Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Միավորվե’ք կանանց նկատմամբ բռնությանը վերջ տալու համար»

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը Կանանց նկատմամբ բռնությունների վերացման միջազգային օրվա կապակցությամբ

Միլիոնավոր կանայք և աղջիկներ ողջ աշխարհում ենթարկվում են հարձակումների, ծեծի, բռնաբարության, խեղման և անգամ սպանվում են, և այս ամենը նրանց մարդկային իրավունքների սարսափելի խախտում է: Մարտադաշտից մինչև տուն՝ փողոցներում, դպրոցում, աշխատավայրում կամ իրենց համայնքներում կանանց 70 տոկոսը կյանքի որևէ հատվածում ենթարկվում է ֆիզիկական կամ սեռական բռնության: Բոլոր հղի կանանց մեկ քառորդը այդ բռնությունների զոհն է:

 

Շատ հաճախ հանցագործները մնում են անպատիժ: Անպատժելիության մշակույթի պատճառով կանայք և աղջիկները վախենում են արտահայտվել: Մենք պետք է հաղթահարենք վախի և ամոթի զգացումը, որ ճնշում է զոհերին, որոնց նկատմամբ հանցանք է կատարվել,  և այժմ խայտառակության խարանն են կրում: Հանցագործներն է, որ պետք է խայտառակված զգան, և ոչ թե զոհերը:

 

Իմ «Միավորվեք հանուն կանանց դեմ բռնությանը վերջ տալու» (UNiTE) քարոզարշավն ընդգրկում է կառավարություններին, միջազգային կազմակերպություններին, քաղաքացիական հասարակության խմբերին, լրատվամիջոցներին և հասարակ քաղաքացիներին: Անցյալ տարի, երբ UNiTE-ն հարցրել էր ամբողջ աշխարհի երիտասարդներին, թե ինչպես են նրանք մտադիր նպաստել այս ճգնաժամային իրավիճակի բարելավմանը, ինձ շատ ուրախացրեցին նրանց պատասխանները: Բազմաթիվ երիտասարդներ անտեղյակությանը վերջ տալու կոչ էին անում: Նրանք ասում էին, որ մենք չպետք է  համակերպվենք բացասական վերաբերմունքին: Նրանք պահանջեցին, որ մենք բարձրացնենք մեր ձայնը հանուն մարդու իրավունքների պաշտպանության և միավորենք մեր ուժերը՝ օգնելու զոհերին:  Մի երիտասարդ պարզապես ասաց, որ տղաները կարող են պայքարել կանանց դեմ բռնության դեմ, եթե «մեծանան և դառնան պատասխանատու և հարգալից հայրեր  ու ամուսիններ»:

 

Միավորված ազգերի կազմակերպությունն աշխատում է այս բոլոր ուղղություններով: Մենք բարձրացնում ենք իրազեկվածության մակարդակը հանրային իրազեկման ծրագրերի միջոցով: ՄԱԿ-ի Կանանց դեմ բռնությանը վերջ տալու հիմնադրամը հենց այս ամիս հայտարարել է 18 երկրներում տեղի նախաձեռնություններին 8 միլիոն դոլար հատկացնելու ծրագրի մասին: Իմ «Տղամարդ առաջնորդների» ընդարձակվող ցանցի անդամները բռնության դեմ պայքարում են՝ բարձրացնելով հանրային իրազեկվածության մակարդակը, նպաստելով օրենսդրության բարելավմանը և կառավարություններին պարտադրելով հաշվետու լինել:

 

Այս ջանքերը գործադրելով՝ մենք պետք է հիմնովին մարտահրավեր նետենք խտրականության մշակույթին, որ թույլ է տալիս բռնությանը շարունակվել: Այս միջազգային օրը ես կոչ եմ անում բոլոր կառավարություններին անել հնարավորը՝ հավատարիմ մնալու կանանց և աղջիկների դեմ ցանկացած բռնության վերացմանն ուղղված իրենց բոլոր խոստումներին, և բոլոր մարդկանց հորդորում եմ աջակցել այս կարևոր նպատակի իրագործմանը:

 

Բան ԿԻ Մուն

25 նոյեմբերի 2012թ.

 

Դիտումների քանակը` 2022

Վերադառնալ վերև