Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Հիմնական պայքարը հավասարության համար կանայք կուսակցությունների ներսում են տանում» …

Արդյո՞ք հաղթանակած ֆեմինիզմի երկիր համարվող Շվեդիայում էլ կանանց նկատմամբ խտրականության դրսեւորումներ կան: Այսպիսի հարցով WomenNet.am-ը  դիմեց  Շվեդիայի խորհրդարանի անդամ Ալեքսանդրա Վոլկերին, ով վերջերս ՎԻՆՆԵՏ Եվրոպա ցանցը ներկայացնող պատվիրակության կազմում Հայաստան էր  ժամանել՝ իրենց գործընկեր հանդիսացող  ՎԻՆՆԵՏ-Հայաստան ռեսուրս կենտրոնների ցանցի հետ համագործակցությունը ընդլայնելու նպատակով:

 

– Կարծում եմ,  ֆեմինիզմը ոչ մի երկրում էլ դեռ չի հաղթել, քանի որ աշխարհը  դեռ շարունակվում է ղեկավարվել տղամարդկանց կողմից, նրանց օրենքն է գործում: Ինչ վերաբերում է Շվեդիային,  ապա նա երկար ճանապարհ է անցել ու  մենք երկար պայքար ենք տարել ունենալու այն արդյունքը, որն այսօր ունենք:  Եվ այն, որ այսօր Շվեդիայի խորհրդարանում հավասար ներկայցվածություն կա՝ հիսուն- հիսուն, սա այդ բոլոր կանանց աշխատանքի և պայքարի արդյունք է: Մենք հասել ենք նաև նրան, որ այս հարցերը օրակարգային դառնան և  կառավարությունը, որն իրեն համարում է ֆեմինիստական,  կանանց և տղամարդկանց հավասարության խնդիրը գերակա խնդիրներից մեկը  համարի: Շվեդիայում բոլոր քաղաքացիների ներգրավածությունն ու պաշտպանությունը առաջնահերթություն է: Ու չնայած գենդերային հավասարության տեսանկյունից առաջատար դիրքերում ենք, սակայն դեռ շատ խնդիրներ ու անելիքներ կան:  Քաղաքացիական հասարակությունը այս հարցում շատ կարևոր դերակատարում ունի. մենք բոլորս միասին պետք է աշխատանեք, ու այդ աշխատանքը պետք է շարունակական լինի: Եթե մենք ուզում ենք, որ մեր պետությունը զարգացած և հզոր լինի, ապա մենք պարտավոր ենք  ռաջնահերթություն տալ գենդերային հավասարության խնդրին, որպեսզի բոլորը ունենան հավասար հնարավորություններ: Այսպիսով մենք կնպաստենք նաև տնտեսության զրագացմանը: Անհրաժեշտ է հասկանալ, որ տղամարդիկ այսօր ունեն շատ ավելի մեծ ռեսուրսներ և պետք է այնպես անենք, որ ռեսուրսները հավասարաչափ տեղաբաշխվեն: Պետք է տեսնել, որ  կա ցածր եկամուտ ունեցող մարդկանց խնդիր, որտեղ մեծամասնություն են կազմում կանայք: Կա նաև միայնակ ծնողների խնդիր, որտեղ նույնպես կանայք մեծամասնություն են  կազմում:

– Ինչպե՞ս եւ ինչու՞ որոշեցիք քաղաքականություն մուտք գործել: 

 

– Հենց գենդերային հիմնախնդիրներն են դարձել իմ` քաղաքական գործիչ դառնալու հիմնական պատճառը: Ամեն օր տեսնում էի, թե ինչպես կանայք պետք է ավելի շատ աշխատեն,  քան տղամարդիկ, ավելի շատ ջանք թափեն, որպեսզի իրենց հարգեն: Եվ ինձ համար շատ կարևոր էր գտնել այն կազմակերպությունը, որտեղ բոլորն էին իմ գաղափարները կիսում: Մեր սոցիալ-դեմոկրատական  կուսակցությունը ձախակողմյան է և մենք գտնում ենք, որ քաքականությունն է պատասխանատվություն  կրում,  որպեսզի կանայք և տղամարդիկ հավասար ներկայացված լինեն բոլոր ոլորտներում: Կուսակցություններ կան, որոնք գտնում են, որ մարդիկ պետք է ազատ ընտրության հնարավորություն ունենան և քաղաքականությունը չպետք է ներխուժի նրանց կյանք: Ահա այտեղ է, իմ կարծիքով,  հակասությունը, որը հիմք է ստեղծում խտրականության համար:

