Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Մեկ աշխարհ, մեկ տուն, մեկ սիրտ»…/ ինֆոգրաֆիկա

 

Այսպիսին է   սեպտեմբերի 29-ին  նշվող Սրտի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսը: Օրվա խորհրդի համաձայն այս օրը հանրության ուշադրությունը պետք է սևեռվի սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման վրա: Ամբողջ աշխարհում տարեկան 17,3 մլն մարդ մահանում է սրտանոթային հիվանդություններից:  Սրտի համաշխարհային ֆեդերացիայի կանխատեսմամբ՝ 2030թ-ին այդ թիվը կհասնի 23 մլն-ի:

 

 

Ըստ ֆեդերացիայի՝ 2012-ը պետք է լինի սրտանոթային հիվանդությունների կանխարգելման տարի կանանց և երեխաների համար: Կանայք թերագնահատում են իրենց սրտանոթային հիվանդությունների ռիսկը, չնայած որ տարեկան 17,3 միլիոնի մահացության ուղւղ կեսը՝ 8,6 միլիոնը բաժին է ընկնում հենց նրանց  եւ դա ավելին է, քան քաղցկեցից, տուբերկուլյոզից,  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից եւ մալյարիայից մահացող կանանց  ընդհանուր թիվը: Հայաստանում՝ սրտանոթային համակարգի հիվանդություններից կանանց ու տղամարդկանց մահացության ցուցանիշները  գրեթե նույն են:

 

 

Երեխաները ևս ռիսկի խմբի մեջ են, քանի դեռ պատշաճ ուշադրություն չի դարձվում նրանց առողջ կենսակերպին: Եթե սրտի առողջությանն ուղղված համապատասխան միջոցառումներ չձեռնարկվեն, ապա այսօրվա երեխաները վաղը կընդգրվեն սրտանոթային բարձր ռիսկի խմբի մեջ: Կանայք և մայրերը հաճախ իրենց ընտանիքի առողջության պահապաններն են, հետևաբար սրտի առողջության պահպանման բանալին հենց նրանց ձեռքում է:

 

 

 

Բայց արդյո՞ք կանայք հետևում են իրենց առողջությանը …

 

 

 

… Ավելի քան 10 տարի է մայրս  բժշկի չի դիմել, թեև սրտի հատվածում մշտապես ցավեր է զգում: Ոչ մի կերպ չեմ կարողանում նրան բժշկի տանել: Ամեն անգամ այդ հարցը բարձրանելուց հետո ասում է, որ իրեն լավ  է զգում և ցանկություն չունի բժշկի այցելել: Արդեն նյարդերս տեղի են տալիս, չգիտեմ ինչ անեմ: Կօգնե՞ս ինձ »,- մի քանի ամիս առաջ ընկերուհիս նման խնդրանքով դիմեց ինձ: Հուսահատությունից իրեն կորցրել էր, մայրը չէր ցանկանում բժշկի այցելել, մինչդեռ վիճակը գնալով վատանում էր:

 

Անին՝ ընկերուհիս, չէր հասկանում, թե ինչն էր պատճառը, որ մայրը չէր համոզվում, գումարի խնդիր չկար, քանի որ ինքը բավականաչափ վաստակում էր: «Ես նրան ամեն օր ասում եմ՝ գոնե ինձ խղճա: Եթե քեզ մի բան լինի, ես մենակ կմնամ, այս աշխարհում մենակ քեզ ունեմ: Մաման թե՝ բալես, բան չկա, ես էդ բժիշկներին չեմ վստահում»,- թերևս միակն պատճառաբանությունը դա էր, որ Անիի մայրը բերում էր: Արդյունքում՝ մի քանի օր հետո նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց  սրտամկանի ինֆարկտով: Բարեբախտաբար, նրա կյանքը հաջողվեց փրկել, բայց միայն բարդ վիրահատության և հսկայական գումարներ տրամադրելու արդյունքում:

 

Խոստովանենեք, որ սա իրոք լուրջ խնդիր է: Անիի մայրը մեր հազարավոր, հարյուր հազարավոր մայրերից մեկն է: Հայկական ընտանիքներում, ինչու չէ ավանդույթի համաձայն, հիվանդանալու դեպքում շատ հաճախ ոչինչ չեն ձեռնարկում` մտածելով, որ ինքն իրեն կանցնի: Հայկական բնավորություն` «չդիմել բժշկի մինչև դանակը չհասնի ոսկորին:

 

 

Հայ կինը նման է այրվող մոմի…

Նա լույս է տալիս ամենուր, բայց իրեն վառելով ու աստիճանաբար մարելով… – այսպիսի կարծիք հայտնեց   Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զեյվելյանը՝ Սրտի համաշխարհային օրվա առիթով կայացած  մեզ հետ զրույցում:

 

 

