Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Մեր խնդիրն էր, ոչ թե նախընտրական ցուցակներում, այլ արդյունքում` ԱԺ-ում 20% կին ունենալ »

«Առաջինը հենց հայ կինն է եղել, ով ընտրելու իրավունք է ստացել, մասնակցել քաղաքական գործընթացներին, իսկ ինչո՞ւ ենք մենք այսօր օտարում նրան», – ասում է կառավարման համակարգերի մասնագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Թամարա Գևորգյանը, կանանց օտարման գործընթացի ցայտուն  օրինակ դիտարկելով այն փաստը, որ ընտրությունների արդյունքում սահմանված 20%-ի փոխարեն, այսօր խորհրդարանում ունեցանք ընդամենը 14 կին, այն է` 10%:

 

 

–         Ճիշտն ասած, խորհրդարանական ընտրություններում կանանց մասնակցությունից ի սկզբանե այնքան էլ մեծ սպասելիքներ չունեի, քանի որ մեր հասարակությունում  շարունակում են գերիշխել կարծրատիպային մոտեցումները, իսկ  քաղաքական դաշտում՝ տղամարդկանց կողմից թելադրվող «խաղի կանոնները»: Մենք խոսում ենք ժողովրդավարության մասին, բայց երբ խոսքը վերաբերում է կնոջ իրավունքներին և նրա` քաղաքական մասնակցությանը, անմիջապես հասարակությունում  տարակարծություններ են սկսվում:

 

 

Այնուամենայնիվ, ինչու՞ գենդերային քվոտայի բարձրացումը 15 տոկոսից մինչև 20 տոկոս իրեն չարդարացրեց:

 

 

– Ի սկզբանե, մեր խնդիրն էր, որ ոչ թե նախընտրական ցուցակներում ունենալ 20% կանանց ներկայացվածություն, այլ արդյունքում` ԱԺ-ում  կանայք 20% կազմեին: Դրա համար առաջարկվում էր, որ մանդատից հրաժարվելու դեպքում կնոջը փոխարինի, ըստ ցուցակի, հաջորդ կին թեկնածուն: Ահա այստեղ է, որ մենք անելու դեռ շատ խնդիրներ ունենք, հուսամ նոր խորհրդարանը հետամուտ կլինի այս խնդրին:

 

 

 

Ձեր կարծիքով, որո՞նք են կանանց` պատգամավորական մանդատից հրաժարվելու դրդապատճատները, և կարելի՞ է արդյոք  որակել այդ երևույթը` որպես ճնշում և թաքնված խտրականություն կանանց  նկատմամբ:

 

 

-Պատճառները կարող են տարբեր լինել: Ես չեմ ուզում մասնավոր դեպքեր քննարկել, բայց եթե ընդհանուր առմամբ դիտարկենք երևույթը, ապա գաղտնիք չէ որևէ մեկի համար, որ իշխանությունը, ի սկզբանե, նախնական  պայմանավորվածություններ է  ձեռք բերում, ցուցակների հետ կապված: Ես  զարմանում եմ այն կանանց վրա, ովքեր հենց սկզբից էլ համաձայնվում են անել այդ քայլը և կարծես գործարքի են գնում` հրաժարվելով իրենց մանդատներից:  Այստեղ ես  գտնում եմ, որ մենք մտածողության հետ կապված խնդիրներ ունենք:

 

 

 

Կանայք, ովքեր հավակնություններ ունեն` լինել օրենսդրական դաշտում, խնդիրների են բախվում: Եթե խոսում ենք համամասնական ընտրակարգի մասին, կուսակցությունները հստակ ունեն իրենց մոտեցումները  և չես կարող պարտադրել վերանայել դրանք, քանի դեռ օրենքով ամրագրված չէ, սակայն այլ է  մեծամասնական ընտրակարգը:

 

 

 

Այստեղ է, որ թվում է` դաշտը բաց է, բայց նորից կանայք շատ հազվադեպ են իրենց թեկնածությունը առաջադրում: Գլխավոր պատճառն այն է, որ մենք պատրիարխալ հասարակությունում ենք ապրում: Այն գործիքները, որոնք կիրառվում են քաղաքական դաշտում.  նախընտրական փուլում, ընտրությունների ժամանակ և հետընտրական գործընթացներում «տղամարդկային» կանոններով են առաջնորդվում: Շատ կանայք չեն կարող այս խարդավանքների և այսպիսի գործիքների կիրառմամբ գալ օրենսդիր մարմին:

 

 

Թաղային հեղինակություններ, ֆինանսական մեծ հոսքերի առկայություն, օրենքով չամրագրված տարբեր մեթոդների կիրառումը, սրանք են տղամարդկանց կողմից թելադրվող «խաղի կանոնները»:  Անգամ հնչող այն հարցադրումները, թե  կանանց հետ ի՞նչ դեբատ անենք, ավելորդ անգամ ցույց են տալիս, որ նրանք  ձևական են ընդունում կնոջ մասնակցությունը….

