Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Կուսակցությունն ինքն է բացառել իր հետ ճանապարհ գնալու հանգամանքը»…

ՕԵԿ նախկին խոսնակը  ինքնաբացարկ ներկայացրեց:

 

Ուղիղ մեկ ամիս առաջ՝ «Օրինաց երկրի»  համամասնական  ցուցակի հրապարակումից անմիջապես հետո Սուսաննա Աբրահամյանը, որը շուրջ վեց տարի զբաղեցրել էր կուսակցության  մամլո խոսնակի պաշտոնը, հրաժարական տվեց և հայտարարեց, որ այդ քայլին դիմում է, քանի որ կուսակցության իմիջը բարձր պահելու իր ջանքերն ըստ արժանվույն չեն գնահատվել։ Հիշեցնենք, որ նրան  առաջադրել էին  ՕԵԿ  ցուցակի 36-րդ հորիզոնականում:  

 

Թեև կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը շտապեց հավաստիացնել լրագրողներին, որ  Սուսաննա Աբրահամյանը չի պատրաստվում հեռանալ ՕԵԿ-ից և պարզապես վայր է դրել մամուլի խոսնակի լիազորությունները, վերջինս ,այնուամենայնիվ,  «Օրինաց երկրից»  դուրս գալու դիմում ներկայացրեց, իսկ այսօր նաև ինքնաբացարկ հայտարարեց ՕԵԿ-ի համամասնական ցուցակից: Նշենք, որ վերջին ամսվա  ընթացքում ինքնաբացարկի են դիմել ՕԵԿ  ցուցակում ընդգրկված արդեն վեց կին:

 

Այսօր, երբ  վերջակետն արդեն դրված է, Սուսաննա Աբրահամյանը համաձայնվեց  պարզաբանել WomenNet.am -ի  համար  իր կատարած քայլի  իրական  դրդապատճառները:

 

– Բազմիցս ասել  եմ զանգվածային լրատվամիջոցներին, որ ոչ թե նեղացած կեցվածք եմ ընդունել, քանի որ վաղուց եմ դուրս եկել այդ տարիքից, այլ երևույթը գնահատել եմ պրոֆեսիոնալ տեսանկյունից:  Մեր երկիրը ձեռնամուխ  է  եղել քաղաքացիական հասարակության  և ժողովրդավարական պետության կերտմանն ուղղված աննախադեպ բարեփոխումներին,  ինչում ինչպես հայտնի է,  իր վճռորոշ դերն ունի հանրային իրազեկումն ու լրատվությունը: Այս առումով, իշխանության ամենաներկայացուցչական թևի` Ազգային Ժողովի ձևավորման պահին  ես՝ լինելով  ՕԵԿ մամուլի խոսնակ,  պարզապես չէի կարող հանդուրժել  նախընտրական ցուցակի 36 –րդ հորիզոնականում  իմ հայտնվելը:  Ավելին, ցուցակի կազմման ընթացքում չի կիրառվել ժողովրդավարության սկզբունքը , քանզի չի կարող ժողովրդավար գնահատվել ցանկացած որոշման  միանձնյա  կայացումը: Կուսակցության քաղխորհուրդը և համամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները նախապես պետք է իմանան, թե իրենք ցուցակի որ հատվածում պետք է ընդգրկված լինեն և տան իրենց համաձայնությունը, որպեսզի այսօր ստեղծված իրավիճակը չլինի, քանի որ մի քանի կանայք արդեն իսկ ինքնաբացարկ են հայտարարել :

 

 Ձեր կարծիքով ինչի՞ մասին է խոսում ՕԵԿ համամսնական ցուցակում ընդգրկված արդեն վեց  կանանց ինքնաբացարկի փաստը , գուցե կանանց հետ կապված ինչինչ խնդիրներ կա՞ն ՕԵԿում:

– Կարծում եմ ոչ, քանզի ՕԵԿ-ը մշտապես կարևորել է կնոջ դերակատարումը հասարակական – քաղաքական ակտիվ գործընթացներում և բազմիցս տարբեր ամբիոններից բարձրաձայնել կանանց հիմնախնդիրների և գենդերային իրավահավասարությունների մասին, ինչի ապացույցը թերևս կուսակցությունում կանանց մեծամասնության առկայությունն է: Այլ հարց է, որ կուսակցության համամասնական ցուցակի պարագայում խոսքը գործնականից էականորեն տարբերվեց: Ինչ վերաբերում է  կանանց ինքնաբացարկի փաստին, ես կոռեկտ չեմ համարում գնահատական տալ, առավելևս,   մեկնաբանել այն քայլերը,  որոնց մասին տեղեկություն չունեմ, կարծում եմ Ձեր հարցը պետք է հասցեական լինի և ամեն մարդ ինքն է պատասխանատու սեփական քայլերի համար: Բնականաբար,  ընտրությունների նախաշեմին միշտ էլ առկա են նախընտրական կրքեր, հիասափություններ… Ես կարող եմ խոսել միայն իմ փոխարեն: Իմ լիազորությունների վայր դնելը միանշանակ պայմանավորված էր այն հանգամանքով, որ ոչ թե չի գնահատվել Սուսաննա Աբրահամյան անձը, այլ  չի կարևորվել, չի արժևորվել մամլո խոսնակի դերը, այն ինստիտուտը, որի պրոֆեսիոնալ ներկայացման շնորհիվ է հնարավոր «Օրինաց երկիր» կուսակցության գաղափարախոսությունն ու ծրագրերը հասանելի դարձել հանրությանը: Առավելևս, երբ այդ ամենը արվել է մեծ նվիրվածությամբ և հավատով:

Այս առումով,  կուսակցությունն ինքն է բացառել իր հետ ճանապարհ գնալու հանգամանքը: Քայլերի հերթականությունը հուշում է, որ, այո , միանգամայն տրամաբանական էին  ինքնաբացարկը և կուսակցությունից դուրս գալը:

 

Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա գործունեությունը: Կշարունակե՞ք մնալ քաղաքական դաշտում:

-Ընդհանրապես ես ակտիվ մարդ եմ և այսօր էլ չեմ պատրաստվում ակտիվ քաղաքականությունից կտրվել: Տասնվեց տարի եղել եմ հեռուստաժուռնալիստիկայի ասպարեզում և վեց տարի քաղաքականության մեջ, այսինքն  մշտապես լինելով մեր երկրում տեղի ունեցող քաղաքական անցուդարձի կիզակետում, որոշակի ներդրում ունեմ այդ դաշտի լրատվական կոմպոնենտը ձևավորելու հարցում: Ճիշտ է ,առայժմ, ես ակտիվ քաղաքական գործընթացին չեմ մասնակցում, բայց ընտրությունները կավարտվեն, և կփորձեմ ինձ համար հստակեցնել իմ հետագա անելիքները: Պետք է ասեմ, որ կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում, դեռևս 2003 թվականին, հիմնադրել եմ  «Կնոջ իրավունք» հկ-ն և որոշել եմ կրկին այն կյանքի կոչել` առավել ակտիվորեն ներգրավվելով հասարակական- քաղաքական կյանքին: Ասեմ որ, պատրաստ եմ համագործակցել հասարակական- քաղաքական ցանկացած ուժի հետ, որը կիրականացնի ազգանպաստ գործունեություն:  Ի դեպ, եթե ես այսօր չունեցա այն քաղաքական հենարանը, որը պետք է ունենայի, բայց ստացա աջակցություն` ի դեմս իմ կոլեգաների և զանգվածային լրատվամիջոցների, որոնք միանշանակ կանգնած են իմ թիկունքին: Սա մեծ հպարտությամբ եմ նշում…

Զրուցեց` Մարիաննա Ղահրամանյանը

 

 

Դիտումների քանակը` 3543

Վերադառնալ վերև