Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Հանրային սննդի օբյեկտների գերակշիռ մասը սանիտարահիգիենիկ խայտառակ վիճակում է»

Բաղրամյան գյուղի դպրոցի երեխաների թունավորումներից հետո  Երեւանի քաղաքապետարանը վերջապես որոշել է ստուգայցեր կատարել՝ իր ենթակայության տակ գտնվող դպրոցների բուֆետներում վաճառվող սննդամթերքի անվտանգությունը պարզելու նպատակով: Մինչդեռ հարցեր են առաջանում  ոչ միայն դպրոցական բուֆետներում, այլ հանրային սննդի այլ  օբյեկտներում վաճառվող սննդամթերքի  անվտանգության հետ կապված:  Շատ հաճախ երեխաները դպրոցից դուրս օգտվում են նաեւ փոքրիկ կրպակներից, որտեղ արագ սնունդ են պատրաստում ու վաճառում ՝ բլիթներ, խաչապուրի, կարկանդակներ: Այսպիսի բազմաթիվ կրպակներ կան կրթօջախներին հարակից տարածքներում, որոնց վտանգավորությունն անզեն աչքով էլ նկատելի է…

 

 

9 ամյա Արեւիկը, ինչպես WomeNet.am-ին պատմեց երեխայի մայրը, հաճախ է օգտվում երաժշտական իր դպրոցին մոտ գտնվող կրպակից: Մայրն ասում է՝ որքան էլ արգելում է, գումարը տալիս է, որպեսզի երեխան հիմնական դպրոցի բուֆետից մի բան գնի, երեխան գերադասում է կրպակների կարկանդակը: «Ես չգիտեմ էլ, թե որն է ավելի վտանգավոր, կամ անվտանգ. բուֆե՞տը, թե կրպակը: Բուֆետների թունավորումների մասին ավելի շատ ենք լսում, քան կրպակների սնունդներից: Բայց այդ կրպակներում հին ձեթով պատրաստված բլիթներ են, խաչապուրիները բաց-բաց դրված վաճառում են, ես վախենում եմ երախայիս համար»,-ասում է Արեւիկի մայրը՝ տիկին Մարիամը: Նրա պատմելով՝ մոտ 10 օր առաջ Արեւիկը շատ ուժեղ սրտխառնոց ու փորլուծություն է ունեցել. Մայրը մտածել է, թե երեխան մի փոքր մրսել է, ու ինչպես ժողովուրդն է ասում՝ ստամոքսն է խանգարվել: Հետո մայրը պարզել է, որ երեխան «պեռաշկի է» գնել ու կերել կրպակից, ինչն էլ, մոր ենթադրությամբ, կարող էր փոքրիկի մոտ այդ խնդիրն առաջացնել:

 

Առողջապահության նախարարության «Առողջապահական պետական տեսչության» հիգենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը մեզ հետ զրույցում ասում է, որ ինքը դեմ է նման կրպակներից սնունդ գնելուն, քանի որ մեծամասամբ չեն պահպանվում հիգենայի կանոնները.«Հետեւաբար,մենք կարող ենք ունենալ տարբեր սննդային թունավորումներ, աղիքային վարակիչ հիվանդություններ: Այդ «պեռաշկիների» պատրաստման ձեթը հաճախ ժամանակին չի փոխվում, սա տարբեր լուրջ խնդիրներ է առաջացնում՝ թունավորում, ճարպակալում, ուռուցքային հիվանդություններ: Այդ ձեթին էլ գումարած սանիտարահիգենիկ վիճակը՝ կարող են վարակիչ հիվանդությունների պատճառ լինեն»: Տիկին Բաբայանն ասում է՝ նույնքան վտանգավոր են նաեւ այդ կրպակներում պատրաստվող ու վաճառվող խաչապուրիները, որովհետեւ եթե պանիր են դնում մեջը, ապա այդ պանրի ծագումն ու պահպանումն էլ կարող է կասկածելի լինել:

 