 

Մեր կուսակցությունը ստեղծվել է արհմիությունների հիմքի վրա՝ ավելի լավ աշխատանքային պայմաններ պահանջելու, բոլոր աշխատողների շահերը  պաշտպանելու հիմքի վրա:   Մեզ մոտ քաղաքացիական հասարակությունը բավական կայացած ինստիտուտ է, եւ  երբ քաղաքական  կառույցը դիմում է կառավարությանը կամ խորհրդարանին, նրանք հաշվի են նստում նրա կարծիքի, առաջարկի հետ: Պետության կողմից էլ կա պարտադրանք՝ պետական մարմիններին, որպեսզի իրենք մեծ տեղ տան քաղաքակացիական հասարակությանը:

 

-Դուք պաշտպանության հանձնաժողովի անդամ ե՞ք խորհրդարանում, որը տղամարդկային ոլորտ է համարվում…

 

– Ընդհանուր քսան հոգի ենք, հինգը կանայք են: Կարծում եմ, որ  մենք կարողանում ենք ազդեցություն ունենալ որոշումների կայացման վրա: Իրականում սեռերի հավասար ներկայացվածության խնդիր ունեք հանձնաժողովների մակարդակում: Դա արդյունք է այն բանի, որ ունենք ոլորտներ՝ առողջապահություն, սոցիալական , որտեղ կանայք են մեծամասնություն կազմում, և ունենք ոլորտներ, ինչպիսիք են ՝ պաշտպանություն, հարկային ոլորտներ, որտեղ  տղամարդիկ են մեծամասնությունը:

 

– Իսկ ընտանիքի, փոքր երեխաների  եւ քաղաքական կարիերայի համատեղման հարցը ինչպե՞ս է լուծվում կին պատգամավորների համար

 

 – Այստեղ ես տարբերություն չեմ տեսնում կին, թե տղամարդ պատգամավորի: Ծնողների համար մոտեցումը նույնն է: Իհարկե մենք ունենք որոշակի ֆիքսված ժամանակ, որը տալիս է  հնարավորություն ծնողներին՝ անկախ սեռից օգտվել երեխայի խնամքի համար հատկացված արձակուրդից: Կոլեգա ունեմ, ով տղամարդ է և վեց ամսով արձակուրդ է վերցրել: Արձակուրդի մեկնելու խնդիրը կախված է  հաճախ նրանից, թե ով է ընտանիքում  առավել շատ վաստակում: Շատ կարևոր է նաև այն միջավայրը, որտեղ դու աշխատում ես, ինչպես են կոլեգաները վերաբերում:

–         Ի՞նչ կասեք խորհրդարանում կանանց ու տղամարդկանց հավասար  ներկայացվածությունը ապահովելու համար գենդերային քվոտաների մասին: 

 

–         Ես դրական եմ վերաբերվում  գենդերային քվոտաների համակարգին: Մեր կուսակցությունում յուրաքանրյուր հաջորդը համամասնական ցուցակում պետք է այլ սեռի ներկայացուցիչ լինի, և փաստորեն մենք ունենք հիսուն- հիսուն ներկայացվածություն: Ընդհանուր որոշում չկա, պարզապես յուրաքանչյուր կուսակցություն, ինքն է որոշում, ինչպես ներկայանալ, սակայն քննարկումներ կան, որ դա նաեւ  օրենքի պահանջ դառնա մեծ կուսակցությունների համար:

 

Մեր կուսակցությունում  հիսուն- հիսուն ներկայացվածության պահանջն ամրագրված է կուսակցության կանոնադրության մեջ ու դա հենց կուսակցության  մեջ եղած կանանց աշխատանքի, ջանքերի արդյունքն է: Քանի որ կանայք ընտրողների կեսն են կազմում, հետևաբար խորհրդարանում էլ պետք է նույնչափ ներկայացված լինեն: Ահա թե ինչու մենք պետք է համագործակցենք, աջակցենք միմյանց, որովհետև միայն այս դեպքում է, որ մենք ավելի ուժեղ ենք: Կանայք պետք չէ  որ մրցակցեն իրար հետ, այլ պետք է միմյանց հետ համգործակցել:

 

-Ինչքանո՞վ է ձեր կարծիքով իրատեսական Պեկին+20  գործընթացների շրջանակում վերջերս նախանշված նպատակը՝ մինչեւ 2030 թվականը հասնել գենդերային հավասարությանը: 

 

– Երկու հարց կա  այս խնդրի հետ կապված՝ արդյոք ես հավատում եմ, և արդյոք սա իրատեսական է: Երկու դեպքում էլ, պատասխանս՝  « այո »  է: Եթե մենք միավորվենք և օգտագործենք մեր բոլոր ռեսուրսները համատեղ, ապա, այո, կարող ենք կարճ ժամանակում արդյունքի հասնել: Սակայն մեր բնակչության հիսուն տոկոս ներկայացնող կանայք  պետք է պահանջեն իրենց այդ իրավունքը, աշխատեն միասին, որպեսզի արդյունքի հասնենք:

 

Հիմնական խնդիրը իմ կարծիքով այն է, որ կանայք հիմնականում չեն աշխատում միասին: Եթե ունենում ենք կին նախարարներ, նախագահներ, բիզնես ղեկավարներ, միշտ չէ, որ այդ կանայք աջակցում են կանանց, ահա թե ինչու պիտի միասին աշխատենք, որպեսզի արագ արդյունքի հասնենք:

 

Շվեդիայի օրինակը ցույց է տալիս, որ շատ ինտենսիվ ու շատ կարճ ժամանակահատվածում իրոք կարելի է փոփոխությունների հասնել: Եթե մենք ասենք, որ դա հնարավոր է և մտածենք, որ դա այդպես է, ապա ամեն բան իրատեսական է:  Շվեդիայում 80-ականների վերջին և 90-ակակների սկզբին ունեինք լրիվ այլ կառավարություն: Նույնիսկ  երեք տարի առաջ չէինք կարող պատկերացնել, որ հիսուն/հիսունը հնարավոր է: Ունեցանք կանանց շարժում, ուժեղ լիդերներ: Իմ կուսակցությունում նույնպես այդպես էր, եթե մեր կուսակցության կանայք չմիավորվեին ու չպահանջեին հավասար ներկայացվածություն, այսօր չէին ունենա: Եվ նաև հասարակությունը նույնպես այս որոշման վրա է ազդում, քանի որ հակառակ դեպքում կին ընտրողների շրջանում կուսակցությունը կարող է խնդիրներ ունենալ: Կուսակցությունները, ովքեր ավելի կոնսերվատիվ են,  ըստ այդմ նույնպես  փոփոխվում են: Մեզ մոտ տարբեր կուսակցություններում տարբեր մեխանիզմներով են աշխատում: Եթե մեր կուսակցությունում յուրաքանրյուր հաջորդը ցուցակում այլ սեռի ներկայացուցիչ է, ապա աջակողմյան կուսակցություններում սկզբունքը այլ է, սակայն ի վերջո նրանց մոտ էլ հիսուն-հիսուն ներկայացվածություն կա խորհրդարանում: Արդյունքում  այսօր խորհրդարանում կանանյք 48% են կազմում:

 

Ամենակարեւորը, որ կա համագործակցություն կանանց միջև և՛ խորհրդարանում, և՛ հատկապես կուսակցությունների ներսում: Ինձ համար կարևորը կուսակցության ներսի աշխատանք է՝ հիմնական պայքարը հավասարության համար հենց այնտեղ՝ կուսակցությունների ներսում է տարվում :

 

Զրուցեց՝ Թամարա Հովնաթանյանը

 

Կարդացեք  թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Կարևոր է` նաև տղամարդիկ հասկանան, որ սա միայն կանանց խնդիրը չէ»

«Հնարավորություններ կանանց համար»՝ այս կարգախոսն է կյանքի կոչում «ՎԻՆՆԵՏ Հայաստան»-ը

«Հնարավորություններ կանանց համար»՝ այս կարգախոսն է կյանքի կոչում «ՎԻՆՆԵՏ Հայաստան»-ը

100 աշխատատեղի հնարավորություն կանանց համար

Դիտումների քանակը` 1929

Վերադառնալ վերև