Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Անհաղթահարելի թվացող պատն աստիճանաբար քանդվում է»…

Աշխարհում յուրաքանչյուր 68 երեխայից մեկն աուտիզմի դրսևորումներ ունի, ընդ որում, այդ թիվը վերջին տարիներին արագ աճում է` փաստում են մասնագետները: Տղաների մոտ աուտիզմը մոտ չորս անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան աղջիկների: ՄԱԿը 2008 թվականից ապրիլի 2-ը հռչակել է աուտիզմի իրազեկման համաշխարհային օր։

 

Մեր երկրում պետական մակարդակով աուտիզմի մասին սկսեցին խոսել 2012-ին, երբ ստեղծվեց «Աուտիզմ» ազգային հիմնադրամը՝ առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի նախագահությամբ: Իսկ այս տարի Երևանում բացվեց «Իմ ուղին» ուսումնականվերականգնողական կենտրոնը: Անվանումը խորհրդանշական է. աուտիզմ ախտորոշմամբ երեխաներն իսկապես իրենց ուղին ունեն այս կյանքում, որը սակայն ի զորու չեն միայնակ անցնելու: Իսկ ինչպիսի՞ն է այդ ճանապարհը նրանց ուղեկցող ծնողների համարԻնչերի՞ միջով են անցնում նրանք, մինչ իրենց երեխաների հաջողությունների ականատես են դառնում

 

Մենք զրուցում ենք այդ մասին «Աուտիզմ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Սոնա Պետրոսյանի հետ: «Դեռ ինը տարի առաջ «աուտիզմ» բառը այս խնդրի շուրջ համախմբված մայրերի համար որպես դատավճիռ էր հնչում»,- հիշում է նա: Սոնայի որդին` Ռաֆայելը, այս տարի 14 տարեկան դարձավ: Նա նույնպես այս կենտրոնի սաներից է…

 

– Առաջին երկու-երեք տարին մենք նույնիսկ չգիտեինք, որ մեզ մոտ աուտիզմ է: Ինչ-որ բան զգում էինք, սակայն քանի որ նրա խոսքը թռիչքաձև էր զարգանում, չէինք հասկանում` կոնկրետ ինչն այն չէր: Օրինակ` հայտնվում էին նոր բառեր, իսկ հները «անհետանում» էին: Այնպիսի տպավորություն էր, որ երեխայի հիշողությունը չի կարողանում տեղավորել բառերի որոշակի քանակ: Եվ զարգացումն էլ անհամաչափ էր ընթանում… Երբ երկու տարին լրացավ, գնացինք բժշկի: Ցավոք, մեր շրջանի մանկաբույժները ի վիճակի չեղան տեսնել խնդիրը, քանի որ երեխան ընդհանուր առմամբ խելացի էր: Նրա զարգացման և պահվածքի բոլոր առանձնահատկությունները մեր, հին հայկական ավանդույթի համաձայն, վերագրեցին տղամարդկային բնավորության՝ կամային հատկանիշներ, համառություն, վառ արտահայտված ինքնուրույնություն: Զարմանալի է, բայց բժիշկները, ովքեր, անշուշտ գրագետ մարդիկ էին, ասում էին, որ իսկական տղամարդ է մեծանում: Բացի այդ, նաև նշում էին այն փաստը, որ մեր ընտանիքում երկու լեզվով էին խոսում: Իմիջիայլոց, դա համընդհանուր մոլորություն է: Իրականում ամեն ինչ շատ անհատական է: Կան երեխաներ, որոնց ընտանիքներում երեք լեզվով են խոսում, սակայն նրանք հենց մեկ տարեկանից էլ սկսում են խոսել միանգամից երեք լեզվով: Իսկ պատահում է, որ ընդամենը մի լեզու է, բայց խոսքի զարգացումը հետ է մնում… Քանի որ Ռաֆայելն իմ առաջնեկն էր, ես փորձ և համեմատելու հնարավորություն չունեի: Առավել ևս, որ այլ առումներով նա հասակակիցներից ավելի լավ էր զարգանում: Ասենք` նրա մոտ նկատվում էր սեր տեխնիկայի հանդեպ, և պատահում էր` մեզնից լավ էր գլուխ հանում դրանից …

Գիտեմ, որ Ռաֆայելը դաշնամուր է նվագում, և վերջերս «Գաֆեսճյան» արվեստների կենտրոնում համերգի է մասնակցել

 