Մասնագետն ասում է՝ նշված կրպակներում երկրոդային աղտոտովածության ռիսկը բարձր է, ուստի Արեւիկի փորլուծության ախտանիշները, հնարավոր է տվյալ սննդից է եղել. «Եթե սննդի հետ օրգանիզմ մանրէներ են գնացել՝ ծանր թունավորում չէ,  բայց աղիքային խնդիրներ են լինում են՝ փսխում, փորլուծություն, սրտխառնոց: սա ոչ հիվանդամոցային պայմաններում հաճախ բուժում են՝ թան են խմում, դեղ եւ այլն»:

 

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն ասում է, հանրային սննդի օբյեկտների գերակշիռ մասի մոտ սանտիրահիգնիկ խայտառակ վիճակ է, գրանցված թունավորումների առումով՝ բացառիկ իրավիճակ: Պիպոյանի խոսքերով՝ խնդիրները լուծելու համար պետք է  համապատասխան մեխանիզմներ սահմանեն, ոչ թե ուղղակի տուգանել, տնտեսվարողները վճարեն ու շարունակեն խախտումներով աշխատել: «Հանրային սննդի օբյեկտները՝ սկսած այդ փոքր կրպակներից մինչեւ մեծ արտադրամասեր ու արագ սննդի պատրաստման կետերը, պետք է խիստ ուսումնասիրվեն: Կարծում եմ՝ եթե սանիտարահիգենիկ վիճակը ստուգեն, 10-ից 9-ը փակելու ենթակա է, սա կոպիտ է հնչում, այդպես տնտեսվարողներին կվնասենք, բայց պետք է լուրջ ուսումնասիրվեն, ու խնդիրներ հայտնաբերելիս՝ դրանք շտկելու համար ժամանակ տան, ապա նորից գնան ստուգեն»:

 

Սննդի անվտանգության պետական ծառայության ռազմավարության պալանավորման, մեթոդոլոգիաի, մոնիտորինգի վարչության պետ Արմեն Վարդանյանն ասում է, որ ծառայությունը սկզբունք չի դրել կրթօջախների մոտ գտնվող հանրային սննդի օբյեկտների, կրպակների առանձին ստուգում.«Եթե դրանք դպրոցին մոտ են, չի նշանակում՝  դրանք ավելի շատ ուշադրության կենտրոնում պիտի լինի, քան մյուս օբյեկտները»: Ծառայությունն իրավունք ունի ստուգումներ անել տարեկան ծրագրում ներառված օբյեկտները, ըստ Վարդանյանի, եթե կան բողոքներ, ապա ծրագրից դուրս էլ են անում ստուգումներ:

 

Տարեկան 70 միլիոն դրամից ցածր շրջանառություն ունեցող ցանկացած օբյեկտում ստուգումներն արգելվել են դեռ նախկին վարչապետի օրոք, ուստի հանրային սննդի օբյեկտ համարվող այն կետերը, որտեղից  Արեւիկը եւ նրա նման շատ երեխաներ հաճախ են օգտվում, պարզապես կասկածելի լինելու պատճառով չի կարող ստուգվել: Սակայն Վարդանյանն ասում է, որ գուցեեւ նման կետերը ներառված լինեն իրենց տարեկան ծրագրում:

 

Թե որքան նման օբյեկտներ են ստուգել ու խախտումներ հայտնաբերել, ծառայությունից դժվարացան ասել, պատճառաբանելով՝ պաշտոնապես գրանցված հանրային սննդի բոլոր տեսակի օբյկեկտները իրենց մոտ նշված են որպես սննդամթերքի շղթայի օպերատոր, որոնց թիվը մոտ 700 է, եւ առանձնացված տվյալներ չկան, թե դրանցից քանիսն են մեր նշված «պեռաշկիների» կրպակները: Ինչ վերաբերում է հայտնաբերված խախտումներին, ապա ծառայությունից խոստացան առաջիկայում տրամադրել տվյալներ:

 

Իսկ այս տարի, ըստ ՍԱՊԾ-ի, տարեկան ծրագրով 424 հանրային սննդի օբյկետ է ներառվել, բոլորն էլ ստուգվել են: Վարդանյանը վստահեցնում է, որ ռիսկային համարվող օբյկետներն էլ ներառվում տարեկան ծրագրում:

 

