Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Նրանք կարող են կերակրել առնվազն 150 մլն քաղցածներին… »

 

 Այսօր  Գյուղաբնակ կանանց միջազգային օրն է: ՄԱԿ-ի պաշտոնական օրացույցում այն ամրագրվել է  2008-ից՝ հաշվի առնելով գյուղի  կանանց դերը աղքատության և սովի դեմ պայքարում: 

 

“Գյուղաբնակ կանանց  իրավունքների և հնարավորությունների ընդկայնումը կենսական նշանակություն ունի  սովի և  աղքատության վերացման հարցում:  Սահմանափակելով  կանանց իրավունքներն ու հնարավորությունները մենք   զրկում են իրենց երեխաներին և ողջ հասարակությանը ավելի լավ ապագայից» – ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի  օրվա կապակցությամբ  ուղերձում:

 

Չնայած գյուղաբնակ կանայք կազմում են երկրագնդի բնակչության մեկ քառորդից ավելին և հսկայական ավանդ են ներդնում գյուղատնտեսական մթերքների արտադրության գործում, ՄԱԿ-ի գնահատականներով՝ այդ կանանցից ավելի քան  500 միլիոնը ապրում են չքավորության մեջ։ Կանայք հաճախ աշխատում են այնպիսի պայմաններում, որոնք անդառնալի վնաս են հասցնում նրանց առողջությանը, կատարում են ծանր ֆիզիկական աշխատանք, որն ըստ արժանավույն չի գնահատվում:

 

Նրանք հաճախ հնարավորություն չունեն պաշտպանելու իրենց հողի իրավունքը, օգտվելու կենսականորեն կարևոր ծառայություններից, ինչպիսին են բժշկական սպասարկումը, վարկերը կամ կրթությունը, նրանցից շատերը զրկված են խմելու ջրի, տրանսպորտի, էլեկտրաէներգիայի հնարավորությունից… Նրանք հազվադեպ են մասնակցում իրենց շահերը շոշափող որոշումների կայացմանը։ Նրանց առջև անհաղթահարելի պատնեշ են առաջացնում ամենակոշտ կարծրատիպերը. աշխարհում հենց գյուղն է կանանց խտրականության ենթարկող ավանդույթների ու բարքերի ամենահավատարիմ «պահապանը»…

 

Մինչդեռ, ՄԱԿ-ի գնահատականներով, եթե գյուղաբնակ կանանց համար ապահովված լիներ ռեսուրսների հավասար հասանելիությունը, ապա բերքատվությունն այնքան կաճեր, որ հնարավորություն կտար կերակրելու առնվազն 150 մլն քաղցած մարդկանց:

 

Պատահական չէ, որ   ՄԱԿ-ը՝ առանձնացրել  է գյուղաբնակ կանանց դերը Հազարամյակի զարգացման նպատակների համատեքստում՝ միասնության մեջ դիտարկելով  աղքատության և սովի հաղթահարմանը և  կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնմանը վերաբերող նպատակները:

 

Դրա հետ մեկտեղ, 2010-ից՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը  (FAO)-ն  դարձնում է գենդերային արդարության խնդիրը իր նախապատվություններից մեկը՝ առաջարկելով դիտարկել գենդերային անհավասարության վերացումը գյուղատնտեսության մեջ որպես զարգացման խնդիր:

 

Ըստ միջազգային գնահատականների՝ ողջ աշխարհում կանայք կազմում են գյուղատնտեսության աշխատուժի 43 %-ը: Զարգացող երկրներում, որտեղ գյուղատնտեսությունը կազմում է ՀՆԱ-ի  32 %-ը, մոտ 80 %  տնտեսապես ակտիվ կանայք զբաղվում են գյուղատնտեսությամբ, սննդի արտադրությամբ: Դրա հետ մեկտեղ կանայք կազմում են աշխարհում սովից տառապող մարդկանց 70 %-ը:

 

 

Գենդերային անարդարության դրսևորումները  անշուշտ  կախված են կոնկրետ իրավիճակներից, երկրներից, տարածաշրջաններից, սակայն  նկատվում են  կայուն  օրինաչափություններ. կանայք կարևոր դեր են խաղում գյուղատնտեսական արտադրությունում, բայց միևնույն ժամանակ այնպիսի արտադրական ռեսուրսները, ինչպիսիք են հողը, աշխատուժը, վարկերը, կապիտալը,  ինչպես նաև այդ ռեսուրսների վերահսկումը  քիչ հասանելի են կանանց  համար:

