Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Կուզեմ, որ այս գիտելքիների կիրառման անհրաժեշտություն երբեք չլինի»…

1988թ. դեկտեմբերի 7-ին ժամը 11:41-ին Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից:  Հզոր ստորերկրյա ցնցումները կես րոպեի ընթացքում ավերեցին հանրապետության հյուսիսային մասը`1 մլն բնակչությամբ: Երկրաշարժի էպիկենտրոնում` Սպիտակում, ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել էր 10 բալ (12 բալանոց սանդղակում): Ավերվեց  21 քաղաք և ավան, 324 գյուղ, ոչնչացավ 1.8 մլն քմ բնակելի մակերես: Պաշտոնական տվյալներով` երկրաշարժը 25 հազ. մարդկանց  կյանք խլեց,  19 հազարը դարձան  հաշմանդամ, 530 000 բնակիչ անօթևան  մնացին…

 

Մասնագետները պնդում են, որ զոհերի թիվը կարող էր շատ ավելի քիչ լինել: Նախ,   եթե սեյսմիկ ռիսկերը գնահատված լինեին ոչ թե առավելագույնը 7, այլ՝ 9 բալ և ավելի, եթե շենքերի կառուցման ժամանակ  թերացումներ չլիներին, եթե փրկարարական աշխատանքների կազմակերպման փորձ ունենայինք … Եթե-ների շարքը անվերջանալի է և դրանց թվում է  նաև խուճապը, մարդկանց բացարձակ անիրազեկությունը, որը թույլ չտվեց շատերին ճիշտ կողմնորոշվել վտանգի պահին…

 

 

Այսօր փորձում ենք դասեր քաղել 25 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունից: Ունենք  Արտակարգ իրավիճակների նախարարություն, ստեղծվել է աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ և հիմնադրամ, միջազգային և տեղական կազմակերպությունների միասնական ջանքերով իրականացվում են աղետների կանխարգելմանը  և դրանց հետևանքների վերացմանն ուղղված  տարբեր ծրագրեր, այդ թվում  բնակչության պատրաստվածությունն ու  իրազեկությունը  բարձրացնելու  վերաբերյալ:

 

 

Օրինակ,  Եվրոպական հանձնաժողովի Մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության «Աջակցություն աղետների նկատմամբ համայնքների դիմակայությանը Հարավային Կովկասում» (DIPECHO)  ծրագրում Հայստանի  պետական կառույցների հետ մեկտեղ  ներգրավված են  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմը (ԱՌՆԱՊ), ՕՔՍՖԱՄ և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպությունները: Ի դեպ,   այս ծրագիրը նաև  գենդերային բաղադրիչ  ունի, քանի որ  աղետներին դիմակայելու , փրկարար աշխատանքները  կազմակերպելու հարցում  անհրաժեշտ է  հաշվի առնել  կանանց ու տղամարդկանց  հատուկ կարիքները:   Ուսումնասիրությունները ևս ցույց են տալիս, որ կանանց դերակատարությունն ապահով համայնքներ ստեղծելու գործում շատ կարևոր է:

 

Օքսֆամի հայաստանյան գրասենյակը   «Ապավեն համայնքներին» հասարակական կազմակերպության հետ միասին  արդեն երեք տարի է ինչ  աշխատանքներ են տանում   Վայոց Ձորի 10 համայնքներում բնակչության իրազեկման,  համայնքային կառույցների պատրաստվածության ,  արտակարգ  իրավիճակներին  արագ արձագանքելու  ունակությունների զարգացման ուղղությամբ : Ի դեպ, նման գիտելիքներն ու ունակությունները միայն  երկրաշարժերի ժամանակ չէ, որ պետք են գալիս:

 

Այս նպատակներին էր ծառայում  նաև “Ուժեղ երկրաշարժի դեպքում փրկարարական աշխատանքերի իրականացում”  դեկտեմբերի 6-ին  մարզում կազմակերպված հերթական  հանրային միջոցառումը :

 

 

Վայոց Ձորի մարզի Արփի գյուղում ուսումնավարժանքներին  մասնակցում էին  Օքսֆամի և  «Ապավեն համայնքներին» ՀԿ-ի  կողմից  իրականացրած տարբեր ծրագրերի կամավորներ:

 

–          Արփի համայնքը «Աղետների և ռիսկերի նվազեցման»  ծրագրի շահառու վայրերից է, որտեղ  շատ հաճախակի ենք հանդիպում աղետավտանգ իրավիճակների, հատկապես սողանքների, – ասաց  «Աղետների և ռիսկերի նվազեցման»  ծրագրի պատասխանատու Զարուհի Տոնոյանը: – Մենք առանձնակի ուշադրություն ենք հատկացնում հատկապես դպրոցահասակների խոցելիությունը  աղետների դեպքում  նվազեցնելու խնդրին ,  հենց նրանք են մեր  թիրախային խումբը:

 

 

Իսկ ահա կամավորներից մեկը նկատեց.

 

–          Իմ կարծիքով շատ լավ կլիներ, որ միջոցառմանը մասնակցեին նաև պետական գործիչներ՝ մարզպետեր, քաղաքապետեր, համայնքապետեր, քանի որ երբ վրա է հասնում աղետը, բոլորն էլ իրենց աթոռները պետք է թողնեն և շտապեն օգնության: Ժամանակն էլ կարծում եմ խնդիր չէր այս դեպքում, քանի որ շաբաթվա վերջին աշխատանքային օրն է և մի քանի ժամ այս նպատակով աշխատանք իրականացնելը ոչ միայն չէր խանգարի նրանց, այլ նաև դրական արդյուքն կունենար: Մնացած ամեն ինչ շատ լավ էր: Արդեն երեք տարի է մասնակցում եմ այս միջոցառումներին և միշտ էլ համախմբվածությամբ հիացած եմ գնում  այստեղից:

 

Նշենք, որ  միջոցառմանը մասնակցելու էր եկել Արենիի գյուղապետը , ով  համաձայնեց կամավորի այն խոսքի հետ, որ պետք է պետական մարմինները ևս մակտիվորեն մասնակցեն ուսումնավարժանքներին, որովհետև ոչ ոք իսկապես չգիտի , թե վաղն ինչ կարող է լինել:

 

–          Ես ուղղակի շնորհակալություն եմ հայտնում բոլոր փրկարարներին, կամավորներին  այս վարժանքներին մասնակցելու համար,  բայց կուզենամ, որ  երբեք  այս գիտելիքների կիրառման  կարիքը չլինի,- ասաց Արենիի համայնքապետ Ժիրայր Եղյանը:

«Ապավեն համայնքներին» ՀԿ-ի  ներկայացուցիչ  Կարինե Մովսիսյաննն էլ  մտահոգություն հայտնեց, որ  տղամարդկանցից շատերը,   ովքեր արդեն տիրապետում են այս գիտելիքներին, արտագնա աշխատանքի հետևանքով հեռանում են, դրանով իսկ   վտանգն  ավելի է մեծանում: Նա նաև ավելացրեց, որ պետք է նոր մարդկանց ներգրավել, ավելի լուրջ թրենինգներ իրականացնել և նոր մասնակիցների գիտելիքներն ավելի խորացնել:

 

–          Ինձ համար ամենակարևորն այն էր, որ ընդգրկված կամավորներն  ակտիվորեն մասնակցեցին  ուսումնավարժանքներին, – ասաց Օքսֆամի հայաստանյան գրասենյակի հանրային կապերի և քարոզարշավների պատասխանատու Քրիստինե Հովհաննիսյանը: – Իմ կարծիքով միջոցառումը հասավ իր նպատակին, քանի որ կարողացանք միահամուռ ուժերով իրազեկել մարդկանց  և ունենալ այն միասնականությունը, ոին  և ձգտում էինք:

 

Միջոցառման ավարտին մասնակիցները կես կատակ կես լուրջ դրական էին գնահատում այն փաստը, որ այս անգամ Շտապ օգնությունը ճիշտ ժամանակին հասավ և «զոհեր»  չեղան…

Պայծառ Հակոբյան

 

 

Դիտումների քանակը` 3008

Վերադառնալ վերև