:

 

 

 

Panorama.am
Բողոքի ակցիա ընդդեմ հարսներին ծեծած սկեսրոջ

 

 

 

Կայքը գրում է, որ Ընդդեմ կանանց դեմ բռնությունների բողոքի ակցիա է կազմակերպել Հայաստանի Գլխավոր դատախազության առջև՝ պահանջելով պատժել երկու առանձնակի դաժանությամբ աչքի ընկնող դեպքերի հեղինակներին: Իսկ դրանք բռնության զոհ գնացած երկու կանանց ամուսինն է ու սկեսուրը:

Նշենք, որ այս երկու կանայք՝ Մոնիկան և Մարիամը, ըստ իրենց պատմությունների, տառապել ու կտտանքների են ենթարկվել իրենց ամուսնու Դավիթ Զիրոյանի և սկեսրոջ՝ Հայկանուշ Միքայելյանի հետ կյանքի ընթացքում: Մոնիկան Դավիթ Զիրոյանի առաջին կինն է, իսկ Մարիամը՝ երկրորդ:

«Կոչ ենք անում բոլորին միանալ մեր ակցիային ուղղված 2 սահմռկեցուցիչ ընտանեկան բռնության դեպքերին, որոնք մնացել են անպատիժ: Ակցիա անելով` բարձրացնում ենք մեր ձայները և պահանջում, որպեսզի արդար պատժվեն ամուսինը և սկեսուրը ու բոլոր նրանք, ովքեր մասնակից են եղել: Միացեք մեզ և բարձրացրեք ձեր ձայները` արդարություն պահանջելով», -ասված է կոալիցիայի տարածած հայտարարության մեջ:

 

 

Պատրաստեց Հասմիկ Հարությունյանը

Դիտումների քանակը` 3093

Վերադառնալ վերև