Նրա  դիտարկմամբ սրտի համաշխարհային ֆեդերացիայի կողմից հայտատրարված  այս տարվա թեման հենց այնպես չի ընտրվել՝  հետազոտված և փաստված է, որ սրտանոթային հիվանդությունների հայտնաբերելիությունն ավելի ցածր է կանանց մոտ: Պատճառներն, ըստ մասնագետի, հետևյալն են՝  կանայք ավելի քիչ են դիմում բժիշկի, ավելի քիչ են գանգատվում առողջական խնդիրներից, իրենց օրգանիզմի նկատմամբ ավելի հանդուրժող են:

 

 

«Ցավոք սրտի կանայք ավելի քամահրանքով են վերաբերվում իրենց առողջությանը: Եթե երեխայի ատամը ցավեց, ապա անմիջապես բժշկի կտանեն, բայց իրենց գանգատներն անտեսում են՝ ասելով, որ ոչինչ՝ կանցնի: Այսինքն՝ կանայք ավելի հանդուրժող են և հանդուրժող են նաև իրենց առողջության նկատմամբ»,- ասաց Պարունակ Զեյվելյանը:

 

 

Նրա խոսքերով՝ մինչև 50 տարեկանը սրտանոթային հիվանդություններով տառապող կանայք համեմատաբար քիչ են, սակայն 55-ից հետո նրանց թիվը կտրուկ ավելանում է: Դա նշանակում է, որ այդ տարիքային խմբի կանայք պետք է լինեն բժիշկների ուշադրության կենտրոնում: Ըստ սրտաբանի, կանայք շատ հաճախ ունեն ատիպիկ գանգատներ: «Սրտամկանի ինֆարկտի ժամանակ տղամարդկանց մոտ կլասիկ ցավեր են նկատվում, իսկ կանանց մոտ դրանք արտահայտվում են քրտնարտադրության տեսքով, որովայնի շրջանում սուր ցավերով և այլն: Դրա համար, եթե կանայք ունենում են որոշակի գանգատներ, ապա պարտադիր պետք է դիմեն բժշկի»,- նշեց մասնագետը:

 

 

Այդուհանդերձ, Պ.Զեյվելյանը նկատեց, որ հայ կանայք խուսախում են այցելել բժշկի: Նրանք մտածում են իրենց ընտանիքի բոլոր անդամների մասին, բացի ոչ իրենց մասին: «Հայ կինը նման է այրվող մոմի. Նա լույս է տալիս ամենուր ու ամեն անգամ, բայց իրեն վառելով ու աստիճանաբար մարելով: Դա շատ վատ է, քանի որ ընտանիքի հիմնասյունը կինն է, իսկ նա պետք է լինի առողջ, որպեսզի կարողանա այդ ընտանիքի   հիմքը պահել»,- ասաց նա:

 

 

Ըստ նրա՝  հիվանդությունների ժամանակ տղամարդիկ այդքան էլ հետողական չեն, բայց եթե խնդիրը քննարկում են կանանց հետ, ապա վստահաբար կարելի է ասել, որ ամուսինն ավելի արդյունավետ բուժում է ստանում. կանայք հիվանդությունների ժամանակ իրենց ամուսինների նկատմամբ առավել ուշադիր են, հետևում են, որ դեղերը ժամանակին և ճիշտ ընդունեն, բացասական հույզերից զերծ մնան:  «Բայց հարգելի կանայք, մի մոռացե’ք, որ տղամարդիկ, երեխաները ձեր կարիքն ունեն: Մի քիչ էլ ձեր մասին հոգ տարեք»,- հորդորեց Պ.Զեյվելյանը:

 

 

Ինչ վերաբերում է սրտանոթային հիվանդություններին, ապա սրտաբանը ընդգծեց, որ ըստ հետազոտությունների՝  սրտանոթային հիվանդությունների մահացության 80 տոկոսը հնարավոր է նվազեցնել ռիսկի գործոնների` ալկոհոլի, ծխախոտի, անառողջ սննդի, թերակտիվության վերացման դեպքում: Այսինքն՝  կենսակերպի փոփոխության, առողջ ապրելակերպի դեպքում սիրտ-անոթային հիվանդությունները ակնհայտորեն կնվազեն

 

 

Պ.Զեյվելյանը ռիսկի գործոններից առանձնացնելով ավելցուկային քաշը, նշեց, որ օրինակ՝ դպրոցահասակ երեխաների շրջանում ավելցուկային քաշի տարածվածությունը մոտ 40 տոկոս է, նույնքան էլ՝ ճարպակալությունը:  «Երեխաների գերակշիռ մասը անառողջ կենսակերպով է ապրում՝ ինչպես սննդի, այնպես էլ թերակտիվության հետ կապված: Այսինքն՝ եթե այս տեմպերը շարունակվեն, ապա սրտանոթային հիվանդությունների թիվը կաճի: Հաշվի առնելով դա, մայրերը իրենց երեխաների սննդակարգին առավել մեծ ուշադրություն պետք է դարձնեն, երեխաներին ստիպողաբար չպետք է կերակրեն»,- ասաց նա:

 

 

Մերի Մարգարյան

 

 

P.S. Այցելեք Սրտի համաշխարհային ֆեդերացիայի  կայքը.

http://www.world-heart-federation.org/

 

 

 

Դիտումների քանակը` 7209

Վերադառնալ վերև