Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Կարծրատիպը, թե կնոջ տեղը խոհանոցն է, հիմարություն է»:

Անկախության սերունդը`կանանց եւ տղամարդկանց հավասարության մասին.

 

Անահիտ Գալստյան. «Առաջնային խնդիրը հայ կնոջը համոզելն է»

–          Առաջնային խնդիրը հայ կնոջը «համոզելն» է, որ նա ունի տղամարդկանց հետ հավասար իրավունքներ, և կարծում եմ վերջին տարիներին նրանք կարծես թե«համոզվում» են.

 

Հայկ Իշխանյան. «Եթե նրանք ամեն ինչ հասցնում են, ուրեմն ինչո՞ւ ոչ»:

–          Ըստ իս` հավասարության մասին չի կարող խոսք լինել, քանի որ կինն ու տղամարդը լիովին տարբեր են թե՚ էությամբ, թե՚ մտածելակերպով: Հարցն այն չէ, թե ով է բարձր կամ ցածր, ուղղակի տարբեր են: Տանը հարմարավետություն ստեղծողը հենց կինն է, նաև երեխաների դաստիարակությունն էլ է ավելի շատ կնոջ պարտականությունը, քանի որ նրանք ավելի լավ են գլուխ հանում այդ գործից: Ու եթե միևնույն ժամանակ ձգտում են կարիերայի աճի և եթե հասցնում են, ուրեմն ինչո՞ւ ոչ: Ավելի էական են մարդու աշխատանքային հմտությունները անկախ սեռից:

 

Աննա Նիկողոսյան. « Նույնացվում են, ոչ թե տղամարդն ու կինը, այլ նրանց  իրավունքներն ու հնարավորությունները»

–          Գենդերային հավասարությունն անհրաժեշտություն է, դա ժողովրդավարության հիմքն է: Դրան հասնելու համար պետք է առաջին հերթին ճիշտ իրազեկել նոր սերնդին: Հավասարությունը նշանակում է հավասար իրավունքներ, հնարավորություններ ու պարտականություններ: Այսինքն տղամարդն ու կինը ոչ թե նույնացվում են, այլ նրանց իրավունքներն ու հնարավորություններն են նույնանում:

 

Սոնա Սարգսյան. «Նրանք փայլուն կերպով հաջողության կհասնեն այնտեղ, որտեղ տղամարդիկ ձախողվել են»

–          Ճիշտ ժամանակն է դադարել կնոջը երկրորդ կարգի քաղաքացի համարելուց: Չգիտես ինչու, տղամարդիկ մնում են այն կարծիքին, թե շատ գործեր կան, որ կանայք չեն կարող անել: Կարող ենք վստահ ասել, որ եթե կանանց թույլ տան նստել բանակցությունների սեղանի շուրջը, նրանք փայլուն կերպով հաջողության կհասնեն այնտեղ, որտեղ տղամարդիկ ձախողվել են:

 

Գևորգ Դերձյան. «Ընդամենը  հարգանք ցուցաբերեն միմյանց նկատմամբ»

–          Ամեն մարդ ինքն է իր կյանքի կառավարողը, չեմ էլ կարողանում պատկերացնել, որ ինչ-որ մեկը ցանկանա, որ իր կյանքն ընթանա ճնշման, ծեծի և բռնության ճանապարհով: Հայ տղամարդկանց թվում է, թե կինը միշտ իրենց թելադրանքով պետք է շարժվի… Ցանկալի է մարդիկ հարգանք ցուցաբերեն միմյանց նկատմամբ:

 

 

Նունե Գրիգորյան. «Կինը» և «քաղաքականությունը»  բառերն անհամատեղելի են Հայաստանում:

–          Ինձ համար հավասար կլինեն իրավունքները, եթե ինքս զգամ, որ իմ իրավունքները հարգվում են: Քաղաքագիտության բաժնի ուսանողուհի եմ և հենց առաջին կուրսից զգացել եմ խտրական վերաբերմունք նույն կուրսի հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից: Նույնիսկ մի դասախոս ունեինք, ով ամեն անգամ ասում էր, որ աղջիկները չպետք է սովորեն այս բաժնում: Այսինքն դեռևս կարծրացած մտածելակերպ կա, որ «կինը» և «քաղաքականությունը»  բառերն անհամատեղելի են Հայաստանում: Ամենահետաքրքիրն այն է, որ քաղաքագիտության բաժնում միշտ իգական սեռի ուսանողները գերակշռում են, բայց մեր քաղաքական դաշտում հիմնականում տղամարդիկ են:

 

 

Հրաչ Հովհաննիսյան. «Կարծրատիպը, թե կնոջ տեղը խոհանոցն է,  հիմարություն է»:

–          Հայ տղամարդկանց մեծամասնության մեջ արմատացած այն կարծրատիպը, թե կնոջ տեղը խոհանոցն է, մեղմ ասած, հիմարություն է: Կնոջը խոհանոց գցել ու նրա առջև սահմանափակումներ դնել նույնն է, թե կեսօրին թիթեռ բռնել ու սպանել, այն դեպքում, երբ այն ընդամենը մեկ օր է ապրում: Իմ խորին համոզմամբ` կինը պետք է հնարավորություն ունենա դրսևորել իրեն ցանկացած բնագավառում: Մյուս կողմից բացառված չէ նաև այն, որ կլինեն կանայք, ովքեր կգերադասեն ոչ թե քաղաքականությունը, այլ խոհանոցը: Ամեն պարագայում կնոջը հարկավոր է ազատ թողնել իր ընտրության հարցում և չճնշել, առավել ևս չքննադատել նրա ընտրությունը:

 

Արփի Մանուսյան. «Հավասարությունը ինձ համար ստարտային նույնական հնարավորության առկայությունն է»:

–          Գենդերային հավասարությունը ինձ համար ստարտային նույնական հնարավորության առկայությունն է: Հավասար իրավունքները տանը կարող է դրսեւորվել էգալիտար ընտանիքի ձեւով, որտեղ անդամներից յուրաքանչյուրը ազատ է լինելու այն, ինչ ուզում է, միեւնույն ժամանակ գոյություն ունի խորհրդակցելու, հարցերը միմյանց հետ լուծելու մշակույթ:

Աշխատավայրում եւ քաղաքականության գենդերային հավասարության խնդիրը նույնպես աակտուալ է, մանավանդ մեր տիպի հասարակություններում: Բայց այդ ոլորտներում  որոշիչը պետք է լինի ոչ թե գենդերը, այլ  գիտելիքի, կրթությունը, հմտությունները եւ այլն:

 

Գայանե Ավագյան. «Միթե՞ տան հոգսերը չպետք է հուզեն նաև հորը»

–          Կյանքում, ցանկացած ասպարեզում կինը կարող է և պետք է հնարավորություն ունենա իրեն դրսևորելու: Աշխատավայրում, քաղաքականության մեջ, թե տանը կնոջը պետք է դիտարկեն առաջին հերթին որպես մարդ` մարդուն բնորոշ բոլոր հատկանիշներով` ազատ կամքով, բանականությամբ, հոգով:

Ո՞վ է ասել, որ միայն կնոջ պարտականությունն է մաքրություն անելը, ճաշ եփելը, երեխաներին խնամելը: Տղամարդը պետք է օգնի կնոջը, չէ՞ որ այդ տանն ինքն էլ է ապրում, և որպեսզի այն մաքուր լինի, կարող է կնոջն օգնել տնային որոշ գործերում, չէ՞ որ երեխան նաև իրենն է, նրան դաստիարակելը, խնամելը պետք է հուզեն նաև հորը:

Կամ էլ ո՞վ է ասել` քաղաքականությունը կնոջ գործ չէ, կինը չի կարող կառավարել, օրենքներ ընդունել, երկիր ղեկավարել: Եթե խոր մտածենք, ընտանիքի պահպանումը կառավարման տեսակ է, այնտեղ որոշում ընդունելն էլ, ղեկավարելն էլ, թեև ասում են տղամարդու լիազորությունն է, այնուամենայնիվ չի կարող իրագործվել առանց կնոջ մասնակցության: Նմանապես քաղաքականության մեջ: Կինն էլ քաղաքացի է, ում մտահոգում է իր անկախ երկրի ապագան:

Հետևաբար, ցանկության դեպքում նա էլ պետք է հնարավորություն ունենա ներգրավվելու քաղաքական գործընթացներում: Եվ միայն իր ցանկությունից և ազատ ընտրությունից է կախված` որքանո՚վ նա կօգտվի իր այդ հնարավորությունից:

 

 

Մարինե Մադաթյան. «Նեղությունը հավասարեցրել էր սեռերի դերերը»

–          Անկախության առաջին տարիները մութ են եղել, նաեւ` ցուրտ, այդ պատճառով էլ անկախության սերնդի ծնողները գնացել են փայտ բերելու. այգում հանդիպել են այլ ամուսինների: Մի խոսքով կարծում եմ, որ այդ տարիներին գենդերային հավասարություն է եղել: Նեղությունը հավասարեցրել է սեռերի դերերը. ամուսինը չի հիշել, որ կինը այգուց փայտ բերող չէ, կինն էլ չի հիշեցրել… Հետո պատերազմ է եղել, որոշ կանայք տղամարդկանց հետ զենք են վերցրել, էլի նեղություն, էլի հավասար դերեր: Հիմա անկախությունը իբրեւ թե տարիք է ձեռք բերել, բայց «անկախների» դերերը սխալ են բաժանվել, ամեն դեպքում հավասար չեն: Կինը պետք է չաշխատի, իսկ ինձ համար ավելի մեծ գենդերային անհավասարությունն այն է, որ տղամարդը պետք է անպայման աշխատի, եւ դրանից ծլող լիքը հոգեբանական խնդիրներ…:

 

Լուսինե Սարգսյան. «Կինն ու տղամարդը որոշ առումներով կրկին հավասար չեն կարող լինել»

–          Գենդերային հավասարություն երբեք էլ չի եղել ու կարծում եմ` չի լինի…ընդհանրապես հավասարություն տերմինը չեմ սիրում, քանի որ ինդիվիդուալ մարդիկ հավասար լինել չեն կարող: Իսկ կինն ու տղամարդը որոշ առումներով կրկին հավասար չեն կարող լինել: Իհարկե նրանք կարող են զբաղվել միևնույն սպորտով, վարել բարձրաստիճան պաշտոններ, հագնվել նույնակերպ, սակայն հավասար ու նույնը լինել չեն կարող:

Ինչ վերաբերում է հայ իրականությանը: Կանայք սկսել են մեքենա վարել, որոշակի քաղաքական դիրքում լինել, ունենալ բարձր վարձատրվող աշխատանք, նույնիսկ ընտանիքում ամունուց բարձր: Որաշակիորեն չեն խախտվում նրանք գենդերային իրավունքները: Չեմ ընդունում նաև այն, որ ասում են հավասար են, դե թող կինը գնա շինարարություն անի, իսկ տղամարդը խոհանոցում աշխատի: Իհարկե ամեն ոք կարող է զբաղվել նրանով, ինչ ուզում է, բայց չպետք է գերագնահատել տղամարդուն, թերագնահատել կնոջը կամ հակառակը: Յուրաքանչյուրն իր տեղն է զբաղեցնում հասարակության մեջ:

 

Տիգրան Բունիաթյան. «Հայ տղամարդը դեռեւս  չի հանդուրժում իր կողքին կին առաջնորդի ներկայությունը»

–          Եթե անգամ հայ կինը պատրաստ է ունենալու իր տեղը երկրի ղեկի առաջ, համոզված եմ, որ հայ տղամարդը դեռ չի հասել այն բարձր գիտակցությանը, որ իր կողքին կին առաջնորդի ներկայություն հանդուրժի:

 

Զրուցեց Արման Ղարիբյանը

Դիտումների քանակը` 4303

Վերադառնալ վերև