Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Շատ բան է փոխվել իմ և իմ ընտանիքի կյանքում»…

 

Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքում բնակվող տիկին  Ալվարդի  այս  խոստովանությունը    իրենց  համայնքում Օքսֆամի կողմից իրականացված նախաձեռնությունների արդյունքում է արված: Դրանցից  առնվազն երկուսի ՝ համայնքում ձևավորված սոցիալական ձեռնարկության և ջերմոցային տնտեսությանը կից ֆերմերային դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ  բոլորովին վերջերս՝ հուլիսի 3-ին:   Ներկա էին  ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը,  Ակնաղբյուրի համայնքապետ Կարեն Դոլմազյանը, բազմաթիվ այլ հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկավ Օքսֆամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը՝ ներկայացնելով  Ակնաղբյուր համայնքում ձևավորված սոցիալական ձեռնարկության և ֆերմերային դպրոցի առավելությունները:

 

 

Նրա խոսքով սոցիալական ձեռնարկության գաղափարը առավել քան արդիական է, քանի որ հնարավորություն է տալիս նվազեցնել գյուղական համայնքների սոցիալական խոցելիությունը  կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացած ռիսկերից, այդ թվում   վերջերս գրանցված կարկտահարության դեպքերի վնասներից: Ակնաղբյուրում այդ նպատակների շրջանակում 900 քմ ընդհանուր տարածքով 3 ջերմոց են կառուցվել:

 

 

–         Օքսֆամը Տավուշի մարզում աշխատում է երկար ժամանակ և ունի ռազմավարություն՝ նպաստել փոքր ֆերմերային տնտեսությունների և համայնքի տնտեսական զարգացմանը: Մեր խնդիրներից մեկն էլ այն է, որ նպաստենք սակավառեսուրս համայնքներում աղետների, գյուղատնտեսական ռիսկերի նվազեցմանը: Այս ջերմոցային տնտեսությունների ստեղծումն էլ ուղղված է այդ խնդիրների լուծմանը: Ծրագրի ամենակարևոր առանձնահատկությունը  սոցիալական ձեռնարկության գաղափարն է: Դա նշանակում է, որ ձեռնարկության  շահագործումից գոյացած շահույթի մինչև 40% ուղղվելու է համայնքային սոցիալական խնդիրների և կարիքների  լուծմանը: Կարծում եմ, սա նախադեպ կդառանա այլ համայնքների համար ևս,- ասաց Մարգարիտա Հակոբյանը:

 

 

Նա   նաև նշեց, որ ջերմոցներում նոր տեխնոլոգիաներ են ներդրված.

–         -Ջրակաթիլային ոռոգման, ինֆրակարմիր ջեռուցման համակրգեր են տեղադրված, ինչպես նաև նոր, ավելի դիմակայուն մշակաբույսեր: Այս ամենը հնարավորություն է տալիս ստանալ այլընտրանքային եկամուտ ու մեղմել կլիմայի ազդեցությունը մշակաբույսերի վրա:

 

 

Արված աշխատանքի արդյունքներին ծանոթացանք անմիջապես՝ ջերմոցներից մեկում.

 

–         Երկու նոր սորտի պոմիդորներ ենք աճեցնում՝ մեկը շատ քաղցր է, մյուսը` մի քիչ թթվաշ: Լավ բերք է բռնել: Ամեն օր հերթափոխով գալիս ենք, ջրում, քաղհան անում, բոլորս համաձայնվել ենք, մեր տան բոստանի գործերին զուգահեռ, այստեղ էլ աշխատում,  ջանք ենք թափում,  որ արդյունք ունենանք,- արդեն կարմրին տվող լոլիկները ցույց տալով` պատմեց  Ակնաղբյուր համայնքի բնակիչ Գայանե Պետրոսյանը, ով նաև «Սննդի ոլորտի կին հերոսներ» մրցանակաբաշխությունից էինք Ճանաչում: Նա մրցույթի հաղթողներից մեկն էր: Ունի նաև իր մեծ տնտեսությունը՝ թզի, դեղձի, եգիպտացորենի այգիներ, բայց սիրով միացել է Օքսֆամ կազմակերպության նախաձեռնություններից մեկին և այսօր համայնքի սոցիալական ձեռնարկատիրության 45 անդամներից մեկն է:

Համայնքում Օքսֆամ կազմակերպության շնորհիվ նաև ֆերմերային դպրոց է հիմնվել:  Այն նպատակ ունի զարգացնելու փոքր ֆերմերների, այդ թվում կին ֆերմերների կարողությունները և գիտելիքները բանջարային մշակաբույսերի արտադրության, ինչպես նաև սածիլների և սերմերի վերարտադրության և հետագա վաճառքի ոլորտներում: Օքսֆամի կողմից վաղ հիմնադրած կոոպերատիվի անդամներին “Բիզնեսի աջակցման կենտրոնի” հետ համատեղ տրամադրվում են դասընթացներ կառավարման և հաշվետվողականության վերաբերյալ, ինչպես նաև աջակցություն բերքի սպառման հարցում:

 

 

Խոսելով  ֆերմերային դպրոցի մասին Մարգարիտա Հակոբյանը ասաց.

