Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Լեսկոն նրա անունը չէր…

Լեսկոն նրա անունը չէր, բայց դարձավ իրեն դիմելու միակ ձեւը: Ապրած 95 տարիներից ավելի քան 70-ն Հայկանուշի համար անցան առանց ծնողների ու կնքահոր շնորհած անվան…

 1926 թվականին Երեւանում արված այս սովորական ընտանեկան լուսանկարն ամփոփում է հայ ժողովրդի մի քանի սերնդի ու մի ընտանիքի անսովոր կյանքը: Լուսանկարի կենտրոնում Արամ Մանուկյանն է, նրանից ձախ` Հայկանուշը, աջ` Մարիամն ու նրանց երկու դուստրերը` Արշալույսն ու Մայրանուշը, Սիրանուշի լույս աշխարհ գալուն դեռ երեք տարի կար:

 

“Լեսկոն նրա անունը չէր, բայց դարձավ իրեն դիմելու միակ ձեւը…  Հայրենիքից ու մարդաշատ տոհմից էր զրկվել Լեսկո մայրս ու իր Հայկանուշ անունը պահելուց առավել կարեւորում էր հայրենի գյուղի անունը հիշելը։  Իր հետ ամենափոքր առնչությունն ունեցող մարդուն էլ ուզում էր հայրենի գյուղի անունը հայտնի դարձնել: Հենց այդպես էլ Հայկանուշից դարձավ ու մնաց Լեսկո”, – հպարտությամբ ու ցավով պատմում էր Սիրանուշ Մանուկյանը, Լեսկոյի եւ Արամի 82-ամյա դուստրը, որ մի սիրելի հայր ու երկու սիրելի մայր է ունեցել:

 

Յոթ տարի Անդրանիկի զինվորների շարքում հայրենիքի ազատության համար մարտնչած Արամ Օհանի Մանուկյանը չէր կարողացել թուրքական յոթնամյա տաժանակիր գերեվարությունից զերծ պահել կնոջը` Հրանուշին ու քրոջը` Աղավնուն: Եվ հայրենիքից, գերդաստանից ու ազատության համար պայքարելու հնարավորությունից զրկված Արամը, Լեսկոյի հուշը սրտում, իր պես միայնակության ու մեծագույն կորստի ցավին դիմահար հայտնված Մարիամի հետ ընտանիք կազմեց: Ավրակցի Մարիամն էլ իր կորցրած հարազատների շարունակությունը փորձում էր տեսնել սեփական զավակների ծնունդի մեջ, եւ կուսնեցի Արամի երկու դուստրերը ծնվեցին ամուսնության առաջին երեք տարիներին: Գաղթականների խմբերի մեջ Արամը շարունակում էր փնտրել իր ու Մարիամի հարազատներին, եւ ժամանակը վերադարձրեց Աղավնուն ու Հայկանուշին, բայց արդեն որպես Լեսկո:

 

“Հայրս, իհարկե, առանց վարանելու տուն է բերել նրանց: Խորագույն ցավի նույնությունը Մարիամ մորս, որ դեռ պիտի մայրանար նաեւ իմ ծննդով, այլընտրանք չի թողել, քան իր սիրելի ամուսնու նախկին կնոջ հետ հարազատի պես ապրելը: Բայց Մարիամ մորս կյանքն ընդհատվել է իմ աշխարհ գալուց երկու տարի անց՝ արու զավակի ծննդով, որը նույնպես չի ապրել, ինչպես եւ Լեսկո մորս ու Արամ հորս զավակները, որոնք սակայն թուրքերի դաժանությանն են զոհ գնացել: Պատմածս ինձ հայտնի եղավ, երբ արդեն 26 տարեկան էի ու սեփական ընտանիք էի կազմել եւ շարունակաբար ստացել Լեսկո մորս սերն ու հոգատարությունը, որոնցից բաժին ունեցան նաեւ իմ չորս երեխաները՚” – արդեն չէր պատմում, այլ բարձրաձայն վերհիշում էր Սիրանուշ Մանուկյանը, որին ծնողները հայոց արհավիքին չէին տեղեկացրել` չուզենալով մթագնել երեք դուստրերի լավատեսությունն ու կենսախնդությունը:

 

Ցավն իրենց մեջ էին պահում ու իրենց երգերում, որ երբեք ուրախ չեղան` “Կարոտ, ախ կարոտ, ջիգյարս էր յարոտ…” “Նայում եմ չորս կողմ, չունեմ հարազատ…” Վանի վիլայեթի երեք գյուղերից գաղթականի կարգավիճակում Երեւան հասած կուսնեցի Արամը, ավրակցի Մարիամն ու լեսկցի Հայկանուշը կարողացել են ոչ միայն սիրո ու բարոյականության անսովոր դրսեորմամբ ամբողջացնել իրենց կյանքը, որոշակի բարեկեցության հասնել, այլեւ արժանավոր շառավիղներ ունենալ, սակայն հրաժեշտ են տվել կյանքին ամենացանկալին անկատար թողած:

 

“Հայրս մահացավ 75 տարեկանում՝ 1957 թվականի հունվարի 31-ին: Մահանալիս Լեսկո մորս կիսաձայն ասաց. “Կյանքիս 20 տարին քեզ եմ թողնում, որ տեսնես զավակներիս երջանկությունը ու էն պատիժը, որ պիտի տրվի մեր թշնամուն”։ Ու ինչքան էլ ծնողներս փորձել էին իրենց զավակներին չճնշել սեփական ցավով, միեւնույն է, չկարողացան: Չորս զավակ ունեմ, որորնք էլ իրենց հերթին զավակներ ու թոռներ ունեն: Երջանիկ եմ նաեւ նրանց հաջողություններով, բայց նույնքան տերն եմ  ծնողներիս ցավի, որն առավել զգալի է դառնում, երբ մտածում եմ, որ ես էլ 82 տարեկանում սպասում եմ ծնողներիս համար ամենացանկալիի ու պահանջվածի իրականացմանը` Հայոց Ցեղասպանության ճանաչմանը:  Լույս իջնի նրանց գերեզմանին ու անգերեզման միլիոնավոր զոհերի հոգիներին: Մի մեծ մտավախություն եւ մեծ էլ ցավ ունեմ` հանկարծ զավակներս էլ ստիպված չլինեն ապրել նույն սպասումով եւ հանկարծ հարսս՝ Արամիս կինը, ստպված չլինի հանուն ընտանիքի սովորական բարեկեցության համար մի կյանք առանց ընտանիքի օտար երկրի, օտար միջավայրում աշխատելու։ Մեր իսկ երկրում անզոր չլինենք՝ աշխարհում զորություն կունենանք” – մերթ ընդ մերթ թրջվող աչքերը  չորացնելով  իր պատմությունն ավարտեց Սիրանուշ Մանուկյանը:

 

Նանա Պետրոսյան

Դիտումների քանակը` 3750

Վերադառնալ վերև