Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Մեդիան մանկատան երեխաների շուրջ ստեղծում է ծուռ հայելիների իրականություն»՝ առավել խորացնելով կարծրատիպերը

Երբ 2010 թվականին ամուսնու և սկեսրոջ դաժան ծեծի հետևանքով մահացավ երկկողմանի ծնողազուրկ, մանկատան սան Զարուհի Պետրոսյանը՝ որբ թողնելով երկամյա դստերը, փորձագետներն ահազանգեցին մանկատան սաների նկատմամբ հասարակական վերաբերմունքի բացասական տեղաշարժի մասին։ Զարուհին ոչ միայն ընտանեկան բռնության զոհ էր, այլ նաև կարծրատիպերի: Սա, չնայած բացառիկ դեպք էր, սակայն մանկատան սաների նկատմամբ անվստահությունը, խտրական վերաբերմունքը հաճախ օրինաչափ է դարձել: Այս խնդրի է անդրադառնում  «Առավոտ»-ը՝  զետեղելով   «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության  ղեկավար Գայանե Աբրահամյանի  հարցազրույցը   երեխայի պաշտպանության փորձագետ Աննա Մնացականյանի հետ:

 

 

–         Հայաստանում ու նաև ողջ աշխարհում տեղի ունեցավ արժեքների հեղափոխություն, որը չէր կարող չազդել ընտանիք սոցիալական ինստիտուտի վրա և այդ փոփոխության արտացոլումը անմիջապես երևաց մանկատներում։ Այստեղ հայտնվեցին սոցիալական որբեր, որոնք ոչ միայն հետևանք են սոցիալ տնտեսական դժվար պայմանների, այլ նաև այդ արժեհամակարգի փոփոխության: Քանի որ մեզ համար չափազանց կարևոր երևույթ է ընտանիքը, ապա բնական է, որ այն երեխան, ով դուրս է դրանից և չի դաստիարակվել այդ միջավայրում, ընկալվում է ոչ յուրային, եթե չասեմ՝ օտար: Հասարակության այդ ընկալումը ես համարում եմ օբյեկտիվ, քանի որ եթե դու տալիս ես սերունդ, միշտ ձգտում ես քո երեխային ապահովագրել հնարավորինս լավ կյանքով և չես ուզում, որ քո զավակի կողքին լինի խոցելի մեկը, քանի որ դա ենթադրում է որոշակի պատասխանատվություն, ծանր բեռ և այլն: Այսինքն՝ միանշանակ ֆետիշացնել խոցելի խմբերին և մեղադրել հասարակությանը՝ սխալ է: Օրինակ, եթե քո զավակը ցանկանա ամուսնանալ հաշմանդամություն ունեցող մարդու հետ, բնական է որ կմտահոգվես, քանի որ նա դժվարությամբ աշխատանք կգտնի և այլն: Սրանք բնական ռեակցիաներ են: Հասարակությունը խոհեմ և իմաստուն է, երբեք չի ունեցել դաժան, ագրեսիվ վերաբերմունք։ Զարուհի Պետրոսյանի դեպքը բացառություն է: Սակայն երբ այդ բնական ռեակցիաները որոշ ազդեցություններից փոխակերպվում են կարծրատիպերի, արդեն մտահոգիչ է:

 

–  Հասարակության կողմից վերաբերմունքի ձևավորման մեջ ավելի մեծ դեր է ունենում ծնողի օբյեկտիվ մտահոգությունը, թե՞ կարծրատիպերը:

 

–         Իսկ ինչպե՞ս են ձևավորվում այդ կարծրատիպերը։ Պատմական հիշողությամբ մեր մեջ որբերը մաքուր, լուսավոր այն երեխաներն են, որոնց ծնողները եղեռնի զոհեր են եղել, կամ էլ՝ Հայրենական մեծ պատերազմի: Մինչդեռ հիմա, այդ կարծրատիպերը փոխվել են մեդիայի ազդեցությամբ։ Լրատվամիջոցներում ես չեմ տեսնում և կարդում դրական պատմություններ։ Հիմնականում մատուցվում է, որ մանկատան շրջանավարտները մարմնավաճառ են, հակասոցիալական վարք ունեցողներ և այլն: Նախկինում այսպես չէր, անգամ կային ընտանիքներ, որոնք ինչ-որ խնդրի համար ուխտ էին կնքում ու երեխա որդեգրում, բազմաթիվ նման դեպքեր կան, այսինքն` ծայրահեղ չի եղել վերաբերմունքը: Իսկ հիմա մանկատան երեխաների շուրջ ստեղծվել է ծուռ հայելիների իրականություն, սերիալները, մեդիան ընդհանրապես, անընդհատ փորփրում են այս երեխաների ներաշխարհը: «Որբերը» սերիալի ցուցադրման օրերին մանկատան երեխաները տասնյակներով, լացելով գալիս էին մեր գրասենյակ, ասում էին. «Ի՞նչ են ուզում մեզնից, թող հանգիստ թողնեն մեզ »: Այո, հասկանալի է, սա ցնցող թեմա է, բայց եթե գոնե դրամատուրգը դներ խնդիր որևէ կերպ օգնելու այդ երեխաների սոցիալականացման հարցում, գուցե ընդունելի լիներ, բայց ի՞նչ արեցին, գնացին արխիվները բացեցին, սոցպատմությունները դարձրին սյուժե՝ մամային բռնաբարեց, սիգարետը հանգցրեց վրան, մայրը կախվեց… ահասարսուռ սյուժե արեցին ու վերջ, չդրվեց խնդիր, միակ խնդիրը գովազդ վաճառելն ու հանդիսատես գրավելն էր և հիմա շարունակաբար դա տեսնում ենք եթերում: Բայց այս գործիքն էլ պետք է ճիշտ օգտագործվի, քանի որ մարդիկ կան հենց այս սերիալային կարծրատիպերով են ապրում, եթե հիմա այս մեխանիզմն է աշխատող, ապա օգտագործենք դա՝ ճիշտ, նպատակային: Բայց «Որբերի» ժամանակ երբ փորձեցինք միջամտել, խնդրել, որ փոխվի, ասացին մեկ տարվա գովազդի գումարներն արդեն ստացել ենք, ոչինչ չենք կարող անել՝ վերջ…

