Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Հայ մայրեր»-ը փոխում են գլխուղեղային վնասվածքով մանուկների ճակատագրերը

 

Նարինե Մանուկյանի երկրորդ որդին ծնվել է գլխուղեղային վնասվածքով: Փոքրիկին բուժելու նպատակով մայրը բազմաթիվ բժիշկների է դիմել ոչ միայն Երևանում, այլև  Փարիզում, զրուցել լավագույն մասնագետների հետ: ֆրանսիայում նրան հավաստիացրել են, որ նման խնդիրներ ունեցող երեխաները կարող են վերականգնվել. դրա համար հարկավոր է երկարատև բուժում, թերապիա և վարժություններ: Արդյունքում հաշմանդամություն ունեցող երեխաները կարող են անգամ դպրոց հաճախել և նորմալ կյանք վարել: Միայն թե վերականգնողական կուրսերը պետք է անցկացվեն առանց ընդմիջման:

 

 

«Հայտնի է, որ երեխայի մտավոր ունակությունների զարգացումը փոխկապակցված է մկանային շարժումների հետ, այսինքն, եթե երեխան ամեն օր վարժություններ չանի, ապա ֆիզիկականին զուգահեռ նրա մոտ մտավոր թերաճ էլ կնկատվի»,- ֆրանսիացի նյարդաբանների խոսքերն է մեջբերում Նարինեն` հավելելով, որ ի տարբերություն Եվրոպայի, որտեղ պետությունը ոչ միայն ամբողջ տարվա բուժման ծախսերն է հոգում, այլև տրամադրում գույք և դայակ, մեր պետությունը պետպատվերի շրջանակում տրամադրում է ընդամենը երկամսյա բուժում` մեկ ամիս գարնանը, մեկ ամիս աշնանը:

 

 

«Երբ երեխան մեկ ամիս բուժում է ստանում, հետո վերադառնում տուն, գոնե շաբաթական երկու անգամ մասնագետը պետք է նրա հետ աշխատի, որպեսզի արդյունքն պահպանվի : Այս պարագայում ստացվում է, որ պետությունն օգնում է, բայց այդ օգնությունը դառնում է անիմաստ, որովհետև երեխայի մոտ առաջընթաց չի նկատվում»,- ասում է Նարինեն` հավելելով, որ Ֆրանիսայից վերադառնալուց հետո որոշեց իր ունեցած ինֆորմացիան տրամադրել նման խնդրի առաջ կանգնած բոլոր մայրերին: Նրա խոսքով, շատ ժամանակ հենց ինֆորմացիայի պակասն է խանգարում  մայրերին երեխայի բուժումը ճիշտ կազմակերպել:

 

 

Դրա հետ մեկտեղ  նա բախվեց այն դաժան իրականությանը, երբ առավել աղքատ ընտանիքների ծնողները չեն կարողանում գլխուղեղային վնասվածքով ծնված իրենց փոքրիկներին անհրաժեշտ օգնություն տրամադրել.  զուտ ֆինանսական  պատճառով:

 

 

«Բարեբախտաբար ես ունեմ ֆինանսական հնարավորություններ և կարող եմ իմ երեխայի համար ստեղծել լավագույն պայմաններ, սակայն կան բազմաթիվ մայրեր, ովքեր այդ հնարավորությունը չունեն: Ցավոք սրտի, շատ մեծ տոկոս են կազմում հատուկ դպրոցներում կամ մանկատներում գլխուղեղային կաթված ստացած երեխաների թիվը: Բազմաթիվ ծնողներ չկարողանալով երեխային պահել, դիմում են ամենասարսափելի քայլին` հրաժարվում նրանցից»,- ասում է Նարինեն` պատմելով, որ դաշտն ու խնդիրներն ուսումնասիրելուց հետո որոշեց հիմնել  հասարակական բարեգործական կազմակերպություն, որի  միջոցով  ոչ միայն խնդիրն է  ներկայացնում հանրությանը, այլ   փորձում գլխուղեղային վնասվածքով հիվանդ երեխաների բուժթերապիայի համար գումար հայթայթել:

 

Նարինեի խոսքով` 2012-ի դեկտեմբերից գործող «Հայ մայրեր»  կազմակերպության գերխնդիրն այն է, որ սայլակների թիվը տարիներ անց պակասի: «Թող մի փոքր էլ վատ քայլեն, տգեղ քայլեն, բայց եթե երեխան ունենա մի փոքր պոտենցիալ, ապա անպայման արդյունքի կհասնեն: Մեր գերխնդիրը երեխաներին ինտեգրելն է հասարակության մեջ», -ասում է  նա:

 

 

«Շատ բարդ խնդիր ենք դրել մեր առաջ, որովհետև թերապիան կազմակերպելու  համար անհրաժեշտ է երկարատև ֆինանսավորում, աջակցություն, որպեսզի մեր փոքրիկները կարողանան ոտքի կանգնել: Մենք շեշտը դրել ենք հատկապես անապահով ընտանիքների վրա: Այսօր կազմակերպությունում մի քանի տասնյակ փոքրիկներ են գրանցված: Յուրաքանչյուր երեխայի համար ամսական անհրաժեշտ է քառասուն հազար դրամ: Դրան գումարած նաև հատուկ կոշիկ, աթոռ, սայլակ ու քայլակ: Բազմաթիվ ծնողներ երկրորդ կամ երրորդ երեխան չեն ունենում, որովհետև հազիվ կարողանում են ժամանակ տրամադրել հիվանդ փոքրիկին: Իսկ եթե մենք կարողանանք թեթևացնել այդ ծնողների հոգսը, գուցե նպաստենք նաև դեմոգրաֆիկ աճին»:

 

 

«Հայ մայրերն»  արդեն մի քանի ամիս է անցկացնում է «Մեկ գավաթ սուրճի փոխարեն»  ակցիան, որի շրջանակներում առաջարկվում է  հաշմանդամություն ունեցող երեխաներին տրամադրել 1000-3000 դրամ գումար:

 

 

« Ես չեմ ցանկանում մեր պետությանը քննադատել, որովհետև այն հնարավորության սահմաններում օգնում է, մնացյալը պետք է մեզ օգնեն մեր բարերարները, գործարարները, ինչու չէ, հասարակությունը: Ամսական հազար դրամ գումարն աստղաբաշխական թիվ չէ, բայց այդպիսի հազարների օգնությամբ կարելի է մարդկային ճակատագրեր փոխել »:

 

 

Նարինե Մանուկյանի խոսքով,  գլխուղեղի վնասվածքով երեխաների մայրերը ուղղակի հերոսներ են և նրանց  աջակցություն է պետք, որ չհուսահատվեն: « Նրանք պետք է  իմանան, որ միայնակ չեն, իրենց կողքին կան մարդիկ, ովքեր պատրաստ են օգնելու: Ընդամենը կյանքի փորձություն է, որը պետք է կարողանանք միասնական ուժերով հաղթահարել», – ասում է Նարինե Մանուկյանը:
Նրա  ֆեյսբուքյան էջը թարմացվում է ամեն օր: Այս էջում  նա տեղեկացնում է նոր դրամական փոխանցումների, հանդիպումների  և թերապիայի նոր մեթոդների մասին:  Այցելեք այն, գուցե դուք էլ կարողանաք ինչ-որ հարցում  օգտակար լինել:

 

Հասմիկ Հարությունյան

 

 

Դիտումների քանակը` 6559

Վերադառնալ վերև