Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ոչ կանացի» մասնագիտություն . երկու դիմանկար ցուցահանդեսից

Օպերատոր, դիրիժոր, փրկարար, հետախույզայս բառերը շատերի մոտ ասոցացվում են տղամարդու կերպարի հետ։ Բայց կան կանայք, ովքեր կամա թե ակամա որոշել են դառնալ փոփոխության առաջամարտիկները։  Ընտրելով այսպես կոչված «տղամարդկային» մասնագիտություններ՝ այդ կանայք կոտրում են կարծրատիպերը և հավասարությանն ուղղված  իրենց քայլն անում՝ ճանապարհ հարթելով  նաև այլ կանանց համար։   Ստորեւ  ներկայացվող    երկու դիմանկարները  «Հավասար» քարոզարշավի  շրջանակում  արված  «Ոչ կանացի մասնագիտություն»  լուսանկարների  շարքի հերոսուհիներն են … Լուսանկարների հեղինակն է ՝ Արամ Կիրակոսյանը:

 

 Հիշեցնենք, որ  «Օքսֆամ» -ի եւ  OxYGen կազմակերպության   նախաձեռնությամբ   սկիզբ առած  «Հավասար» քարոզարշավի  նպատակն է՝   աջակցել   կանանց ու տղամարդկանց հավասարությանը:   

 

Եղբոր երազանքի ետևից…

–         Կոնսերվատորիայի առաջին կուրսում էի սովորում, եղբայրս էլ 9-րդ դասարանում էր սովորում, որոշել էր նվագախմբի դիրիժոր դառնալ, գնալ Մոսկվա սովորել, այն տարիներին դա շատ մեծ բան էր, բայց․․․

 

Ծնունդով գյումրեցի Վարդուհի Մինասյանը մինչև հիմա էլ հուզմունքով է խոսում իր երկրորդ մասնագիտությունն ընտրելու մասին։

 

–         Ավերիչ երկրաշարժի ժամանակ եղբայրս զոհվել է ու ես պարզապես ուզեցի իր երազանքը կատարվեր,- պատմում է Վարդուհի Մինասյանը, – խմբավարությունը,  դիրիժորությունն ընտրելու հարցում  նախախնամություն էլ կա։ Գիտեք երկրորդ կուրսում իմ ստուգման գրքույկի մեջ Վարդուհի Մինասյանի փոխարեն սխալմամբ, պատահաբար Վարդան էին գրել, եղբորս անունն է, ես այն չեմ հանձնել ու նվիրել եմ մայրիկիս։

 

Տիկին Վարդուհին խոսելով անհավասարության մասին, անկեղծանում է, որ այդ խնդիրներին գրեթե չի բախվել:

 

–         Ես ծնվել եմ երաժիշտների ընտանիքում, ամուսինս նույնպես երաժիշտ է՝ երաժիշտների ընտանիքից և գուցե դա էր նաև նպաստել, որ այսօր իմ սիրած գործով եմ զբաղվում և իմ ցանկության կատարմանը ոչինչ չի խանգարել,- անկեղծանում է Վարդուհի Մինասյանը և նշում, որ ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում է հայտնվում ու  դառնում Լորիս Ճգնավորյանի ասիստենտը, հետո նաև աշխատում Էդուրադ Թոփչյանի հետ։

 

Այն որ դիրիժորը միանգամից տղամարդու պատկերի հետ է ասոցացվում, տիկին Վարդուհին չի ժխտում, բայց և նշում է, որ ունենք այսօր շատ կին դիրիժորներ․

 

–         Եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, անկեղծ կարծում եմ,  որ այնքան էլ կանացի մասնագիտություն չէ դիրիժորությունը։ Ասենք, շատ են դեպքեր եղել, երբ սմոկինգով դուրս չեմ եկել, բայց իհարկե եղել է և պարտադիր պայման` հագուստի հետ կապված։ Սակայն այդ  ամենը մանրուք է,  իրական խոչընդոտ չի..   Շատերն են ուզում դիրիժոր դառնալ, բայց դժվարը դիրիժոր մնալն է, պատմության մեջ մնալն է ու այս դեպքում իրոք որևէ կապ չունի դու կին ես, թե տղամարդ:  Դիրիժորը մենակ արվեստում չէ, ընտանիքում էլ պետք է լինես, հայրենիքում էլ պետք է լինես, ազնիվ պետք է մնաս, հայ մնաս։ Հայաստանում եմ ապրում, ամեն ինչ անում եմ, որ թե իմ ապագան այստեղ անցկացնեմ, թե երեխաներս իրենց հայրենիքում մնան։

