Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Հուսահատվել, նշնակում էր մատնվել անգործության»

 

Իր ապագա կնոջ՝ Յոլանդի հետ Րաֆֆի Ռշտունին ծանոթացավ  1990-ին,  երբ  իր   ծննդավայր Ալ-Հասակե քաղաքից  տեղափոխվեց Հալեպ: Նորաստեղծ ընտանիքն ապրում էր Հալեպի հայաբնակ Սուլեմանի թաղամասում:  Ողջ քաղաքում մեծ հեղինակություն էր  վայելում Րաֆֆի Ռշտունու ավտոմեքենաների և վերելակների վերանորոգման մասնավոր արտադրամասը: Եկամտաբեր աշխատանքը  Րաֆֆու  բազմանդամ  ընտանիքին ապահովում էր բարեկեցիկ  կյանքով:  Մարդամոտ ու հյուրընկալ Յոլանդը մշտապես զբաղված էր երեք երեխաների՝ Եվայի, Սարգիսի և Թիթառի դաստիարակությամբ ու  ընտանեկան  հոգսերով: Սակայն Սիրիայում սկսված  պատերազմը խափանեց կյանքի  խաղաղ ընթացքն ու ապագայի    բոլոր ծրագրերը:  Այն  խլեց  նրանցից ոչ միայն  հարազատ տունն ու  մշտական  աշխատանքը, այլև զավակների համար  փայփայած երազանքները:

 

 

Հայաստան եկան  2012 –ի հոկտեմբերին: Մինչ այդ ը Րաֆֆի Ռշտունին դիմել էր Հայաստանի անձնագիր ստանալու խնդրանքով: Հայաստան գալուց անմիջապես հետո պարզվեց, որ Սիրիայում  թեժացող  պատերազմի  պատճառով հետվերադարձն անորոշ  ժամանակով  հետաձգվում է: Ունեցած ֆինանսական  միջոցները բավարարեցին  միայն բնակարանի  վարձակալման և մի որոշ ժամանակ ապրելուն, իսկ Հալեպ վերադառնալու հույսը  նվազում էր: Ինչևէ,  ապրելու համար  աշխատել էր պետք:

 

 

–          Հայաստանում  իմ  մասնագիտությամբ աշխատանք  չգտա, իսկ  57-ամյա տղամարդու  համար , համաձայնվեք, որ  դժվար էր մի նոր մասնագիտություն ձեռք բերել: Ես ու կինս որոշեցինք  զբաղվել արևելյան քաղցրավենիքների արտադրությամբ, որով այնքան  հայտնի է  Հալեպը: Տնային  պայմաններում  պատրաստում ենք  տարբեր քաղցրավենիքներ, իսկ խնայողության  համար թխվածքների ձևավոր տարաները ինքս եմ  պատրաստում: Նախկին  մասնակգիտությունս ինչ-որ չափով  այս  հարցում պետք եկավ,-պատմում  է Րաֆֆի Ռշտունին:

Ընտանիքի համար տեսակ-տեսակ  համեղ կերակուրների ու թխվածքների պատրաստման  գործում  հմտացած Յոլանդը որոշեց վարպետանալ  նաև մեծ պահանջարկ վայելող սեղանի ձևավորման արհեստում: Որոշ  ժամանակ հաճախեց  դասընթացների: Այսօր արդեն օրեցօր ընդլայնվող ծանոթների շրջանակում Յոլանդի պատրաստած չրեղենի, դարչինով ու շոկոլադով թխվածքների, չորակի, փախլավայի ու աղի թծվածքների պատվիրատուները նախընտրում են միայն  նրա արտադրանքը:  Ռշտունի ամուսինները հաճախ ստանում են  նաև հարսանեկան  պատվերներ:

 