 

Մանկատնից դուրս եկած շրջանավարտների և հակասոցիալական վարք ունեցող ընտանիքում հայտնված երեխաների պաշտպանության ինչոր մեխանիզմներ կա՞ն, գործո՞ւմ են:

 

–         Սա լուրջ խնդիր է, որին բախվել եմ անձամբ: Մանկատներից մեկում մի շատ պայծառ, լուսավոր, բարձր առաջադիմությամբ երեխայի մասին խոսելիս մանկատան տնօրենն ասաց, որ վարքի տարօրինակ փոփոխություն է տեղի ունենում, երբ մայրը տանում է տուն: Բոլորովին պատահական իմացանք, որ մեր բակում ապրող մի մուրացիկ, որն արտաքինից սովորական կեղտոտ, փնթի մարդ էր՝ մանկապիղծ է և այդ երեխայի խորթ հայրն է: Փորփրեցինք, երեխայի հետ խոսելուց հետո պարզ դարձավ, որ երեխային բռնաբարում է, տարանք բժշկի, բայց երբ դիմեցինք ոստիկանություն՝ այստեղ ամեն ինչ կանգ առավ: Ամեն ինչ բարդացվեց, որպեսզի գործ հարուցվեր քննիչն ասաց, որ պետք է լուսանկարենք, ապացույցներ բերենք, հետո էլ ասացին հոտ է գալիս այդ մարդուց, չենք կարող հարցաքննել ու վերջ: Գործը ձգձգվեց, հետո մի օր մայրն ասաց, թե տղային ուղարկել է Արմավիրի մարզ, ինչ-որ գոմերում աշխատելու ու պարզվեց տղան մահացել է, թե ի՞նչ պայմաններում այդպես էլ չպարզվեց: Այսինքն` ես, որ 20 տարուց ավել է այս համակարգում եմ, ունեմ փորձ ու գիտելիքներ, ծանոթներ, չկարողացա այդ երեխային փրկել, քանի որ համակարգը, մեխանիզմները ոչ միշտ են գործում: Սա լուրջ խնդիր է…

 

– Ինչու՞ Հայաստանում այդպես էլ չի կայանում խնամատար ընտանիքների ինստիտուտը: Եթե անգամ անտեսենք երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքն ու դրա կարևորությունը, զուտ ֆինանսական տեսանկյունից պետության համար ավելի շահավետ են խնամատար ընտանիքները, քան հաստատությունները, քանի որ մանկատանը կամ խնամքի այլ հաստատություններում մեկ երեխայի համար ծախսվում է մոտ 4000 դոլար, խնամատար ընտանիքներում ՝ 2500 դոլար, բայց 2006-ից ի վեր Հայաստանում կա 21 խնամատար ընտանիք և թիվը չի ավելանում հենց ֆինանսների անբավարարության պատճառաբանությամբ:

 

–         Դա անելու համար անհրաժեշտ են մարդիկ, ոչ միայն ֆինանսական ներդրումներ, այլ հենց մարդկային ռեսուրս, ովքեր կունենան ոլորտի պատկերացում, հմտություններ, կարողություններ ու ամենակարևորը՝ ցանկություն: Իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում մի քանի նախարար փոխվեց միայն վերջին հինգ տարում, մարդկային գործոնը շատ կարևոր է, քանի որ համակարգը դեռ ձևավորված չէ, իսկ այդ անկատար համակարգում շատ դժվար է բարեփոխումներ անել:

 

Հարցազրույցը ամբողջությամբ այստեղ. 

 

 

Դիտումների քանակը` 2384

Վերադառնալ վերև