– Այո, և ոչ միայն այնտեղ: Նա ելույթ է ունեցել «Նարեկացի» արվեստի միությունում և The Club-ում: Մանկուց աննկարագրելի սեր ուներ երաժշտության հանդեպ, մի քանի տարի առաջ փորձեցի նրան դաշնամուր նվագել սովորեցնել: Պարապում էինք տանը, նա նվագում էր միայն աջ ձեռքի մի մատով: Մի քանի բան սովորեցինք և պոպուրի արեցինք: Հետո գտանք մասնագետի, ով նրան երկու ամսվա ընթացքում երկու ձեռքով մի քանի փոքր ստեղծագործություններ սովորեցրեց: Պետք է ասեմ, որ սովորական ուսուցչի հետ դա հնարավոր չէր լինի, մերը և՛ երաժիշտ էր, և՛ զարգացման շեղումներ ունեցող երեխաների հետ աշխատող մասնագետ: Այժմ Ռաֆայելը, չնայած գիտի նոտաները, նախընտրում է լսողությամբ նվագել, ու եթե սխալվում է, ինքն իրեն ուղղում է: Իմիջիայլոց, հենց ինքն է ընտրում ռեպերտուարը. եթե դուր է գալիս, հաստատ սովորում է: Հիմա նա պարապում է դպրոցի երաժշտական թերապևտի հետ և միշտ նվագում է մեր կենտրոնի հյուրերի համար: Շատ է սիրում բեմը, հանդիսատեսին, հատկապես երբ ծափահարում են: Ես հիմա կարող եմ խորհուրդ տալ ուրիշներին, որ եթե նման երեխաների մոտ որևէ բանի նկատմամբ հակվածություն է նկատվում, դա պարտադիր պետք է զարգացնել, ու արդյունքը ձեզ կզարմացնի: Աուտիզմ ունեցող երեխաներին չես կարող ստիպել անել այն, ինչ չկա նրա մեջ, բայց, փոխարենը, կարող ես հայտնաբերել որոշ կարողություններ…

 

Ինչպե՞ս հասկացաք, որ Ռաֆայելի մոտ աուտիզմ է:

 

– Մինչև երեք-չորս տարեկանը մենք անընդհատ ապրում էինք կոնտրաստների աշխարհում: Մեկ թվում էր` ամեն ինչ լավ է, նույնիսկ ավելի լավ, քան կարող էր լինել, մեկ էլ օրվա մեջ բառացիորեն մի քանի անգամ էմոցիոնալ կտրուկ փոփոխություններ էին տեղի ունենում՝ էյֆորիայից մինչև պանիկա: Երբ տղաս երեք տարեկան դարձավ, գնացինք «Արբես» կենտրոն` հոգեթերապևտ Կարինե Երվանդովնա Լուլեջյանի մոտ: Նա էլ ախտորոշեց: Երբ վաղ հասակում այնքան էլ հստակ չի արտահայտվում հիվանդությունը, մասնագետները չեն կարողանում միանշանակ ասել, թե որքանով կխորանա այն հետագայում: Մեկ տարի անց որոշեցինք դիմել այն երկրի փորձին, որը լավագույն փորձն ունի այս առումով: Ստիպված եղանք Միացյալ Նահանգներ մեկնել, Սան Դիեգո՝ աուտիզմի հետազոտական ինստիտուտներից մեկը, որտեղ հատուկ թեստերի միջոցով հայտնաբերում են խնդիրը: Ի դեպ, ասեմ, որ եթե անհրաժեշտություն կա երեխային թեստավորելու, ապա այդ թեստերը լավագույնն են ու այժմ արդեն հասանելի են և՛ առցանց, և՛ տեղական մասնագետների մոտ…

 

Այսինքն` դրանք արդեն կիրառվո՞ւմ են մեր բուժհաստատություններում:

 