 

 

Հետևաբար ի՞նչ անի կինը:  Թաղային հեղինակության  հե՞տ սկսի բանակցել… Կարծում եմ,  երբ բացառենք նման երևույները մեզանում և հավասար պայմաններ ունենանք բոլորի համար,  միայն այն ժամանակ   կտեսնենք, թե որքան շատ կանայք ի հայտ կգան քաղաքական դաշտում և մասնակից կդառնան նույն այդ մեծամասնական պայքարին:

 

 

 

Ինչպե՞ս կգնահատեք առաջադրված կանանց մասնակցությունը քարոզարշավին: Ի՞նչ չափով էր այն  տեսանելի հասարակությանը:

 

 

– Բուն պայքարը, կարծես, ձևական բնույթ էր կրում: Կանգնած լինելով լուրջ մարտահրավերնեի առջև, մենք  այս փուլում ունեցանք թվացյալ հանդարտ ընտրություններ և նախընտրական պայքար: Այս ընտրությունները շատ տարօրինակ էին: Զարմանալի է, բայց չեղան լուրջ դեբատներ…

 

 

Կանայք նույնպես ակտիվ չէին: Դժվար է ասել, որն էր պատճառը` միջոցների բացակայութունը, թե այլ խնդիրներ, բայց նրանց քարոզարշավը միջինից ցածր կարելի է գնահատել: Ցավով եմ ասում, քանի որ այստեղ նաև հասարկության խնդիրն է, որքանով է նա կանգնած այս կամ այն մարդու կողքին, ով, անկախ սեռից, կաշառքի կամ նվերների միջոցով չի անում իր քարոզարշավը:

 

 

Ի տարբերություն, մեծամասնականի,  համամասնական ընտրացուցակներով առաջադրված կանայք պետք է, գոնե, իրենց կուսակցություններում կարողանային հասարակության համար կարեոր խնդիրներ բարձրաձայնել: Օրինակ, մենք ունենք սոցիալական լուրջ բևեռացում, 35 % աղքատության ցուցանիշ: Կարծում եմ, այն կանայք, ովքեր, ի վերջո,  մտել  էին  ընրապայքարի մեջ, պետք է խոսեին  այս  հարցերի մասին:  Սակայն նրանք չափազանց պասիվ էին: Դժվար է ասել ինչն էր կաշկանդում նրանց,  ամեն դեպքում պետք է  հետևություններ անենք, պարզենք իրական պատճառները, հետագայում նույնը չկրկնելու համար:

 

 

 

Ազգային Ժողովրդավարության  ինստիտուտի կանանց խորհուրդը փորձ արեց հավաքել կուսակցական ցուցակներում առաջադրված կանանց և տեսնել, թե ինչ նպատակներով, ծրագրերով են նրանք  մտնում ԱԺ:  Մենք ընձեռեցինք նրանց այդ ամբիոնը, բայց, ցավոք, շատերը այնքան էլ տեղեկացված չէին` ինչու են գնում խորհրդարան, չունեին հստակ ծրագրեր, բացի մի քանի տրաֆարետային հայտարարություններից:

 

 

 

Ի՞նչ  փոփոխություններ եք տեսնում նախորդ` 2007 թվականի ընտրությունների համեմատությամբ կանանց մասնակցության առումով:

 

–         Միայն թվացյալ փոփոխություն կար, նախորդ ընտրություններում պայքարը շատ ավելի կոշտ ու կոպիտ  էր: Այս անգամ մամուլն ավելի ազատ էր,  սակայն այնպես չէ, որ այս արդյունքն ինձ գոհացնում է: Մեր հասարկությունը շատ ավելիին է արժանի: Պետք չէ սպասել նաև, թե այս կամ այն միջազգային կառույցը ինչ գնահատական տվեց, քանի որ գնհատականը մենք ինքներս պետք է տանք: Մենք  ենք մեր երկիրի տերը և դրա թերություններն ու առավելությունները նույնպես մերն են:

 

 

Պետք չէ հասարակությանը  հրամցնել փրկիչի գաղափարը,  հետո էլ ասել` գնա և նրան ձայն տուր: Այսինքն, յուրաքանչյուրս պետք է մեզ համար որոշենք` մենք ազատ քաղաքացի ենք, թե ստրուկ ենք «ազատ քաղաքացու» անվան տակ:

 

 

Այն կանայք ու տղամարդիկ, ովքեր այսօր ԱԺ-ում են,  պետք է հասկանան ու բարձրաձայեն, ինչ  ասել է 35% աղքատություն, ինչ ասել է մուրացիկի գաղափարախոսություն սերմանելը… Բարեգործություն հարկավոր չէ, հարկավոր է վճարել հարկերը, օրենքներն էլ  պետք է լինեն բոլորի համար… Այն ժամանակ էլ կտեսնենք, քանի կին կունենանք խորհրդարանում:

 

 

Զրուցեց Լիլիթ Քոչինյանը

Դիտումների քանակը` 4066

Վերադառնալ վերև