Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Մայրիկ, մարդիկ այնքան տարբեր են: Ես նրանց բոլորին ուզում եմ օգնել»

Վերջին տարվա ընթացքում Հայաստանում առավել հաճախ են սկսել խոսել ներառական կրթության առավելությունների մասին: Այդ գաղափարը առաջ տանող ամենաակտիվ կառույցներից մեկը ՄԱԿի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակն է, որը հանձնառու է իրականություն դարձնել ուսումնական գործընթացում հաշմանդամություն ունեցող երեխաների լիարժեք ներգրավումը՝ վկայակոչելով այլ երկրների առաջադեմ քաղաքականությունների հաջողված փորձը:

 

Այժմ ՀՀ Կառավարությունը ֆինանսավորում է հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների կրթությունը 139 ներառական դպրոցներում, ինչը կօգնի նաև համակարգում մասնագետների թիմ ձևավորելուն: Դրա հետ մեկտեղ խորհրդարանի օրակարգում է «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունը, ըստ որի հեռանկարում ներառական կդառնան բոլոր դպրոցները, իսկ հատուկ դպրոցները կվերածվեն մանկավարժական կենտրոնների, որոնք էլ իրենց հերթին կաջակցեն ներառականության զարգացմանը կրթական համակարգում:

 

Որոշակի առաջընթաց է նկատվում նաև հանրության ընկալումներում, ինչը ներառական կրթության հարցում թիվ մեկ գործոնն է համարվում: Մարդիկ սկսում են ավելի հանգիստ վերաբերվել ներառականության գաղափարին և ավելի ուշադիր լինել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նկատմամբ: Իհարկե, ոչ բոլորը, բայց և այնուամենայնիվ… WomenNet.am-ը փորձեց խոսել ուսուցիչների և ծնողների հետ՝ ներառական կրթության նկատմամբ նրանց վերաբերմունքի մասին:

 

Հանրակրթական դպրոցի ուսուցիչներից մի քանիսը մեզ հետ զրույցում խոստովանեցին, որ ներառական մեթոդներից շատ բան իրենց էլ առայժմ հասկանալի չէ, հաճախ ստիպված են լինում առաջնորդվել ինտուիցիայով: Չնայած նաև ընդգծեցին, որ, անշուշտ, այդ թեմայով մասնագիտական վերապատրաստումներն իրենց շատ են օգնում: Ծնողներն էլ իրենց հերթին են նկատում, որ տվյալ ոլորտի մասնագետների թիվը ավելացնելու անհրաժեշտություն կա…

 

«Ես փորձագետ չեմ, բայց տեսնում եմ, որ կադրերի պակաս կա,- ասում է մեր զրուցակիցներից մեկը՝ Մարգարիտա Գրիգորյանը՝ նշելով, որ ամենևին դեմ չէ, եթե իր տղայի հետ միևնույն դասարանում սովորեն հաշմանդամություն ունեցող երեխաներ: – Թող նա իմանա՝ ինչքան կարևոր է լինել բարի, սովորի` բարեգթությունն ինչ է, և հասկանա, որ կյանքը միայն խաղ և ուրախություն չէ…»

 

«Ես երկու դպրոցական երեխա ունեմ, և ինձ բոլորովին չի անհանգստացնի այն փաստը, եթե նրանց հետ նույն դասարանում սովորեն հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաներ,- խոստովանում է ձեռնարկատեր Դավիթ Գրիգորյանը: – Դա նրանց կսովորեցնի ավելի լավ հասկանալ աշխարհը և հանդուրժող լինել շրջապատի բոլոր մարդկանց հանդեպ: Համոզված եմ՝ կյանքում էլ դա նրանց շատ կօգնի: Բացի այդ, հաշմանդամություն ունեցող երեխաներն էլ իմ երեխաների պես կրթության իրավունք ունեն, նրանց շփում և ուշադրություն է պետք, ինչն էլ կտրվի դպրոցում»:

 

«Վստահ չեմ, որ հանգիստ կվերաբերվեմ նրան, որ իմ Մարիշայի հետ նույն դասարանում սովորեն հաշմանդամություն ունեցող երեխաներ,- խոստովանում է Զառա Սարիբեկյանը: – Ես չէի ուզենա, որ նա տեսնի այդ ամենը: Ամեն դեպքում դա սթրես է երեխայի համար և լարվածություն: Ինչո՞ւ: Չէ՞ որ նա դեռ շատ փոքր է»:

 

«Ես էլ մի լավ կմտածեի, մինչ հաշմանդամություն ունեցող երեխաների հետ համատեղ սովորելուն համաձայնելը,- ասում է Ժիրայր Պետրոսյանը՝ 8-ամյա Մարատի հայրը: – Իմ տղան շատ տպավորվող է, ի՞նչ իմանամ՝ ինչպես կարձագանքի ոչ ստանդարտ համադասարանցուն»:

 

Մյուս կողմից` ոչ բոլոր ծնողներն են հոգեբանորեն պատրաստ հաշմանդամություն ունեցող իրենց երեխաներին հանրությանը ներկայացնելուն: Մելանյա Սեդրակյանը 5-ամյա Հասմիկի մայրն է: Նրանք ապրում են Երևանի ծայրամասային թաղամասերից մեկում, և Մելանյան ասում է, որ իր աղջկան վերապահումով են վերաբերվում: Նա նույնիսկ վախենում է խոսել երեխայի ախտորոշման մասին: «Ինձ ճիշտ հասկացեք,- ասում է նա,- երբ ես նրա հետ դուրս եմ գալիս զբոսնելու, հարևանները խեթ հայացքներ են գցում մեզ վրա: Իհարկե, ոչ բոլորը, բարի մարդիկ էլ կան, սակայն նրանք քիչ են: Ես նկատում եմ, որ ուրիշ երեխաների մայրերը խուսափում են մեզանից, և նրանց երեխաները չեն խաղում իմ աղջկա հետ: Նույնիսկ մանկապարտեզ չեմ տանում նրան: Վախենում եմ, որ հանկարծ դաստիարակներն ուշադիր չլինեն ու երեխայիս նեղացնեն… Ես լսել եմ ներառական կրթության մասին, սակայն հոգուս խորքում կասկածներ ունեմ, չեմ ուզում, որ նրան մատով ցույց տան և ծիծաղեն: Աղջիկս գուցե չի խոսում, բայց ամեն ինչ զգում է: Կարծում եմ` եթե մենք Երևանի կենտրոնում ապրեինք, իրավիճակն այլ կլիներ: Ինձ թվում է` այնտեղ մարդիկ ավելի հանգիստ են: Ամուսնուս հետ ուզում ենք Եվրոպա տեղափոխվել: Ասում են՝ այնտեղ ավելի հանդուրժող են նման երեխաների նկատմամբ, սակայն դրանք դեռևս պլաններ են: Այնպես որ, ես եմ նրա միակ ընկերը, մեկ էլ բարեկամները… Բայց ոչ բոլորը: Ոմանք երես են թեքել, բայց ես նրանց չեմ մեղադրում: Աստված իրենց դատավոր»…

 

Մեր մյուս զրուցակից Ելենա Բարսեղյանը, ով ուշադրությամբ լսում էր Մելանյայի պատմությունը, ասաց, որ հասկանում է նրան, սակայն կարծում է, որ երեխային մարդկանցից թաքցնելը ճիշտ չէ: Իր որդի Գոշային նա դեռևս 3 տարի առաջ էր ամեն ինչ բացատրել, երբ նրանց դասարան եկավ  խոսքի խանգարում ունեցող  մի աղջիկ: Հետագայում նա այլևս ոչինչ չէր հարցնում, սակայն մի օր դպրոցից տուն գալուց ասաց. «Մայրիկ, մարդիկ այնքան տարբեր են, և կարևոր չէ, որ նրանք ինձ կամ քեզ նման չեն: Ես նրանց բոլորին ուզում եմ օգնել»… «Ինձ համար դա մեծ հաղթանակ է, դա նշանակում է, որ նա լավ մարդ է դառնալու»,- համոզված է Ելենան:

 

Աննա Սաթյան

Լուսանկարը՝

 ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի «Խոսքը ներառման մասին» զեկույցից 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Նրանք մեզ բոլորիս աշխարհին այլ կերպ նայելու հնարավորություն են տալիս»…

 

Ներառական կրթությունը մանկապարտեզից է սկսվում

 

Մոր խոսքը` չընկճվել եւ պայքարել հանուն երեխաների եւ հավասարության …

 

«Նորարարություն հանուն երեխաների և հավասարության»

 

 

Դիտումների քանակը` 4215

Վերադառնալ վերև