Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Կարևոր է` նաև տղամարդիկ հասկանան, որ սա միայն կանանց խնդիրը չէ»

Հարցազրույց  «ՎԻՆՆԵՏ Եվրոպա» ցանցի նախագահ  Բրիտ-Մարի Թորսթենսոնի  հետ

Եվրոպայում ամենախոշոր կանանց ռեսուրս կենտրոնների «ՎԻՆՆԵՏ Եվրոպա» ցանցը (WINNET Europe) ներկայացնող պատվիրակությունը մայիսի սկզբին Շվեդիայից Հայաստան էր ժամանել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հրավերով: Այցի նպատակը խիստ գործնական էր՝ տեղում ծանոթանալ 2014-ից իրենց գործընկեր «ՎԻՆՆԵՏ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի գործունեությանը և համագործակցության նոր քարտեզ մշակել: Մեր զրույցը «ՎԻՆՆԵՏ Եվրոպայի» ղեկավար Բրիտ-Մարի Թորնթենսոնի հետ սկսվեց հայաստանյան այցի մասին իր տպավորություններից:

 

«Մեր համագործակցությունը  փոխշահավետ է»…

 

–          «ՎԻՆՆԵՏ-Հայաստան» ցանցի մեջ մտնող կանանց ռեսուրս կենտրոնները, իմ տպավորությամբ, բավականին մեծ աշխատանք ենք կատարել, հատկապես Սյունիքի մարզում: Նրանք կարողացել են համախմբել կանանց և հիմք ստեղծել իրենց միավորող ցանցի զարգացման համար: Այն այսօր դուրս է եկել մեկ մարզի սահմաններից և, ինչպես մեզ ներկայացրեցին մեր այցի ընթացքում, միավորում է արդեն Հայաստանի մի շարք այլ մարզային քաղաքներում գործող կանանց ռեսուրս կենտրոններ: Ինձ համար շատ հետաքրքիր էր լսել Գորիսում կայացած համաժողովում հնչած ելույթները և հասկանալ, որ մեր գործընկերները խորությամբ ըմբռնել են մեր ցանցի գաղափարախոսությունը և յուրացրել համատեղ գործելու մեխանիզմները: Մենք Շվեդիայում տարիներ առաջ նույն ճանապարհով ենք անցել, որով այսօր «ՎԻՆՆԵՏ-Հայաստանն» է գնում: Նշեմ, որ «ՎԻՆՆԵՏ Եվրոպան» այսօր միավորում է Եվրամիության անդամ 28 երկրներից 21-ում գործող կանանց ռեսուրս կենտրոնները: «ՎԻՆՆԵՏ-Հայաստանը» առայժմ միակն է, որ ԵՄ անդամ երկրից չէ: Մեզ համար շատ կարևոր է ընդլայնել ցանցը ԵՄ-ի շրջանակներից դուրս գտնվող երկրների ներգրավմամբ, չէ՞ որ մենք ապրում ենք գլոբալ աշխարհում: Այնպես որ, մեր համագործակցությունը Հայաստանի հետ փոխշահավետ է:

 

–         Ինչպե՞ս սկիզբ առավ ձեր համագործակցությունը:

–         Մեր գործընկերությունը սկսվեց 2010-ին՝ Սյունիքի Կանանց ռեսուրս կենտրոնների անդամների` Շվեդիա կատարած առաջին կրթական այցից, նաև մեր կողմից մշակված «Կանանց ռեսուրս կենտրոնների համար» ձեռնարկի հայերեն թարգմանությունից, որը նրանք կարողացան հաջողությամբ տեղայնացնել Հայաստանում: 2014-ին Սյունիքի Կանանց ռեսուրս կենտրոնների կողմից հիմնադրված «ՎԻՆՆԵՏ-Հայաստան» ցանցը դարձավ եվրոպական ցանցի անդամ: Այսօր մեր հայաստանյան գործընկերները նաև իրենց նորարար մոտեցումներն ունեն: Կանանց համար դասընթացներ են անցկացնում, հնարավորություններ ստեղծում նրանց համար ոչ միայն աշխատանքի շուկայում ինքնադրսևորվելու, այլև տեղական ընտրություններին մասնակցելու: «ՎԻՆՆԵՏ-Հայաստանը» հատուկ աշխատանք է կատարում կանանց այդ ուղղությամբ քաջալերելու, և, որքան մեզ հայտնի է, ձեռքբերումներ ունի կանանց ներկայացվածությունը տեղական իշխանության մեջ բարձրացնելու առումով:

 

«Մեր ցանցի ստեղծումն ինքնին սոցիալական ինովացիա էր»

 

–         Ի՞նչ դեր է խաղում նորարարությունը «ՎԻՆՆԵՏ Եվրոպայի» գործունեության մեջ:

–         Կարծում եմ` կանանց ռեսուրսային կենտրոնների ցանցի ստեղծումն ինքնին սոցիալական ինովացիա էր: Այն հնարավորություն է տալիս միավորելու ջանքերը մեր նպատակներին հասնելու համար, որպեսզի կանայք ու տղամարդիկ ռեսուրսներից հավասար օգտվելու հնարավորություն ունենան, և նրանց ներդումները զարգացման մեջ հավասարապես գնահատվեն:

Ժամանակին 20-րդ դարի սկզբին ունևոր խավի կանայք «Մի կաթիլ կաթ» նախաձեռնությամբ հանդես եկան՝ ուղղված աղքատ ընտանիքների երեխաներին օգնելուն: Հետագայում այն վերածվեց մեծ շարժման, իսկ այժմ այս խնդրով զբաղվում են պետական շատ լուրջ կառույցներ՝ հոգալով երեխայի մասին՝ ծննդատնից մինչև դպրոց և այլն: Այսինքն` ներքևից ծնվում է գաղափար, որը սկսում է զարգանալ և ազդել պետական որոշումների վրա:

Այդպես էլ մենք այսօր փորձում ենք ազդել ոչ միայն հասարակական կարծիքի վրա՝ տարածելով գիտելիքներ և նպաստելով կանանց կյանքի պայմանների բարելավմանը, այլև փոխել քաղաքականությունները տեղային, տարածաշրջանային և դաշնային մակարդակով, հատկապես աշխատանքի շուկայում գենդերային սեգրեգացիայի հաղթահարման ուղղությամբ: Օրինակ` մենք ուսումնասիրություն ենք կատարել, որը պարզել է, որ այն ոլորտները, որտեղ գերակշռում են տղամարդիկ, ստանում են 80% ֆինանսավորում, իսկ այն ոլորտները, որտեղ կանայք են դոմինանտ՝ 20%: Եվ ահա այստեղ է, որ նորարար մոտեցումներ են անհրաժեշտ՝ խնդիրը վերլուծելու, հիմնավորելու և հանրությանը ներկայացնելու համար: Մեր կողմից ստեղծված «Գերազանցության կենտրոնները» միավորում են լավագույն հետազոտողներին, որոնք վերլուծում և ամփոփում են բոլոր ռեսուրս կենտրոնների փորձը և նրանց կողմից ողջ Եվրոպայում արված հետազոտությունների տվյալները, դրանով իսկ գիտական հիմք ստեղծելով այնպիսի ռազմավարությունների մշակման համար, որոնք հաշվի են առնում գենդերային մոտեցումները: Ներկայացնելով դրանք բոլոր շահագրգիռ կառույցներին՝ պետությանը, բիզնեսին, հասարակական կազմակերպություններին, մենք ներազդում ենք տարբեր մակարդակներում զարգացման քաղաքականությունների վրա, նպաստում անհավասարության վերացմանն ուղղված գործողությունների, ծրագրերի իրականացմանը:

 