–          Թեև Հայաստանում հարկադրված մնալու և անորոշ վիճակից  մի փոքր շփոթվել էինք, սակայն այն  շատ կարճ տևեց, քանի որ հուսահատվել,  կնշանակեր մատնվել անգործության: Շուտափույթ անցանք գործի և սիրիական  խոհանոցի գիտելիքներս օգտագործեցի  մեր փոքրիկ  բիզնեսում: Հայաստանի սփյուռքի նախարարության  խորհրդով մասնակցում ենք  նաև էքսպո ցուցահանդեսների, կարծում եմ, այն  կօգնի  ընդլայնել պատվիրատուների շրջանակն ու գտնել նոր գործընկերներ: Սիրով  ուսումնասիրում  և կիրառում եմ  նաև  հայկական  խոհանոցի որոշ ուտեստներ և ճաշատեսակներ: Արդեն  հարմարվել ենք Հայաստանի  կենցաղին, ունենք  հիանալի բարեկամներ ու հարևաններ: Սիրիա  վերադառնալու հույս  չունենք, սակայն, եթե այնտեղ իրավիճակը մի փոքր  հանդարտվի,  կարծում եմ, կկարողանանք Հալեպի  մեր տունն ու ունեցվածքը  տեղափոխել  այստեղ,- պատմում է Յոլանդը:

 

Անգործ չեն  նաև Րաֆֆիի և Յոլանդի  զավակները: Ավագ դուստրը՝ Եվան այժմ սովորում է Սիրիայի Լաթաքիա  քաղաքի համալսարանի իրավաբանական  ֆակուլտետում: Շուտով փաստաբանի մասնագիտություն ստացած կվերադառնա Հայաստան ապրելու  և աշխատելու: Կրտսեր դուստրը կավարտի դպրոցն ու կշարունակի ուսումը   նախընտրած մասնագիտությամբ, իսկ Սարգիսն արդեն  զբաղվում է  մի փոքրիկ բիզնեսով:

 

–          Անկախ նրանից, թե որտեղ է  ապրում  հայը,  նա աշխատասեր է,  չընկճվող, անգամ ոչնչից կարող է զբաղմունք ստեղծել,- ասում է Րաֆֆին, – Ուղղակի խնդիրն այն է, որ հայաստանյան  շուկան փոքր է, աշխարհագրական դիրքը՝ աննախանձելի, ի տարբերություն Սիրիայի, որի շուկան չափազանց մեծ է: Սակայն անկեղծորեն ուրախ ենք, որ հայրենիքում ենք, ուր գիշերները հանգիստ ննջում ենք, չվախենալով  չընդհատվող ռմբակոծությունից: Իսկ  դժվարություններ ամեն  տեղ էլ  կան, ու դրանք  հաղթահարելի են, քանի որ կա ընտանեկան  ջերմություն, փոխադարձ սեր ու վստահություն, ու նոր բնակավայրում քեզ չեն համարում  օտար: Իսկ դա ամենակարևորն է:

 

Անուշ Ներսիսյան

Լուսանակրանեըը՝ ՄԱԿ ՓԳՀ  Հայաստանում  

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

«Նոր կյանք , նոր տեղում, նոր էջից…, միայն թե հիշողություններն են խեղդում»

 

 

Հալեպ. սիրիահայերի դրությունը ծայրահեղ ծանր է

 

 

Հայաստանի կառավարությունը պատրաստ է ընդունել սիրիահայերին, բայց …

 

 

Օգնության ձեռք Հալեպում մնացած հայերին

 

 

Սիրիայում մարդասիրական աղետ է

 

 

Հալեպի հայերը Հայաստանի իշխանություններից աջակցություն են խնդրում

 

 

Աշխարհում փախստականների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի

 

 

Սիրիայում երկրորդ ցեղասպանություն է. Թալին Կլբաշյան

 

 

Ողջ ճշմարտությունը պատերազմի մասին

 

 

ՀԵԿԱ-ի ավանդական տոնավաճառին մասնակցեցին նաև սիրիահայ կանայք

 

 

«Այսուհետ սա է իմ երկիրը, ուզում եմ իմ աշխատանքով օգտակար լինել նրան»

 

 

Սիրիահայ ընտանիքներին կօգնի բնակարանապահովման նոր ծրագիրը

 

 

«Այստեղ մենք մեզ փախստական չենք զգացել»…

 

Դիտումների քանակը` 1895

Վերադառնալ վերև