Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ճգնաժամի եւ նոր կյանքի մաքառման հինգ տարին»

«Ճգնաժամի հինգ  տարին. Նոր կյանքի մաքառման  հինգ  տարին» – այս    խորագրի  ներքո կայացավ  օրերս  Երեւանում  Արմենիա Մարիոթ հյուրանոցում  ՄԱԿ ՓԳՀ-ի և  ՕՔՍՖԱՄ-ի   համատեղ միջոցառումը: Այն     կազմակերպվել էր   ՄԱԿ  ՓԳՀ-ի՝ «Մենք  կանգնած ենք փախստականների կողքին»  և  ՕՔՍՖԱՄ-ի  «Սիրիայի կողքին»   քարոզարշավների շրջանակներում :   

 

Միջոցառմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի                հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը, ՕՔՍՖԱՄ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, գործարար  սիրիահայեր և հյուրեր: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին սիրիական պատերազմի զոհերի հիշատակը:

 

 

Ողջունելով ներկաներին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ  Հակոբյանը սիրիահայերին ուղղված իր խոսքում  ասաց, որ ուրախ է  տեսնել  նրանց    Հայրենիքում:

 

–         «Ուրախ եմ, որ այստեղ կարողանում եք աշխատել, ստեղծագործել, նվիրվել և ձեր ներդրումն ունենալ Հայաստանի զարգացման գործում: Ուզում եմ հավատալ, որ դժվարությունները ետևում են մնացել: Մենք բոլորս՝ պետությունը, սփյուռքի նախարարությունը, ՄԱԿ-ի գրասենյակը, միջազգային կազմակերպությունները, պետք է անենք ամեն ինչ, որ կարողանաք աշխատել, հզորանալ, հզորացնել մեր Հայրենիքը:

 

ՕՔՍՖԱՄ մասնաճյուղի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի դիտարկմամբ,  սիրիահայերը մեզ համար ոչ թե փախստականներ են, այլ  հայրենակիցներ, ովքեր իրենց  մշակույթով նպաստում են հայրենիքի զարգացմանը: Նա  իր  խոսքում  մտահոգություն հայտնեց աշխարհում  փախստականների թվի ավելացման կապակցությամբ:

 

–         Ցավալի է, որ Երկրրոդ   համաշխարհային  պատերազմից  հետո արձանագրվել է  փախստական թվի աննախադեպ  գերաճ, նրանց  թիվն այսօր կազմում է շուրջ 60 միլն է եւ դա  իրոք  մտահոգիչ է: Այս միջոցառումը  մեկ անգամ  ևս  առիթ է    բարձրաձայնելու մեր բոլորի մտահոգությունը, որպեսզի  գերտերությունները կարողանան վերացնել պատերազմի  պատճառները, կանխել  փախստականների հոսքը, ապահովել նրանց անվտանգությունն ու աջակցել  հաղթահարելու դժվարությունները:  Հուսանք, որ աշնանը Նյու Յորքում  կայանալիք  վեհաժողովում  գերտերությունները  Սիրիայում տիրող  իրավիճակի քննարկման ժամանակ գործնական որոշում  կկայացնեն:

 

ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթմ անդրադարձավ  Փախստականների օրվա խորհրդին՝ նշելով, որ օրը  նվիրված է այն մարդկանց , ովքեր ստիպված են եղել տեղահանվել և ապահով հանգրվան գտնելու նպատակով  ճանապարհ ընկնել:

 

–         Երբ ասում ենք ճգնաժամի 5 տարի, ի նկատի ունենք  ոչնչացման,  տառապանքի և մահվան տարիները, – իր խոսքում  նշեց ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը, ընդգծելով, որ Սիրիայի պատերազմի 5 տարին եղել է  նաեւ մաքառման 5 տարի: Սիրիահայերին Հայաստանում օգնել են և՛ կառավարությունը, և միջազգային ու հասարակական կազմակերպությունները, և՛ բնակչությունը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սփյուռքի նախարարին արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար: Այսօր բոլորը կարող են  իրենց  աջակցությունը ցուցաբերել սիրիահայերին…

 

Այնուհետև հնչեցին երգչուհի Զարուհի Բաբայանի և իր Երգի ստուդիայի սաների «Ավե Մարիա», «Կիլիկիա» ստեղծագործությունների հիանալի կատարումները:

 

 

Միջոցառումն ավարտվեց ՄԱԿ ՓԳՀ-ի  նախաձեռնությամբ հրատարակված <Ճամփաբաժան.Փախստականների պատմությունները Հայաստանում> գրքի շնորհանդեսով: Գրքում  տեղ  գտած շուրջ 3 տասնյակ ակնարկների հերոսները տարբեր ժամանկներում  և  տարբեր երկրներից  տեղահանված և Հայաստանում ապաստանած անձինք են: Նրանց  կյանքի պատմությունները՝ միմյանց  նման ու տարբեր, ուսանելի ու հետաքրքրական են  հատկապես  վերընձյուղվելու և կյանքի նոր սկիզբ նշանավորելու առումով: Միջացառումը եզրափակվեց  սիրիացի ոճաբան Գևորգ Շադոյանի երեխաների հագուստի հավաքածուի ցուցադրմամբ:

 

 

Միջոցառման  շրջանակներում տեղի ունեցավ սիրիահայ  գործարարների ձեռագործ աշխատանքերի և խոհարարական հմտությունների ցուցադրություն-վաճառք, ինչպես  նաև փախստականների թեմատիկ ֆոտո-ցուցահանդես և հիշատակի  մոմավառության արարողություն:

 

Շրջելով ցուցահանդես-վաճառքում  WomenNet.am -ը զրուցեց մի քանի  սիրիահայ գործարարների հետ:

 

Զարուհի Համալյանն ամուսնու հետ այս  անգամ  որոշել է ընդլայնել իր արտադրանքի տեսականին:  Նրա արտադրած  մահլեբով պանիրն արդեն  հայտնի է  Երևանում, պատվիրողների  թիվը հետզհետե ավելանում է  նաև համեղ մանթիի,  իշլի քյուֆթայի,  կարմիր պղպեղով ու զանազան  համեմված կաթնաշոռի ու քամած մածունի շնորհիվ: Համեղ ուտելիքներից  բացի  Զարուհին  զբաղվում է նաև, ինչպես  ինքն է ասում՝  կպչարվեստով, սովորական ապակե ծաղկամանն ու սկահակը գունազարդելով գեղեցիկ  նախշերով, որի պահանջարկն,  ի դեպ, ցուցահանդեսում  բավական  մեծ էր:

ՕՔՍՖԱՄ-ի կողմից ցուցաբերած աջակցության  համար իրենց  երախտագիտությունը  Րաֆֆի և Յոլանդ Ռշտունի ամուսինները հայտնել են  յուրովի: Այս անգամ նրանք  պատրաստել  և  ցուցահանդեսին ներկայացրել էին  ՕՔՍՖԱՄ-ի  խորհրդանշանով քաղցրավենիքներ:

 

–         Ամեն  անգամ  փորձում ենք  նոր  տեսականիով  հանդես  գալ,  ուզում ենք  նորություն  լինի: Տակավին դեռ  դժվարություններ կան, սակայն շարունակում ենք  հուսալ ու տոկալ: Գիտեմ, որ հունիսի 20-ը փախստականների միջազգային օրն է: Առանց  հուզմունքի  չեմ  կարող  խոսել, քանի որ Սիրայում վիճակն ավելի է  վատանում, քանդվում են  հայկական  թաղամասերը: Փափագում ենք, որ այնտեղ  մնացած  հայերը Հայաստան  գան, փրկվեն  կործանումից, -ասում է Յոլանդը:

Ազնիվ Բերթիկյանն ու ամուսինը՝ Եղիյա Գրիգորյանը առաջին անգամ են  մասնակցում ցուցահանդես-վաճառքին: Ամիսներ առաջ են Սիրիայից  տեղափոխվել  Հայաստան: Բարեբախտաբար իրենց  տան  ռմբահարման  ժամանակ տանը ոչ ոք  չի եղել: Ճարահատյալ  միակ զավակի  հետ եկել են  ապաստանելու  հայրենիքում:

 

–         Աշխատանքի դժվարություն ունենք, բայց  կամաց –կամանց  խելքի  կգանք,  աշխարհին  խաղաղություն ենք  ցանկանում, միայն  խաղաղ  ժամանակ  կարելի է  զարգանալ: Մասնագիտությամբ  դասախոս եմ, ամուսինս ինժեներ, սակայն այստեղ  մեր կարիքը կարծես թե  չկա, թեև ամուսինս  հիանալի ինժեներ է: Նրա  հետ որոշեցինք զբաղվել  խոհարարությամբ: Հուսանք, որ լավ կլինի:

Դեկորատիվ աշխատանքերի իր հարուստ  հավաքածուն է  ներկայացրել 4 տարի առաջ ամուսնու և երկու զավակների հետ Հայաստանում  հաստատված Սիլվա Քալաջյանը: Երիտասարդ ու բազմաշնորհ կնոջ հարուստ երևակայությունն ու դիզայների մասնագիտությունն օգնում են  հարսանեկան  զգեստների և զանազան  առարկաների գեղարվեստական  ձևավորմամբ վաստակած  գումարով   լուծել սոցիալ-կենցաղային բազում  հարցեր: Երազում է ամուսնու  հետ բացել հուշանվերների խանութ:

–         Ես ուրախ եմ, որ մեր հայրենակիցները չեն  հուսալքվում, որ սեփական  ուժերով, նաև ՄԱԿ ՓԳՀ-ի և նրա  գործընկեր կազմակերպությունների  աջակցությամբ ձգտում են հաստատվել հայրենիքում,- ասում է ՄԱԿ ՓԳՀ  գրասենյակի  տեղեկատվության  համակարգող Անահիտ Հայրապետյանը,- Տարեց-տարի  մեր համախոհների շարքերն  ընդլայնվում են, ՀՀ սփյուռքի նախարարությունն ու ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան  գրասենյակի հետ համատեղ  իրականացնում ենք Բնակարանային փոխհատուցման ծրագիրը, որի արդյունքում  մեր շահառուների  թիվը մեծացել է: Սիրիահայ մեր հայրենակիցների   ժպիտը ամենամեծ շնորհակալությունն է, ինչը մեզ  ավելի է  պարտավորեցնում նրանց  օգնելու հարցում:

 

Անուշ Ներսիսյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ

«Ճգնաժամի եւ նոր կյանքի մաքառման հինգ տարին»

« Նրանք փոխըմբռնման, համերաշխության և աջակցության կարիք ունեն »… / տեսանյութեր

«Աշխարհը չի կարող պասիվորեն հետևել՝ ասես թե անկարևոր կյանքեր են կորսվում…»

Փախստականի համաշխարհային օրվա ուղերձները

Իսկ Դուք կանգնա՞ծ եք Փախստականների կողքին / տեսահոլովակ

 

Դիտումների քանակը` 1045

Վերադառնալ վերև