Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Հասոյի լեգենդար պանիրը»

Արարատի մարզի Վեդի քաղաքում «Հասոյի լեգենդար պանիրը» հայտնի ապրանքանիշ է, թեպետ՝ ոչ պաշտոնապես գրանցված, այլ զուտ ժողովրդական բանահյուսության մակարդակում: Համայնքում բարձր պահանջարկ վայելող համեղ ու օգտակար այս մթերքի հեղինակը Վեդի քաղաքի բնակչուհի Հասմիկ Սաֆարյանն է, ում թեկնածությունը «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությանը ներկայացրել էր ICARE կազմակերպությունը:

 

 

Հասմիկի վարած տնտեսությունը երեք ուղղություն ունի՝ տավարաբուծություն, ոչխարաբուծություն և մեղվաբուծություն: Երիտասարդ գործարարը ամենօրյա անդուլ աշխատանքին է նվիրում իր ամբողջ ժամանակը, գիտելիքներն ու սերը` դրա հետ մեկտեղ ոչ միայն չկորցնելով, այլև ավելացնելով իր կանացի հմայքը: Նրա, նրա մոր, եղբոր և զարմիկների խնամքին 50 գլուխ տավար կա, որոնցից 14-ն այսօր օրական մինչև 20 լ կաթ են տալիս: Ունի նաև 90 մեղվաընտանիք: Այս տարի «Ֆարմ կրեդիտ Արմենիա» վարկային կազմակերպության տրամադրած վարկով ձեռք բերեց 40 գլուխ ոչխար, որոնց խնամում է եզդի ամուսնական զույգը:

 

– Գործի մեջ ես առաջնորդվում եմ երեք սկզբունքով՝ աշխատասիրություն, պատասխանատվություն և պրոֆեսիոնալիզմ,- ասում է Հասմիկը:

Նրա խոսքով` աշխատանքն է մարդուն մարդ պահում, կարևորում նրա գոյությունը որպես հասարակության անդամ, մինչդեռ համացանցից դուրս չեկող երիտասարդների մի ստվար զանգված կա, որ միանգամայն այլ «արժեքներով» է առաջնորդվում: Այսօրվա գլոբալ աշխարհից, դժբախտաբար, միայն հեշտ փողերի հմայքն ու մութ բնազդներն են նրանց գերում, ինչը ուղիղ դեպի կործանում տանող ամենակարճ ճանապարհն է…

 

Հասմիկենք տոհմիկ ֆերմերներ են, թեև նախկինում «ֆերմեր» բառը չէր օգտագործվում: Բնիկ կարսեցի են, հպարտ՝ իրենց ծագմամբ, արժանապատիվ՝ հացիվ և գրագետ ու ազնիվ՝ բանիվ:

 

– Ոչինչ հենց այնպես մարդուն չի տրվում,- ասում է երկու բարձրագույն կրթություն (բժշկական և տնտեսագիտական) ունեցող Հասմիկը, – ո՛չ անուն, ո՛չ բարի համբավ, ո՛չ հարգանք, ո՛չ էլ, ի դեպ, վարկ:

 

Հասմիկն առաջին անգամ «Ֆարմ կրեդիտի» մասին լսել է ազգականներից մեկից, դիմել կազմակերպության Մասիսի մասնաճյուղ և երկու տարով վարկ վերցրել՝ տավարի գլխաքանակն ավելացնելու նպատակով: Մեկ տարի անց արդեն հասցրել է մարել վարկային պարտավորությունները և նոր վարկ վերցնել, այս անգամ՝ ոչխարներ ձեռք բերելու նպատակով:

 

– Սեփական միջոցները հաճախ չեն բավարարում նախանշած գործարար նպատակներն իրականացնելու համար, լրացուցիչ օժանդակության կարիք է զգացվում: Նման կարիքի դեպքում մարդը հաճախ դիմում է իր հարազատին, ընկերոջը: Իմ բիզնեսի պարագայում այդ ընկերը «Ֆարմ կրեդիտն» է,- ասում է Հասմիկը` նշելով, որ այս կազմակերպությունը հաճելիորեն առանձնանում է հաճախորդի՝ որպես գործընկերոջ շահը թանկ գնահատելու կարողությամբ:

 

Զարմանալի զգացմունքային կապ կա կենդանիների և նրանց տիրուհու միջև, տեսնել է պետք, թե նրանք ինչպես են արձագանքում նրա կանչին, անվերապահորեն ենթարկվում ու սիրում նրան:

 

«Կենդանիներն ի բնե ազնվազարմ են, հավատարիմ բնությանն ու մարդուն: Մենք է, որ պիտի արժանավայել կեցվածք ընդունենք թե՛ միմյանց և թե՛ նրանց հանդեպ, ինչու չէ՝ սովորենք նրանցից, նրանք բնության հարազատ զավակներն են»,- ասում է Հասմիկը՝ շոյելով հերթական Սաթիկ, Նախշուն, Արջուկ կամ էլ Մարգարիտ հորթուկին ու սրտի ջերմությունը փոխանցելով նրան: Այստեղ բոլորն անխտիր ունեն իրենց անունը՝ կովերը, երինջները, հորթերը, ձին, շունը…

 

Ապրիլի վերջին տնտեսությունը կբարձրանա ամառային արոտատեղի: Կենդանիների մթերատվությունը, մասնավորապես կովերի կաթնատվությունը, ինչպես դժվար չէ կռահել, կտրուկ կբարձրանա: Հնարավո՞ր է, որ կաթի կամ պանրի ավելցուկ առաջանա: «Հնարավոր չէ, հապա մի ասա՝ Հասոյի լեգենդար պանի՞ր»:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ  մեր կայքում.

 

Գործունյա կնոջ ձեռքում քարն էլ է փափկում…/ տեսանյութ

 

Ամփոփվեց «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությունը

 

Շնորհավորում ենք «Կանանց իրավունքները Հայաստանում. Դե-յուրե և դե-ֆակտո» մրցույթի հաղթողներին

 

«Մեր տան ամեն ինչը «բնական» է»…/ տեսանյութ

 

«Լիիրավ երջանկությունը ընտանիքիս համերաշխությունն է, ինչպես որ խաղաղությունը՝երկրի համար »…/ տեսանյութ

 

 

WomeNet.am-ը անդրադառնալու է  «Գյուղմթերք արտադրող կին հերոս» կոչմանը արժանացած բոլոր  կանանց  պատմություններին

 

Դիտումների քանակը` 2253

Վերադառնալ վերև