– Մենք հույս ունենք, որ այդպես կլինի, և վաղուց արդեն խոսում ենք այդ մասին: Թեստը պետք է օգտագործի պոլիկլինիկայի յուրաքանչյուր մանկաբույժ: Չէ՞ որ նա երեխայի առաջին բժիշկն է և պետք է կարողանա ոչ միայն կշռել, հասակը չափել և ժամանակ առ ժամանակ ներարկում անել, այլև աուտիզմի տարրերը ճանաչել: Նա պարտավոր է երկու-երեք րոպե հատկացնել աչքի կոնտակտին, երեխայի ռեակցիաներին, հարցնել՝ քանի բառ գիտի երեխան: Գաղտնիք չէ, որ մեր պոլիկլինիկաներում այցելությունները հաճախ շատ մակերեսային ձևով ու արագ են անցկացվում: Ոմանք շրջանցիկ թերթիկը պարզապես մեխանիկորեն ստորագրում, անցնում են: Մինչդեռ աուտիզմի դեպքում ինչքան ուշադիր լինենք ու վաղ հայտնաբերենք խնդիրը, այնքան ավելի իրատեսական է դառնում դրա հաղթահարումը: Եվ թեստերն այդ առումով անհրաժեշտություն են…

 

– Իսկ հասարակության վերաբերմունքը զարգացման առանձնահատկություններով մարդկանց նկատմամբ, արդյոք այն փոխվե՞լ է

 

– Կարծում եմ` փոխվում է: Մեր ժամանակ հանդուրժողականության առումով ավելի լուրջ խնդիրներ կային: Այնպես չէր, ինչպես հիմա, երբ տարբեր նախագծեր են իրականացվում, լրատվամիջոցներն ավելի շատ են ուշադրություն դարձնում այդ հարցին… Կան ներառական դպրոցներ և մանկապարտեզներ, որոնք գուցե իդեալականից հեռու են, բայց, այնուամենայնիվ, փորձում են: Եվ ներառական դպրոցում նման երեխաների համար կան առանձին կաբինետ և հատուկ մասնագետներ, որոնք գուցե քիչ են, բան կան: Եվ դրանով իսկ մենք մեր բոլոր երեխաների մեջ սերմանում ենք սեր ու հանդուրժողականություն: Այսինքն` այն անհաղթահարելի թվացող պատը, որի միջոցով հասարակությունից մեկուսացվում են զարգացման խնդիրներ ունեցող երեխաները, աստիճանաբար քանդվում է: Ակնհայտ է, որ եթե զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների ծնողները չեն մտնում սոցիումի մեջ, նրանք անտեսանելի են դառնում, բոլորին թվում է, որ նրանք ընդհանրապես գոյություն չունեն: Նրանք բորոտների նման են դառնում. տնից դուրս չեն գալիս, չեն շփվում: Անվասայլակով իհարկե դժվար է դա անել ֆիզիկապես. մեր շքամուտքերը, վերելակները, փողոցները հարմարեցված չեն… Բայց կան մարդիկ, ովքեր կարող են դուրս գալ, սակայն վախենում են հասարակության ոչ ադեկվատ վերաբերմունքից, չեն ուզում «սպիտակ ագռավ» երևալ: Նույնիսկ բժիշկները միշտ չէ, որ ծնողի կողքին են ու նրան ուժ են տալիս…

 

Հիշում եմ` գնացել էինք մի բժշկի  մոտ, ով ուղղակի գոռում էր ինձ վրա՝ ասելով, որ աուտիզմ գոյություն չունի, որ այս ամենը Արևմուտքի մեքենայություններն են: «Սա քո  հիմար ամերիկացիների հորինածն է»,- ասաց նա: Ինձ հիմար անվանեց, երեխայիս՝ խելագար: Եվ դրա դեմ պայքարելու որևէ հնարավորություն չկար: Մարդիկ, չգիտես ինչու, հաճախ մտածում են, որ եթե բժիշկը կոպիտ է, դա արհեստավարժության նշան է: Իսկ եթե կոպտում են, երբ երեխային օգնություն է պետք, ապա այդ դեպքում ո՞ւմ դիմել, ո՞վ կօգնի: Միայնակ այս ամենի դեմ պայքարել շատ դժվար է, այդ իսկ պատճառով էլ մենք այսօր մի խումբ ծնողներով ենք դիմակայում:

 

Աննա Սաթյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Չես պատկերացնի, թե ինչ ա նշանակում այդ դպրոցի պիտակը կրել»…

 

Ներառական կրթությունը մանկապարտեզից է սկսվում

 

«Մայրիկ, մարդիկ այնքան տարբեր են: Ես նրանց բոլորին ուզում եմ օգնել»

 

«Նրանք մեզ բոլորիս աշխարհին այլ կերպ նայելու հնարավորություն են տալիս»…

 

Մոր խոսքը` չընկճվել եւ պայքարել հանուն երեխաների եւ հավասարության …

 

Կարող ենք միասին

 

Դիտումների քանակը` 2828

Վերադառնալ վերև