–         Ավանդական հարցից խուսափել չի ստացվում` որո՞նք են Ձեր գործունեության նախապատվությունները:

–         Ցանցն աշխատում է կանանց ու տղամարդկանց համար աշխատանքային և զարգացման հավասար պայմանների ստեղծման, բյուջեների և հնարավորությունների հավասար բաշխման ուղղությամբ: Մեր նախապատվությունների շրջանակներում են՝ տարածաշրջանային և տեղական մակարդակներում քաղաքականությունների գենդերային ուղղորդումը, աշխատանքային շուկայում գենդերային սեգրեգացիայի հաղթահարման և կանանց հնարավորությունների ընդլայնման խնդիրները: Ստեղծել ենք կանանց հզորացման կենտրոններ, որոնք նպաստում են կանանց ձեռներեցության զարգացմանը, ինչը տնտեսության կայուն զարգացման կարևորագույն նախապայմաններից է: Նաև կարևորում ենք կանանց առաջխաղացման համար թվային նոր տեխնոլոգիաների, նորարարությունների դերը: Ուսումնասիրություն ենք կատարել հայտնաբերելու կին նորարարների, ովքեր շատ պրակտիկ ինովացիաներ են արել, գործնական կիրառություն ունեցող սարքեր են ստեղծել: Օրինակ` հենաշարժական խնդիր ունեցող մարդկանց համար ապարատը, որը կարելի է ծալել և որպես նստարան օգտագործել, կնոջ կողմից է ստեղծվել, սակայն այդ մասին քչերը գիտեին: Մենք փորձում ենք նաև տեսանելի դարձնել նորարար կանանց մեր ցանցի միջոցով:

Մեր հատուկ ուշադրության կենտրոնում է հատկապես գյուղական համայնքների զարգացումը և տարածաշրջանների հետ սերտ համագործակցությունը: Ըստ էության, ցանցի հիմնական նպատակը   համագործակցության եզրեր գտնելն է, լինի դա տեղական, տարածաշրջանային և դաշնային մակարդակով կամ քաղաքացիական հասարակության տարբեր կառույցների միջև՝ մեդիա, քաղաքական և հասարակական կազմակերպություններ, բիզնես: Նաև քաղաքականության վրա ազդեցություն ունեցող ուսումնասիրությունների իրականացում, ինչը ենթադրում է ուսումնասիրողների հետ համագործակցություն: Առանց թվերի և փաստերի դժվար է առաջ տանել խնդիրը խորհրդարանում կամ համոզել կառավարությանը: Երբ քաղաաքական գործիչները լսում են խնդիրները՝ առանց հիմքի, ապա մոտեցումն էլ այլ է լինում: Օրինակ` աշխատաշուկայում կանանց եկամուտների սեգրեգացիայի լուրջ խնդիր կա, գիտական հետազոտությունների կենտրոն ունենք, որը ուսումնասիրություններ է կատարում այդ ուղղությամբ:

Կամ, ասենք, եթե ուղղակի խոսվում է, որ գենդերային հավասարությունը իր հետ բերում է տնտեսական աճ, և դրանից շահում է ողջ տնտեսությունը, քաղաքական գործիչներից շատերը կարող են թերահավատորեն մոտենալ այս խնդրին: Մինչդեռ կոնկրետ թվերով կարելի է հեշտորեն ապացուցել այդ փաստը: Ասենք` Իտալիայի աշխատաշուկայում կանանց 48%-ն է ներկայացված, ու եթե այդ թիվը հասնի 50 տոկոսի, ապա հաշվարկները ցույց են տալիս, որ երկրի ՀՆԱ-ն կաճի 3%-ով: Շվեդիայում կանանց զբաղվածությունը 78% է, և նպատակ է դրվել այդ թիվը հասցնել է 80%-ի, իսկ ԵՄ-ն խնդիր ունի աշխատող կանանց թիվը 75%-ի հասնել:

 

«Առանց կանանց կազմակերպությունների գենդերային հավասարությունը կմնա թղթի վրա»

 

 

–         Կառավարության հետ համագործակցության մասին ի՞նչ կասեք: Համարվում է, որ Շվեդիան այս հարցերում օրինակելի երկրների շարքում է…

–         Արդեն նշեցի, որ անհրաժեշտ է բազմակողմանի համագործակցություն՝ պետություն, բիզնես կառույցներ, միջազգային և տեղական կազմակերպություններ: Գենդերային ուղղորդում է պետք, ջանքեր է պետք ներդնել, վիճակագրական տվյալներ վերլուծել, որպեսզի ինչ-որ մեկը վերևում չորոշի ինչ-որ բան, որը կխորացնի անհավասարությունը:

Նույնիսկ ուժեղ քաղաքական կամքի առկայության դեպքում, երբ գալիս է պահը իրագործելու այն ամենը, ինչ գրված է, պետական կառույցներն այլ ուժերի ներգրավման անհրաժեշտություն են զգում: Իրականում առանց կանանց կազմակերպությունների ջանքերի գենդերային հավասարությանն ուղղված նախագծերը կարող են մնալ թղթի վրա: Մենք այսօր կատարում ենք ուսումնասիրություններ, հարցումներ, որոնց արդյունքները շատ դեպքերում անհրաժեշտ է նույն կառավարությանը: Ունենք հզոր կանանց լոբբի, որի աջակցությամբ կանանց հարցերն ենք բարձրացնում:

Կառավարությունն էլ իր կողմից նույնպես պետք է աջակցի կանանց կազմակերպություններին: Շատ կարևոր է, որ ռեսուրս կենտրոնները իրենց աշխատանքով հասնեն այն բանին, որ պետական քաղաքականության մաս կազմեն, այսպիսով նաև նրանց ֆինանսավորման խնդիրն է լուծվում: 2012-ից մեր կազմակերպությունը տարածաշրջանային զարգացման քաղաքականության մասն է կազմում և իր ազդեցությունն ունի գենդերային քաղաքանության վրա: Երկարատև ֆինանսավորման հնարավորություն ստացանք՝ տարեկան 3,3 մլն եվրո, համաֆինանսավորվում ենք նաև ԵՄ ծրագրերի կողմից:

 

–         Իսկ եթե այդ գումարները չլինեի՞ն:

–         Կաշխատեինք, ինչպես նախկինում: Մինչ այս ֆինանսավորումը մենք աշխատում էինք՝ ստանալով համաֆինանսավորում քաղաքապետարաններից, ծրագրային գումարներ էինք ստանում, ինչպես նաև կամավորական աշխատանք կատարում: «ՎԻՆՆԵՏ»-ը ոչ պետական, շահույթ չհետապնդող, ոչ քաղաքական ուղղություն ունեցող կազմակերպություն է: Մեր փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ փոքրիկ, նվազագույն ֆինանսավորմամբ հնարավոր է ստեղծել ռեսուրս կենտրոններ և ունենալ հաջողված օրինակներ:

Սակայն սա միայն տարբերակներ են, մինչդեռ մեր գերխնդիրն էր, որ գենդերային հավասարությունը պետական քաղաքականության մաս կազմեր: Մեր ջանքերի շնորհիվ այսօր մեր ծրագիրն ունի ֆինանսավորում և՛ պետության, և՛ խորհրդարանի կողմից: Շվեդիայի ՎԻՆՆԵՏ-ի կազմում 59 անդամ կազմակերպություններ են ընդգրկված: Ստեղծվել են և՛ տարածաշրջանային, և՛ տեղական կանանց ռեսուրս կենտրոններ: Մոտ 8 հազար մարդ է ներգրավված աշխատանքներում: Գումարները կանանց ռեսուրս կենտրոններին հնարավորություն են ընձեռում իրականացնելու իրենց առաքելությունը՝ կանանց տնտեսական ներգրավվածությունն ընդլայնելու, նոր աշխատատեղեր ստեղծելու, աշխատաշուկայում կանանց ազդեցությունը մեծացնելու և ընդհանրապես կանանց և տղամարդկանց համար տնտեսական հավասար հնարավորություններ ապահովելու ուղղությամբ: Օրինակ` վերջին 15 տարիների ընթացքում կանանց ձեռնարկատիրությունը 27 տոկոսից աճել է 33 տոկոսի: Իհարկե, սա միայն մեր աշխատանքի արդյունքը չէ, սակայն մենք էլ մեծ ներդրում ենք ունեցել այս փոփոխության ապահովման գործում: Տարիներով զբաղվել ենք այդ խնդրով, տարբեր ծրագրեր իրականացրել կանանց ձեռներեցությունը զարգացնելու համար, ընդ որում, բոլոր ցանկացողների համար և շատ ճկուն՝ կանայք կարող էին մասնակցել ամբողջ օրով, կես օրով կամ երբ ցանկանային՝ երեկոյան, հանգստյան օրերին:

–         Որքանո՞վ է Ձեր փորձն ուսանելի այլ երկրների համար:

–         Անշուշտ, փորձը երկրից երկիր տարբերվում է, բայց կարևոր է, որ ակտիվ կանայք քաղաքացիական հասարակության ակտիվ մաս կազմեն, որ իրենց խոսքն ունենան որոշումների ընդունման մակարդակում ու մասնակից լինեն ռազմավարությունների մշակման գործընթացներին: Որպես քաղաքացիական հասարակություն` մենք պետք է հասկանանք` որո՞նք են գենդերային հավասարության հեռանկարները և ինչպե՞ս հասնել դրան:

Մենք այս երկար տարիների ընթացքում աշխատում էինք, որ նաև տղամարդիկ հասկանան, որ սա միայն կանանց խնդիրը չէ, որ սա պետության զարգացման համար է կարևոր, և քայլեր ձեռնարկեն գենդերային հավասարությանը հասնելու ուղղությամբ: Ի դեպ, մենք լոբբինգի ժամանակ ներգրավում ենք և՛ կանանց, և՛ տղամարդկանց: Եթե խորհրդարանում կանայք շատ են, ապա գենդերային հավասարությանը վերաբերող խնդիրների քննարկման ավելի շատ հնարավորություն է տրվում թե՛ խորհրդարանում և թե՛ կուսակցությունների ներսում, ինչն էլ օգնում է, որ տղամարդիկ նույնպես քաջատեղյակ լինեն խնդրին: Եվ շատ դեպքերում այս հարցերում կարևոր է ոչ այնքան խորհրդարանում բարձր դիրք զբաղեցնող կանանց աջակցությունը, որքան, օրինակ, այն տղամարդկանց, ովքեր հասկանում են, որ հավասար ներդրումը կարող է բերել բարգավաճման ու զարգացման:

 

Զրուցեց՝ Թամարա Հովնաթանյանը

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Հնարավորություններ կանանց համար»՝ այս կարգախոսն է կյանքի կոչում «ՎԻՆՆԵՏ Հայաստան»-ը

 

100 աշխատատեղի հնարավորություն կանանց համար

 

 «ՎԻՆՆԵՏ Եվրոպայի»  պատվիրակությունը Գորիսում / վիդեո

 

Նոր հնարավորություններ՝ Սյունիքի կին գործարարների համար/ վիդեո

 

Ռուզաննա Տոռոզյան. « Կարևոր է նախ ուժեղացնել կանանց դիրքերը տնտեսական ոլորտում»…

 

«Goris Crochet» ձեռագործ հուշանվերները աշխարհի տարբեր երկրներում են սպառվում

 

Դիտումների քանակը` 3719

Վերադառնալ վերև