Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ղարաբաղի Կոբրան». Ազատամարտիկ կինը հիշում է Շուշիի ազատագրումը…

 

 

Ամեն տարի` մայիսի 9-ին Արցախյան ազատամարտի մասնակից Մարինե Դուլյանը «Հաղթանակ» զբոսայգում է լինում, անմար կրակի մոտ ծաղիկներ դնում ու հիշում իր մարտական ուղին, զոհված ընկերներին: Այս տարին էլ բացառություն չէր, Մարինեն դարձյալ «Հաղթանակ» զբոսայգում էր:

 

«Ղարաբաղի Կոբրա»` այս մականունով են մարտական ընկերները  կնքել Մարինեին: «Երբ որ գնացել էինք թուրքերի կողմը ռազվեդկայի, ես այդ ժամանակ որ կապվել եմ, կապը եղել է`кобра, кобра, отвечайте кобре два: Այդպես մականունս մնացել է Կոբրա»,- «Մեդիալաբին» իր մականվան բացատրությունն է ներկայացնում նա:

 

Կինն այսօրվա պես է հիշում Շուշիի ազատագրումը:

 

«Շուշիի ազատագրման օրը շատ ծանր վիճակ էր, սկզբում անձրև էր գալիս, հետո` ձյուն, դժվար էր տղաների համար այդ դիքը բարձրանալը: Մենք բարձրացանք Ջանհասան Քյոսալարի կողմով, այսինքն` ամենածանր հատվածը, երկու գյուղերի միջև պետք է հսկեինք, որ այնտեղից թուրքերը Շուշիին օգնության չգային: Մեր տղերքն արիաբար կռվեցին, մենք ընդամենը 15 զոհ ունեցանք: Բոլորս միասին 155 մարդ էինք և պաշտպանել ենք Շուշին Ջանհասան Քյոսալարից »,- պատմում է Դուլյանը:

 

Նա հիշում է, որ Շուշին ազատագրելուց հետ բոլորը միասին պարել են:

 

«Պարել ենք քոչարի, մեր հայկական քոչարին: Դա ուրախություն էր, որ կարողացել ենք վերջապես թուրքի գլուխը ջարդել, օձի գլուխը ջարդել»,- նշում է  նա:

 

Մարինե Դուլյանը կռվել է Երասխում, Գետաշենում, Հադրութում, մասնակցել է Շուշիի ազատագրմանը Ջանհասան Քյոսալարում, այնուհետև եղել է Մարտակերտում:

 

«Այնտեղից թուրքի ձեռից հայի երեխա եմ գողացել, հետո տղաներն ինձ ուղարկել են այստեղ, ես սկսել եմ երեխային պահել: Դա հայի երեխա էր, երեխայի մորը թուրքերը տարել են, հղի է եղել, գրազ են եկել, փորը բացել են, երեխային գցել են կողքի: Ես գողացել եմ, պահել եմ, իմ վերցնելուց մեկ ժամ առաջ էին հանել»,- պատմում է ազատամարտիկ կինը:

 

Երեխան, որին Մարինեն գիշերով գողացել է թուրքերի ձեռից, տղա է, ով այսօր ծառայում է Հայոց բանակում, իսկ մայիսի 30-ին էլ զորացրվելու է: Բացի տղայից, Մարինեն մեկ աղջիկ էլ ունի ու երկու թոռնիկ:

 

Համեմատելով Արցախյան ազատամարտի տարիներն ու այսօրվա օրերը` Մարինե Դուլյանն ասում է, որ եթե, Աստված չանի, նորից պատերազմ լինի, հայ երիտասարդների մի մասը չի գնա հայրենիքը պաշտպանելու:

 

«Իհարկե մենք ունենք ջահել երեխեք, որ մեր հետևորդները կդառնան: Բայց երեխաներ կան, որ չեն ուզում բանակ գնալ, դա ծնողների դաստիարակության հետևանք է: Ծնողները չեն ուզում, որ երեխաները բանակ գնան, ասում են` ո՞ւմ համար գնան, ինչի՞ համար գնան: Բայց իմ տղային երբ ասեցի` ազատված ես բանակից, ասեց` ես պետք է գնամ: Դա մեր դաստիարակությունից է: Ծնողը եթե տղա երեխայի մեջ դաստիարակի, որ ինքը պետք  է հերոս դառնա, երեխան երբեք հետ չի կանգնի ծառայությունից»,- նշում է նա…

 

Մարի Ներսեսյան

 

Տեքստը ամբողջությամբ ՝ Medialab.am

 

Դիտումների քանակը` 5996

Վերադառնալ վերև