Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Հավասար հնարավորությունների վերաբերյալ որեւէ դիրքորոշում որեւէ թեկնածուի մոտ չտեսա»

ՀՅԴ անդամ, «Սոցինտերն»-ի փոխխնախագահ Մարիա Թիթիզյանն ուսումնասիրել է նախագահի ութ թեկնածուների նախընտրական ծրագրերն  ու հիասթափություն ապրել՝ գենդերային հիմնախնդիրների ներկայացվածության առումով:

 

«Այնտեղ կան բնապահպանական խնդիրների առաջադրում, արտաքին քաղաքականություն, սոցիալական հարցեր, սակայն գենդերային խնդիրների, հավասար հնարավորությունների եւ պայմանների վերաբերյալ որեւէ դիրքորոշում որեւէ թեկնածուի մոտ չտեսա», – ասաց  տիկին Թիթիզյանը  www.Womennet.am-ի հետ զրույցում, նշելով, որ հարցադրումն առավել արդիական է, քանի որ այս շաբաթ  խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկված «Կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրինագիծը բավականին աղճատված էր:

 

«Ես բազմիցս  նշել եմ , որ եթե պետությունը ցանկանում է լինել ժողովրդավար, ապա պետք է բնակչության մեծամասնության տեսակետն էլ հաշվի առնի ու նրա կայացման ու ներկայացման համար հավասար հնարավորություն եւ պայման ստեղծի: Սակայն խնդիրը չպետք է դիտարկել միայն ժողովրդավարության տեսանկյունից: Դուք նկատե՞լ եք, բոլոր այն երկրների խորհրդարանները, որտեղ կանայք որոշակի թիվ են կազմում խորհրդարանում, երկրի վարչապետը կամ նախագահը կին են, առաջնահերթ լուծվում են սոցիալական, կրթական, առողջապահական եւ մարդու իրավունքներին վերաբերող հարցերը: Հատկապես սոցիալական լուրջ խնդիրներ ունեցող Հայաստանին անհրաժեշտ է կանացի ուժն ու հնարամատությունը, ցավոք, մեր նախագահի թեկնածուները դա չեն գնահատում»,- կարծում է  Մարիա Թիթիզյանը:

 

Դաշնակցական գործիչը նշում է, որ որեւէ ծրագրով ու առաջարկությամբ չի դիմել որեւէ նախագահի թեկնածուի կամ նրանց նախընտրական շտաբի ղեկավարներին` համարելով դա անիմաստ գործ եւ ժամանակի վատնում:

 

« Գիտեք խորհրդարանական ընտրություններից մեկի ժամանակ ես ու էլի մի քանի ակտիվիստներ կանանց օրակարգի վերաբերյալ հսկայական ծրագիր կազմեցինք եւ ներկայացրեցինք բոլոր կուսակցություններին: Կազմակերպեցինք հանդիպումներ, որտեղ կարեւորվում էր կանանց դերն ու արժանի կանանց ցուցակներում ընդգրկելու եւ խորհրդարանում տեղ տալու հարցը: Մեզ հետ հանդիպած բոլոր կուսակցությունների կամ ղեկավարները, կամ ներկայացուցիչները հավաստիացնում էին, որ հարցին շատ լուրջ են վերաբերում եւ անպայման իրենց ծրագրերում ոչ միայն տեղ կհատկացնեն հավասար հնարավորությունների խնդրին, այլեւ կընդգրկեն արժանավոր կուսակիցներին ցուցակներում, սակայն ապագան ցույց տվեց, որ ոչինչ էլ չարեցին եւ կանանց թիվը խորհրդարանոմ մեծացավ միայն օրենքի ընդունումից եւ միջազգային կազմակերպությունների պարտադրանքից հետո: Չէի ասի, թե հիասթափված եմ եւ դա է պատճառը, որ այս անգամ չդիմեցի, սակայն որեւէ նախաձեռնությամբ ներկայանալն ու կրկին սուտ խոստումներ լսելն էլ համարեցի անիմաստ»:

 

Հ.Հ.

Դիտումների քանակը` 2349

Վերադառնալ վերև