Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Մենք կպայքարինք, որ Հայաստանի մեջ ոտքի կենանք …». Երեւանում «Հալեպի շուկա» է բացվել

Սիրիական պատերազմի բոլոր դժվարությունների, կորուստների ու զրկանքների մեջ անգամ Լենա Շավլիյանը լուսավոր կետ է փորձում գտնել: «Մենք Հայաստան եկանք, կարողացանք մեր հայրենիքը վայելել»,- Womennet.am-ին ասում է սիրիահայ Լենա Շավլիյանը:

 

Չափազանց  լավատես ու գործունյա այս կինը Երեւանի մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանի հարակից տարածքում գործող սիրիահայերի շուկայի գործարարներից մեկն է: Այստեղ կարելի է գտնել գրեթե ամեն ինչ՝ սիրիական համեմունքներից ու հալեպի սենդվիչից  մինչեւ կանացի ու տղամարդու ներքնազգեստ եւ անգամ վարսավիրանոց:  Կողք- կողքի տաղավարներում բոլորը սիրիահայեր են: Մի օր որոշեցին ջանքերը մեկտեղել ու այսպես կոչված Հալեպի շուկա ստեղծել:

 

«Բախտի բերմամբ, եկանք, որոշեցինք միավորվել ու ամեն մեկս մեր տեղն ունենալ: Պստիկ է, լայն է՝ չասինք, կարեւորը միավորվենք», -պատմում է Լենա Շավլիյանը: Սիրիահայ կինը միայն հայկական արտադրության ապրանք է վաճառում: Խանութն առաջարկում է տեղական արտադրության կանացի , մանկական եւ տղամարդու ներքնազգեստ: « Ուզեցինք մեր փոքր բիզնեսը ստեղծել, մեր երազն էր ունենալ հայկական արտադրություն: Մեկ տարեկանին  վեր ինչ-որ պետք է ,  մենք բոլորն ունենք:  Ամենը հայկական արտադրության՝ ըլլա Մելանտեն, ըլլա Լենտեքսը: Մենք աշխատանքն այնպես կտանենք, ժողովրդին համոզենք ՝ տեղական արտադրանքը լավ է,  ջուրի մեջ չի  պստիկնա, գույնը չի փոխե, սեւը սեւ կմնա, ճերմակը՝ ճերմակ»,- Womennet.am –ին ասում է Լենա Շավլիյանը:

 

Նա քրոջ հետ Հալեպից երեք տարի առաջ  Հայաստան եկավ: 2012 հուլիսին, երբ Սիրիան արդեն պատերազական թոհուբոհի մեջ էր , Շավիլյան քույրերը Հայաստան եկան  քաղաքացիություն ստանալու համար: Իրավիճակը Սիրիայում հանդարտվելուց հետո մտադիր էին Հալեպ վերադառնալ: ՛՛Հուսով էինք մեկ-երկու ամսից ամեն ինչ կհանդարտվի, բայց այդ երկու ամիսը դեռ չի վերջացել», – ասում  է   Լենա Շավլիյանը:

 

Նրա քույրը նույնպես Երեւանում  իր բիզնեսն է սկսել: Խմորեղենի վարպետ է: Անուշահամ քաղցրեղեն է պատրաստում ու վաճառում: Շավլիյան քույրերն ամուսնացած չեն: Տիկին Լենան կատակով ասում է՝ ամուսնացել են գործի հետ: Հալեպում նրանք այն քիչ կանանցից էին, որ իրենց  սեփական գործն ունեին:  Սիրիայում կանայք, ինչպես հայտնի է, չեն աշխատում կամ հազվադեպ են աշխատում, ընտանիքի ամբողջ  հոգսը տղամարդիկ են կրում: Մինչեւ Հալեպում սեփական բիզնես սկսելը Լենա Շավիլյանը  շուրջ 8 տարի անգլերեն էր դասավանդում  Հալեպի պետական դպրոցներում: Հետո ծնողների ու քրոջ հետ որոշեցին ընտանեկան բիզնես սկսլ  հաջողության հասան:

 

«1985 –ին մենք այդ գործը սկսեցինք, արդեն մեզի ահմար վարժ էր ամեն բան: Մենք  այդ քաղաքու մեջ կարողացանք ոտքի ելնել, հոս շատ հեշտ կլինի»,- լավատեսորեն ասում է Լենա Շավիլյանը:  Հալեպի Ազիզիե կոչվող թաղամասում  նրանք հարսնացուների ու կերակրող մայրերի համար նախատեսված մասնագիտացված խանութ ունեին: «30 տարվա հիմնարկ էր, հիմա արդեն չգիտեմ ինչ վիճակում է: Խանութիս վրա 3 հատ ռումբ ընկավ : Հալեպում միայն քարերը մնացել են, տունս մնացել է, բայց դուռ, պատուհան ջարդված է ռումբերու ազդեցություններեն», -պատմում է Լենա Շավիլյանը: Ամեն ինչ կորցնելու գիտակցումը մեծ ցավ է պատճառում նրան, բայց Լենա Շավիլյանը կյանքի դժվարություններից չի կոտրվում, մտածում է, եթե կորստի վրա կենտրոնանա ու կորստով ապրի, հետ կգնա:  Սիրիահայ կինը որոշ է առաջ շարժվել: «Ես առջեւ պիտի էրթամ, ճակատագիրդ է, թող մարդկային կորուստ չլինի, նյութը կերթա՝ ձեռքի աղտ է, ինչպես ավտոն՝ քեզի գետինեն կվերցնի, փողն ալ քեզի գետինեն կվերցնի: Վնաս չունի, թող ընտանիքես մարդ չկորցնիմ, ամեն ինչ ետ իր տեղը կուգա: Կարեւերը՝ մենք կպայքարինք, որ Հայաստանի մեջ ոտքի կենանք»,- WomenNet.am-ին ասում է նա : Լենա Շավիլյանը գիտի՝  ամեն ինչի համար համբերություն է պետք, ոչինչ միանգամից չի տրվում: ՛՛Ես կրնայի երթալ Թուրքիայեն, դուբայեն լիքը ապրանք բերել, բայց  ես նախընտրեցի իմ հայկականը բերեմ, որ ժողովրդի հավատքը փոխեմ, որ հասկանան՝ հայկական արտադրությունը լավն է, վատը չէ»,-ասում է սիրիահայ կինն ու հավելում : «Դյուրին չէ Հայաստանին մեջ ապրիլը, բայց Աստծոն փառք կուտանք: Հայաստանում ես շատ հանգիստ եմ, իբր կին արարած, հանգիստ ման կուգամ, մենք էնտեղ ունեինք այդ հնարավորությունը, բայց միշտ հաշիվով պետք է շարժվեինք,  պետք է միշտ տաբատով  լինեինք, ամենօրյա կյանքերու մեջ շատ քիչ կհագնեինք գեղեցիկ հագուստ: Այստեղ ամեն ինչ այլ է, ավելի ազատ է»:

Սիրիահայերը հալեպի  շուկան գովազդելու կարիք ունեն: Շատերն անգամ չգիտեն, որ մետրոյի Հանրապետության  հրապարակ կայարանում գոյություն ունի այսպիսի շուկա:  Պետրոս Կիրազեանն էլ արդեն երեք տարի է, ընտանիքի՝ կնոջ ու զավակների հետ Երեւանում է ապրում:  Ութերորդ ամիսն է, իր տաղավարում սիրիական համեմունքներ է վաճառում: «Սկզիզբը  դժվար էր, մի տարի ու կես անգործ էին, վերջը Վերնիսաժ սեղան առել էի, համեմունքի վաճառքով կզբաղվեի, հիամ էստեղ եմ: Ամեն ինչ թողել եմ Հալեպ՝  տուն ալ, խանութ ալ»,-ասում է նա: Պետրոս Կիրազեանը խառատ է, Հալեպում իր սեփական գործն ուներ, նաեւ մեքենաներ էր  նորոգում: Գոհ էր, որ կարողանում էր ընտանիքի համար ապահով ու բարեկեցիկկյանք ապահովել, բայց պատերազմն ամեն ինչ փոխեց: ՛՛ Մինչեւ հիմա ընդդիմադիրները մեր խանութի շրջանն են: Հալեպում երեք խանութ ունեի, մեկը արդեն ամբողջությամբ ոչնացված է, խանութ չի մնացել, մյուսները լրիվ թալանել են, մեզ բան չի մնացել: Տունը դեռ կանգուն է, բայց տեղյակ չէ, թալանված է, թե ոչ՛՛,-պատմում է նա:

 

Վերջին խնայողություններով Պետրոս Կիրազեանը կարողացավ փոքրիկ տաղավար վարձակալել: Հարկերը, բնակարանի ու տաղավարի վարձակալության վճարները միասին մեծ գումար են կազմում : «Դժվարությունները տեւական են, տան վարձը կա, խանութին վարձը կա, էստեզ զրոյեն նորեն կսկսենք: Հալեպում, որ մի հոգի աշխատեր, 4 հոգի նորմալ կապրեցներ, էստեղ 4 հոգի պիտի աշխատե, որ 1 հոգի ապրեցնե»,-ասում է նա: Պետրոս Կիրազեանի կինը սրտի հետ կապված առողջական խնդիրներ ունի: Ընտանիքի միակ եկամուտն այս փոքրիկ տաղավարն է:   Կիրեզեանները Հալեպ վերադառնալու մտադրություն չունեն: Եթե Սիրիայում իրավիճակը հանդարտվի, Պետրոսը կմեկնի Հալեպ, պատերազմից փրկված ունեցվածքը վաճառելու:

 

Հալեպի շուկա ոտք դնողն առաջինը Վահրամ ՏերՕհանյանը պատրաստած Հալեպի սենդվիչի հոտն է առնում: Նա էլ մյուս հայրենակիցների նման այստեղ իր փոքրիկ գործն է հիմնել: Սիրական համեղ ուտեստների վարպետը քասան տարի նույն գործն է անում: Ասում է՝ հայաստանցիները սիրում են սիրահայ խոհանոցը, համեմունքներն ու սուջուխը: Վահրամ Տեր-Օհանյանի հաջողության գաղտնիքը հենց համեմունքներն են: Ամեն ինչ իր չափն ունի, մի փոքր ավել կամ պակաս համամես, սենդվիչի համը կփոխվի: «17 տարեկանից նույն գործի վրա եմ, արդեն հմտացել եմ: Հալեպում մեծ խանութ ունեի, բայց հրթիռ ընկավ, շատ բարեկամներ ու մոտիկ ընկերներ մահացան, մենք էլ ձգեցինք, Հայաստան եկանք: Հոս շատ դժվարություն քաշեցինք, մինչեւ հարմարվեցինք, բայց Աստված այս դուռը բանավ, այս փոքր բանն ունինք, այստեղ կաշխատինք»,- Womennet.am-ին ասում է նա:

 

Տարիների ստեղծածը մեկ օրում կորցրած այս մարդիկ, թեեւ բիզնեսում հմտացած են, բայց տեղական օրենսդրությանը լավ ծանոթ չեն:  Հայաստանի սոցիալ-տնտեսական դժվարություններից բացի, սիրիահայերը  նաեւ տեղական վարք ու բարքին հարմարվելու խնդիր ունեն: Սիրիայի համեմատ,  տեղական շուկան փոքր է, գործունեություն ծավալելու հնարավորությունները՝ սահմանափակ:

Մարիաննա Ղահրամանյան

Դիտումների քանակը` 4096

Վերադառնալ վերև