 

Նշված  օրինաչափությունները նկատվում են և Հայաստանում:  Գյուղատնտեսության ոլորտում  կանանց իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ այստեղ   առկա բոլոր հիմնախնդիրները,  հատկապես  ծանր են անդրադառնում գյուղատնտեսության հիմնական աշխատուժը հանդիսացող  կանանց վրա, դարձնում են նրանց առավել խոցելի խումբ, որոնց  իրավունքները  լրացուցիչ պաշտպանության  կարիք ունեն:

 

Հանրապետության  համախառն ներքին արդյունքի մեջ գյուղատնտեսության մասնաբաժինը կազմում  է 21 %  2012-ի տվյալներով:  Գյուղատնտեսական ոլորտում զբաղված են  հանրապետության աշխատանքային ռեսուրսների շուրջ 45%-ը, այսինքն շուրջ 500 հազ. մարդ, որոնցից  56,2 %-ը կանայք են:  Ընդ որում տղմարդկանց զբաղվածության կառուցվածքում գյուղատնտեսությանը բաժին է ընկնում 32,8%-ը, իսկ կանանց զբաղվածության կառուցվածքում  45,5%:

 

Կանանց  ոչ ֆորմալ զբաղվածության կառուցվածքում    գյուղատնտեսությամբ զբաղվողների թիվը  89 տոկոս է կազմում, ինչը դարձնում է կանանց գյուղատնտեսության զարգացման առավել  կարևոր մասնակից:  Ըստ էության,  գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը ստեղծվում է կանանց կողմից, և նրանք համարվում են սննդամթերքի  մատակարարման և գյուղական վայրերում տնային տնտեսությունների գոյատևման հիմնական երաշխավորները:  Տղամարդկանց արտագնա աշխատանքի մեկնելու պայամաններում կանանց  այդ դերակատարումը միայն մեծանում է:

 

 

Կին գլխավորով տնտեսությունները  տնային տնտեսությունների մոտ մեկ երրորդն են կազմում, ինչը զգալի չափով բացատրվում է տղամարդկանց արտագաղթով՝ արտագնա աշխատանքի մեկնած ամուսինները միշտ չէ որ պահապանում են կապը Հայաստանում մնացած ընտանիքների հետ: Գյուղական վայրերում տնային տնտեսությունների 26 տոկոսն են գլխավորում կանայք, ընդ որում այդ տնտեսությունները  ոչ միայն իրենց  եկամուտներով (19 980 դրամ/ ամսական)  զգալի զիջում են տղամարդկանց կողմից ղեկավարվող տնտեսությունների եկամուտներին (33 685դրամ /ամսական), այլ ընդհանրապես ավելի ցածր են նրանցից իրենց կենսամակարդակով:

 

Եկամուտները գյուղատնտեսության ոլորտում ամենացածրն են տնտեսական գործունեության այլ տեսակների հետ համեմատ: Գենդերային սեգրեգացիայի առումով, տնտեսական շուկայում այն ոլորտները, որտեղ կանանց զբաղվածությունը բարձր է, իսկ գյուղատնտեսությունը այդպիսի ոլորտ է, աչքի են ընկնում ցածր եկամուտներով: Դրա հետ մեկտեղ  գյուղատնտեսությունում զգալի է կանանց ծանր ֆիզիկական աշխատանքի տեսակարար կշիռը:

 

ՀՀ ԱՎԾ տվյալներով միջին եկամուտը  տնտեսության մեջ կազմում է 78 408 դրամ, իսկ գյուղատնտեսությունում ընդամենը 56 554 դրամ, ընդ որում, կանանց ու տղամարդկանց եկամուտների անհավասարությունը այս ոլորտում ավելի խորն է արտահայտված քան միջին ցուցանիշը տնտեսության մեջ: Այսպես, գյուղատնտեսությունում  կանանց  եկամուտները կազմում են տղամարդկանց եկամուտների 58,3 տոկոսը այն դեպքում, երբ  ողջ տնտեսության կտրվածքով այդ ցուցանիշը  62,9 տոկոս է:

 