 

– Դպրոցում  ֆերմերները կուսուցանեն այն նոր տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են բանջարանային մշակաբույսերի արտադրությունում: Կծանոթանան նոր մշակաբույսերի հետ, որոնք առավել դիմակայուն են կլիմայի փոփոխություններին ու ավելի բարձրաժեք կուլտորաներ են: Համագործակցելով Գյուղատնտեսության նախարարության բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի հետ՝ ստեղծել ենք նաև սածիլային ջերմոց, որպեսզի համայնքը ինքն աճեցնի սածլներ:

 

 

Միջոցառման մասնակիցները շրջեցին նաև ֆերմերային դպրոցին կից փորձարարական ջերմոցներում, ծանոթացան կատարված աշխատանքներին: Միջոցառմանը ներկա  ՀՀ Շիրակի Մարզպետ Արմեն Ղուլարյանը և Գյուղատնտեսության փոխնախարար Գ. Պետրոյանը տպավորված էին  տեսածով:

 

–         Քիչ առաջ եղա ջերմոցներում, որտեղ ժամանակակից տեխնոլոգիաներով բավականին բարձր և արդյունավետ գյուղատնտեսություն է վարվում: Ես բարձր եմ գնահատում Օքսֆամի գործունեությունը այն առումով, որ նրա բոլոր գործողությունները, ծրագրերը որոնք իրականացվում են, համահունչ են ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականցվող քաղաքակաությանը: Բարձրարժեք գյուղատնտեսության զարգացում՝ հատկապես հանրապետության հեռավոր տարածաշրջաններում, ինչպիսին Տավուշի մարզն է, որտեղ բանջարաբուծությունը մեծ զարգացում չի ունեցել անգամ՝ խորհրդային տարիներին: Գնահատելի է նաև նրանով, որ կառավարության կողմից գերակա խնդիր համարվող կոպերացիայի զարգացմանն է նաև համահունչ: Սրանով առաջին սաղմն է ստեղծվում, արդյունավետ աշխատելու առաջին հիմքերն արդեն դրվել են, ես համոզված եմ, այն կզարգանա ոչ միայն մարզի այլ համայնքներում, այլև լավ օրինակ կլինի այլ տարածաշրջանների համար ,- իր խոսքում նշեց փոխնախարարը:

 

Մեր զրուցակից կանայք ոգևորված էին նոր հեռանկարներով : Հայտնի է, որ  Օքսֆամի բոլոր նախաձեռնությունների շրջանակում  պահպանվում է գենդերային արդարության սկզբունքը , այնպես որ կանայք ու տղամարդիկ հավասար են օգտվում կազմակերպության  կողմից ընձեռած տնտեսական հնարավորություններից: Բայց ջերմոցային տնտեսությունների դեպքում   կանայք  առաջին գծում են:

 

 

Տիկին Լարիսան Ակնաղբյուրի արդեն 48 տարվա բնակիչ է: Խոստովանում է, որ մեծ սիրով է ամեն օր գալիս ջերմոց ու մասնկցում աշխատանքներին.

 

 

–         Տանը խնձորի, լավ թզի ծառեր ունեմ, բայց այստեղի աշխատանքներին էլ եմ մասնակցում: Լավ կոլեկտիվ է, մի ընտանիքի պես, հետաքրքիր է, երբ միասին, խմբով ենք աշխատանք անում,- նշում է Լարիսա Եգանյանը և հավելում, որ սոցիալական ծրագիրն հատկացված գումարը կցանկար, որ ուղղվեր համայնքային ճանապարհի, գիշերային լուսավորության կամ ոռոգման ջրի հարցերը լուծելուն:

 

 

Տիկին Էմմայի համար էլ կարևոր խնդիրը հակակարկտային կայանի տեղադրումն է.

 

–         Եղել են դեպքեր, նաև անցյալ տարի, որ կարկուտը վնասել է մեր բերքը, իսկ հիմա, երբ ունենք այս ջերմոցը, ավելի հանգիստ ենք: Երեք ջերմոցներում աճեցնում ենք լոլիկ, վարունգ, լոբի, բիբար,  բադրիջան:  Օրինակ, մինչ այս մենք 3 հատիկ լոբու սերմով էինք շիթիլ անում, իսկ այստեղ իմացանք, որ ճիշտը՝ 1 հատիկ սերմ ցանելն է: Շատ ավելի լավ բերք ենք ստացել:

 

 

Տիկին Ալվարդը նույնպես կոպերատիվի ակտիվ անդամներից է:

 

–         Հիմնադրման առաջին օրից այստեղ եմ եղել: Օքսֆամի շնորհիվ շատ բան է փոխվել իմ, իմ ընտանիքի կյանքում: Այսօր ես տանն էլ ունեմ ջերմոցներ՝ նույնպես Օքսֆամի շնորհիվ: Ցանում եմ սոխ և կանաչի՝ ձմռանը, վարունգ, պոմիդոր՝ ամռանը: Այս նոր ջերմոցներն էլ մեծ աջակցություն էր Ակնաղբյուրին: Ճիշտ է, այս տարի գուցե քիչ բերք ստանանք, որովհետև մի քիչ ուշացրել ենք ցանքը, բայց մյուս տարի, համոզված եմ, ավելի մեծ արդյունք կունենանք…

 

Նույն օրը   Օքսֆամի և Տավուշի մարզպետարանի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց,  իսկ դա նշանակում է, որ Ակնաղբյուրից բացի մարզի այլ համայնքների համար էր նոր հնարավորություններ կստեղծվեն:  Համենայն դեպս, հուշագրի հետ  կապված իր սպասելիքները   մարզպետ Արմեն Ղուլարյանը  այսպես ձեւակերպեց.  «Ավելի շատ աշխատանք, ավելի մեծ արդյունավետություն»…

 

Լիլիթ Քոչինյան

 

Երևան- Ակնաղբյուր

Դիտումների քանակը` 5488

Վերադառնալ վերև