Ինչ վերաբերում է Պիպոյանի եւ Բաբայանի որակմամբ՝ վտանգավոր կրպակներին, ապա ՍԱՊԾ-ի մասնագետն ասում է՝ միգուցե դրանք մեծ թիվ են, ուրեմն մյուս ոլորտները պիտի թողնենք, միայն դրանց ներառենք ծրագրում. «Այդքան ռեսուրս չունենք, բայց մյուս տարի հարցը կփորձենք փակել: Եթե օրինակ ունենք բազայով 1000 նման օբյեկտ, ոչ թե 1 տարում, այլ 3 տարում կարող ենք լուծել: Մեր աշխատողների թիվն էլ սահամանփակ է, ստուգման խումբը լավագույն դեպքում 3 օբյեկտում կարող է աշխատել»:

 

Ինչ վերաբերում է ՍԱՊԾ-ի լծակների սահմանափակմանը, Վարդանյանն ասում է, որ դա արվել է տնտեսվարողների հետ տեսուչների կամայական շփումները կանխելու համար, քանի որ տեսուչները կարող են սուբյկետիվ վերաբերմունք դրսեւորել: Այսինքն, եթե կառավարությունը որոշել է տնտեսվարողների շահերը այդկերպ պաշտպանել, ապա հանրային սննդի օբյեկտներից օգտվողների շահերն, ըստ էության, պաշտպանված չեն, ու այդ պաշտպանված տնտեսվարողը եթե համապատասխան մարմնի կողմից, այսպես ասած՝ խոշորացույցի տակ չէ, կարող է նեղություն չքաշել, եւ չպահպանել սանտիրահիգենիկ պայմանները:

 

 

Բաբկեն Պիպոյանի կարծիքով,  պատճառաբանությունը թե ռեսուրսներն ու լծակները սահմանափակ են՝ սխալ է:  «Ամոթը լավ բան է:  Բոլոր օրենքները պետք է օգտագործել խնդիրը լուծելու համար, որոնց համար  գործիքներ կան: Եթե ասում են՝ այսինչ դպրոցի մոտ կա կասկածելի կրպակ, ուրեմն այն պետք է գնալ ու ստուգել, հանձանրարական տալ, գործիք կա դրա համար…  Ավելին, պետք է բարձր ռիսկային օբյեկտները վերցնեն ու դիտարկումներ անեն»:

 

Նելլի Բաբայան

 

 

Հ.Գ.  Օրերս  ԱԺ Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում է ՝ «Սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանող առեւտուր եւ հանրային սննդի ծառայություն իրականացնելիս նշանակել տուգանք պաշտոնատար անձի, կազմակերպչի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով: Փոխնախարարի խոսքերով՝ փոփոխությունները պայմանավորված են մանկապարտեզներում ու դպրոցներում վերջին շրջանում տեղի ունեցած սննդի խախտումներով, թունավորումներով: Պատգամավորների դիտարկմամբ,  քանի որ խոսքը վերաբերում է երեխաների կյանքին, ապա պետք է տուգանքի չափն էլ ավելի մեծ լինի:   Նախագիծը  ներառվեց սեպտեմբերի 14-ին մեկնարկող  ԱԺ լիագումար նիստերի օրակարգ՝ հետագա քննարկման համար:

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Թունավորում Բաղրամյան գյուղի դպրոցում

Ի՞նչ են ուտում հայաստանցի դպրոցականները

«Երեխաներիս առողջ ու լիարժեք սննդով ապահովելն այսօր ինձ համար խնդիր է»…

Արմավիրում երեխաների թունավորման դեպքեր . Ի՞նչ է պարզել նախաքննությունը

Հեղինե Բիշարյան. «Բա ես չիմանա՞մ՝ ինչ եմ ուտում, էս ո՞ր դարն է»

500 հազար դրամ տուգանք` մանկապարտեզներին քիմիական նյութերով մշակած հավեր մատակարարողին

Առողջ սնվելու օր. հիվանդությունների 90 տոկոսը ոչ ճիշտ սնվելու արդյունք է

«Յուրաքանչյուր հինգերորդ երեխան Հայաստանում թերաճ է»

Հայաստանի բնակչության 60 տոկոսը ստանում է օրական 2100 կալ ցածր սնունդ

Ինչպե՞ս բացառել մանկապարտեզներում երեխաների թունավորման դեպքերը

 

Դիտումների քանակը` 4092

Վերադառնալ վերև