 

Երբ սիրում ես քո գործը…

 

Մոտ 12 տարեկան էի, մի օր մայրիկիս մոտեցա ու ասացի, թե ուզում եմ, որ ամուսնանալիս, ամուսինս ինձ ոչ թե ոսկի նվիրի այլ ֆոտո ու կինոկամերա : Այս պատմությունը ժպիտով է հիշում «Արարատ» հեռուստաընկերության օպերատոր Միլենա Պողոսովան։

 

– Փոքր ժամանակ երազում էի արևածագն նկարել, որն այնքան սիրուն էր երևում մեր տան պատշգամբից… Քեռիս  ֆոտոխցիկ ուներ, աշխատում էր դրանով, ես էլ միշտ հետևում էի իրեն, – պատմում է Միլենան և խոստովանում, որ չնայած այդքան սիրում էր լուսանակրել ,  բայց մասնագիտությունն ընտրելիս կարծրատիպերն ավելի ավելի ուժեղ են գտնվեել :

 

– Համալսարան ընդունվելիս աշխատակիցներից   մի կին ինձ հարցրեց, թե օպերատորականում մեկ ազատ տեղ կա, կուզենա՞ք, ես այդ պահին ամաչեցի ու ասացի ոչ։ Այն ժամանակ  Հայաստանում  մեկ կին կինոօպերատոր կար, իսկ հեռուստաօպերատորներ ընդհանրապես չկային։ Ես էլ ամաչեցի ու սկսեցի սովորել լրագրողի մասնագիտությամբ, բայց հաճախ էի դասից փոխչում ու գնում օպերատրության դասերին », – անկեղծանում է Միլենան և խոստովանում, որ երևի թե երբեք օպերատոր չէր աշխատի, եթե չլիներ մի պատահականություն…

 

-Հերթական նկարահանումների ժամանակ իմ օպերատորը, հրաժարվում է գնալ, թե ուշ է, այդ պահին ես ասացի, դու մենակ կամերան տուր…  Ես այսօր շատ շնորհակալ եմ այդ օպերատորին, քանի որ արդյունքում ես ռիսկ արեցի ու վերցրեցի այդ կամերան։ Մինչև հիմա էլ ուրախ եմ, որ այս աշխատանքն եմ անում, քանի որ նրա միջոցով  աշխարհը տեսնում եմ մի քիչ այլ աչքերով։

 

Խոսելով աշխատանքում հանդիպած արգելքներից, Միլենան նշում է, որ երբեք իր աշխատաքում չի հանդիպել  որեւէ խոչընդոտի,  որի պատճառը կարող  է լինել իր սեռը…

-Ճիշտ է տղաները սկզբում զարմանքով  էին նայում, երբ կինըտեսախցիկը ձեռքին գալիս էր, օրինակ, ասուլիս նկարելու։  Հատկապես տարներ առաջ, երբ տեսախցիկը ավելի ծանր էր ու մեծ։ Բայց ոչ մի խտրական  վերաբերմունք չի եղել, միայն թե մինչև այսօր էլ  ինձ  տեսնելիս տղամարդկանց առաջին հարցը  նույնն է ՝ ծանր չի, օգնեմ․․․ Ասում եմ չէ, ծանր չէ, օգնական չունեք , ասում եմ՝ ոչ։  Մի բան հաստատ գիտեմ, երբ սիրում ես քո գործը քեզ համար դժվար չի և ոչ մի բան …

 

Լիլիթ Քոչինյան

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Դիպուկահար կանայք. «ցանկացած ժամի` ցանկացած խնդիր »

Հավսա՛ր, զգա՛ստ. բանակի աղջիկները / տեսանյութ

Երբ մարտի են գնում աղջիկները

«Կոտրի՛ր կարծրատիպերը, անցի՛ր մեր շարքերը». բանակի կոչը հայ կանանց / տեսանյութ

 

 

Դիտումների քանակը` 2533

Վերադառնալ վերև