Գյուղական վայրերում եկամուտների վրա անմիջական ազդեցություն ունեն մի շարք գործոններ, որոնք տարբեր կերպ են անդրադառնում կանանց ու տղամարդկանց  գործունեության վրա, խորացնելով կամ հակառակը չեզոքացնելով գենդերային խտրազատումը: Ակնհայտ է, որ կանանց ու տղամարդկանց տնտեսական հնարավորությունների հավասարեցմանն են նպաստում զարգացած  ենթակառուցվածքները: Կոշտ ծածկույթով ճանապարհների առկայությունը, ջրամատակարարման համակարգերի անխափան աշխատանքը, շուկաների մոտիկությունը կտրուկ բարձրացնում են կանանց հնարավորությունները լրացուցիչ  եկամուտներ ստանալու  առումով:

 

Գենդերային անարդարությունը տնտեսական գործունեությունում  դրսևորվում է նաև որոշումների կայացման գործընթացներում: Հանդիսանալով գյուղատնտեսության շարժիչ ուժը  կանայք  գրեթե  չեն մասնակցում իրենց իսկ համայնքներին վերաբերող   որոշումների կայացմանը, դրանով իսկ զրկվելով իրենց շահերն արտահայտելու հնարավորությունից:

 

Հանրապետության 866 գյուղական համայնքներից ընդամենը  19-ն են ղեկավարում կանայք: 2012-ին սեպտեմբերին կայացած ընտրությունների արդյունքներով ավագանիների կազմում ընդգրկվեցին  8,3 % կանայք: Կանանց թիվը ավագանիների կազմում ամենամեծն է Սյունիքում` 17,4 տոկոս, բարձր ցուցանիշներ էին  արձանագրել նաև Լոռին (12,5%) և Տավուշը (9,2%): Ամենացածր թվով կանայք ընդգրկված են Գեղարքունիքի (2%), Արագածոտնի (4,1%) և Վայոց ձորի (4,6%) ավագանու կազմում:

 

Դիտարկելով մինչ այժմ տեղի ունեցած բոլոր ՏԻՄ ընտրությունների դինամիկան` կարելի է փաստել, որ կին համայնքապետների տոկոսը տատանվել է 1,7-2,7-ի սահմաններում, իսկ ավագանու կազմում կանանց թիվը 7-8 տոկոսից չի անցել: Այս թվերը գրեթե նույնությամբ կրկնվում են ընտրությունից ընտրություն` յուրահատուկ «ապակե առաստաղ» գծելով կանանց համար:

 

Դեռես 2000-ին Հայաստանի կառավարությունը Հազարամյակի զարգացման նպատակների շրջանակներում «հավակնոտ» նպատակ էր դրել իր առջև` պարտավորություն ստանձնելով մինչև 2015 թվականը 10%-ի հասցնել կին համայնքապետների թիվը: Դիտարկված դինամիկայով արդեն իսկ տեսանելի է, որ այս նպատակը սահմանված ժամկետում անիրագործելի է…

 

 

Գյուղաբնակ կանանց օրը  հարմար առիթ է  նշված խնդիրներին անդրադառնալու համար: Եվ հիշել, որ կանանց  հնարավորությունների ընդլայնմանն  ու ներուժի արդյունավետ օգտագործմանը  ուղղված  քայլերը ինքնանպատակ չեն, նրանք միտված են   նպաստելու  հայ գյուղի բարօրությանն ու զարգացմանը: Հայ գյուղը վերածնունդ կապրի  միայն կանանց ու տղամարդկանց միասնական աշխատանքով ու ուժով:

 

 WomenNet.am

 

 

Աղբյուրը՝

«Գյուղատնտեսական արժեշղթայում կանանց դերը և ներուժը» հետազոտություն/ Օքսֆամ , BSC , ՊրոՄեդիա-Գենդեր ՀԿ/ 2013

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Գյուղաբնակ կանայք. ո՛չ քաղցին և աղքատությանը

 

Քա րից հաց քա մող կին հերոսները

 

«Օքսֆամ»-ը միավորում է Հայաստանի եւ Վրաստանի իր գործընկերներին

 

Մեկնարկում է ՕՔՍ ՖԱՄ-ի GROW արշավը՝ «Աճեցնենք ավելի շատ, կերակրենք մոլորակը»

 

 

Դիտումների քանակը` 2066

Վերադառնալ վերև