Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Մոտենում են, որ խոսեցնեն, հասկանում են, որ չեմ տեսնում, թողնում գնում են…»

Քսանութամյա Արմինեի մանկության երազանքը գրել-կարդալ սովորելն էր։ Ի ծնե կույր աղջկա համար այն ժամանակ դա անհնար էր թվում, բայց Արմինեն սովորեց էլ ավելի «անհնար» պատնեշներ հաղթահարել։ Հիմա նա մտածում է կրթության և գիտության նախարար դառնալու մասին, ու դա արդեն ոչ ոքի անհնար չի թվում. անսովոր կամքի ուժով ու լավատեսությամբ այս աղջիկն արդեն մի քանի բարձրագույն կրթություն ունի, – գրում է NEWS.amի լրագրող Գայանե Ալեքսանյանը` անդրադառնալով Արմինեի պատմությանը:

 

Ժամանակին, երբ գիրքը բացում էր ու ոչինչ չէր տեսնում, չէր պատկերացնում, որ մի օր կկարդա այն, իսկ այժմ հայկական ու համաշխարհային գրականության գիտակ է. չորս դիպլոմներից մեկը գրաքննադատի է։

 

«Ես գիրքը վերցնում էի, մտնում մի անկյուն, պահում էի դիմացս, իբր կարդում եմ: Ես միշտ մտածել եմ, որ ամեն մարդ մի գործ ունի անելու, որ ես ինչ-որ բան կարող եմ անել, ինչ-որ բանի համար ինձ ստեղծել է Աստված պապին (ես իրեն այդպես էի անվանում փոքր ժամանակ): Ես հինգ տարեկանում Մաշտոցի գերեզմանին նստած Մաշտոց պապիկի հետ խոսում էի, ասում էի՝ Աստված պապիկին ասա` մի բան անի, ես գրել-կարդալ սովորեմ, որ իմ նման փոքր բալիկներին հետո գրել-կարդալ սովորեցնեմ»,-պատմում է Արմինեն:

 

Մաշտոց պապիկի միջնորդությամբ, թե իր նախանձելի կամքի շնորհիվ՝ Արմինեն այսօր անգլերեն է դասավանդում հասարակական տարբեր կազմակերպություններում:

 

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետն ավարտելուց հետո նույն բուհում մագիստրոսի աստիճան է ստացել որպես գրականագետ, միաժամանակ սովորել Ամերիկյան համալսարանում։  Այդ ընթացքում մեկ տարով վերապատրաստման դասընթաց է անցել ԱՄՆ-ում:

 

«Այնտեղ մենակ եմ ապրել, ոչինչ չունեի, լացում էի, թե ինչպես եմ ապրելու՝ ոչինչ չգիտեի: Կամ շատ լավ կլիներ, կամ շատ վատ: Այնտեղ համակարգչի վրա խոսող ծրագիր գցեցին, հատուկ գրասենյակ կար, գրավորներս գրում էի: Էդպես առաջին կիսամյակը մի կերպ հաղթահարեցի, երկրորդը՝ բացարձակ գերազանցիկ: Հետ եկա Միչիգանից, դիմեցինք ռեկտորին, մի ամսում իմ համակուրսեցիների մեկ տարվա սովորածը ես մեկ ամսում սովորեցի ու 25 քննություն, ստուգարք հանձնեցի:  Գրեթե ամեն օր քննության էի: Ինձ համար քննությունը տոն էր: Ու ամբողջ նյութը մայրս է ինձ համար կարդացել»,- պատմեց Արմինեն։

 

Ամերիկյան համալսարանն ավարտելուց հետո Արմինեին հրավիրել են Դուբայ՝ ներկայացնելու իր մագիստրոսական թեզը: 2012-2013թթ. Արմինեն երկու հիմնադրամների աջակցությամբ սովորել է նաև Լոնդոնի համալսարանի համեմատական գրականության բաժնում, ստացել մագիստրոսի աստիճան:

 

Արմինեի կարծիքով՝ իր համար լիարժեք կյանքը հնարավոր է դարձել իր ընտանիքի շնորհիվ. «Ես կրթված ընտանիքում եմ ծնվել, մեծացել: Միշտ ասում եմ՝ ես կահույքի մաս չեմ, ու իրենք երբեք ինձ էդպես չեն վերաբերվել: Ինձ տվել են ազատություն, ինձ տվել են ինքնավստահություն: Հպարտացել են ինձանով, գովել են: Եվ ստեղծել են պայմանները: Իրենք կարողացել են ինձ ամեն կերպ աջակցել: Ես չեմ ամաչել ինքս ինձանից»:

 

Արմինեի կարծիքով՝ իր նման խնդիրներ ունեցող մարդիկ Հայաստանում լիարժեք չեն ապրում առաջին հերթին մարդկանց վերաբերմունքի պատճառով։

 

«Այստեղ շատ հաճախ չեն հասկանում, որ չեմ տեսնում, մոտենում են, ուզում են խոսեցնել, հասկանում են, որ չեմ տեսնում, թողնում, գնում են։ Կոնֆետը բացում, նոր են տալիս ձեռքս: Իմ ամերիկացի ընկերներից մեկն ասում էր` քո երկրում մարդիկ չեն հասկանում, որ քո խնդիրը ոչ թե չտեսնելն է, այլ ցածրահասակ լինելը»,- ժպիտով պատմում է Արմինեն…

 

 Նյութը ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ

 

 

Դիտումների քանակը` 2937

Վերադառնալ վերև