Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Մեր գյուղում էնքան ընտանիք ա քանդվել էդ անտեր խոպանի պատճառով»…

«Խոպանչու կին» արտահայտությունը որքան էլ ցավալի է, նույնիսկ վիրավորական, բայց, ցավոք այդպիսի կանայք այսօր  շատ-շատ են: Երևի ամեն քայլափոխի հանդիպած կնոջ հետ զրուցելիս, եթե ինքն անձամբ էլ չլինի «խոպանչու կին», ապա գոնե մոտ ազգականը կամ հարևանուհին կլինի… Նրանց պատմություններն էլ ցավալիորեն նման են իրար…

 

 

«Ոչ էն ա` պսակված եմ, ոչ էն ա` անմարդ»

 

5- ամյա Արևիկը հոր հետ ծանոթացել է «սկայպի» միջոցով. Արևիկի մայրը` Անահիտը, պատմում է, որ դուստրը, երբ արդեն սկսում էր խոսել սովորել, պապա բառը չէր ասում. «Պապա տեսե՞լ էր, որ ասեր, տատի-պապի, դաժե հարևանիս անունն ավելի շատ էր տալիս, բայց պապա չէր ասում»:

 

 

Արևիկը դեռ չծնված հայրը մեկնել էր Վոլգոգրադ` աշխատելու: Անահիտն ասում է, որ փոքրիկը մոտ 2 տարեկան էր, երբ «սկայպի» միջոցով սկսեց շփվել հոր հետ. «Ասում էի` նայի` պապան ա, ասա ա բարև, երեխաս քաշվում էր, իրան անծանոթ տղամարդ էր, բայց որ մի քիչ էլ մեծացավ արդեն սովորեց, հիմա հոր հետ էլի մենակ սկայպով ա խոսում ու հեռախոսով: Ինչ ամուսնացել եմ, գնացել է, ու չի գալիս, հա, զանգում ա, ինտերնետով խոսում ենք, բայց ես ինձ կիսատ եմ զգում: Ոնց որ սկեսուրիս ու սկեսրայրիս հետ ամուսնացած լինեմ»:

 

 

Անահիտն ընդամենը 27 տարեկան է, ասում է` առավոտ ծեգին զարթնում գոմ է գնում, տան գործերն է անում, կամ էլ` նայած սեզոնի, դաշտ է գնում, հող մշակում, կարճ ասած` ընտանիք պահելու,կերակրելու ամբողջ հոգսն իր ուսերին են. «Իբր թե գնացել է Ռուսաստան, որ աշխատի փող ուղարկի, բայց մեկ-մեկ ա ուղարկում, 6 տարի ա ասում ա` գործերս լավ չեն: Դե ես էլ հո չեմ նստելու իրա փողին սպասեմ, երեխա ունեմ, աշխատում եմ: Անասուններ ունենք, էդ ա, պահում ենք: Ապրում ենք էլի»:

 

 

 

Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում բնակվող այս կինը մեզ հետ զրուցելիս խուսափում էր ամուսին բառն արտաբերել, անունն էլ չուզեց տալ, ասում է` ոչ էն է` ամուսնացած կին եմ, ոչ էն է` անմարդ. «Կյանքիցս բան չեմ հասկանում, բայց էն որ ասում են` ընգել եմ, պիտի քաշեմ, որ իմանայի խոպան գնալու պլաններ ուներ, ոչ էլ կամուսնանայի: Ոչ էն ա պսակված եմ, ոչ էն ա` անմարդ կին:  Ինքը, ով գիտի ընդեղ իրա համար լավ էլ ապրում ա, ես էլ ստեղ պառավի կյանքով եմ ապրում: Տնաշենի տղեն չի մտածում` ստեղ կին ունի, ես էլ մարդ եմ, ամուսնու կարիք ունեմ: Մի անգամ պիտի բարեկամի հարսանիքին գնայի, էդ օրը իրիկունը վարսավիրը սիրուն սարքել էր մազերս, ես էլ որոշեցի տենց սիրունացած սկայպով հետը խոսամ, որ տեսնի ինձ սիրունացած: Բայց ի՞նչ, նենց  ջղայնացավ, թե բա էդ ո՞ւմ հըմար ես տենց մազերդ դզել, ներկել, ի՞նչ ա, գնում ես քեզ ցույց տա՞ս: Ասեցի` հո խալաթով ու գզգզված մազերով հարսանիք չեմ գնա այ տղա, վերջը կատաղավ, ձենը քցեց գլուխը, վերջում ոչ էլ գնացի հարսանիք: Կնիկ չի բերել, ստրուկ ա բերել»:

 

 

 

 

Դեռ 30-ը չբոլորած այս կնոջ կյանքի միակ ուրախությունը դուստրն է: Երբ ուղղակի, հենց այնպես ակնարկեցի ինքնուրույն կյանքը փոխելու մասին, Անահիտն ինձ այնպիսի սարսափած աչքերով նայեց, ես ինքս ամաչեցի իմ խոսքից. «Կսպանի ինձ, եթե էս 6 տարվա մեջ մի անգամ ոտ չի դրել գյուղ, վռազ կգա` հենց իմանա մի բան եմ մտածել: Մի անգամ ասեցի` էրեխու հետ գնամ Երևան քրոջս մոտ ապրեմ, ընդեղ քրոջս հետ կաշխատեմ, առևտուր ա անում շորի խանութ ունի, գնամ քաղաք գոնե գյուղի չարչարանքը չեմ տենա, ասեց, կմորթեմ քեզ, էդ ինչ  մտքեր ունես, կարաս մի հատ էլ ալամ աշխարհով ինձ խայտառակ անես: Ոնց որ կալանավորված լինեմ. Գյուղում ոնց ա, ստեղ  լույսը բացվում ա, ես արդեն հոգնած եմ, առավոտից իրիկուն աշխատում եմ, չեմ էլ նկատում մութը ոնց ա ընգնում, մեկ էլ ժամին եմ նայում, տեսնում եմ գիշերվա «հազարնա»»:

 

 

Անահիտն ինքն իրեն  մխիթարվում է, նրանով, որ ինքը գյուղում ժամանակավոր «անմարդ» կանանցից  միակը չէ. «Սաղ գյուղի կնանիք հենա խապանչու կնանիք են»:

 

 

 

«Զանգելու եմ ասեմ` դու էլ մեր ինչին ես պետք, կարաս չգաս վաաբշե»…

 

Տիկին Արուսիկի հետ ծանոթացա տրանսպորտում. մատին ամուսնական մատանի կար, բայց այն շատ էր սեղմում, շատ-շատ, երևում էր վաղուց արդեն նրա հագով չէ ամուսնության մասին հիշեցնող այդ զարդը: Այս կնոջ մատը ճնշող «կոլցոյից» հասկացա, որ այդ թանկարժեք մետաղից առավել ճշնող բան կա նրա կյանքում: Երբ մտքերով տարված սևեռվել էի տիկնոջ մատին, նա ինձ համար շատ անսպասելի արձագանքեց` «Ի՞նչ ես տենց կպած նայում մատնիքիս, հա, փոքր ա վրես, շուտվանից հանելու վախտն ա, բայց հլը մի քիչ էլ կսպասեմ»…

 

 

«Ինչի՞ն կսպասեք, տիկին»,-հետաքրքրվեցի ես, պատասխանը թերևս հայ կնոջը տիպիկ բնորոշող էր. «Կհամբերեմ, կսպասեմ, տենամ, մարդս երբ ա գալու: Քանի տարի ա Պերմում ա, գնացել ա աշխատելու, յանի փող ուղարկելու»: Ուշագրավն այն էր, որ տիկին Արուսն անկաշկանդ, տրանսպորոտւմ մեկ տասնյակ ականջների լարված ուշադրությունը հաշվի չառնելով, բարձրաձայն սկսեց պատմել իր կյանքից:

 

 

