Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Կնասպանությունը Հայաստանում. լուռ համաճարակ». զեկույց

Հայաստանում վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 30 կին է սպանվել իրենց զուգընկերների և ընտանիքի անդամների կողմից ։ Ընդ որում, սրանք միայն հանրայնացված և կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից գրանցված դեպքերն են։ Կնասպանությունների 63%-ն կատարվել  է գյուղական բնակավայրերում, իսկ 37%-ը՝ քաղաքային։

 

Այս տվյալներն է  արձանագրում «Կնասպանությունը Հայաստանում. լուռ համաճարակ»  զեկույցը, որը   հրապարակվել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կողմից:  Զեկույցում մանրամասնորեն ներկայացվում են 2010-2015 թթ. կոալիցիայի անդամ կազմակերպությունների կողմից գրանցված 30 հայտնի դեպքերից 28-ը, և հիշատակվում են որոշ  չգրանցված դեպքեր, որոնք կամ ընդհանրապես չեն դասակարգվել, կամ էլ որակվել են որպես «ինքնասպանություն»:

 

2010 թ.-ից ի վեր կնասպանության մեջ մեղադրվողների ճնշող մեծամասնությունը դեռևս չեն դատապարտվել կամ ազատազրկվել, փաստում են  զեկույցի հեղինակները: Դատապարտված հանցագործությունների թիվն ընդամենը 4-ն է  , հանցագործների ազատազրկման միջին ժամկետը 9 տարի է: 16 դեպքերում սկսվել է հետաքննություն եվ հարուցվել է քրեական գործ, բայց դատավճիտ դեռ չկա:

 

Կանանց սպանությունների բոլոր դեպքերում երեխաներ են տուժել,  որոնք մնացել են  առանց մայրական խնամքի:  Ընդ որում,  7 ԵՐԵԽԱ իր մոր սպանության ականատեսն է եղել, նրանցից երեքը հարձակման արդյունքում վնասվածքներ է ստացել:

 

Զեկույցում օգտագործվում է կնասպանություն ( ֆեմիցիդ) եզրույթը՝ գենդերային տեսանկյունից չեզոք մարդասպանություն եզրույթի փոխարեն, քանի որ վերջինս անտեսում է անհավասարության ու ճնշումների այն յուրահատուկ արգելքները, որոնց բախվում են կանայք:

 

Չնայած ՄԱԿ-ի սահմանած  ֆեմիցիդ (կնասպանություն) եզրույթի շրջանակը ընդգրկում է կանանց նկատմամբ բռնության այլ տեսակները ևս, այդ թվում` սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը, սակայն այս զեկույցի դիտակետում միայն ընտանեկան սպանություններն են: Հայաստանում ընտանեկան սպանությունները մեծապես իրականացնում են տղամարդիկ, և միայն հազվադեպ են կանայք սպանում զուգընկերներին` այն էլ հաճախ ինքնապաշտպանության նկատառումներից, ինչը,  զեկույցի հեղինակների կարծիքով,  արդարացնում է  ֆեմիցիդ (կնասպանություն)  եզրի օգտագործումը:

 

Զեկույցի շրջանակներում ներկայացվել են նաև այն հիմնական պատճառները, որոնց հետևանքով  Հայաստանում մահվան ելքով ընտանեկան բռնության դեպքերը շարունակական բնույթ են կրում։ Զեկույցի հիմնական   եզրահանգումն այն է, որ իշխանությունները ակամա  նպաստում են կանանց դեմ բռնությունների աճին, քանի որ  «մինչ օրս չկա ընտանեկան բռնությունը կարգավորող օրենսդրություն, և այդ իրավիճակի պահպանումը շարունակում է խոչընդոտել կանանց՝ օգտվելու իրենց անվտանգության ու պաշտպանված լինելու մարդու հիմնարար  իրավունքներից»:

 

Շատ դեպքերում կանայք մինչև սպանությունը մի քանի անգամ դիմել են Ոստիկանություն՝ ամուսինների կողմից ֆիզիկական և հոգեկան բռնության ենթարկվելու գանգատով, սակայն ոչ մի օգնություն չեն ստացել։ Մահվան սպառնալիքներն ու այլ նախազգուշական նշանները անտեսվել են, քանի որ պետական մարմինների ներկայացուցիչները չունեն համապատասխան գիտելիքներ ու հմտություններ կամ չեն ցանկանում պատշաճ գնահատել ռիսկերը, նշում են զեկույցի հեղինակները։

 

Զեկույցի հեղինակները  նշում են  նաև , որ  շատ դեպքերում կանանց դեմ բռնություններին նպաստում են նաև ԶԼՄ-ները. «ամենահայտնի հեռուստատեսային ծրագրերից շատերը, ամրապնդում են կանանց ստորադասող և հայրիշխանական նորմերը՝ տարածելով բռնության ու ճնշումների միջոցով կանանց վերահսկելու գաղափարը»: Զեկույցի հեղինակների կարծիքով,  ԶԼՄ-ներն ու հասարակությունը չեն կարևորում կնասպանության դեպքերը: Դրանք հաճախ ներկայացվում են որպես բացառություններ կամ ընտանեկան ողբերգություններ և ոչ երբեք՝ որպես գենդերային գերիշխանության համակարգի արդյունք: Վատագույն դեպքում, ԶԼՄ-ները ստանձնում են զոհին մեղադրողի դերը:

 

«Հաճախ վկայակոչվում է տղամարդու՝ սեփական զգացմունքները վերահսկելու անկարողությունը, ինչը հանգեցնում է զուգընկերոջ հանդեպ բռնության օրինականացմանը: Կնասպանության վերաբերյալ հրապարակումներում կնոջ սպանությունը վերագրվում է «կրքից դրդված հանցագործություններին», «խանդին» կամ պայմանավորում թմրանյութերի ու ալկոհոլի օգտագործմամբ՝ ամբողջովին անտեսելով այն իրողությունը, որ բռնությունները բխում են տղամարդկանց իշխանության և վերահսկողության, ինչպես նաև կանանց՝ հարաբերական արժեք ունենալու վերաբերյալ վնասարար հայրիշխանական հայացքների ակունքներից», – նշվում է զեկույցում:

 

Զեկույցի հեղինակների թիվ մեկ  առաջարկը վերաբերում է  ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքի  կենսական անհրաժեշտությանը, որը նաև  հասարակության առողջացման և բռնությունը կանխարգելող  միջոց է հանդիսանում։

 

Զեկույցն ամբողջությամբ այստեղ

 

Դիտեք նաեւ զեկույցի ներկայացումը Մեդիա Կենտրոնում 

Բանախոսներն են ՝ «Կանանց աջակցման կենտրոնի» ներկայացուցիչ, հետազոտության հեղինակ Անի Ճիլոզեանը, Կանանց իրավունքների կենտրոնի իրավաբան Էլինա Դանիելյանը,  Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգող Զառա Հովհաննիսյանը 

 

 

Դիտումների քանակը` 1625

Վերադառնալ վերև