Արուսի ամուսինը` Աշոտն արդեն 3 տարի է մեկնել է Ռուսաստան արտագնա աշխատանքի, բայց, ինչպես նա ասաց, հաճախ չէ գումար ուղարկում. ուղարկածն էլ բաժանում են 3 ընտանիքի միջև`ամուսնու նախկին կնոջն ու երեխայի, տիկին Արուսի և դստեր, ու ամուսնու ծեր ծնողների միջև: «Քուրս, որ ճիշտն ասեմ, էլ ներվերս չի հերիքում, չգիտեմ ինչ անեմ, որ էս մատղաշ երեխուն իրա ուզած բաներից չզրկեմ (Նայում է իր գրկում քնած փոքրիկ աղջկան ու շոյում գլուխը): Հո մենակ ուտելն ու հագնելը չի, տան վարձ ա, ջուր ա, հոսանք ա, համ էլ` էրեխայա, խալիք ա ուզում, կառուսել ա ուզում, բա որ ասում ա` մամա ինձ տար պիցցայանոց, ինձ տար պոնչիկանոց, դնում կոպեկներս եմ հաշվում, որ տենամ կարա՞մ տանեմ: Էս մատնիքը մի անգամ սապոնով ուզեցի հանեմ, դուրս չեկավ, ու լավ ա, որ դուրս չեկավ, էրեխուս դպրոց գնալու սեզոնին կհանեմ, որ ծախեմ իրա համար բան-ման առնեմ»:

 

 

Տիկին Արուսը պատմում է, որ հույսը չի դնում ամուսնու ուղարկած փողերի վրա, մի 2 հարուստ ընտանիքներ կան, որոնց բնակարանները պարբերաբար մաքրություն է անում, բացի գումարից, այդ ընտանիքները նաև հագուստով ու սնունդով են օգնում, իսկ երբ բնակարանների մաքրության գործ չի լինում, տիկին Արուսը Երևանի ռեստորաններից մեկում է մաքրություն անում.

 

 

«Ամաններն եմ լվում, մի երկու կոպեկ էլ տենց եմ աշխատում: Մի մոմենտ սկսեցին խոսալ, որ Ռուսաստանը յանի խստացրել ա հայերի մնալու պայմանները, ես նենց էի ուրախացել, մտածեցի Աշոտը հետ կգա, բայց վերջերս զանգեց, ասեց ինքը պռոբլեմ չունի էդ հարցում, ու դժվար էլ շուտ հետ գա: Այ քուր ջան, ասում ես էլի, բայց ես էլ կին արմատ եմ (նայում է իր գլխավերևին կանգնած տղամարդուն ու էլի անկաշկանդ, բարձրաձայն շարունակում խոսել), սիրվելու կարիք ունեմ, հլը ջհանդամ, որ առավոտից իրիկուն էշի պես բանվում եմ, բայց տղամարդու ուշադրության կարիք ես ունենում, որ քեզ գնահատեն, էն որ թեկուզ հոգնած տուն մտնես ու քու տղամարդուցդ մի հատ քաղցր խոսք լսես: Այ էն, որ ասում էի, մի քիչ էլ սպասեմ, ու կհանեմ էս անտեր մատանին, անկեղծ, որ ասեմ, նկատի ունեմ` էս տարի եկավ-եկավ, չեկավ, զանգելու եմ ասեմ` դու էլ մեր ինչին ես պետք, կարաս չգաս վաաբշե»… Մինչ այս խոսքերը չէի էլ նկատել Արուսի կարմիր շրթներկն ու տրանսպորտում հնչող երգը` «а ты дождись меня, и я вернусь любимая»:

 

 

«Հլը մենք մեծ ենք, հաշտվում ենք, բա էն ջահել հարսներն ի՞նչ ասեն»:

 

 

Ի տարբերություն Արուսիկի, 57 ամյա տիկին Կարինեն ամուսնական մատանի այլևս չի կրում, եղած ոսկեղենը վաճառել են, որպեսզի դստեր ուսման վարձը տան,  որդու և ամուսնու համար ինքնաթիռի տոմս գնեն. նրանք մեկնել են արտագնա աշխատանքի`Ռուսաստանի Դաշնություն, իսկ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում մենակ հող մշակելը դժվար բան է կնոջ համար:

 

 

Տիկին Կարինեն ասում է, ամուսնու ու որդու վաստակած գումարն այնքան էլ շատ չէ, այո, մի քանի ամիսը մեկ գումար են ուղարկում, բայց ընտանիքից հազարավոր կիլոմետրեր հեռու ապրելու համար ոչ մի գումար էլ չի կարող փոխհատուցում լինել: Տիկին Կարինեն, պատմում է, որ հողամասը շատ մեծ չէ, բայց հանգստի սեզոն գրեթե չի ունենում. «Այ բալա ջան դե տես, գարուն ա, սածիլ ենք առնում, դնում, էդ մի ահռելի գործ ա. վիշյնյայի, ծիրանի, դեղձի ծառեր ունենք, դրանք սաղ խնամքի կարիք ունեն, պարարտանյութ տալկա, ծառերը սրսկել կա, սաղ իմ վրայա: Բա բերքը հավաքելն ինչ դժվար ա, ոնց պատմեմ, պիտի գաս, հետս աշխատես, որ զգաս դժվարությունը: Մեջքս պոկվում ա, մինչև սածիլները դնում եմ հատ-հատ, ջահել աղջկաս հո չեմ բարձի հողի գործին, ինքը թող սովորի, ուսում ստանա, որ իմ կյանքը չունենա, լավ ապրի, իրան գյուղում չեմ պսակի»:

 

 

Ձեռքերը դեպի ինձ պարզելով, տիկին Կարինեն ասում է` «Հլը նայի, էսի կնգա՞ ձեռներ են, սևացած, ճաքճքած, էս եղունգներիս տակը, որ տեսնում ես, էս սևությունը կեղտ չի, չզզվես, ինչքան էլ մաքրում եմ չի անցնում»:

 

 

Ինձ հետ զրուցելիս, տիկին Կարինեն, իր տանջանքները կարծես հաստատելու համար ասաց. «Մեր գյուղում, կողքի գյուղում, տո ուզածդ գյուղում, ում դուռն էլ ծեծես, կնանիքի մեծ մասը սաղ էս նույն բանն են պատմելու: Մեր գյուղում էնքան ընտանիք ա քանդվել էդ անտեր խոպանի պատճառով: Հլը մենք մեծ ենք, հաշտվում ենք, բա էն ջահել հարսներն ի՞նչ ասեն»:

 

 

Երբ մարտի 28-29-ի հանրապետությունում համատարած ցրտահարություն, կարկուտ ու ձյուն տեղաց, անմիջապես հիշեցի տիկին Կարինեին, զանգեցի նրան. լաց լինելով հազիվ խոսեց. «Ասում եմ կարող ա շատ դժգոհեցի, աստված պատժեց, հիմա երանի եմ տալիս, տանջվեմ, բայց բերք ունենամ: Տանջանքս ջուրն ընկավ, սաղ գյուղը մղկտում ա»…

 

 

Նելլի Բաբայան    

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Լքված կանանց երկիրը

 

 

«Սա էլ մեր խոպան է»…

 

 

«Ուղիղ 20 տարի լուր չունեի,ոչ գիտեի կա ,ոչ գիտեի չկա» …

 

 

«Ասում է, որ ապագա չի տեսնում այստեղ իր համար… »

 

 

«Ամուսինը գնացել ա խոպան, կինը մնացել ա էստեղ, ու մին ավել բռնելու տեղ չկա, որ աշխատի »

 

 

 

«Խոսքը` տղամարդկանց, հոգսը` կանանց». մեկ օր խորվիրապցի կանանց հետ

 

 

 

Հայ միգրանտների 77տոկոսը տղամարդիկ են, 23 տոկոսը՝ կանայք/ տեսանյութ

 

Դիտումների քանակը` 3620

Վերադառնալ վերև